ԻԻՀ խորհրդարանական ընտրությունների առնչությամբ Հայ թեկնածուների միջեվ

 
 
2016 թվականի փետրվարի 5-ին, «Հույս» երկշաբաթաթերթի հրավերով երկշաբաթաթերթի գրասենյակում տեղի ունեցավ խորհրդակցական հանդիպում որին մասնակցում էին իսլամական խորհրդարանի ընտրություններին մասնակցող թեկնածուներից երեքը՝ տիկ. Իվեթ Դանիելյանը, դոկտ. Անդրանիկ Սիմոնյանը և  դոկտ. Կարեն Խանլարյանը: Դժբախտաբար մյուս երկու թեկնածուները չէին հասցրել մասնակցել այս նիստին: ներկա էին նաև մի շարք հասարակական ու ազգային ակտիվիստներ նաև Իրանի հարավային շրջանների հայության Իսլ. Խ.-ի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը:
«Հույս» երկշաբաթաթերթի խմբագիր պրն Խաչիկ Գալստանյանը(գրական անուով՝ Խաչեր) ողջունելով հյուրերին՝  շնորհակալություն հայտնեց ներկայության համար ու դրական համարեց միասնական հավաքներն ու խորհրդակցությունները։ Նա հույս հայտնեց, այս հանդիպմամբ հիմք կդրվի շարունակական, նմանօրինակ հանդիպումների, որտեղ խորհրդակցություններ տեղի կունենան Հայկական համայնքի խնդիրների շուրջ:  Այնուհետև խոսքը տրվեց ԻԻԽ պատգամավոր և նոր ձևավորվող  խորհրդարանի թեկնածու՝ դոկտ. Կարեն Խանլարյանին։
Կ․Խանլարյանն իր ելույթում անդրադարձավ մի շարք հրատապ հարցերի։ «Կարծում եմ ծրագրային իմաստով մեծ տարբերություն չի լինի, որովհետև ուրախությամբ պիտի հայտնեմ, որ մեր համայնքի բոլոր թեկնածուները ազգային խնդիրներով հետաքրքրված ու տառապող անձինք են: Գիտեմ, որ բոլորը նույն բաների մասին են մտածում, ինչ որ ես: Մեր համայնքի դժվարություններին ու խնդիրներին տեղյակ ենք բոլորս, իսկ երկրի մակարդակով որոշ հարցեր կան, որ մեզ չեն կարող չմտահոգել: Այնուամենայնիվ, ծրագրային կամ պլատֆորմային տարբերություններ, կարծում եմ, որ կլինեն ու լավ է, որ լինեն, որովհետև եթե համայնքը ծաղկեփնջի նմանեցնենք, ապա ծաղկեփունջը ավելի գեղեցիկ կլինի եթե երփներանգ ծաղիկներ լինեն: Բոլորս էլ փորձում ենք այդ լույսի տակ քայլել առաջ։
Իմ պլատֆորմային գծերն են՝
1-ազգային հիմնական խնդիրները, Հայոց ցեղասպանության խնդիրը,  
2-Իրան-Հայաստան փոխհարաբերությունների ձևավորումն ու զարգացումը։ Գիտենք, որ իրանահայ համայնքն իր հատուկ դերն ունի այդ հարաբերությունների զարգացման մեջ:
3-Պետական իմաստով համաիրանական խնդիրներ կան, պետական կադրերի անդամների թիվը մեծ է և կազմում է մոտավորապես հասարակության 42 տոկոսը։ Մոտավորապես 4 միլիոն պետական թոշակառուներ կան և նույն թվով էլ զբաղված աշխատողներ կան պետական ապարատում: Այսինքն՝ 8 միլիոն մարդ, որոնք իրենց ընտանիքներով կազմում են հասարակության շուրջ 42 տոկոսը: Սրանք սեփականացնում են երկրի նավթի և գազի եկամտի 90 տոկոսից ավելին: Սա մեծ գումար է, որ  չի օգտագործվում մյուս բնագավառներում, օրինակ շինարարության մեջ և այլն:
Սա նշանակում է, որ Իրանի բնակչության յուրաքանչյուր 10 հոգուց մեկը կամ պետական թոշակառու է, կամ պետական աշխատավարձով ապրող, որը եթե տարածենք մեր համայնքի վրա, նշանակում է, որ մենք՝ հայերես պետք է ունենանք առնվազն 4-5 հազար պետական պաշտոնյա, բայց գիտենք, որ այդպես չէ:
Ես հավատացած եմ, որ պատգամավորի գրասենյակը առաջնորդարանում պատգամավորի սեփականությունը չէ, չի էլ կարող լինել, այն ազգային ինստիտուտ է, որտեղ կուտակում ենք փորձառություն՝ համայնքի անդամների հարցերը լուծելու համար: Այլ հարց է, թէ ինչպես ենք լուծել այդ հարցերը և ապագայում ինչպես ենք կարողանալու լուծել», եզրափակեց խոսքը պրն Խանլարյանը: 
Այնուհետև խոսքը տրվեց հաջորդ թեկնածու դոկտ. Անդրանիկ Սիմոնյանին, նա ևս շնորհակալություն հայտնելով «Հույս» երկշաբաթաթերթի խմբագրությանը, հույս հայտնեց, որ նման հանդիպումներն ավելի հաճախ կազմակերպվեն: «Մենք ունենք մասնակի մոտեցում և հնարավոր չէ մասնակի չլինել, որովհետև յուրաքանչյուր անձնավորություն հարցերին  մոտենում է ըստ իր մասնագիտության, իր նախասիրությունների ու առաջնայնությունների, սկզբունքների: Սրանք պատճառ են դառնում, որ որոշ խնդիրներ ուշադրությունից դուրս մնան։ Ես ծրագիր եմ կազմել ըստ անհրաժեշտությունների, որոնք համայնքում գոյություն ունեն հայ մարդու համար և այնպիսի հարցեր եմ առանձնացրել, որ խորհրդարանում կարող են մատչելի լինել: Ըստ այդմ ներկայացնում  եմ՝ համապետականը, իմ կարծիքով, առաջին տեղում է, որովհետև մեր երկիրը ավելի քան 37 տարի վայրիվերումներով է ապրել, իսկ այսօր միջուկային խաղաղության համաձայնագրից հետո մեր երկրի նկատմամբ դրական հատուկ վերաբերմունք կա։ Օրինակ՝ տարիներ առաջ, 2000 թվականին «Դիեյի» հարցը սրվեց, վերջին տարիներին ակտիվացավ նաև «Ղեսասի» հարցի շուրջ մտորումները: Այսօր աշխարհը շատ ուշադիր հայացքով է նայում Իրանին:
Համապետական խնդիրներ գոյություն ունեն, որոնց լուծումները աջակցության կարիք ունեն, անպայման պետք է աջակցենք: Այնպես պետք է անել, որ երկրի նկատմամբ արտաքին աշխարհի ճշգրիտ կարծիք ձևավորվի, որովհետև մենք գիտենք, որ մեր երկրում հայերի նկատմամբ բարիացակամ վերաբերմունք գոյություն ունի, այստեղ որևէ ուրիշ ազգ այդքան հարգված չէ, որքան հայերը:
Պետության նկատմամբ մենք՝ որպես փոքրամասնություն, ունենք պարտականություն, իսկ այս պետության կապերը հետագայում Հայաստանի հետ շատ էական են լինելու, որտեղ մենք կարող ենք դերակատար լինել, բայց իրանահայերը Հայաստանի հետ չպետք է ունենան միայն քաղաքական ու տնտեսական կապեր: Մենք Հայաստանի հետ կարող ենք ունենալ նաև հոգևոր կապեր, որովհետև մեր հոգևոր կենտրոնը՝ Էջմիածինն, այնտեղ է: Կարող ենք ունենալ նաև մշակութային կապեր:
Մենք մեր դասագրքերում լուրջ խնդիրներ ունենք: Համայնքում գրագիտության մակարդակը ցածր է, որովհետև Հայաստանի հետ մշակութային կապը ճիշտ չի կազմակերպվել և օգտագործվել: Իհարկե, սա քաղաքական երանգ ունի և դա բնական է: Բայց մշակույթի բնագավառում պետք է բացառենք դա:
Իրանահայերս Հայստանի հետ տնտեսական կապի դառը փորձ ունենք, օրինակ՝ ծորակաշինության գործարան հիմնադրելու հարցը Հայաստանում, որը ձեռնարկում էր մեր համայնքը:
Իրանում Հայ դատի հետ կապված խնդրի մասին ասեմ, որ 100-ամյակի հիշատակման փորձը հրաշալի փորձ էր ու պիտի տարածենք, օրինակ՝ թարգմանական գրականություն, առանձին մտավորականների հետ հանդիպումներ և աշխատանքեր առանձին խմբերի հետ։
Դպրոցների հարցը․ պետք է ասել, որ դպրոցների պահպանման հարցը պետք է վերցնել Թեմական Խորհրդի ուսերից և հանձնել պետական հոգատարությանը: Մեր դպրոցներում պետական ծրագրեր են իրականացվում: Բոլոր հայ ուսուցիչները պետք է պաշտոնականացվեն:
Դաստիարակչական առումով իսկապես դաշտը դատարկ է, մենք այդ բնագավառում շատ անելիք ունենք: Այդտեղ նաև պետական հովանավորության կարիք կա:
Սպորտի բնագավառին վերաբերվող ես հստակ առաջարկներ ունեմ։
Պետական կամ մասնավոր կապիտալը այստեղ պետք է օգտագործվի: Ազգային փոքրամասնություններին հատկացվելիք բյուջեի չափը պետք է մեծանա:
Այնուհետև խոսքը տրվեց երրորդ թեկնածու տիկին Իվեթ Դանիելյանին։  Նա ասաց՝«Վերջին չորս տարիները մեր պատգամավորների համար շատ ծանր են եղել, այսինքն՝ պրն. Ռոբերտ Բեգլարյանի և դոկտ. Կարեն Խանլարյանի համար, ովքեր լավագույնս կատարել են իրենց պարտականությունները: Ծրագրերի համար շարունակականություն է պետք, միայն նոր պայմանների բերումով, օրինակ՝ միջուկային պայմանգիր կնքելուց հետո նոր պայմաններ են ստեղծվել և պետք է կարողանալ լավագույնս օգտվել: Իրանն ինքն իր արդար և ուրույն տեղն է գտել աշխարհում և տնտեսական հնարավորություններ է ստեղծվել Իրանի համար։ Մենք պետք է օգնենք մեր հայ արտադրողներին, որպեսզի մասնակից լինեն տնտեսական զարգացումներին:
Իրան-Հայաստան տնտեսական հարաբերություններում մենք կարող ենք մեծ դեր ունենալ: Վերջին տասնամյակներում երկրում կանայք սկսել են լուրջ և պատասխանատու տեղեր  զբաղեցնել, ես ուզում եմ այդ առիթից օգտվել և կանանց հարցը բարձրացնել: Կանանց հարցերը ժամանակակից լուծումներ պետք է ստանան: Սրանք պետք է կատարվեն թե մեր համայնքում և թե երկրում: Խորհրդարանի բեմը նաև պետք է օգտագործել նման հարցեր բարձրացնելու նպատակով: Պետք է օգնենք, որ մեր  պարսիկ համաերկրացիները ճիշտ ճանաչեն մեր համայնքը  և ճիշտ ընկալեն մեր հարցերն ու պահանջները, և զգույշ պետք է լինենք, որ մեր դեմ որևէ օրենք չմշակեն»:
 Իսֆահանի և հարավային իրանահայության պատգամավոր պրն Ռոբերտ Բեգլարյանը, խոսք վերցնելով  ասաց «Ողջունում եմ այս նախաձեռնությունը: Իմ փորձից ելնելով, ասեմ որ երբ իմ թեկնածությունն էի դնում Ջուղայում, ուրախանում էի, որ լուրջ մրցակից չկա, բայց երբ տրամաբանում եմ, տեսնում եմ, որ չպետք է ուրախանայի, որովհետև նկատում էի համայնքում նախկին աշխուժության բացակայությունը: Ես ողջունում եմ բոլոր ծրագրերը, բայց կուզենայի մի քանի կետ նշել, միգուցե ավելացնեք դրանք առաջիկա աշխատանքների համար:
Կարծում եմ, հետագայում միությունները, լրատվամիջոցները և կուսակցությունները փորձեն դրանք բոլորը հստակեցնել ու որոշեն որոշ չափանիշներ, որպեսզի ինքներս կարողանանք մեզ գնահատել ու տանք համայնքի գնահատականը: Պետք է նշեմ նաև, որ ինչպես երկրի նախագահ պրն. Ռուհանին ասաց, փոքրամասնությունների պատգամավորների ներկայությունը որոշվում է ըստ երկրի Սահմանադրոթյան, և որևէ գործոնից կախված չէ մեր ներկայությունը: 
Պրն. Բեգլարյանը խոստացավ իր նկատառումներն ու առաջարկները միասին ներկայացնել «Ձոյս» ին ամբողջությամբ տպագրելու համար:
Հարց.- Մեր պատգամավորները կարող են տնտեսապես համայնքի արհեստավորներին ու արդյունաբերողներին օգնել: Պետությունը որոշ հնարավորություններ ստեղծել է այդ բնագավառում, բայց մենք երբեք չենք օգտվել:
Պատասխանող դոկտ. Կարեն Խանլարյան– Արհեստավորների միությունը այդ հարցի պատասխանը կունենա: Գիտեմ, որ նրանք այդ տեսակ մասնագետներ են հրավիրում: Նրանք տեղյակ են այդ հարցերից: իդեպ այդ «զուդ բազդեհ» վարկերը այս շրջանում չեն եղել: Շատ մարդիկ չեն կարողացել օգտվել դրանցից, ծանոթներ ունեցողներն են օգտվել: Մենք՝ հայերս երկրի քաղաքական դաշտ չենք մտել, այսինքն՝ եթե բացառենք մի քանի փոքր ժամանակահատվածներ, հայերը չեն ընդգրկվում տարբեր քաղաքական հոսանքներում: Սա ունի լավ և վատ հետևանքներ, իմ կարծիքով վատ հետևանքներն ավելի շատ են, քան լավը: Մենք, չմտնելով քաղաքական հոսանքների մեջ, ի՞նչ ենք կորցնում: Բոլոր երկրներում նաև Իրանում բազմաթիվ պետական պաշտոններ կան, որ քաղաքական պորտֆելներ են, այսինքն տրվում է մարդկանց ոչ թե ըստ իրենց մասնագիտության, այլ ըստ իրենց քաղաքական պատկանելության:  Բոլոր թեկնածուներն էլ այդ մտահոգությունն ունեն, որ ինչու մի հայ կարևոր պաշտոն չի զբաղեցնում, շատերը կարծում են, որ իրենց հայ լինելու պատճառով է, բայց դա այդպես չէ: Հիմնական խնդիրը, ինչպես նշեցի  քաղաքական պորտֆելներն են, ոչ թե խտրականությունը:
Պատասխանող Դոկտ. Անդրանիկ Սիմոնյան.- Մեր համայնքում դեռ չի ձևավորվել խորհրդարանի պատգամավորի ինստիտուտ: Միայն արհեստավորների, վարկերի խնդիրը չէ, կանանց համար, աշխատատեղ ստեղծղների համար, ուսանողների համար ու փոքր վարկերի համար, այսպիսի 7+8 տեսակ վարկեր տրամադրելու օրենքներ են հաստատվել, որ մենք տեղյակ չենք դրանցից,  ես այդ բոլորը իմ ծրագրի մեջ նշել եմ:
Հարց.- Հարցը ուղղում եմ տիկին Իվեթին, նշեցիք, որ որպես թեկնածու մտադիր եք զբաղվել նաև կանանց հարցերով։ Արդյո՞ք երկրի մասշտաբով որևէ կապ ունեցել եք կանանց շարժումների կամ ոչ պետական կազմակերպությունների աշխատանքների հետ և արդյոք ծանո՞թ եք նրանց առաջ քաշած խնդիրների հետ և որևէ համագործակցություն ունե՞ք այդ բնագավառում:
Պատ.- Տիկին Իվեթ Դանիելյան.- Ինչու չէ, ես մասնակցել եմ «Կանանց միության» հանդիպումներին, բայց ես ինքս անդամ չեմ: Իրենք ավելի շուտ իրավական հարցեր են քննարկում:
Հարց.– Որպես դաշնակցության թեկնածու, ո՞րն է Ձեր քաղաքական ու տնտեսական ուղղվածությունը, որը կառաջարկեիք Իրանի համար: Կամ ուրիշ խոսքով ո՞րն է կուսակցության քաղաքական ու տնտեսական ուղղվածությունը:
Պատ. Դոկտ. Կարեն Խանլարյան.– Ես շատ փոքր տարիքից Հայ Հեղափոխական Դաշնակցության գաղափարախոսության կրողն եմ: Իրանի քաղաքական ու տնտեսական հարցերում մեկնում եմ այդ գաղափարախոսությամբ, որի մեջ աշխարհայացքային իմաստով սոցիալական արդարությունը հիմնական արժեք է, դաշնակցությունը սոցիալիզմին հավատացող կուսակցություն է և ունի գաղափարախոսական չորս սյուն՝ սոցիալիզմը, դեմոկրատիան, ազգայնություն, (բայց ոչ ազգայնականություն, որոնց մեջ հսկայական տարբերություններ կան) և հեղափոխականություն:
Հարց.- Ազգային և դասակարգային հարցերի մեջ ինչպիսի՞ կապվածություն եք տեսնում, թե ընդհանրապես չեք տեսնում:
Մեր համայնքը որպես ազգ չունի դասակարգային խնդիր, մենք ունենք տարբեր անհատներ, որոնք մաս են կազմում տարբեր դասակարգերի՝ բուրժուական, մանր բուրժուական և աշխատավորական: Սրանք Իրանի դասակարգերի մասն են: Ես ինքս ինձ համարում եմ, ըստ Սահմանադրության, ամբողջ ազգի ներկայացուցիչ անկախ էթնիկական, կրոնական, դասակարգային պատկանելությունից և աշխարհայացքից: Այսպիսով, իմ աշխարհայացքից ելնելով, փորձում եմ պաշտպանել աշխատավորական դասակարգի շահերը:
 «Հույս» երկշաբաթաթերթի խմբագիր պրն. Խաչիկ Խաչեր.– Ես խոսք եմ տալիս, որ անպայման այդ գործը կանենք: Մենք այս մեկ հնդիպումով չենք կարող համայնքի բոլոր խնդիրները լուծել:
Հարց.-  Երեք տարի է Թեմական Խորհրդում աշխատում եմ ու բավականին տեղեկություն ունեմ մեր համայնքից։ Կարծում եմ, խորհրդարանի թեկնածուն պետք է ներգրավված լինի համայնքի մանրակրկիտ հարցերում, եթե այդպես չէ, նա լավ թեկնածու չի կարող լինել: Անպայման տեղյակ, մասնագետ պիտի լինի: Պետք է ծանոթ լինի  նաև Իրան-Հայաստան հարցերին ու երկրի այլ հարցերի հետ: Տեղյակ լինի նաև միջազգային իրադարձություններին:
Յուրաքանչյուր տարի 10 տոկոսով նվազում է մեր աշակերտության թիվը և սա մեծ մտահոգիչ հարց է: Յուրաքանչյուր տարի 10 տոկոսով ավելանում են հայ աշակերտների այլ դպրոցներ հաճախելը: Այսինքն՝ 6 հայ աշակերտից մեկը այլ դպրոցն է ընտրում: Մենք թերացել ենք համալսարան մեկնող աշակերտությանը օգնելու հարցում, որպեսզի նրանք կարողանան ընդունվել մեծ մասշտաբով լավ համալսարաններ: Պետք է փորձենք մեր դպրոցները երկսեռ դարձնել: Մեր պատգամավորը պետք է մեծ համարձակություն ունենա և օգտվի երկրի բյուջեից՝ մարզական ու մշակութային բնագավառների համար: Մեր համայնքային կառույցների գոյությունը մեծ օժանդակություն է պատգամավորների գործունեության համար: Մենք ունենք մի ազգային թեմ, պետք է աշխատենք, որ դա չվերածվի կուսակցության կենտրոնի, որովհետև դա շատ վտանգավոր է:
Պրն. Ռոբերտ Բեգլարյան.- Այդ բոլորը, որ ասվում է ճիշտ է, սակայն եթե ուզում ենք ավելի գիտականորեն մոտենալ ու լուրջ մտածել այս հարցերի շուրջ, պետք է փորձենք թվերով խոսել: Եթե թվեր չունենք ու լուրջ սոցիոլոգիական ուսումնասիրություն չենք կատարել, չենք կարող լրջորեն մոտենալ հարցերին: Պետք է փաստերով խոսել: Ես էլ թվեր չունեմ, բայց պետք է աշխատենք դրանք ունենալ և փաստացի խոսել: Մենք դեռ չգիտենք մեր համայնքից քանի հոգի են արտագաղթել, այս գործը կամ առաջնորդարանը պիտի անի, կամ կուսակցությունը, կամ բոլորս, սա պետք է պահանջենք, որ կատարվի: Եթե թվեր չկան, չենք կարողանում քաղաքականություն ճշտել: 
Հարց.-  Պետք է տեսնենք, արդյո՞ք այսօր մեր համայնքի ղեկավարող ուժի մոտ այդ կամքը գոյություն ունի, որ ուզի արտագաղթի դեմ պայքարի կամ այդ կապակցությամբ ուսումնասիրություններ կատարի, եզրակացություններ անի ու առաջարկներ ներկայացնի: Հարգարժան սրբազան հայրը երբեմն բեմից հայտարարում է՝ մի արտագաղթեք ու մի գնացեք, բայց դա բավարար չէ ու դա աշխատանք չէ արտագաղթի դեմ: Չպետք է փորձենք պատասխանատվությունից խուսափելու համար օգտագործել «չի լինի» արտահայտությունը: Երբ մենք չենք ցանկանում մի գործ անել, անմիջապես «չի լինի»- ով վերջացնում ենք հարցը: Չենք նստում վերլուծելու, որ ինչ անենք՝ մի բան ստացվի: Արտագաղթի դեմ պայքարելու համար ստարատեգիա է պետք, որի պատրաստման համար նիստեր ու խորհրդակցություններ պետք է տեղի ունենան:
Դոկտ. Անդրանիկ Սիմոնյան.- Ազգային կուսակցությունները մեր հայ իրականության մեջ, Հայաստանից դուրս աշխատում են որպես այն ընտանիքների համակիրներ, որոնք այդ կուսակցությունների հիմնադիրներն են եղել, այդ ավանդույթները շարունակել են Իրանում, որովհետև այդ կառույցը ստեղծվել է Դաշնակցության միջոցով նաև հնչակյանների միջոցով և մոտ են եղել Հայաստանին: Բայց Հայաստանից դուրս ունենալ Հայաստանյան կուսակցություն՝ անհեթեթություն է, որովհետև յուրաքանչյուր կուսակցություն ունի իշխանության հասնելու ծրագիր, որը որպես հայ հավաքականություն՝ արտասահմանյան որևէ երկրում կարող է ձևավորվի որպես իրանահայ համակիրների ամբողջականություն՝ դաշնակցության, կամ հնչակյանների կամ ռամկավարների: Այստեղ եթե միևնույն պլատֆորմը միասին կարողանանք կազմել, արդեն համագործակցության եզրը ստեղծված կլինի:  
 
Վերջում «Հույս» երկշաբաթաթերթի խմբագիր՝ Խաչիկ խաչերը, շնորհակալություն հայտնելով ԻԻՀ Խորհրդարանի թեկնածուներին ու ներկաներին, հույս հայտնեց, որ այս ձևի խրհրդակցական հանդիպումները կշարունակվեն: 
 
«Յոյս» թիւ 210
17 Փետրվար 2016

 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *