Հայերեն ուղղագրության մասին

 
ԱՐՍԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ
Թարգմանիչ, Երևան, մայիս 2002
 
ooghagrootyoon-hooys
 
Սույն հոդված-առաջարկը առաջին անգամ լույս է տեսել սփյուռքահայ Հորիզոն շաբաթաթերթի 1994 թվի նոյեմբերի Գրական հավելվածում: 2002 թվի մայիսի՝ Հայաստան-Սփյուռք 2-րդ համագումարի ընթացքում այն որոշ փոփոխություններով հանձնվել է համագումարի «Սփյուռք-Հայաստան կապեր» աշխատաբաժնին: Հոդված-առաջարկը վերատպվել է Հորիզոնի 2002 թվի հոկտեմբերի Գրական հավելվածում:
 
Ներկա դրությամբ, հայ գիր ու գրականության մեջ տիրում է ուղղագրական խառնաշփոթություն: Թվում է, թե բոլորն էլ համաձայն են, որ հայ ժողովուրդը, որն այժմ անկախ և ինքնիշխան պետության տեր է, պետք է ունենա մեկ և միասնական ուղղագրություն: Սակայն, այն հարցին, թե գոյություն ունեցող ուղղագրություններից ո՞ր մեկը պետք է համարվի որպես միասնական ուղղագրություն, ոչ միայն չկա միանշանակ պատասխան, այլ նկատելի է առճակատման հոգեբանություն: Նոր ուղղագրության պաշտպանները պնդում են, թե հնարավոր չէ այլևս վերադառնալ դասական ուղղագրության, իսկ դասական ուղղագրության կողմնակիցները այդ ուղղագրությունը ամենուրեք վերականգնելուց նվազ ոչնչով չեն բավարարվում:
Այստեղ մենք միտք չունենք անդրադառնալ Մեսրոպյան (նաև՝ հին, դասական կամ ավան-դական կոչվող (կամ նոր (սովետական, նաև բոլշևիկյան կոչվող) ուղղագրությունների հավանական առավելություններին կամ թերություններին: Այդ հարցերը հիմնականում լեզվագիտական-լեզվաբանական համարելով, թողնում ենք բնագավառի մասնագետներին: Մասնագիտական հավակնություն չունենալով սակայն, գտնում ենք, որ լեզուն և ուղղագրությունը լեզվագետների ու լեզվաբանների բացառիկ սեփականությունը չէ: Նույնիսկ հնարավոր է, որ նրանց մասնագիտական շահերը սահմանափակեն նրանց կամքն ու պատրաստակամությունը մեկ և միասնական ուղղագրության անցնելու հարցում: Մինչդեռ ուղղագրության այս քաոսից առաջացած դժվարությունների հետ պիտի գոտեմարտի յուրաքանչյուր սփյուռքահայ ու-սուցիչ, աշակերտ, թարգմանիչ, լրագրող և որևե մեկը, որ գործ ունի գրավոր հայերենի հետ: Սփյուռքում գործող հայկական միություններից ու հաստատություններից առաքվող նամակների մեջ ամենևին եզակի չեն խառն ուղղագրությամբ շարադրված գրությունները: Հայաստանյան որոշ հրատարակությունների մեջ, որոնք ջանում են վերադառնալ մերսրոպյան ուղղագրության, նմանապես նկատելի է այս ուղղագրական քաոսը: Նվաստս, որպես չորս լեզվի պաշտոնական թարգմանիչ, միայն հայերենում գործ ունի ուղղագրական նման մի բաբելոնի հետ:
Հայ գիր ու գրականությունն այսօր ուրեմն , այնքանով որ վերաբերում է ուղղագրության, կանգնած է երկու հակադիր և իրարամերժ այլընտանքի միջև՝բացարձակապես ընդունել նոր ուղղագրությունը կամ բացարձակապես որդեգրել դասական տարբերակը: Քանզի, ըստ յուրաքանչյուրի պաշտպանի, այս երկուսի միջև կա խոր մի անդունդ, որ ոչ մի կերպ անցնել չի կարելի և որ «մեր» հատվածի ուղղագրությունն ի վերջո կը հաղթանակի և մյուսն ամբողջապես կվերանա հայ գիր ու գրականությունից: Ահա այս անզիջող հոգեբանությունն է, որ մեր կարծիքով արգելակում է մեկ և միասնական ուղղագրության անցնելու գործընթացը:
Հարկ է ուրեմն վերանայել այս մոտեցումներն ու հայեցողությունները:Հարցի լուծման որոնումը պետք է լինի առանց նախապաշարումների: Կարևոր չափանիշները պետք է լինեն, ի հարկե, գիտական, լեզվաբանական: միաժամանակ, հաշվի պիտի առնվեն հայ լեզվա-գրական միօրինակության անհրաժեշտությունն ու հայ ժողովրդի մշակությաին-գրական ընդհանուր շահերը:
Այդ իմաստով, հույժ կարևոր է, որ երկրի ու արտերկրի մտավորականները, գրականագետներն ու հարցին առնչվող մարդիկ ճիշտ պատկերացում ունենան Հայաստանում և Սփյուռքում տիրող կացությունից, առ-նըվազն այնքանով, որ կապվում է հայ գիր ու գրականությանը: Պետք է կանխատեսվեն մեկ և միասնական ուղղագրության անցման դժվարությունները համահայկական մասշտաբով: Ո՛չ մի կողմ չպիտի իրավասու լինի իր ուղղագրությունը պարտադրի մյուսին, թեև չպիտի բացառել, որ լեզվագիտական չափանիշներով կատարված անաչառ քննարկությունները կարող են հանգել այս կամ այն ուղղագրության մասնակի կամ ամբողջական որդեգրմանը:
Մեր կարծիքով, ժամանակն է կյանքի կոչել մի մարմին, մի կաճառ, բաղկացած Սփյուռքի ու Հայաստանի՝ հարցին առնչվող մասնագետներից, որը կզբաղվի այս հարցի համար պատշաճ լուծում գտնելու առաջադրանքով: Սա կարող է նախաձեռնել Հայաստանի կառավարությունը, Սփյուռք-Հայաստան համագումար(ներ)ի են-թահողում: Կխորհենք, որ նման ենթահողի վրա, հայրենահայ, ինչպես նաև սփյուռքահայ մտավորականն ու լեզվաբանը առավել նվազ կողմնակալությամբ ու անզիջողականությամբ պիտի կառչի իր ուղղագրական «դատին»: Դրանից շահելու է հայ մաշակույթը, գրականությունը, հայ ժողովուրդը:
Այս կապակցությամբ, տեղին է մեջբերում անել հայ անվանի բանաստեղծ ու գրականագետ՝ Պարույր Սևակի պատասխան նամակից, որը հղել է 1969 թվին ֆրանասահայ հանրահայտ բանասեր ու թարգմանիչ՝ Հակոբ-Գրիգորին մեկ և միասնական ուղղագրության հարցի կապակցությամբ*: Նամակում, Պարույր Սևակը, ի շարս այլոց, այսպես է արտահայտվում՝ «… Անկարելի է կարծել, թե մերոնք կը դառնան հին, ավանդական ուղղագրությանը լիապես: Մերոնք կարող են ևս մեկ կամ մի քանի քայլ նահանջել: Բայց, Սփյուռքն էլ պիտի նահանջի ինչ-ինչ չափով: Միայն այս կերպ է հնարավոր հասնելու մեկ և միասնական ուղղագրության, որը պարտադիր պիտի լինի աշխարհում ապրող ամեն հայի համար: Ուրեմն, գործը պիտի նախապատրաստել նաև Սփյուռքում: Եւ վախենում եմ, որ դա ավելի դյուրին չլինի, քան այստեղ մերայիններին համոզելու դժվարությունը:»
 
* Արտատպված «Հայաստանի Հանրապետություն» թերթի 3 մայիս 1991 համարում լույս տեսած Բաբգեն Չուգասզյանի՝ «Մեր նպատակն է ունենալ մեկ և միասնական ուղղագրություն» հոդվածից:
 
 
«Յոյս» թիւ 220
27 Հուլիս 2016
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *