Պատերազմը Սիրիայում, Հայկական կյանքի հատվածներ

 
 
Մարի Թիբո Դը Մեզիերը բելգիացի հրատարակիչ է և մանկական գրքերի հեղինակ: 2015 թվականի դեկտեմբերին նա՝ բելգիացի մի պատգամավորի հետ, ուղեկցել էր լրագրողների ու հումանիտար ոլորտի աշխատողների՝ Բելգիայի Արեւելյան քրիստոնյաների կոմիտեին, դեպի Իրաքյան Քուրդիստան ու Ռոժավա (սիրիական Քուրդիստան) ուղեւորության ընթացքում: Փեշ-մերգաների, YPG-ականների և ասորական ու-ժերի խիստ հսկողության տակ տեղի ունեցած ճանապարհորդության ընթացքում նա կարողացել է հավաքել մի շարք հայերի դիմանկարներ, որոնց կյանքը խաթարվել է Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող պատերազմի հետեւանքով: Հոդվածն սկզբնապես լույս է տեսել Hay Stories բլոգում:
Ահա և մի քանի պատմություններ հայերի մասին, որոնց կյանքը փոխվել է Սիրիայում և Իրաքում ընթացող պատերազմի պատճառով: Որոշ պատմություններ տխուր են, մյուսները՝ ոչ: Այս դիմանկարների միջոցով կփորձեմ բացատրել, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում:
Ինչո՞ւ հայերի պատմություններ: Նախ, այն պատճառով, որ հայերն իմ կիրքն են. տանը հինգ հոգի ունեմ: Հետո, քանի որ, իմ կարծիքով, հայոց պատմության միջոցով մենք ավելի լավ ենք հասկանում տարածաշրջանի պատմությունը, ես կասեի նույնիսկ, համեստորեն՝ ամբողջ մարդկության պատմությունը:
Իբրեւ առաջին քրիստոնյաներ և շատ անգամ մահմեդականների հարեւաններ, հայերը կրոնների միջեւ առկա դիալեկտիկան լավ են հասկանում: Նրանք գիտեն նաեւ «ցեղասպանություն», «աքսոր» և «ինտեգրում», երբեմն էլ «բարեկեցություն» բառերի իմաստը՝ մերօրյա աշխարհն ընկալելու համար առանցքային հասկացությունները: Ըստ իրենց ընտրած կամ ակամա հայտնված երկրների՝ հայերն ապրել են ժողովրդավարությունների կամ բռնապետությունների տակ, մաս կազմելով կամ չկազմելով իշխանությանը, ապրելով պատերազմը կամ խաղաղությունը, բայց գրեթե միշտ պահպանելով իրենց հատուկ հզոր ինքնությունը: Նրանց պատմությունն է մեզ այդ մասին պատմում: Մեկ խոսքով՝ կրոնները, պատերազմները, ցեղասպանությունները, քրիստոնեությունը, ինք-նության հարցը, հանդուրժողականությունը և խաղաղությունը հասկանալու դուռը բացելու հայկական բանալին է դա: Ինչո՞ւ ոչ:
Սոսին Ղամշլի քաղաքի հայ փախստականների և ներքին տեղահանված անձանց օգնության կոմիտեի պատասխանատուն է: Նա հաշիվները ձեռքով է գրում՝ դոլար առ դոլար, շատ հաստ, գծավոր տետրում, որի էջերի մեծ մասը դեռ դատարկ է: Նա անձամբ է ճանաչում Ղամշլիի 540 հայ ընտանիքներից յուրաքանչյուրին: Եւ նրանց կարիքները՝ դոլար առ դոլար:
Սոսին մեզ պատմում է, որ Ղամշլիի հայերի ավելի քան կեսը հեռացել է տարածաշրջանից: Բայց նրանց փոխարեն նոր հայեր են ժամանել Իսլամական պետության կողմից գրավված քաղաքներից (ինչպիսին Ռաքքան է) կամ դրանց սահմանակից տարածքներից (ինչպիսին Հալեպն ու Հասաքեն են): Ղամշլին արդեն շատ վտանգավոր էր: Այնտեղ նախկինում  մահապարտի հար-ձակումներ էլի էին եղել, բայց 2015թ. դեկ-տեմբերից հետո դրանք գնալով շատանում են ու ավելի մահացու են դառնում: Մահապարտ ահաբեկչի կողմից ականապատված մեքենայի կամ բեռնատարի միջոցով իրականացված  հարձակումներ՝ այսպես է կռվում ԴԱԻՇ-ը, պայթեցնելով խաղաղ բնակիչներին և հար-ձակումներ կատարելով ճակատային գծերի վրա: «Զարմանալի թշնամի, որ մարտից հետո տուն վերադառնալու կարիք չունի», – ասում է ինձ մի փեշմերգա1: Մեկ ուրիշն էլ մեզ ասում է, որ այլեւս միայն զինյալները չէ, որ իրենց պայթեցնում են քաղաքներում, այլ երբեմն հուսահատ խաղաղ բնակիչներ, որոնց ԴԱԻՇ-ը խոստացել է 10 հազար դոլար՝ ընտանիքին փոխանցելու համար:
Հայերը Ղամշլիում մնում են կամ այլ ելք չունենալու պատճառով, կամ էլ իրենց պարտքն են համարում այս հողում մնալ ու ոչինչ չզիջել: Իսկ կյանքը շարունակվում է, մերթ լաց են լինում, մերթ ծիծաղում: Դեռեւս գոյություն ունեն շատ համեղ ուտեստներով ռեստորաններ, ընտանեկան հավաքներ՝ աղմկոտ ու կենացներով լի, որտեղ միշտ հայտնվում է չափից շատ խմած մի զարմիկ՝  Արմեն կամ Պետո, ու շատ երկար պատարագներ:
Սոսին ֆեմինիստ լինելու կարիք չունի արդյունավետ լինելու համար: Նա լուռ է մնում համայնքի վարչության ժողովներում, որտեղ գրեթե միայն տղամարդիկ կան. նա սուրճ է մատուցում, բայց բոլոր հարցերը իրեն են տալիս՝ ստույգ պատասխաններ ստանալու ակնկալիքով:
 Նա այդ մասին մեզ չի ասելու, բայց Սոսին որդեկորույս մայր է: Որդին զոհվել է ամենահիմար ու տխուր կերպով: Ինչպես շատ երիտասարդ տղամարդիկ, նա համայնքի պաշտպանության խմբի մաս է կազմել՝ մի տեսակ հայկական կամավոր աշխարհազորայիններ, որոնք ամբողջ գիշեր պարեկում են թաղամասը: Ավելի շատ զինված փոքր սկաուտների նման, քան թե ռազմիկների: Նա 19 տարեկան է եղել, հրացանը մաքրելիս փամփուշտն արձակվել է:
 Արձակված մի փամփուշտ, մի սուրճ, գծավոր հաստ մի տետր՝ դոլար առ դոլար: 540 հայ ընտանիք, որ Ղամշլիում դիմակայում է, որոշ չափով, Սոսիի շնորհիվ:
 
«Յոյս» թիւ 212
16 Մարտ 2016
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *