Ռոստոմ Ոսկանյանի ձեռքի աշխատանքներն ու նկարչական կտավները

 
ԼԵՒՈՆ ԱՀԱՐՈՆԵԱՆ
 
rostom-voskanian-yerevan-hooys-1
 
Իրանահայ հռչակաւոր ճարտարապետ Ռոստոմ Ոսկանեանի ստեղծագործութիւնների թանգարանը հաստատվեց 136 դպրոցում, որը գտնւում է Երևանի Զէյթուն-Արաբկիր քաղաքամասում:
Մի տարի էր, ինչ հանգուցեալ Ռոստոմ Ոսկանեանի նկարներն ու իր պատրաստած արձանիկների հաւաքածուն, որն ստեղծել էր ԱՄՆ մեկնելուց յետոյ եւ յանձնել էր իր եղբօրը՝ Ռուբիկին, իսկ նրա մահից յետոյ էլ իր եղբայրը՝ Զաւէնը ճգնում էր Ռոստոմի համբաւին վայել ու յարմար վայր գտնել դրանց ցուցադրութեան համար, ի վերջոյ ԱՄՆ–ում «Հայ դպրոց» հիմնադրամի նախագահուհի տկ. Մոնիկ Գրիգորեանին դիմելով եւ նրա ցուցմունքների ու աջակցութեան շնորհիւ այդ արւեստի գործերը հանգրւանեցին Երևանի 136 –րդ դպրոցում, քանի որ դպրոցի տեսչուհի տկ. Գրետա Թունեանը դպրոցի շէնքում մի յարմար վայր էր յատկացրել հանճարեղ ճարտարապետի արւեստի նմուշների համար:
 
rostom-voskanian-yerevan-hooys-2
 
Հարկ է նշել, որ 1999 թւականին այդ դպրոցը հրդեհի էր մատնւել եւ ես ու հանգուցեալ կինս՝ Բելլան որոշեցինք այն վերանորոգել, որպէսզի 1000-ից աւել աշակերտներ այլեւս առանց ուսումնարանի չմնան: Իմ ծանօթութիւնս տկ. Գրետայի հետ հենց այստեղից  սկսւեց:
Նա այդ առիթով բարեկարգւած ու բարեզարդւած մի սենեակ տրամադրեց, որպէսզի հնարաւոր լինի պատշաճօրէն ցուցադրութեան դնել իրանահայ անւանի ճարտարապետի նկարչական կտաւներն ու կերպարւեստի նմուշները:
 
rostom-voskanian-yerevan-hooys-3
 
Արւեստատան բացումը կատարւեց սոյն թ. յուլիսի 4-ին կ.յ. ժամը երկուսին: Բացման արարողութեանը ներկայ էին 30-35 հրաւիրեալներ: Ներկայ էր հանգուցեալի եղբայրը՝ Զաւէնը, Ռոստոմի մտերիմ ընկերները, ուսուցչական կազմը: Առիթով յաւուր պատշաճի արտայայտւեց    տկ.  Մոնիկ  Գրիգորեանը  ներկայացնելով  հեղինակի գործունէութիւնն ու անդրադառնալով նրա արւեստի գործերին, ապա յատուկ շնորհակալութիւն յայտնւեց տկ. Գրետա Թունեանին թանգարանի ընդառաջման ու յանձնառութեան առթիւ: Այնուհետեւ գործադրւեց գեղարւեստական կոկիկ ծրագիր, որից յետոյ աշակերտներն ուսուցիչների ուղեկցութեամբ այցելեցին ցուցասրահ եւ հաղորդակից դարձան արւեստագէտի շնչին ու ստեղծագործական ոգուն: Բերկրալի եւ յուզախառն պահեր ապրեցինք բոլորս: Ես ակամայից խորհում էի, թէ այսպիսով վառ կը մնայ արժանավայել մարդու յիշատակը եւ այսուհետ քանի՜-քանի՜ աշակերտներ այցելելով թանգարան գեղարւեստական ճաշակ կը ձեւաւորւի նրանց մէջ ու կը տպաւորւեն եւ կը ներշնչւեն նրա ստեղծագործութեամբ:
 
«Յոյս» թիւ 220
27 Հուլիս 2016
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *