Ոսկորներ

 
ՓԻԹԵՐ ԲԱԼԱՔՅԱՆ
 
 
«Ճակատագրի սև շունը» հայտնի հուշագրության հեղինակ Փիթեր Բալաքյանի ստորև թարգմանաբար ներկայացվող գրությունը գրքի լույս ընծայման 10-րդ տարեդարձի առթիվ վերահրատարակված տարբերակում ընդգրկված մի նոր գլուխ է, որն առաջին անգամ տպագրվել է «New York Times» (Նյու Յորք թայմս) թերթում:
Դեր Զորն Օսվենցիմի համահավասար իմաստ է ձեռք բերել հայերի համար: Երկուսն էլ, տարբեր ձևերով, մահվան և զանգվածային սպանությունների համակարգված գործընթացի էպիկենտրոններ են: Երկուսն էլ խորհրդանշական վայր, էպիգրամային տեղանուն սև  քարտեզի վրա:
Դեր Զորն անյպիսի մի արտահայտություն է, որ փշի կամ տզի նման կպչում է քեզ ու պոկ չի գալիս: «Ր», «զ», «որ» հնչյունները սղոցի, դանակի պես կտրում են: Դեր Զորը վայր է, դեպի ուր հարյուր հազարավոր հայեր ստիպված էին ոտքով հասնել 1915-16 թվերին, վերջնակետ առաջին համաշխարհային պատերազմի քողի ներքո Օսմանյան Թուրքիայի կառավարության իրագործած հայերի ցեղասպանության:
2005-ի մայիսին Մ. Նահանգների պետքար-տուղարության հովանավորությամբ Բեյրութում դասախոսություններ անցկացնելուց հետո, հայկական եկեղեցու կարգադրությամբ այցելեցի Սիրիա, Հալեպ՝ ցեղասպանությունից մազապուրծ հայերի կարևոր ապաստարաններից մեկը և առավել հեռվում արևելյան մասում գտնվող Դեր-Զոր վայրը:
Հալեպից այնտեղ, Սիրիայի տարածքով ճանապարհն անցնում էր Եփրատ գետի երկայնքով մինչև Իրաքի սահմանը: Գետը, որ մերթ հայտնվում էր, մերթ անհայտանում, զուլալ էր, հոսուն և կանաչավուն: Ոչ դարչնագույն և դանդաղահոս, ինչպես երևակայությանս մեջ էր պատկերված և իհարկե «ոչ կարմիր արյան հեղեղից կամ խցանված»  դիակների առատությունից, ինչպես ականատեսներն էին նկարագրել ցեղասպանության վատթարագույն ժամանակահատվածում:
Կեսօրին մենք անցանք Դեր Զորի առևտրական թաղամասի փողոցներով, որոնցում լսվում էր արագընթաց ավտոմեքենաների և մոտորա-հեծանիվների բզզոցը, մինչև հասանք Սրբոցն Նահատակաց հիշատակին կառուցված հայկական քարաշեն եկեղեցու ճակատային մասին: Տեր հայրը մեզ ներս առաջնորդեց: Աստիճաններից ներքև, տաճարի տակ, կամարակապ անցքեր կային և մարմարյա հսկայական մի կոթողասյուն, որը վեր էր խոյանում առաստաղի լայն բացվածքից: Կոթողասյան շուրջը ապակե պահարանների մեջ ավազի վրա խնամքով դարսված ոսկորներ էին: Հարյուրավոր ոսկորներ, գանգերի մնացորդներ, ազդրոսկրեր, մեծ ոլոքներ, անրակներ, ակնախոռոչներ, ատամներ: Չորս բոլորը ապակե պահարաններ էին, կողք կողքի և դրանց մեջ ոսկորներ, ոսկորներ ու էլի ոսկորներ:
Հարցրեցի տեր հորը, թե որտեղից էին այդ բոլորը հավաքել: «Շուտով կտեսնես», – ասաց:
Պատարագից անմիջապես հետո, մենք ուղևորվեցինք դեպի արևելք, և ես գլխի ընկա, որ Դեր Զոր ասվածը չոր, անբերրի մի հսկայական հողատարածք է: Մի քանի ժամ անընդմեջ, բացի ժամանակ առ ժամանակ հանդիպող ոչխարների հոտից, այդ ամայի տարածքով անցնելուց հետո, մեր մեքենան կանգ առավ և ճանապարհի եզրին, բլրի բարձունքում ես տեսա սպիտակ քարից կառուցված մի փոքրիկ մատուռ:
«Սա Մարգադեն է»,- ասաց մեզ ուղեկցող հայր Ներսեհը: «Մոտ 15 տարի առաջ, երբ Սիրիայի կառավարության որոշմամբ այս վայրերում մարդիկ նավթ էին որոնում, էքսկավատորները ոսկորների կույտեր դուրս բերեցին հողի տակից»:
«Հենց այստե՞ղ», հարցրեցի:
«Այո, հենց այստեղ»,- ասաց նա և բացատրեց, որ Սիրիայի կառավարությունն անմիջապես հայկական եկեղեցուն որոշակի հողային տարածք հատկացրեց հուշակոթողի կառուցման համար: Ես քայլեցի բարձունքն ի վեր, մատուռի ուղղությամբ, ձեռքս խրեցի ավազների մեջ և զգացի, որ դեմ եմ առնում կարծր ոսկրաբեկորների:
«Մեր նախնիներն են այստեղ թաղված» մրթմրթացի: Հետո սկսեցի, առանց երկար մտածելու, ափերովս ավազների միջից դուրս բերել ոսկորներըՙ գանգի, գոտկատեղի խոռոչային մասերը և ինը տասնամյակ անց գրպաններս լցնել դրանցով: Դրանք հողածածկ, կրային, ծակոտկեն, բայց ամրակուռ նյութից էին:
Լցրեցի գրպաններս դրանցով, պարտավորված զգալով ինձ հետ դեպի մատուռ բարձրացնել այդ բոլորը: Մատուռի հատակը սառն էր, իսկ հետևում ալեբաստրե մի պատի վրա խաչ էր փորագրված: Իրիկնային արևի շողերը դեղնավուն լուսամուտի միջից ներս էին թափանցում, և ամբողջ տարածքը լողում էր բաց նարնջագույն լույսի մեջ: Փորձեցի մտքիցս հանել այդ ամենը, հեռանալ գերեզմանատնից, հեռանալ անգամ ինքս ինձանից և նորից շնչել ազատ…
Ինքնաթիռում, դեպի Մ. Նահանգներ վերադառ-նալիս կես քուն, կես արթուն վիճակում էի: Միայն Լաբրադորի վրայից թռնելուց գիտակցեցի, որ մեկ ուրիշ երկրից վերցրած օրգանական նյութեր էի փոխադրում ինձ հետ: Հայտարարագրի վրա հարցերը հստակ էին ձևակերպված. «Ձեզ հետ բերո՞ւմ եք հող, միրգ, բույս կամ հողագործության այլ կուլտուրաներ», «Այցելել ե՞ք Մ. Նահանգներից դուրս գտնվող ագարակներ, ֆերմաներ, արոտավայրեր»: Այժմ արդեն կրկնակի ամուր փակված ծրարներում գտնվող ոսկորները հողով ծածկված էին անշուշտ և չնայած արդեն բջջային կուլտուրաներ չէին, ապա ի՞նչ էին դրանք իննսուն տարիներ անց:
Կռացա և ձեռք տվեցի ճամպրուկիս՝ ապահով լինելու համար, որ դրանք իրենց տեղում են, մի կողմից էլ հետևելով, թե արդյոք ուղեկցորդուհիներից որևէ մեկը նայո՞ւմ է իմ կողմը, թե՞ ոչ: Ի՞նչ կարող էի ասել. «Սրանք իմ համերկրացիների ոսկորնե՞րն են», թե՞ նշեի, որ Սիրիայի անապատներում այցելել եմ ոսկորների մի ամբողջ «արոտավայր»: «Այս մեկը կարող է պատկանել իմ տատիկի առաջին ամուսնուն, այս մյուսըՙ սվազցի մի գյուղացու»:
Հայտարարագիրը լրացրեցի՝ «X» նշանը դնելով «Ձեզ հետ բերում եք» նախադասության «ոչ» քառակուսում: Քենեդի օդանավակայանի մաքսատանը հերթի կանգնելուց պատկերացրեցի, թե հաշվի առնելով իմ այցելած վայրերը, պետքարտուղարության ներկայացուցիչը կարող էր ցանկություն հայտնել՝ ստուգելու ճամպրուկներս: Բայց մաքսատան աշխատակիցը նախ անձնագիրս ստուգեց, հետո էլ ինձ նայեց և անձնագիրս կնքեց՝ ասելով «բարի գալուստ»:
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
«Յոյս» թիւ 214
27 Ապրիլ 2016
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *