Իրանահայ աշուղներ

 
iranahay-ashooghner_hooys
 
Հայ մշակույթի մեջ իր ուրույն տեղն ունի աշուղական գրականությունը, որը սկիզբ է առել 17-րդ դարից և շարունակվել մինչև մեր օրերը: Աշուղական գրականության գագաթնակետն է հանճարեղ Սայաթ Նովան, որ ապրել ու ստեղծագործել է 18-րդ դարում Թիֆլիսում: Հայ աշուղական երգերի արմատները տանում են մին-չև հին դարերի հայ գուսան-վիպասանները, ապա և մեր միջնադարյան տաղերգուները: Համենայն դեպս, ինչպես ասացինք, աշուղներն իրենց ինքնատիպ ոճով հանդես են եկել 17-րդ դարում հայկական միջավայրի տարբեր շրջաններում (Թիֆլիս, Պոլիս, Երևան, Գյումրի, Աստրախան և այլն), իրենց վրա կրելով նաև շրջապատի օտար (հատկապես թուրք-պարսկական) գրականության և լեզվի ազդեցությունը: Աշուղները իրենց երգերը գրել են ժողովրդի խոսակցական լեզվով, այնպես որ տարբեր շրջանների աշուղական գրակա-նության մեջ նկատելի են տեղի բարբառային ձևերը:
Նույն 17-րդ դարից սկսած աշուղական գրականությունը տարածված է եղել նաև Պարսկաստանի կենտրոնական շրջաններում, մասնավորապես Նոր Ջուղայում՝ Շահ Աբբասյան գաղթի հետնորդ սերունդների մեջ: Եվ դա պատահական չէ. այդ շրջանների գաղթական հայերը սերել են մեծ մասամբ պատմական Գողթան գավառից, որը համարվել է գուսանական երգերի հայրենիքը: Դեռևս Սայաթ Նովայից առաջ Նոր Ջուղայում ապրել է աշուղ Ղուլ Արզունին: Մեծ թվով իրանահայ աշուղներ են եղել 18-րդ և 19-րդ դարերում: Իրանահայ վերջին հայտնի աշուղներից է Ենովքը (աշուղ Ենոք), որ ապրել ու ստեղծագործել է 20-րդ դարում Իրանի Արաք քաղաքում: Մեր ժամանակներում աշուղական ոճով և Նոր Ջուղայի բարբառով երգիծական բանաստեղծություններ է գրել իրանահայ բանաստեղծ Ազատ Մաթյանը (Ծատուր-Օղլի ծածկանունով), որոնց մի մասը հրատարկվել է “Յոյս”-ի էջերում:
հաջորդ էջերում ներկայացնում ենք նմուշներ իրանահայ աշուղներից: Պահպանված են արտասանական առանձնահատկությունները, օրինակ՝ “հիրար խետ” (իրար հետ),ինչպես նաև օժանդակ բայի բարբառային ձևերը, օրինակ՝ “ման աս գալիս” (ման ես գալիս) “չորացել աս փուշ աս էլել” (չորացել ես փուշ ես եղել) և այլն:
 
Ա.Խ.
 
 
 
ԱՆՑԱՎՈՐ ԱՇԽԱՐՀ
 
Անցավո՛ր աշխարհ բաներդ տեսնելով,
Ուրախ սիրտս, տխուր մալուլ ա դարձել.
Տղամարդը չընկնի նամարդի մուխտաջ,
Որ համեշա չասի՝ ինձ ղուլ դարձել:
 
Չլինի հավատաք մուխաննաթ մարդին,
Որ էհտիբար չունի իղրար ու շարթին.
Ակռավի պես թռվռման ա մեջ վարդին,
Հենց գիդա, թե նախշուն բուլբուլ ա դարձել:
 
Պստիկն մեծի խոսքին չի համբերում,
Փող խարջելով իրար տուն էն ավերում.
Ժամանակիս մարդիկ նրան էն սիրում,
Որտեղ մի բադնաֆաս շուղուլ ա դարձել:
 
Ղո՛ւլ-Արզունի, դրուստ ասացիր ճարըն,
Քանի գնաման ա, շատաման չարըն.
Ժամանակիս անմեղ գառն ու ոչխարըն,
Յուր տմակն դաղելու մին գուլ ա դարձել:
 
ՂՈՒԼ-ԱՐԶՈՒՆԻ (ապրել է 17-րդ դարի վերջում եւ 18–րդ դարի սկզբում Նոր-Ջուղաում)
 
 
ԱՍԻ՝ ԱԽՉԻ…
 
Ասի՝ ախչի՛,- ասավ՝ համմե,
Ասի՝ քաղցր շաքար ծամմե.
Ի՞նչ կլինի թողնիս գամ մե,
Ես ձեր տունը, ես ձեր տունը:
 
Ասավ՝ տղա,- ասի՝ ջանե,
Ասավ՝ անկարելի բան է,
Դու էտ միտքը գլխեդ հանե,
Քեզ չեն թողնի գաս մեր տունը:
 
Ասի՝ ախչի՛,- ասավ՝ չոռ ա,
Ասի՝ քեզ մոռանալը զոռ ա,
Կուզես կանչի, կուզես գոռա,
Զոռով պիտ գամ ես ձեր տունը:
 
Ասավ՝ Էգյազ, ասի՝ ասա,
Ասավ՝ մի մորըս հետ խոսա,
Նոր ուղարկիր խնամախոսը,
Գուցե թողնեն քեզ մեր տունը:
 
 
tar-hooys
 
ՓՈՓՈԽՎԵԼ Ա…
 
Փոփոխվել ա նշաններդ,
Այլակերպ հուրիշ աս էլել,
Թարգել աս սիրո բաներդ,
Դու դո՞ր անզգուշ աս էլել:
 
Էլ չես մտիկ անում հալիս,
Նետով ջիգյարիս աս տալիս,
Ինձնե հեռու ման աս գալիս,
Մին վայրենի ղուշ աս էլել:
 
Իմ աչքին սուլթան ու խան իր,
Սրտիս մեջն շիրին ջան իր,
Սուսան, սմբուլ, ռեհան իր,
Չորացել աս, փուշ աս էլել:
 
Ինչի չես գոլ դու իմ հետն,
Ջիգյարիս տալիս աս նետն,
Խառնում էլ աս լեղվի հետըն,
Դառնճի խետ ջուղ աս էլել:
 
Հարթուն-Օղլուս ձեռնեդ չհանես,
Որ ախըրըն չըփոշմանես,
Մին օր գլուխ կընգանես,
Հիմա դու մախշուշ աս էլել:
 
ՀԱՐԹՈՒՆ-ՕՂԼԻ (1789-1869, ապրել է Չահար-Մահալի Ասադաբադ գյուղում)
 
 
meroozhan-tar-hooys
 
ՈՉԽԱՐՆ ՈՒ ԳԵԼԸ
 
Հիրար խետ “բաս” մտան ոչխարն ու գելը,
Ոչխարն ասաց մոտս պահապան ունիմ,
Ձեո քաշի՛ր ինձանե, կտրի՛ր քո մեհլը,
Դու ես անտեր գազան, ես չոբան ունիմ:
 
Գելն ասաց՝ չոբանի մոտեն դուրս արի,
Էրթանք էս փոս ձորը քեզ հետ բան ունիմ.
Գեղեցիկ ծաղկունքը բացվել ա սարին,
Արի տես՝ ինչ լավ տեղ օթևան ունիմ:
 
Ոչխարն ասաց՝ երբեք չեմ գա քո մոտը,
Ո՛չ ծաղիկդ կուզեմ, ո՛չ էլ քո խոտը.
Չոբանս հաստատ լինի, ձեռին էլ փետը,
Իմ թշնամուս համար աչքահան ունիմ:
 
Գելն ասաց՝ ես մեծ օջախատեր եմ,
Ունևոր, ձեռնբաց, ղոնաղասեր եմ,
Գաս մեր տունն՝ ինչ սիրտդ ուզի կբերեմ,
Բուռմա ունիմ, դարման ունիմ, դան ունիմ:
 
Ոչխարն ասաց՝ դանը ո՞ւստից ա սարին,
Վար ու ցանք ո՞վ տվեց քեզ պես բադվարին,
Տերս ինձ ա պահել, կուտեմ իմ բարին,
Հում սեր ունիմ, կարագ ունիմ, թան ունիմ:
 
Գելն ասաց՝ տիրոջդ գլխակեր շունն
Չի թողման մի գիշեր ընգնամ ձեր տունն,
Արի քեզի ղոնաղ տանիմ իմ բունն
Տես՝ ես ինչ գեղեցիկ, լավ խիզան ունիմ:
 
Ոչխարն ասաց՝ ոչ մեծանա քո ձագը,
Էն էլ էր դունչ մեկնում դեպ իմ դմակը.
Քեզնից ի՞նչ կսովրի քո հիշատակը,
Դոր գնում եմ, քեզ պես չար դուշման ունիմ:
 
Գելն ասաց՝ իմ ձագից դուք չնեղանաք,
Երեխիս խաղ ու մաթլաբն իմանաք.
Կասեմ, որ էլ չանի քեզի հետ հանաք,
Մի անիծեք ես մի սիրական ունիմ:
 
Ոչխարն ասաց՝ թող անիծվի քո ցեղն,
Կորչի քո թայփեն ու քո խալայեղն՝
Դու անտեր գազան ես, չոլերն է քո տեղն,
Ես եմ լավ, որ տեր ու տիրական ունիմ
 
Գելն ասաց՝ քանդվի տիրոջրդ տունը,
Դու սաբայի մեռնես, նա՝ իրիկունը,
Էն ա շան հետ կտրել մեր դադար քունը.
Մի խոսացնի ինձի, վատ բերան ունիմ:
 
Ոչխարն ասաց՝ ես չեմ քո բարեկամը,
Ճգնավոր էլ դառնաս չեմ գա քո ժամը.
Երբ որ միտս է գալիս քո գորշ ատամը,
Հետ եմ փախչում քանի ջանիս ջան ունիմ:
 
Գելն ասաց՝, դու տանից երբ դուրս ես գալիս,
Իմացիր՝ աչքերս արյուն են լալիս.
Իլլահ երբ դմակդ շորոր ես տալիս,
Հենց գիտեմ թե խանըմ խաթում ջան ունիմ:
 
Ինչ ա Ամիր-Ուղլուս խոսքի պատճառն,
Սատանեն գելն ա, բանդեն ա գառն,
Մարդ պետք ա մտածե յուր բարի-չարն,
Թե իմ հոգուս համար չար դուշման ունիմ:
 
ԱՄԻՐ-ՕՂԼԻ (1740-1826, ապրել եւ
ստեղծագործել է Սպահանում)
 
 
«Յոյս» թիւ 219
13 Հուլիս 2016
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *