Ավետիս Խաչատրյան՝ նկարիչը որ երազում էր ծաղրածու դառնալ

 
ՄԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
 
 
Գեղանկարիչ Ավետիս Խաչատրյանի արվես-տանոցն ու բնակության տարածքը միաձուլված են: Կոկիկ արվեստանոցում դեռևս կիսատ նը-կարն է՝ նատյուրմորտ, վրձինները կողք կողքի հավասարաչափ շարք են կազմել: Արվեստանոցից նոր վերանորոգման հոտն է գալիս: Խաչա-տըրյանների ընտանիքում երեք նկարիչ կա՝ Ավետիսի հայրը՝ Սերգեյ Խաչատրյանը (հայտնի է Սերխաչ անունով), եղբայրը՝ Աբգարը, և ինքը:
Ավետիսի նկարների հերոսները խոշոր ու տխուր աչքերով են: 10 տարի առաջվա նկարներում նրանց դեմքերը հստակ արտահայտված չեն, ինչպես հիմա: Ու չնայած դրան՝ դեմքերն արտահայտում են կարծես նույն տխրությունը: Ավետիսն իր ստեղծած աշխարհը հեքիաթ է անվանում: Նրա որոշ նկարների մեջ աղմուկ կա, որն աստիճանաբար վերածվում է լռության: Հետզհետե այդ լռությունը համակում է նաև դիտողին: Ավետիսի գրեթե բոլոր նկարները տաք գույներով են, ու զարմանալի է, երբ այդ տաքության մեջ զգացվում է սառը լռությունը: Միեւնույն ժամանակ այդ լռությունը լցված է ասելիքով:
 Ավետիսի նկարներում թեև կան մտահոգ դեմքեր, վախեր, տխրություն, սակայն այդ ամենը չարության չի վերածվում:
-Չեմ ընդունում, երբ արվեստի մեջ չարություն է արտացոլվում: Չարություն կամ ագրեսիա, սպա-նություն, բռնաբարություն արտահայտելն իմը չէ:
-Իսկ քոնը ո՞րն է:
-Էն, որը ես եմ: Քո արվեստով մարդուն սովորեցնես բարի լինել, սիրել, օգնես նրան մտորել, թե ո՞րն է ճիշտը, ո՞րն է գեղեցիկը, ո՞րն է բարին, ո՞րն է աստվածայինը: Այսինքն՝ փարոս ստեղծես իր համար, որ նա կարողանա գնալ դեպի աստ-վածայինը:
-Իսկ եթե մարդն աթեիստ է ու քո ասած աստվածայինին չի հավատում  ու չի  էլ ձգտում դրան…
-Քո հարցից մի բան հիշեցի Պիկասոյի նկարչության մեջ: Ասում են, որ Պիկասոն էլ է եղել աթեիստ: Նրա նկար-չության  մեջ էլ կա ագրեսիա, բայց երբ նայում ես նրա այդ ագրեսիվ նկարչությունը, հիմա գիրքը բերեմ, որ տեսնես, թե խոսքը ո՞ր նկարների մասին է (գիրքն է բերում,ապա ցույց տալիս երկու նկար- հեղ.)…
Այս նկարներում ագ-րեսիա, չարություն կա,  բայց դրանք նայելիս փշաքաղվում ես: Վտանգ, բացասական ագրեսիա չկա այստեղ, այլ ոգե-շնչման ագրեսիա: Այս նկարչությանը նայելիս ուժ եմ հավաքում ստեղծագործելու:
-2005 թվին արված քո նկարում հերոսների աչքերն արտահայտիչ չեն, բայց էլի զգացվում է տխրություն: Քո ստեղծած հեքիաթը տխո՞ւր է քեզ համար:
-Ես նաև աֆորիզմներ եմ գրում: Գուցե մտքեր լինեն, որոնք կասեն՝ կրկնվում է, բայց դրանք իմ ապրած փորձից են ծնվել, դրանք ես ապրել եմ: Արվեստագետն իր մանկությունն է բերում իրական աշխարհ, մեր ներկա: Եթե մեզ հետ չենք բերում մեր մանկությունը, դադարում ենք ստեղծագործ լինել:
Այդ տխրությունը գալիս է իմ մանկությունից: Շատ տխուր եմ ապրել, ինչի՞ համար… Այն ժամանակ մութ ու ցուրտ տարիներն էին, շատ դժվար էր փող աշխատելը, ծնողներս այնքան էլ լավ չէին ապրում: Դա ծանր հետք թողեց ինձ վրա: Այդ ժամանակ դեռահասության տարիքում էի: Այն երեխան, ով մանկության տարիներին ինչ-որ չափով անհոգ է մեծացել, նրան ամեն ինչ տվել են, կյանքում ավելի շատ դժվարություններ է ունենում, քան նա, ով ինքնուրույն կարողացել է ստեղծել, օգնել իր ծնողներին, աշխատել:
 
 
-Երկխոսություն ունենո՞ւմ ես քո հերոսների հետ:
-Երկխոսությունն իմ հերոսների հետ նույնն է, ինչ երկխոսությունն ինձ հետ: Ինձ միշտ ասում են՝ արվեստանոցից դուրս մի արի, մնա քո նկարների կողքին: Երբ երկար ժամանակ չէի կարողանում նկարել, բացում էի նկարները, նայում, հարցեր էի տալիս ինքս ինձ: Կամաց-կամաց նրանք դառնում են քո ընտանիքի անդամները: Օրինակ, իմ նկարներն իմ տան անդամներն են, որովհետև ամեն օր ինձ հետ են: Մի սենյակից մյուսն անցնելիս մի պահ կանգնում նայում եմ նրանց, խոսում եմ նրանց հետ: Խոսում եմ այն նկարների հետ, որոնք կային, բայց նրանց ամուսնացրել եմ, վաճառել եմ, հաճախ կարոտում եմ նրանց: Այդ երկխոսությունն ինձ տանում են իմ երազները: Երբ երկխոսում եմ նրանց հետ տանը, և նրանք չեն շարժվում, այդպիսի երազներ էլ եմ տեսնում, նրանք սկսում են կենդանանալ, դառնում են իրական: Եղել են երազներ, երբ իմ պերսոնաժների հետ նստած գինարբուք է եղել, նույնիսկ շրջան էինք կազմել, պարում էինք:
-Ո՞րն է իրական իրականությունը քեզ համար, որտեղ դու ապրում ես, որտեղ դու ավելի հարմարավետ ես զգում:
-Շատ սիրուն հարց տվեցիր: Ինձ համար իրական իրականությունն այն իրականությունն է, որտեղ ինձ լավ եմ զգում: Մեր իրականության մեջ, այսինքն՝ որտեղ ապրում ենք ես ու դու, կարող են շատ բաներ լինել: Օրինակ, երեկ իմ ընկերների հետ էի, զրուցում էինք, դա իրականություն էր, որը հաճելի էր իմ հոգուն, այդ պահի զգացողություններիս:
Բայց երբ տխուր հոգեվիճակում եմ, այդ ժամանակ ուզում եմ նկարել, անէանալ, երևակայական դաշտը դառնում է ամենաիրական իրականությունն ինձ համար, որի մեջ ապրում եմ՝ չզգալով, չնկատելով այն իրականությունը, որն, իսկապես, գոյություն ունի:
-Այսինքն՝ ժամանակը:
-Այո, ժամանակը… Նկարիչը երբեմն սիրում է ժամանակից անդին դուրս գալ, սավառնել, մտքով, երևակայությամբ դեգերել, խորհել՝ ինչո՞ւ այս մարդն այսպես ասաց, ինչո՞ւ ծաղիկը թոշնեց և այլն: Ինքդ քեզ հարցեր ես տալիս ու սկսում հորինել պատասխաններ, որոնցից  ծնվում են հետաքրքիր պատկերներ, որոնք ստիպում են քեզ, թե ինչ նկարես, ինչպես նկարես: Եվ այդ ամեն ինչը, մեկը մյուսի հետ շաղախված, կապված լինելով, դառնում է քո հոգեվիճակը:
-Քո վերջին շրջանի գործերում պերսոնաժները փոխվել են: Ի՞նչն է պատճառը:
-Որովհետև ես եմ փոխվել, իմ հայացքներն են փոխվել: Եթե ժամանակին ավելի միամիտ, ավելի պարզ էի, պերսոնաժները ծնվում էին ավելի միամիտ, ավելի պարզ, հետո սկսեցի ավելի հեռուները գնալ՝ մտքով, նաև կոմերցիոն առումով: Սկսեցի խաբել ինքս ինձ: Շատ կարևոր է, որ նկարիչը բացի նկարելուց կարողանա վաճառել իր նկարը, որովհետև մարդը, կարևոր չէ՝ ստեղծագործող է, թե ոչ, ֆինանսի կարիք ունի, կենցաղի կարիք ունի, նաև փող պիտի լինի, որ ներկ առնես: Փառք Աստծո, այսօր իմ աշխատանքները վաճառվում են, չեմ դժգոհում դրանից: Բայց կարևոր է, որ քո աշխատանքը դուր գա ոչ միայն քեզ, այլև մեկ ուրիշին: Նկարներ ունեմ, մտածում եմ՝ տեսնես, բացի ինձնից, էլ ո՞վ կկախեր այդ նկարն իր տանը:
-Կա՞ն երևույթներ, որոնց հետ հաշտ չես ապրում:
-Եթե հաշտվեմ, կհանձնվեմ ու կպարտվեմ: Այսինքն՝ այդ ըմբոստությունը, բողոքը պետք է ստիպեն ինձ ձգտում, պայքար ունենալ, որ ապրեմ:
-Ինչի՞չ ես բողոքում:
-Բողոքը կարող է լինել ինքս իմ դեմ, որովհետև երկու ամիս է՝ նորմալ չեմ նկարում ու բողոքում եմ, թե ինչու չեմ նկարում: Դա նաև ինքնաներշնչանք է, որ նստեմ նկարեմ: Շատ ու շատ պատճառներ կարող են լինել, որ մարդ չկարողանա անել իր գործը: Ինձ համար շատ կարևոր է ասելիքը: Սովորաբար ուշ եմ քնում, ինչի՞, որովհետև ինձ թվում է, թե անընդհատ պետք է ստեղծագործեմ: Նույնիսկ ինձ խրատում եմ, որ ժամանակս պետք է ավելի ճիշտ օգտագործեմ: Ես շտապում եմ, իմ ժամանակը գնում է: Երջանիկ են այն արվեստագետները, ովքեր թողնելու բան ունեն:
-Դու երջանիկ ե՞ս:
-Ո՞նց կարելի է երջանիկ չլինել, եթե իմ նկարները գտնվում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում, և ինչ-որ մարդկանց տան պատերին կախված է քո ժամանակը:
-Մի առիթով ասել էիր, որ երազում  էիր ծաղրածու դառնալու մասին: Ճի՞շտ է:
-Մի անգամ ինձ հարցրել էին, որ եթե նկարիչ չդառնայի, ինչ արվեստ կընտրեի: Ասացի՝ ծաղրածու կդառնայի, որովհետև նախ ծաղրածուներն ուրախ մարդիկ են, և ինչքան հաճելի է, երբ կարողանում ես ժպտալ մարդկանց:
-Բայց նրանք տխուր աչքեր ունեն:
-Դե, ցանկացած ծաղրածու տխուր է: Դա ամենաբարդ արվեստն է ինձ համար: Ընկերներիցս մեկը ծաղրածու է, ու նաև տիկնիկայինի դերասաններից է: Ինձ համար ամենաերջանիկ մարդն է, որովհետև նրա հանդիսատեսը երե-խաներն են: Ինձ պատկերացնում էի հենց այդպիսի ծաղրածուի դերում, ով կուրախացնի երեխաներին, նրանց ծնողներին: Մարդն ինչո՞ւ է ուզում ուրախացնել, որովհետև ինքը դրա կարիքն ունի: Դա շատ խորը միտք է: Եթե ես ուրախանալու կարիք չզգամ, չեմ կարծում, թե կուզեմ ինչ-որ մեկին ուրախացնել:
-Կա՞ մի գիծ, որ ձեր ընտանիքում  երեք նկարիչներին միացնում է արվեստում:
-Շատ կարևոր է, որ բոլորս նկարիչներ ենք, ու բացառիկ է լինում, երբ նույն ընտանիքում ապրելով, այդքան տարբեր պերսոնաժներ են. մեր նկարչական աշխարհը տարբեր է: Շատ ու շատ օրինակներ կարող եմ բերել, երբ հայր ու որդի նկարում են, բայց իրար նման են նկարում, տղան չի կարողանում գտնել իր աշխարհը: Ընդհանրապես, անկախ արվեստագետ լինելուց միշտ կարևորել եմ անկեղծությունը: Դա միակ դրսևորումն է, որով մարդը կարողանում է ճանաչելի դարձնել ինքն իրեն: Շատ բաներ կան, օրինակ, երեքիս բնավորությունը, որ մենք ինքներս մեզ չենք խաբում: Մենք մեր ձևը գտել ենք, արվեստում մեր բնավորությունը գտել ենք:
www.hetq.com
 
«Յոյս» թիւ 209
3 Փետրվար 2016
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *