Եվրոպահայերի մեծամասշտաբ համագումարը

 
 
Եվրոպայի հայերի համագումարն (ԵՀՀ) իր այս տարվա մեծամասշտաբ խորհրդաժողովն անցկացրեց Գերմանիայի Դուիսբուրգ քաղաքում` մարտի 4-6-ը: Այն կազմակերպել էր գերմանական մասնաճյուղը` դր. Րաֆֆի Բեդիկյանի ղեկավարությամբ: Ժողովի բացումն արեց Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արք. Բեկջյանը, այնուհետև կոմիտասյան կատարումներով հանդես եկավ տենոր Մասիս Առաքելյանը,  ապա  բացման  խոսքով ելույթ ունեցավ ԵՀՀ նախագահ Կարո Հակոբյանը: Նա անդրադառնա-լով Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին` շեշտեց, որ բարդ քաղաքական, հասարակական երևույթ է և պահանջում է լուրջ ուսումնասիրություն: «Հարկ է քննության առնել և ապա հստակեցնել, թե որն է լինելու ՀՀ-ի և որը Սփյուռքի դերակատարությունը, այնպես որ, դրանով չխաթարվի ո’չ մեր պետականությունը, ո’չ նրա զարգացման ընթացքը… և ոչ էլ Սփյուռքը դառնա խաղարկության առարկա` դիտորդի կարգավիճակով»: Գիտահետազոտական այս խորհրդաժողովը` «Հա-յությունը ցեղասպանության 100-րդ տարելիցի ավարտին» թեմայով, նպատակ ուներ տեսնելու, թե հարյուր տարի անց ուր է կանգնած Սփյուռքը և ուր պիտի գնա, ինչ մարտահրավերներ կան Սփյուռքի առջև և ինչպես պիտի դրանք լուծվեն: Հայաստան-Արցախ-Ջավախք-Սփյուռք խնդիրների շուրջ քննարկումներ անելու համար հրավիրվածների շարքում կային հայեր Գերմանիայի տարբեր քաղաքներից, Ռուսաստանից, Լատվիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Հոլանդիայից, Բելգիայից, Հունաստանից, Երուսա-ղեմից, Դուբայից, Բեյրութից և Թուրքիայից: Սակայն բուն Հայաստանից և ոչ մեկը չէր հրավիրվել: 1-(1) «Հայաստանի իշխանություններին չէին հրավիրել, դա ցուցադրական էր արված, որովհետև համագումարի ղեկավարությունը Հայաստանի ներկա իշխանության վարած քաղաքականությունը չի ընդունում»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց խորհրդաժողովի մասնակից, Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ Ազատ Օրդուխանյանը, ով զեկուցողներից առաջինն էր և համակողմանիորեն ներկայացրեց գերմանահայ համայնքի համառոտ նկարագիրը: Սակայն վերոնշյալ բացը մասամբ լրացվեց: Արբանյակի միջոցով Հայաստանից միացան և տարբեր թեմաներով դասախոսություն կարդացին Ալեք Ենիգոմշյանը, Մանվել Սարգսյանը և Հարություն Մեսրոպյանը: Ազատ Օրդուխանյանը կարևորում է նմանատիպ հանդիպումները. «Սրանք կարևոր են այն առումով, որ Սփյուռքի գործիչները իրենց քաղաքականությունը մշակելիս հաշվի առնեն նաև հայաստանյան ներկա իրավիճակն ու դիրքորոշումը: Նրանք կրթվում են նոր գիտելիքներով, վերջին տեղեկություններով, նաև առաջարկներ լսեցին»: Շուրջ 50 մասնակից երեք օր շարունակ խոսեցին Հայաստանի և հայերի խնդիրների մասին: Ելույթներ ունեցան բոլոր համայնքների ներկայացուցիչները, պատմեցին իրենց համայնքների մասին, առաջարկ արեցին համայնքների կյանքի վերադասավորման ուղղությամբ` ելնելով իրենց փորձառությունից: Ընդհանուր առմամբ քննարկվեց սփյուռքի վերաբերմունքը Հայաստանի, հայ ժողովրդի և ներկա իշխանությունների նկատմամբ: Որպես օրակարգային հարց` Աղասի Արաբյանը զեկույց կարդաց Ջավախքի ներկա իրավիճակի մասին: Բացի դրանից քննարկվեցին նաև տարածաշրջանային հարցեր: Հայաստան-Թուրքիա- Սիրիա խնդիրները. հատկապես մանրամասն զեկույցներ և քննարկումներ եղան Թուրքիայի հետ կապված: «Բավականին ներկայացուցչական էր ժողովը, մի շարք թերթերի խմբագիրներ էլ կային` «Նոր Հառաջը» Փարիզից, Մոսկվայից «Ժամ» հանդեսի խմբագիրը, Երուսաղեմից «Սիոն» թերթի խմբագիրը: Սա շատ կարևոր իրադարձություն էր, – գնահատում է պարոն Օրդու-խանյանը,- արձագանքն այնքան մեծ էր, իսկ դա խոսում է այն մասին, որ պահանջը կա, մարդիկ ուզում են գան, նստեն, լսեն, քննարկեն: Բազմաթիվ մարդիկ էին գրել նեղացած, թե ինչու իրենց չեն հրավիրել, իսկ կազմակերպությունն էլ պատճառաբանեց, որ սա միջոցառում էր այն մարդկանց մասնակցությամբ, ով-քեր բազմամյա համայնքային կյանքի փորձառությունն ունեն, բաց չէր, որ հարցերը հնարավոր լիներ քննարկել»: Համագումարի արդյունքում ներկաները հստակ պատկերացում կազմեցին հայկական սփյուռքի տարբեր թևերի ներկա իրողության մասին, ստեղծվեց նոր ծանոթությունների ցանց, որ հետագայում իրենց գործունեությունը շարունակեն: Քննարկվեցին տա-րածաշրջանային ռազմավարական հարցեր, որոնք ուսանելի էին սփյուռքի գործիչների համար: Այս համաժողովի ընթացքում քննարկված տասնյակ հարցերի լուծման վերաբերյալ առաջիկա անելիքներն արձանագրվեցին ամփոփ ձևով: Այն համաժողովի նախագահության ամենօրյա ուշադրության կենտ-րոնում կլինի: Կարևորվեց նաև այն հարցը, որ Սփյուռքը նոր գործելաոճ գտնի և վերակազմավորվի:
Գայանե Առաքելյան
Արվեստագիտությունների թեկնածու
«Յոյս» թիւ 213
13 Ապրիլ 2016
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *