Պատրաստվենք հերթական Պատգամավորական ժողովի ընտրությունների համար

 
ԴՈԿՏ. ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ
 
Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհուրդը արդեն որոշել է մինչև ապագա վեց ամսվա ընթացքում անցկացնել 16-րդ Պատգամավորա-կան ժողովի ընտրությունները: Այդ նպատակով արդեն կյանքի է կոչվել կենտրոնական ընտրական հանձնախումբ, որը իր առաջին համատեղ նիստը անցկացրեց հուլիսի 17-ին:
Արդեն խոսակցություններ կան, որ նախքան ընտրությունները, անպայման պետք է որոշ փոփոխություններ կատարվեն մեր թեմի կանոնագրության մեջ, որոնք վերաբերվում են պատգամավորների քանակին: Նախկինում յուրաքանչյուր երեք հազար հոգու դիմաց պետք է ընտրվեր մեկ պատգամավոր, հետագայում այդ երեք հազարը դարձավ երկու հազար: Ներկայումս մեր պատգամավորների քանակը 54 հոգի է, որոնցից 7-ը հոգևորականներ են: Մեր համայնքի նոսրացման հետևանքով և Պատգամավորական ժողովը ավելի գործունյա դարձնելու նպատակով մտածվում է այդ քանակը իջեցնել:
Արդեն կարող ենք ասել երկու տասնյակ տարի է, որ խոսվում է թեմի կանոնագրության մեջ  որոշ փոփոխություններ առաջացնելու անհրաժեշտության մասին, այդ կապակցությամբ նշանակվել են նաև որոշ հանձնախմբեր, որոնք իրենց հերթին մի շարք աշխատանքներ են կատարել ու որոշակի առաջարկներ են ներկայացրել Պատգամավորական ժողովին ու Թեմական խորհրդին: Ուսումնասիրվել ու նախագիծ է ներկայացվել ՊԺ-ի «Ժողովավարական կանոնակարգի» կապակցությամբ, սակայն դժբախտաբար դրանց հետագա հաստատման գործընթացը հարթ չի եղել և այստեղ մեծ մասամբ իր բացասական ու արգելակիչ ազդեցությունն է ունեցել Թեմի բարեխնամ առաջնորդը, որը օգտվելով իր հանգամանքից կասեցրել կամ դանդաղեցրել է նման աշխատանքների վերջնական տեքստի գալը և հաստատման գործընթացը: Դրա պատճառը հիմնականում իմ կարծիքով եղել է՝ նրան այդ նախագծերի դուր չգալը: Հարգելի Սրբազան հայրը միշտ ցանկանում է մեր թեմի կանոնագրությունն էլ լինի Լիբանանի կանոնագրության նման, որտեղ Պատգամավորական ժողովին վերապահված է տարին մեկ անգամ նիստ գումարել ու հաստատել գործադիր մարմնի որոշ առաջարկները: Մեր ՊԺ-ի պասիվ լինելը նաև կարծում եմ գալիս է այդ մտայնությունից, քանի ամիսը մեկ անգամ ՊԺ-ի նիստ գումարելը և հիմնականում Թեմական խորհրդի մեկամյա կամ երկամյա զեկույցները ունկնդրելու և երբեմն էլ որոշ հարցերի կապակցությամբ որոշում կայացնելու նպատակով նիստ գումարելը օրինակներ են այդ ուղղությամբ:
Հայ Յեղափոխական Դաշնակցությանը ձեռնտու էր, որ ընտրությունները կատարվեն հենց նույն պատգամավորների քանակությամբ ընտրելու ձևով, որովհետև Թեհրանի և շրջանների բնակչությունը չեր համապատասխանում պատգամավորների քանակին, որպեսզի այս հարցը պարզ լինի, նշենք հետևյալ փաստերը՝
1-Մաշհադ քաղաքից յուրաքանչյուր շրջան ընտրվում էր մի պատգամավոր: Մենք տեղյակ ենք, որ Մաշհադ քաղաքում մի գուցե մի քանի անհայտ հայեր լինեն, բայց դրանց թիվը մի ձեռքի մատների քանակին էլ չի հասնում: Անընդհատ ներկայացվում է պրն. Ալֆրեդ Հավանին որպես թեկնածու, ըստ կանոնագրության, յուրաքանչյուր թեկնածու պետք է ներկայացնի իր շրջանի 15 անձնավորությունների ստորագրությունները, որոնք հովանավորում են նրա թեկնածությունը այդ տարածաշրջանում: Անգամներ պահանջել ենք, որ ներկայացվի այդ 15 հոգու ցանկը, սակայն միշտ հարգելի Թեմական խորհուրդները և Կենտրոնական ընտրական հանձնախումբը խուսափել է այդ ցանկը ներկայացնելուց: Միևնույն ժամանակ բոլորս տեղյակ էինք, որ պրն. Հավանը զբաղված էր համահայկական խաղերով ու անդամակցում է համահայկական խաղերի կենտրոնական գործադիր մարմնում:
2-Արաք քաղաքից ներկայացվում է երկու պատգամավոր և ըստ օրենքի, ուրեմն այդ քաղաքի բնակչության թիվը պետք է երկու հազարից ավել լինի, մինչդեռ տարիներ ապրելով այդ քաղաքում լավատեղյակ եմ, որ այդ քաղաքի բնակչության թիվը 100 հոգու էլ չի հասնում: Ուրեմն լավագույն դեպքում այդ քաղաքից պետք է ներկայացվի մեկ պատգամավոր:
3-Գորգան, Ռաշտ, Անզալի, Ղազվին և Սարի քաղաքներից ընտրվում էին յուրաքանչյուրից մեկական պատգամավոր, մինչդեռ բոլորս էլ լավատեղյակ ենք այդ քաղաքների հայ բնակչության թիվը ինչքան է, թեհրանաբնակ այդ  քաղաքացիներին որպես այդ քաղաքների թեկնածուներ ներկայացնելը, կարծում եմ բարոյական նորմերի խախտում պետք է համարել: Առաջարկում եմ այդ քաղաքներից լավագույն դեպքում ունենալ մի ներկայացուցիչ և այդ ներկայացուցիչը կարող է լինել հենց այդ քաղաքում գործող գործադիր մարմնի նախագահը կամ փոխնախագահը:
4-Պատգամավորական Ժողովում մեր համայնքի հարցերից ամենալավ տեղյակ մարդկանց շարքում են մեր հարգելի հոգևորականները, բայց դժբախտաբար այդ ժողովում ամենաքիչ խոսողները և կարծիք հայտնողները նաև մեր հոգևորականներն են: Դրա պատճառը ի՞նչ է, սա ուրիշ թեմա է, որ հարկավոր է պատասխանի մեր սիրելի Սրբազան հայրը: Կարծում եմ նման պայմաններում անհրաժեշտություն չկա, որ մենք առանց ընտրությունների ու նշանակովի ձևով ՊԺ-ում ունենանք 7 հոգևորականներ, դրանց թիվը կարելի  է նվազեցնել միչև երեքի:
5-Հեշմաթիե և Նադերի թաղամասերից ըն-տըրվում են 6 պատգամավոր՝ յուրաքանչյուրից երեք: Այսինքն այդ քաղաքամասերում պետք է բնակվեն յուրաքանչյուրում ավելի քան 4000 հայ բնակչություն: Կարծում եմ մեր քահանա հայրերի և պետական վիճակագրական տվյալները այլ բան են վկայում, հետևաբար լավագույն դեպքում այդ քաղաքամասերից կարող են ընտրվել մեկական պատգամավոր:
6-Վիլա  թամասից ընտրվում են 13 պատգամավոր և վերջին քանի շրջանների ընտ-րություններին անընդհատ կուսակցության ցան-կը երբեմն առանց մրցակցի կամ թույլ մրցակցի ամբողջովին ընտրվում է և սա ձեռնտու է կուսակցությանը, սակայն հարց է առաջանում, որ այդ թաղամասի բնակչությունը իրոք 24000 հոգուց ավե՞լ է: Մենք մեր խղճի դիմաց մեզ պատասխանատու չե՞նք զգում: Առաջարկում եմ, որ այս թիվն էլ վերանայել ու պարզորեն ժողովրդին ասել այդ քաղաքամասի բնակչության քանակի մասին, կամ էլ եթե հարմար չի նկատվում ասելը, գոնե նվազեցնել պատգամավորների քանակը 6-7 հոգու:
7-Մաջիդիե թաղամասից ընտրվում են 9 պատգամավոր և Նարմաք թաղամասից 13: Այս երկու թաղամասերը Թեհրանի ամենահայահոծ և խիտ հայությամբ բնակեցված թաղամասերն են: Ես չեմ ասում, որ պատգամավորների քանակը անպայման համապատասխանում է բնակչությանը, սակայն կարող եմ ասել, որ մի գուցե այդ թաղամասերից նաև նվազեցնել 2-3 պատգամավորներ:
Գոյություն ունի նաև կարևոր շատ հարցեր ընտրակարգի կապակցությամբ. անգամներ նշվել է, որ մեր ընտրակարգը ունի շատ թերություններ ու հարկավոր է հանձնախումբ կյանքի կոչել ու վերանայել  այն, բայց դժբախտաբար մինչ այժմ ուշադրության չի արժանացել այս հարցը: Ընտրությունների ընթացքի հետ կապված նաև կան շատ հարցեր, որոնք ճշտումների կարիք ունեն:
Մեր  համայնքի կարգավիճակը նկատի ունե-նալով, կարծում եմ բոլորիս պարտականությունն է, քանի դեռ 6 ամիս ժամանակ կա այդ ընտրություններին, ակտիվորեն մտածել ու զբաղվել այս հարցերով, կազմակերպել հանդիպումներ տարբեր միություններում և ազգային հաստատություններում: Մամուլը նաև ավելի շատ տեղ հատկացնի այս հարցի շուրջ և թափանցիկ ու ժողովրդավարական ձևով արտացոլի տարբեր հարցեր ու բարձրացնի ժողովրդի տեղեկատվության մակարդակը, ընդհանուր Պատգամավորական ժողովի ու ազգային կառույցների և նրանց ընրությունների կամ նշանակումների մասին հարցերն ու տեսակետները:
 
«Յոյս» թիւ 220
27 Հուլիս 2016
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *