Սուրբ Սարգիս

 
«Հայոց Տոներ» գրքից
 
 
Տատը, դիմելով Անուշին, ասաց.
-Շուտով Սուրբ Սարգսի տոնն է մոտենում, բոլորին կանչի’ր, պապին էլ, նա շատ լավ պատմություններ գիտի Սուրբ Սարգսի մասին:
Պատմություններ լսելու ակնկալիքով  երեխանե-րը հավաքվեցին և պապին խնդրեցին պատմել Սուրբ Սարգսի մասին:
-Տոնը երիտասարդական է, – այսպես սկսեց իր խոսքը պապը և շարունակեց, այն նվիրված է ժողովրդի կողմից սիրված Սուրբ Սարգսին, որն իր բազմաթիվ քաջագործություններով հերոսացել է, լեգենդ դարձել:
Ջահելների համար նա հույսի, հավատի, սիրո և ամուսնության խորհրդանիշ է:
Ժողովրդի պատկերացմամբ` Սարգիսը զորավարի տեսքով մի սուրբ է, որն  իր սպիտակաբաշ ձին հեծած, սլանում է ամպերով, օգնության հասնում նեղության մեջ գտնվողնե-րին, ազատում վտանգի ենթարկված անմեղ ճանապարհորդներին, սատարում սիրահար երիտասարդներին և իրականացնում է նրանց բաղձանքներն ու երազանքները:
Մեր մեջ` ցանկացած հայի մեջ  նստած է պաշտամունքը իր անցյալի, պատմության, ավան-դությունների նկատմամբ:
Պատահական չէ, որ նեղության պահին ժողովուրդը դիմել է իր պաշտած  Սուրբ Սար-գըսին` խնդրելով նրա հովանավորությունը և զորությունը իրենց ազատելու համար:
Պաշտամունքի հասած Սուրբ Սարգիս զորավարի շուրջ պահպանվել են մի շարք ավան-դազրույցներ:
Պատմում են, որ Սարգիսը, սիրահարվելով հույն թագավորի աղջկան  փախցրել է նրան: Հետապնդվողներից  ազատվելու  համար բուք է բարձրացրել և շատերին խեղդել:
Իր սրտի մուրազին հասնելու համար Սուրբ Սարգիսը միշտ սատարում է երիտասարդների սիրային ծրագրերի իրագործմանը:
Մի ուրիշ զրույցում պատմվում է, որ հռո-մեացիների կայսրը կռվում էր հայերի դեմ: Սուրբ Սարգիսը յոթ օր ու գիշեր, առանց դադարի , կռվում է նրանց դեմ: Կռվից հետո քաղցը այնքան է ուժեղանում, որ նա սկսում է մտածել, թե որտեղից հաց ձեռք բերի:
Մտածմունքի պահին քամի է բարձրանում և երկնքից նրա մոտ իջեցնում ցորենի մի քանի հասկ: Սարգիսը հավաքում է հասկերը, ափի մեջ տրորում և ուտում: Քաղցը հագեցնելուց  հետո սուրբը դիմում է երկնքին, որ նա կատարի այն մարդու սրտի նվիրական ցանկությունը, ով տարվա մեջ հինգ օր պաս կպահի, իսկ ուրբաթ գիշերը փոխինձ կուտի:
Իսկ հիմա թող տատը պատմի տոնի հետ կապված պասի, նաև աղի բլիթի մասին:
-Մինչև տատի պատմելը ուզում եմ ` բոլորդ լսեք մայրիկիս գրած արձակ բանաստեղծությունը` նվիրված Սուրբ Սարգսին, -ասաց Ինգան և առանց մյուսների համաձայնությունն  ստանալու, ներշնչանքով սկսեց արտասանել.
-Սու’րբ Սարգիս, քո տեսիլը եկեղեցու զանգերի ղողանջ է:
Օրհնություն է թևածում քեզանից:
Սլացի’ր, Սուրբ Սարգսի ճերմակաբա’շ, քո ռունգերից օդն է լցվում սիրո շնչով: Ճախրի’ր, թռիչքիդ մեջ բոցկլտում է սերը …
Ջահել սրտերի բաղձանքները հյուսված են քո հայտնության սպասումներին: Իսկ  գիշերվա երազների պատառներում կարոտը հյուսում է իր հեքիաթը:
Շա’ղ տուր երազները բուռ–բուռ, որ ծլարձակեն բողբոջները հույսի: Սպասումները  թեև  ձմռանը քո օրվա հետ են ծաղկում, բայց սիրո ձնծաղիկնե-րը բացվում են գարնանը:
Սո’ւրբ Սարգիս, օրըդ շնչում է սպասումով:
Սրտերի զարթոնք է, հոգիների արբեցում:
Փառաբանի’ր  սերը, ընտանիքը քո առասպելով:
Գուրգուրի’ր մարդկանց  քո գոյությամբ:
Լուսաբացդ նվիրի’ր սիրակարոտ հոգիներին: Լուսաբացի հետ շա’ղ տուր սերը, թող այն թևի ու խնդություն բերի:
Բոլորը  ծափահարեցին, գովեստի խոսքեր շռայլեցին, իսկ բազմոցին նստած տատը մի կողմ դրեց գուլպա գործելու շյուղերը և ասաց .
-Տոնը սկսվում էր երկուշաբթի օրն սկսվող պասից: Պասը պահում են 5 օր` երկուշաբթիից մինչև  ուրբաթ ներառյալ, որին շաբաթ օրը հաջորդում է  Սուրբ Սարգսի տոնը: Այս տոնի պատճառով պասը հաճախ կոչում են Սուրբ Սարգսի պաս: Սրբերը պաս չունեն: Շաբաթ օրը Սուրբ Սարգիս զորավարի հիշատակն է:
Պասի առանձնահատկությունն այն էր, որ ուտում էին միայն բուսական կերակուրներ:
Պասի օրերին արգելվում էին ոչ միայն ուտելիքները, այլև արգելվում էր լվացք անել, գլուխ լվանալ , օճառ գործածել, նաև գործ ունենալ բրդի, մազի հետ:
Պասի միակ նվիրական ուտելիքը փոխինձն էր, որից պատրաստած ապուրը կոչվում էր խաշիլ:
Պասի օրերի ընթացքում մարդը պիտի զղջա իր կատարած մեղքերի համար, հաշտվի նրա հետ, ում նկատմամբ անիրավացի է եղել: Ուրիշներին մեղադրելուց առաջ մտածի, թե ինքը այդ մեղքից անմասն չէ:
Սուրբ Սարգսի տոնը շարժվում է 35 օրերի ընթացքում` նշելով հունվարի 18-ից  մինչև փե-տրվարի 23-ը ընկնող այն շաբաթ օրը, որը տարվա Զատիկից առաջ էր ուղիղ 63 օր:
Ուրբաթ օրը բոլոր տներում սկսվում էին պասը բացելու նախապատրաստական աշխա-տանքները:
Տանը փոխինձ պահելը համարվում էր տոնի գլխավոր ավանդական կարգը:
Մեղրաջրով, դոշաբով կամ շաքարաջրով փո-խինձ էին շաղախում և գնդեր պատրաստում: Պասը բացում էին` գնդիկները ուտելով:
Բայց  ծոմ պահած երիտասարդները ոչինչ չէին ուտում: Նրանք քնելուց առաջ աղի բլիթ էին ուտում, որպեսզի գուշակեն,   թե գիշերը երազում ով իրենց ջուր տվեց: Նրանք խնդրում էին սրբի բարեխոսությունը, որ նրա օգնությամբ երազում տեսնեն, թե ում հետ են ամուսնանալու:
-Տատի’, իսկ ճիշտ է, որ գիշերվա տեսած երազը պիտի անպայման պատմել:
Երազ տեսնողն էլ պիտի ասի, թե գիշերը իրեն երազում ով ջուր տվեց:
-Հա’,  ոչ միայն երազ տեսնողը պատմում էր, թե ով էր իրեն ջուր տվել, ծանոթ էր, թե անծանոթ, ինչպիսի գավաթով էր ջուր տվել, գավաթում որքան ջուր կար և այլն:
Ոսկե գավաթը հարստություն էր նշանակում, փայտե գավաթը` աղքատություն:
Լիքը գավաթը առատություն ու  հաջող ամուսնություն էր խոստովանում, իսկ կիսատը` անհաջող: Եթե հավատում էին, ապա գուշակությունները դառնում էին իրականություն:
Գյուղերում տանտիրուհիները պատուհանի գոգին ափսեով փոխինձ էին դնում` հուսով, որ Սուրբ Սարգիսը պիտի այցելի իրենց  և ձիու պայտի հետքը թողնի փոխինձի վրա:
Շաբաթ օրը փոխինձից խաշիլ էին պատրաստում և պասը բացում:
-Տատի` ջան, բա քո պատրաստած քաղցր հալվայի մասին ինչու չես ասում, -զարմացավ Անին:
-Բա դոշաբով , նուշով ու փոխինձով շաղախված գնդիկները ինչք՜ն  համով են, բոլորս էլ սիրում ենք, – հաճույքով հիշեց Վիգենը:
-Ճիշտ է, դրանք բոլորն էլ համարվում են ծիսական ուտեստեղեն:
Հիմա շարունակությունը լսեք:
Ավանդության համաձայն , երբ Սուրբ Սարգսին սպանում են, նահատակության պահին հրաշք է կատարվում: Երկնքից հրեշտակ է իջնում և լույսով ողողում զորավարի մարմինը:
Կյանքի վերջին պահին նա խնդրում է Աստծուն, որ իր անունը հիշատակող երիտասարդների իղձերը կատարի:
Աստված լսում է նրա խնդրանքը:
Սուրբ Սարգսի նահատակությունից հետո նրա նշխարների մի մասը Հայաստան է բերում Մեսրոպ Մաշտոցը և ամփոփում արբի գյուղի մոտ գտնվող Ուշի վանքում: Այժմ վանքը կոչվում է Սուրբ Սարգսի անունով:
Հայոց եկեղեցին Սուրբ Սարգսի տոնը հռչակել է որպես երիտասարդների օրհնության օր:
Երևանում Սուրբ Սարգսի անունով եկեղեցի ունենք, որի բակում անհիշելի ժամանակներից մինչև այժմ էլ պահպանվում է մի քարաբեկոր, որի վրա Սուրբ Սարգիս զորավարի ձիու պայտի հետքն է:
Ասում են, որ մինչև 1937 թվականը մարդիկ գալիս էին, մոմ վառում պայտաձև ոտնատեղում` իրենց սրտի բաղձանքը իրագործելու նպատա-կով:
Այժմ Սուրբ Սարգսի եկեղեցին համարվում է երիտասարդների սիրած եկեղեցին: Տարբեր հասակի ու զբաղմունքի տեր մարդիկ եկեղեցի են գալիս` հաղորդվելու Սուրբ Սարգսի խորհրդին` ապավինելով նրա զորությանը:
Ճակատով Հրազդանի ձորին նայող այս կառույցը կարծես միաձուլվել է բնությանը` ստեղծելով հոգու և մտքի գեղեցկություն:
Այդ ներշնչանքից  ջահելները  հոգով սլանում են երկինք, ապավինում  Սուրբ Սարգսի զորու-թյան լուսեղեն հրաշքին: Այդ հրաշքից լույսն ու ջերմությունը  լցվում են նրանց հոգիները. Աշխարհը դառնում է ավելի տաք ու գեղեցիկ:
Աղոթքի սքանչելի սրբավայր է եկեղեցին:
Նախկինում իր ներքին և արտաքին ճար-տարապետական տեսքով Սուրբ Սարգիս եկեղեցին հին Երևանի եկեղեցիների շարքում ամենա անոշուքն է: Տեսքը չէր համապատասխանում նրա նշանակությանը` որպես Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ եկե-ղեցի:
Ահա թե ինչու դեռևս Վազգեն Ա.Ամենայն հայոց կաթողիկոսի ժամանակ եկեղեցու անշուք պատերը քողարկելու համար բոլոր ճակատները երեսպատվեցին Անիի նարնջագույն տուֆաքարով:
Ավարտվեց նաև զանգակատան կառուցումը:
Այժմ Սուրբ Սարգիս եկեղեցին խորհրդանշում է Սուրբ Սարգսի անմահության լեգենդը:
Ավանդույթի և հարատևության հրաշքն է սա, որն ապրում է ազգի սրտում:
Ոգին, հայությունը պահելու համար ազգը պահպանում է նաև իր հերոսներին նվիրված ավանդազրույցները:
 
«Յոյս» թիւ 209
3 Փետրվար 2016
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *