Էդուարդ Իսաբեկյան

 
 
Էդուարդ Իսաբեկյանը 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի վառ ներկայացուցիչ-ներից է: Մեծ է նրա ներդրումն ու վաստակը հայ գեղանկարչության և գրաֆիկայի բնագավառում: Մեծանուն վարպետը ծնվել է 1914թ. նոյեմբերի 8-ին Իգդիրում, իսկ հետագայում տեղափոխվել է Երևան: Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի «Գեղարդ» տեխնիկումում (1927-31 թթ.), որտեղ նրան դասավանդել են Սեդրակ Առաքելյանը, Գոհար Ֆերմանյանը, Սուրեն Ստեփանյանը: Ուսումն ավարտելուց հետո տարբեր թերթերում աշխատել է որպես նկարիչ («Պիոներ կանչ», «Ավանգարդ», «Սովետական Հայաստան» և այլն): 1935-1941թթ. սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում, (Մհեր Իսաբեկյանը գտնում է, որ երիտասարդ նկարչի կյանքում նման վճռական ընտրության համար էական դեր է խաղացել էքսկուրսիան դեպի Լենինգրադ, որտեղ ցնցվել է Դելակրուայի «Առյուծների որսից» և Ռուբենսի նկարներից, և Թիֆլիսի այցելությունները Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանին):
Հետաքրքիր է իմանալ, որ Պատերազմի տարի-ներին մի խումբ գրողների ու մշակույթի գործիչների հետ մեկնել է ռազմաճակատ` հայկական 89-րդ դիվիզիայի վերաբերյալ նյութեր հավաքելու և գեղանկարչական գործեր ստեղծելու նպատակով:
Էդուարդ Իսաբեկյանը գեղարվեստական գործունեության ընթացքում եղել է  Կերպարվես-տագետների միության քարտուղար, դասավանդել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստի-տուտում: Շուրջ 22 տարի Իսաբեկյանը եղել է Ազգային պատկերասրահի տնօրեն, տարբեր տարիներին ՀԱՊ-ի մասնաճյուղեր է բացել շատ քաղաքներում: Արվեստագետն արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի` Երևանի պատվավոր քաղաքացու, ՀՀ Ժողովրդական նկարչի կոչումներին, հայ առաքելական եկեղեցու «Սբ. Սահակ և Սբ. Մեսրոպ» շքանշանին և այլ պարգևների:
 Էդուարդ Իսաբեկյանը մասնակցել է բազմաթիվ համատեղ և անհատական ցուցահանդեսների Երևանում, Թբիլիսիում, Մոսկվայում, Փարիզում, Մոնրեալում, Բուխարեստում, Պրահայում, Բեյ-րութում, Հալեպում, Լենինգրադում, Քիշինևում և այլուր: Առանձնակի հետաքրքություն է ներկայացնում նկարչի գեղարվեստական ժառան-գությունը: Տարբեր արվեստաբաններ զբաղվել են ժողովրդական նկարչի ստեղծագործությունների ուսումնասիրությամբ  և նրան նվիրված մենագը-րություն-ալբոմ են հրատարակել: Իսաբեկյանի արվեստի ամբողջական ուսումնասիրություն կարելի է համարել Մհեր Իսաբեկյանի ատե-նախոսությունը («Էդուարդ Իսաբեկյանի գե-ղանկարչության ժանրային և ձևաոճական առանձնահատկությունները»: Վաստակավոր նկարիչը տարբեր նյութերի կիրառմամբ անդրադարձել է գեղանկարչության գրեթե բոլոր ժանրերին` պատմանկար, դիմանկար, բնանկար, կոմպոզիցիոն թեմատիկ պատկերներ: Նկարչի արվեստում կարող ենք տեսնել իրապաշտական, ռոմանտիկական և իմպրեսիոնիստական գը-ծեր, որոնք միավորելով նկարիչը ստեղծել է իր յուրօրինակ արտահայտչալեզուն:  Նրա աշխատանքները առանձնանում են լավա-տեսական տրամադրությամբ, գեղեցիկի ու դրականի ընդգծմամբ: Արվեստագետի որոշ ստեղծագործություններում երևում է ռոմանտիկների, մասնավորապես Ժերիկոյի և Դելակրուայի ազդեցությունը:
 Հայ նկարչին գրավում էին նրանց կերտած դինամիկ հորինվածքները, մարդկանց ուժեղ և պայքարող բնավորությունները, լուսաստվերի յուրօրինակ խաղը, գույների լարված տեղաբաշխումը: Հարուստ ու բազմազան է Իսաբեկյանի գունապնակը, որի տարբեր երանգները հարստացնում են գծային ձևերը՝ ստեղծելով յուրօրինակ արտահայտչականություն: Իր կյանքի տարբեր շրջաններում գեղանկարիչը վրձնել է նուրբ գուներանգով և անմիջականությամբ աչքի ընկնող փայլուն աշխատանքներ, որոնք արտահայտում են նկարչի ներքին պահանջն ու գեղարվեստական սկզբունքը: Նա ժամանակ առ ժամանակ տարբեր տարիներին անդրադարձել է իր մեծ ու փոքր հարյուրավոր կտավներին՝ նոր շունչ ու հմայք հաղորդելով նրանց: Իսաբեկյանը իր ստեղծագործություններում տալիս է շարժում, գույների լարված տեղաբաշխում: Սկզբնական շրջանի աշխատանքներում գերակշռող են հաստ ու ընդգծված վրձնահարվածները, իսկ 1950-ականներից սկսած գիծը դառնում է ձևաստեղծման հիմնական միջոց և առավել հստակ է արտահայտվում կտավի մակերեսի վրա:
Իսաբեկյանը զբաղվել է նաև գրքի նկարազարդումներով: Նրա պատմանկարներին բնորոշ առանձնահատկություններն են կրում նաև Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք», Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի», Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ», Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը», «Ախթամար» և Մետաքսեի«Շամիրամի ողբը» և այլ գործերը:
Էդուարդ Իսաբեկյանի արվեստում իր ուրույն տեղն ունի բնանկարը: Նկարիչը արտացոլում է հայրենի բնության տեսանելի գեղեցկությունը: Բնությունը կենդանի է, գործող ու շնչող: Նա սիրում էր պատկերել հայրենի բնության փոքրիկ ու գողտրիկ անկյունները, որոնք հասարակ մարդկանց կողմից չեն նկատվում, և դրանց կողքին հայկական «ամրակազմ» ժայռերը, վեհապանծ լեռներն ու բարձր սարերը: Իսաբեկյանի արվեստում բացառիկ արտահայտիչ աշխատանք է 1954 թ. վրձնած «Հորովելը», «Լեռնային վար» կտավը: Պատկերն ունի վերընթաց դասավորություն, նրա գրեթե բոլոր մասերը գտնվում են անսովոր անհավասարակշռության մեջ, բայց միևնույն ժամանակ միավորված են ձևերի, ծավալների և վրձնահարվածների հետաքրքիր ռիթմով և միասին ասես տալիս են Հայաստանի հավաքական, ընդհանրացված կերպարը:
 
 
 
Բնապատկերները յուրահատուկ դինամիկու-թյուն են ստանում «Անհանգիստ ձիեր»-ի շարքի աշխատանքներում:
Կենդանիներն այստեղ ներկայացված են տարբեր իրավիճակներում, կտրուկ շարժումներով, նրանց պատկերներն առանձնանում են կենդանի արտահայտությամբ և պլաստիկայով («Արաքսի ափին» 1991): Գեղանկարչի ստեղծագործական ժառանգության յուրօրինակ էջերից են նրա դիմանկարչական աշխատանքները: Նկարիչը ստեղծագործական տարիների ընթացքում կերտել է իր հարազատների («Մորս դիմանկարը»), իրեն ծանոթ մարդկանց («Մարտունեցի ծերունին»), իր ժամանակակիցների և հայտնի անձանց դիմանկարները: Կերպարների մեծ մասի դիմագծերը ստեղծել է հիշողությամբ, մի մասինն էլ`  հիմք ունենալով պահպանված լուսանկարները: Իր հերոսներին ներկայացնում է տարբեր դիրքերով, տարբեր միջավայրերում ու տարբեր տարիքներում:
Իսաբեկյանը, հերքելով կերպարային չափազանցվածությունը, հիմնական շեշտը դրել է մարդկանց ներքին, հոգեբանական կողմի արտահայտման վրա, ձգտել որսալ իր բնորդների հատկանշական գծերը: Դրան նպաստել է նաև ընտրված գունային գամման: Այդ գործերում առկա է դիտողի հետ ներքին կապը: «Մորս դիմանկարը» (1944) կտավը համարվում է հայ ազգային իրապաշտական դիմանկարի լավագույն աշխատանքներից մեկը: Դիմանկարը գթասիրտ, քնքուշ, զավակների հոգսերով ապրող հայ կնոջ ընդհանրացված կերպարն է: Պատկերն առանձնանում է իր պարզությամբ և անմիջականությամբ, ինչին նպաստում է նաև համեստ գուներանգը` մոխրագույնի, շագանակագույնի, մուգ կապույտի և նրանց երանգների համադրմամբ: Արվեստաբան Մ. Միքայելյանը իր հոդվածներից մեկում նշում է, որ նկարչի մոր այս դիմանկարն իր ուրույն տեղն ու նշանակությունն ունի պատերազմի ընթացքում ստեղծված գեղանկարչական գործերի մեջ, քանզի մոր կերպարում կա և′ պատերազմի արհավիրք, և′ ժողովրդի ճակատագիր:
Հայ մեծերին նվիրված իր գործերում Իսաբեկյանը կիրառում է բնանկարի և դիմանկարի համադրման սկզբունքը. բնանկարի միջոցով առավել ամբողջական ու խոսուն է դարձնում հերոսների կերպաները: Սրան նպաստում են նաև նկարչի ընտրած գույները: Այսպիսին են Խաչատուր Աբովյանի, Ակսել Բակունցի, Դերենիկ Դեմերճյանի և հայկական մշակույթի այլ կարկառուն ներկայացուցիչների դիմանկարները: Վաստակավոր գեղանկարչի դիմանկարչական ժառանգության անբաժանելի մասն են կազմում նրա ինքնադիմանկարները` վաղ երիտասարդությունից մինչև խոր ծերություն: Արվեստագետն իրեն ներկայացնում է մերթ բնանկարի համադրությամբ, մերթ արվեստանոցում կամ պարզապես որևէ գունային խորքի վրա: Ինքնադիմանկարներն առանձնանում են խորքից դեպի դիտողը նայող կամ խոնարհած աչքերի արտահայտությամբ, որոնք ավելի են ընդգծում  նկարչի բնավորությունը, կամքը: Յուրաքանչյուր շրջանի ինքնադիմանկար արտահայտում է կյանքի ընթացքում նկարչի անցած ուղին, մտածմունքներն ու ապրած դժվարությունները:
Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում «Հոգեհանգիստ Իգդիրում» խմբակային դիմանկարը (1994), որը թեև անավարտ է, բայց գաղափարական առումով հստակ և ամբողջական: Այս մեծադիր կտավում հիմնական շեշտը դրված է կերպարի նմանությանը: Ներկայացված են ոչ միայն իգդիրցի, այլ նաև գերդաստանի հետ բարեկամական կապ ունեցող անձինք: Նկարիչը ներկայացրել է տարբեր տարիքի կերպարներ՝ շեշտելով նաև սերնդափոխությունը: Նկարի ստորին մասում հորիզոնական ուրվագծումով առանձնանում է հարթ հողաթումբը, վրան` երեք ճերմակ աղավնի: Հողաթումբը հստակ պատկանելիություն չունի, մատնանշում է մարդկային կյանքի անխուսափելի ավարտն ու ժամանակի անցողիկությունը: Խմբակային դիմանկար ներկայացնող այս մեծադիր կտավում պատկերված է քառասունհինգ անձ: Նկարի խորքում բիբլիական Արարատի վեհափառ գագաթն է և եկեղեցի` կոթողային և ընդհանրացված թեթևությամբ: Կարծում ենք այս պատկերները խորհրդանշում են ողջ Հայոց աշխարհը: Մեծադիր աշխատանքի անավարտությունը կարելի է խորհրդանշական համարել, քանզի ընտանիքի, տոհմի, ազգի պատմությունը շարունակելի և անվերջանալի է: Բազմաթիվ են նկարչի կնոջ՝ նկարչուհի Արփենիկ Նալբանդյանին նվիրված գեղանկարչական և գրաֆիկական դիմանկարները: Տիկին Արփենիկի ոչ մի դիմանկար մյուսին չի կրկնում, դրանք Իսաբեկյանի ինքնադիմանկարների նման կյանքի տարբեր շրջանների հոգեվիճակ են արտահայտում (օր. 1949): Գծի պլաստիկությամբ, շարժումների բարդ ու դինամիկ փոխակերպումներով, կերպարների հավաստիությամբ են առանձնանում Էդուարդ Իսաբեկյանի տարբեր ժանրերում արված գրաֆիկական ստեղծագործությունները: Այստեղ գծանկարիչը ուղիղ և շեղ գծերի միջոցով հասել է հորինվածքի ինքնատիպ արտահայտչականության: Դիմանկարչական գծանկարներում հիմնականում մշակված են դեմքերը, իսկ հագուստի հատվածներն ուղղակի ուրվագծված են:
Բացի գեղանկարչական գործունեությունից Իսաբեկյանն ունի նաև գրական ստեղծա-գործություններ, բազմաթիվ հոդվածներ ու քննադատություններ նկարիչների, գրողների, արվեստաբանների, հասարակական այս կամ այն երևույթի մասին: 1988 թվին հրատարակել է «Իգդիր» գիրքը [7]: Այս տարիներին տեսողության վատթարացման պատճառով նա չի կարողացել զբաղվել նկարչությամբ, բայց իր մտքերն ու ապրումները, կրքերն ու հույզերն արտահայտելու համար վրձնի փոխարեն օգտագործել է գրիչը: Աստղիկ Ստամբուլցյանը գրում է. «Նա, ով կարդացել է մեծ վարպետի «Իգդիր» վեպը, չի կարող չվկայել, որ նրա գրիչը նույնքան կրքոտ ու զգայուն է, որքան վրձինն ու մատիտը »[8, էջ4]: Էդուարդ Իսաբեկյանի թողած ստեղծագործական ժառանգությունը հայ արվեստի պատմության ինքնատիպ էջերից է:
Իսաբեկյանի նկարիչ-անհատականության կայացման գործում կարևորագույն դեր է խա-ղացել ինչպես եվրոպական, այնպես էլ հայ ժողովրդի ազգային արվեստի ավանդույթների իմացությունը: Հավատարիմ մնալով դասական արվեստի սկզբունքներին՝ արվեստագետը ստեղծել է իր ուրույն ձեռագիրը: Նրա նկարներում շունչ ու կյանք են ստանում ոչ միայն մարդիկ, այլև բնության տարրերը, առարկաները, ինտերիերը, ճարտարապետական բեկորները: Մեծանուն վարպետը մահացել է 2007 թվի օգոստոսի 17-ին: Նրա մարմինն այժմ հանգչում է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: Իր ստեղծագործական կյանքի ընթացքում տարբեր տարիներին աշխատելով տարբեր ժանրերում, արժանանալով   տարբեր կոչումների և պարգևների` տաղանդավոր գեղանկարիչը վաստակել է իր արվեստի ամենաարժանի պարգևը` իր հարազատ ժողովրդի բարձր գնահատականը:
 
«Յոյս» թիւ 206
16 Դեկտեմբեր 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *