Ռասուլ Փարվիզի

 
Ռասուլ Փարվիզին ծնվել է 1920 թվականին Պարսից Ծոցի ափերի Բուշեհր քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո երկու տարի ուսուցչություն է արել իր ծնդավյրում, այնուհետև աշխատել է զանազան հիմնարկություններում:
Նա երկու պատմվածքների ժողովածուների հեղինակ է՝ «Կարկատանված Շալվարներ» և «Գինովցած գնչուն» անուններով: Ավելի շատ մերվել է ժամանակի իշխանությանը և լեզվանիությամբ մինչև սենատորական աստիճան բարձրացել:
Մահացել է 1977 թվականին ու թաղվել Հաֆեզիյե գերեզմանատանը՝ Շիրազում:
 
ՀԻՆԱՅԱԳՈՒՅՆ ՎԵՐԱՐԿՈՒՍ
 
 
1928  թվականի ձմեռն անտանելի էր: Ձյունը մինչև մարդու ծնկներն էր հասնում: Շիրազի նեղ ու հին փողոցները կորել էին ցեխի ու տիղմի մեջ: Երթևեկությունը դժվարացել էր:
Երբեմն անցորդը այնպես էր սայթաքում, որ տեղնուտեղը պառկում էր ցեխի մեջ: Դեռևս հեռվից լսվում էր անցուդարձ անողների ոտների չփչփոցը: Այդպիսի ցուրտ ու կեղտոտություն սատանան անգամ չէր տեսել երազում: Փչում էր նաև սառը, կտրող քամի, որը խուզարկողի պես շոշափում էր մարդու մարմինը, թափանցում մինչև ոսկորների ծուծը:
Այդ տարի ես դպրոց էի գնում: Սաստիկ ցրտից ձեռքերիս երեսը ուռել ու ճաքճքել էին: Ամեն առավոտ շուկայի կուշտ կերած վաճառականների պես, շուտ–շուտ մատներս էի լիզում ու բերանիս գոլորշիով տաքացնում:
Այդ ձմեռ նախքան սառնամանիքը կգտներ մեր տունը, կարգն ու քաղցը հյուր եկան: Հայրս, որ նախկին վաճառական էր, առևտրական նոր հարաբերությունների ժամանակ փոխանակ ենթարկվելու օրենսդրությանը, հին կարգերը սիրող շատերի նման դեմ գնաց նորին, և արդ-յունքը եղավ այն, որ սնանկացավ: Մեր տունը, որ մի ժամանակ շուք ու տեսք ուներ, դարձավ դժգույն ու խղճուկ: Հորս ձեռքը իսպառ դատարկվեց: Աղքատության հեղեղը հիմնովին քանդեց մեր տունը ու քշեց տարավ իր հետ:
Ամայությունն իշխեց շուրջբոլորը:
Առաջին օրերին գորգերը, վարագույրներն ու զարդեղենը աճուրդի դրվեցին: Դրանցից հետո վաճառեցինք հորս որսորդական հրացանն ու անգլիական երկարաճիտ կոշիկները, իսկ հետո այլևս արժեքավոր բան չգտնելով, մանր–մունր ապրանքներն էլ ծախեցինք շրջիկ հնավաճառներին: Չնայած մայրս աշխատում էր, որ աղքատության դառը հոտը չդիպչի մեծ եղբորս, բայց թե ինչ կարող ես անել, աղքատությունը ժանտախտի պես վարակիչ է, և առհասարակ երկու բան կյանքում չի կարելի թաքուն պահել` չքավորութիւնն ու խայտառակությունը:
Չնայած ես փոքր էի, բայց արդեն լիովին զգացել էի, թե ինչ բան է  աղքատությունը: Նայում էի ինքս ինձ և համեմատում ուրիշ երեխաների հետ: Հագուստներս հնամաշ էին, շալվարս կարկատած, կոշիկներս բազմաթիվ անգամներ վերանորոգված և վեր ցցված քթերը արնախում թշնամու պես ծաղրում էին ինձ: Ուտելիք էլ չկար, եղածն էլ չնչին բան էր:
Ես երբեք չէի հուսահատվում, բայց լավ էի զգում, որ ձախորդությունը ամուր չոքել է մեր տան շեմին: Ցուրտն ու կարիքը սերտ դաշն կապած իրար հետ, սպառնում էին մեր ընտանիքին: Երեկոյան, երբ դպրոցից տուն էի վերադառնում, ամբողջովին կարկամած էի լինում ցրտից և դողում էի ուռենու տերևի պես:
 Ամենաանտանելին այն էր, որ վերարկու չունեի:
Միաժամանակ` իմ և եղբորս վերարկու չունենալու հարցը մեր տան անլուծելի խնդիրը դարձավ: Փող չկար, կտորը թանկ էր և կարելու վարձը`  շատ:
 Հայրս դես ու դեն ընկավ, որպեսզի նոր վերարկու ձեռք գցի մեզ համար, բայց չեղավ ու չեղավ:
Աղքատության առանձնահատկություններից մեկն այն է, որ մարդու դարձնում է տնտես, երբեմն էլ` բժշիկ: Աղքատ մարդը ամենայն ճշտությամբ պահպանում է տնային տնտեսության օրենքները և ապրուստը համապատասխանեցնում է առողջապահությանը:
Մայրս իսկույն տնտեսագետ դարձավ: Նա մտածեց, որ հորս հին կապայից կարելի է երկու վերարկու կարել մեզ համար: Հայրս վաղուց չէր հագնում այն: Կապայի հնամաշ բրդե խավի տակից երևում էին թելերը, և որպես ոչ պիտանի մի բան գցել էին սնդուկը: Այդ կապան նախկինում հինայի հաճելի գույն էր ունեցել, սակայն այդ օրը, երբ այն անհրաժեշտություն դարձավ մեզ համար և վերարկուների վերափոխման գործում առաջադիմական մեծ քայլ կատարելու լույս աշխարհ դուրս եկավ , մի անճանաչելի ու անորոշ գոյն ուներ` խունացած հինայի ու կեղտի մի խառնագույն: Կապան հանձնեցին մեր հարևան մի կնոջ, որպեսզի կարի:
Ինձ և եղբորս էլ տարան նրա մոտ: Դերձակ կինը նռնենու չորացած ճիպոտով, որը մետրի փոխարեն էր գործածում, մի քանի անգամ չափեց, չափչփեց մեր հասակն ու թիկունքը և խոստացավ երեք օրվա մեջ երկու վերարկուն էլ կարած, պատրաստ հանձնել մեզ:
Երեք օրից հետո վերարկուները բերեցին տուն: Թշնամիս այդպիսի բան չտեսնի, ինչ-որ մենք տեսանք: Դրանք այլանդակ էին ու անճաշակ: Փեշերը Իրանի արդարադատության կշեռքի պես մեկ գծի վրա չհավասարվելով, անընդհատ վեր ու վար էին անում: Թևերը լայն էին ու կարճ, ուսերը խեղված, իսկ օձիքը անկենդան բերանի էր նման: Բայց թե որքան էլ նկարագրեմ, դարձյալ չեք կարող պատկերացնել դրանց տեսքը: Մի չտեսնված բան էր: Ամեն ինչի նման էր, բացի վերարկուից: Երբ հագնում էի, կարծես երեք կողմից ծեծված քսակի մեջ մտած լինեի: Ես ինքս էլ չէի կարողանում պահել ծիծաղս: Սակայն մայրս ինձ չվշտացնելու համար անըհնդհատ գովում էր դրա տեսքն ու կարվածքը: Դե, մեր ապրուստն էլ այնպիսին չէր, որ հետևեինք նորաձևության, բանը բանից անցել էր արդեն: Գեղեցկության ու ճաշակի հետևից ընկնողն ո՞վ էր, սառնամանիքը փետացնում էր մեզ: Եթե այդ վերարկուի փոխարեն կարկատված ու պատառոտված փալասի կտոր էլ տային, կհամաձայնվեի հագնել, ուր մնաց վերարկու:
Բայց մեծ եղբայրս իսկույն գլխի ընկավ, որ այդպիսի վերարկուն լավ առիթ է դպրոցականների ձեռքին` ընկերոջը ծաղրելու համար, ուստի հրաժարվեց նրանից: Եվ որովհետև ընտանիքի առաջին երեխան էր, ոչ ոք իրավունք չուներ ասելու` աչքիդ վերևը հոնք կա: Խոսքը պնդեց. թեկուզ մորթեն էլ այդ դերվիշի քուրձը հագնողը չէ: Վերջապես խոսքն անցավ, և երկար խորհրդակցությունից հետ որոշեցին մի նոր վերարկու հաջողեցնել նրա համար: Իսկ ես փոքր էի , պետք է հագնեի իմ վերարկուն, իսկ մաշվելուց հետո էլ այն մյուսը, որից եղբայրս հրաժարվել էր: Իսկապես մարդս շուն լինի, տան փոքրը չլինի: Ինչ ավելցուկ կա, նրա գլխին են բարձում: Դեռ այն էլ չեմ ասում, որ պետք է ուրիշների հրամանը կատարի, ով որ թեյ, սուրճ կամ ջուր ուզենա , իսկույն հասցնի, հյուր գալիս տան դուռը բաց անի և բոլորի հին հագուստները հագնի: Այս է փոքր տղայի վիճակը ընտանիքում:
Այսպիսով երկու վերարկուներն էլ տվեցին ինձ: Պետք է մի քանի տարի այդ ծանր բեռը տանեի ուսերիս վրա:
Մյուս օրը հագա վերարկուս: Այդ անխիղճը իր բոլոր ձախորդություններով հանդերձ տաք էլ չէր պահում: Սկզբում մի որոշ ժամանակ քսվում էի պատերին, մտածելով, որ գուցե հողն ու փոշին ծածկեն նրա երևացող նոր կարի հետքերը, և վերարկուն հին կերպարանք ստանա:  Իմ կարճ խելքով այդ տեսքը կարող էր քողարկել նրա բոլոր թերություւնները: Բայց այդ անտերը կեղծ փողի էր նման , թաքցնելն անհնարին էր:
Ամենացավալին այն էր, որ վերարկուից հրաժարվել հնարավոր չէր: Ծնողներս անընդհատ պնդում էին` հագնել, որ չլինի թե հանկարծ մրսեմ ու հիվանդանամ: Ես էլ ենթարկվում էի, բայց հենց  որ հասնում էի մեր դպրոցի դռանը, հանում էի, ծալում ու գրքերս վրան դրած առնում էի թևիս տակ:
Այսպիսով ոչ ոք չէր տեսնում վերարկուս, և ես ապահով էի աշակերտների խայթող հեգնանքներից: Դասարանում էլ իսկույն ևեթ թաքցնում էի նստարանիս գզրոցում: Այս գործը շարունակվեց այնքան, մինչև որ մի օր աղետալի սաստկությամբ ծանրացավ: Դասամիջոց էր: Ես գնացել էի ջուր խմելու: Դեռ իմ մտերիմ դասընկեր Հուսինի հետ մի խոսք չէի խոսել, որ աշակերտներից մեկը մոտեցավ ինձ և ասաց.
-Ինչ ես կանգնել, Ասադոլա խանը հագել է վերարկուդ և երեխաների մոտ պարում ու ծամածռություններ է անում:
Աշխարհը մթնեց աչքերիս առաջ: Արյունը խուժեց գլուխս:
Մի ակնթարթում թռա տեղիցս ու կատաղած մտա դասարան:
  Ասադոլա խանը բարձր աստիճան մի պաշտոնյայի շփացած ու երես առած տղա էր: Նա միշտ հագնվում էր շքեղ և ուներ թանկարժեք մահուդի վերարկու: Պարծենում էր դասարանի առաջ, և մեր ներկայությամբ չոր մրգերով հյուրասիրում էր ուսուցիչներին ու դպրոցի դիրեկտորին: Այդ աներես տղան երկար ժամանակ դարան մտած սպասել էր և այդ օրը օգտվելով իմ բացակայությունից, հանել ու ցույց էր տալիս աշակերտներին: Երբ ես վրա հասա, նա վերարկուս հագած պարում էր դասարանում ու հետն էլ երգում.
Մորու’ք, մորու’ք եմ խուզո՜ւմ,
Վերից-վարից եմ խուզո՜ւմ:
Որքա՜ն այդ տեսարանը ազդեց ինձ վրա: Կարծես դանակով մարմինս կտրատեցին: Էլ ժամանակ չտվեցի: Հարձակվեցի Ասադոլլա խանի վրա և չիմացա, թե ինչպես խփեցի: Մեկ էլ այն տեսա, որ նա ուշաթափ վայր ընկավ: Գլխիս ու մեջքիս իջավ բռունցքի ու ոտքի ուժեղ հարվածների տարափը: Ինձ ծեծողը մեր դպրոցի անազնիվ ու նենգ վերակացուն էր: Նա կրկեսի կենդանիներ վարժեցնողի պես մտրակը միշտ ձեռքին էր պահում և անվերջ ծեծում էր ինձ նման խեղճերին: Ես իմ պատվի համար խփեցի Ասադոլա խանին, իսկ վերակացուն` նրա հոր հետ խմած օղու պատվին:
Չգիտեմ որքան տևեց այդ ծեծը, միայն զգացի, որ դպրոցի ծառաները բարձրացրին ինձ և տարան գցեցին դպրոցում եղած բանտասենյակը:
Միառժամանակ ուշքի չէի գալիս: Վերակացուի ոտքի հարվածներից սաստիկ ցավում էին գլուխս ու մարմինս: Երբ ուշքի եկա, սկսեցի դառը լաց լինել: Արցունքներիս միջից տեսա, թե ինչպես վերակացուն փաղաքշելով Ասադոլա խանի գլուխը,  ներողություն էր խնդրում տեղի ունեցա-ծից և խոստանում` ինձ հեռացնել դպրոցից: Հետո նա բարձրաձայն կանչեց դպրոցի ծառային՝ աղա Մոհամմեդին և ասաց.
-Այս ավանակի չուլն ու փալասը տուր ձեռքը և դուրս վռնդիր:
Մի քանի րոպե անց դպրոցի ծառան ներս մտավ և գրքերս ու վերարկուս տալով ձեռքս, դուրս քշեց:
Այլևս չհամարձակվեցի վերարկուս հագնել: Հենց այնպես էլ կոլոլված, գրքերիս հետ առա թևիս տակն ու դուրս եկա դպրոցից:
Հեռվից դեռ լսում էի վերակացուի կոշտ ու կոպիտ ձայնը, որ ասում էր.
-Գո’մն է քո տեղը, գո’մը, և ո’չ թե դպրոցը:
 
«Յոյս» թիւ 211
2 Մարտ 2016
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *