Զապէլ Ասատուր (Սիպիլ)

 
 
Հայ Լեզուին
 
Դո՛ւն, առաջին վանկ շրթունքիս,
առաջին ձայն իմ հոգւոյս,
Նախկին հնչիւն իմ մանկական լեզուիս հեզ,
Որով լացի ու երգեցի միշտ յուզումներս,
իղձս ու յոյս,
Իմ մայրենի քաղցրի՜կ բարբառ, ողջո՜յն քեզ:
Տարիներով թափառական օտար երկիր ու վայրեր,
Զուրկ մնացի ընտանիքէս, տընակէս.
Այլ քու կարօտդ անդարման
ցաւն եղաւ սրտիս կարեվեր,
Ո՜վ իմ լեզուս, ամէն իղձ զո՜հ ըլլայ քեզ:
Զարմանահրաշ վըսեմ թարգման դուն սրբութեանց անմատոյց,
Դուն արձագանք Հայ անցեալին, կեանքին  վէս,
Տիտաններու, քերթողներու անմահ փառքին
ապացոյց,
Ո՜վ վեհ բարբառ իմ հայրերուս, պատի՛ւ քեզ:
Ալեծաղիկ կատարներու անմահ զաւակ դարաւոր,
Ծոցէդ անշէջ ճառագայթներ կը ժայթքես,
Մշտափթիթ գարուն մ’անանց
կը պըսակէ դէմքդ աղուոր,
Անզուգական, քնքուշ լեզուս, համբո՜յր քեզ:
Դուն Մեսրոպին ու Սահակին շունչին
թրթռումը ոսկի,
Որ հայրենի յուշերն անդուլ կ’եղերգես.
Իր պաշտելի աւանդութեանց,
նշխարներուն սուրբ ըսկիհ,
Ով աննման չքնաղ լեզու, բուրվա՜ռ քեզ:
Ծով ծիածան, որ կը գըլես լայն կոհակներդ
այգաբեր,
Մերթ գոհարներ ծաւալելով, մերթ բեհէզ.
Մերթ սաղմոսներ ծփծփալով, մերթ վէպեր,
Ո՜Վ Հայ լեզուս իմ պաշտելի, ողջո՜յն քեզ:
Դուն թրթռացիր անտառներու սօսիներուն տակ ըստէպ,
Հայ աշուղին քնարին պարծանք եղար վէս.
Հիմա կ’երգես զաւակներուդ նժդեհ կեանքը
երաշխէպ,
Քերթողներու անմահ բարբառ, բիւ՜ր փառք քեզ:
Օրհնեա՜լ ըլլան մեր հայրերը,
որոնք թէեւ ցիր ու ցան,
Մութ օրերուն՝ մոլորած չոր շիւղին պէս,
Մոռցան իրենց տունն ու տեղը,
զաւակներնին ուրացան,
Իրենց անձն ալ, բայց չըմոռցան երբեք քեզ:
Քու բառերէդ՝ արեւէն վառ ու բիւրեղէն վճիտ
Իմ հոգւոյս մէջ բոց մը կաթեց մշտակէզ,
Հուր ծարաւը անհունութեան, բարւոյն, մեծին ճըշմարիտ.
Ո՜վ մանկութեանս ազնիւ լեզուն, կ’օրհնե՛մ քեզ:
Օրհնեա՜լ ըլլան մեր մայրերը, որոնք զքեզ սնուցին
Իրենց շունչովն ու աղօթքով սրտակէզ,
Խարխուլ, փլած կտուրին տակ,
կարօտ՝ պատառ հացին,
Գուրգուրանքո՜վ պահպանեցին միշտ ըզքեզ:
Թող որ ե՛ս ալ, յետին զաւակն հայրենիքիս
իմ թշուառ,
Սուրբ տաճարիդ ոտքը բերեմ ողջակէզ՝
Միշտ տառապած, երբեք շիջած սրտէս կայծ մը խանդավառ,
Հոգւով պաշտեմ ու քնարովս օրհնեմ քեզ:
Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարանից
Սիպիլ (Զաբել Հովհաննեսի Խանջյան, արևմտահայերեն՝ Զապէլ Յովհաննէսի Խանճեան), (21.10.1863, Կ.Պոլիս–19.7.1934, Կ.Պոլիս), հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ։
1879–ին ավարտել է Կ.Պոլիսի Սկյուտարի ճեմարանը, նույն թվականին հիմնել է Ազգանվեր հայուհյաց ընկերությունը։ Դասավանդել է նախ գավառներում, ապա՝ Կ.Պոլիսի վարժարաններում։ Գրական–հասարակական գործունեությունը շարունակել է նաև համիդյան բռնակալության տարիներին. 1898–ին Գրիգոր Զոհրապի և Հրանտ Ասատուրի (ամուսնու) հետ վերահրատարակել է «Մասիս» հանդեսը, որի էջերում տպագրել է «Կիսադեմեր քողին ետևեն» դիմանկարների շարքը՝ նվիրված արևմտահայ նշանավոր գործիչներ Եղիա Տեմիրճիպաշյանին, Ռ. Պերպերյանին։ Այդ շարքը հետագայում զետեղվել է Հակոբ Ասատուրի և Սիպիլի կազմած «Դիմաստվերներ»–ում (1921)։ Մեծ եղեռնից հետո էլ Սիպիլը չի կտրվել հասարակական կյանքից։ Նա ուշադիր հետևել և արձագանքել է Խորհրդային Հայաստանում գրական–մշակութային կյանքին։
Գրական շրջանակներին Սիպիլը հայտնի է դարձել 1880–ական թթ. վերջերին՝ «Մասիս» և «Հայրենիք» պարբերականներում հրատարակված չափածո և արձակ գործերով։ 1891–ին տպագրվել է նրա «Աղջկան մը սիրտը» վեպը, իսկ 1902–ին՝ բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ցոլքեր»–ը։ Սիպիլը երգել է սեր, հայրենիք, ընդանրապես՝ մարդկային նուրբ զգացմունքներ։ Նա շարունակել է մնալ արևմտահայ ռոմանտիկական մտածողության հետևորդ։ Այս հիման վրա էլ նրա ստեղծագործությունը գրականության պատմության մեջ բնութագրվել է որպես անցման շրջանի երևույթ։ Սիպիլի ստեղծագործությունների համար հատկանշական են քնարական ու էպիկական տարրերի ներդաշնակ զուգադրությունը, կանացիական նրբությունը, մշակված լեզուն։ Սիպիլը գրել է նաև մանկավարժական–մեթոդական հոդվածներ, մանկական բանաստեղծություններ, կազմել «Գործնական քերականություն արդի աշխարհաբարի»(1879) դասագիրքը, որը Հ.Ասատուրի աշխատակցությամբ բարեփոխվել և բազմիցս վերահրատարակել է «Թանգարան հատընտիր հատվածներու» ընթերցարանների հետ։
 
 Ահա ձեզ՝ Գրիգոր Զոհրապի գնահատականը Սիպիլին, ով, ի դեպ, հայտնի էր իբրև կնոջ և տղամարդու հավասարության ու կանանց կրթության հակառակորդ:
 
Գրող, մանկավարժ, հրապարակախոս և հասարակական գործիչ Զապել Խանջյան-Ասատուրը (գրական կեղծանունը՝ Սիպիլ) այն սակավաթիվ կանանցից է, որ իր կենդանության օրոք գնահատվեց ըստ արժանվույն: Ժամանակակիցները գովաբանում էին նրա գրական տաղանդը, ստեղծագործություններն ընդգրկվում էին դասագրքերում, թարգմանվում այլ լեզուներով, նրա հասցեին ջերմ տողեր էին շռայլում թե՛ արևմտահայ և թե՛ արևելահայ մտավորականության ներկայացուցիչներ: 1933 թ. Պոլսում, Կահիրեում ու Ալեքսանդրիայում, Փարիզում ու Ֆիլիպեում (Պլովդիվ) մեծ շուքով տոնվեց նրա 70-ամյա հոբելյանը: Մեկ տարի անց նա վախճանվեց, սակայն կանանց ողջ սերնդի հիշողության մեջ մնաց որպես չգերազանցված իդեալ՝ անսահման հմայիչ, նրբաճաշակ, անթերի անաղարտ խոսքով, ազնիվ, վեհանձն և զարմանալիորեն տաղանդավոր Սիպիլ:
 
Ինչպես արդեն ասացինք, Զապել Խանջյանը ծնվել է 1863 թ. հոկտեմբերի 8-ին Կ.Պոլսի Սկյուտար թաղամասում: Նախնական կրթությունը ստացել է մադամ Կարյուսի ֆրանսիական դպրոցում, որն ավարտել է 1870 թ., ապա սովորել Սբ. Խաչ վարժարանում և Սկյուտարի ճեմարանում: Նրա կյանքի այս շրջանին մի դրվագ ճակատագրական նշանակություն է ունենում նրա կյանքում: Նրանց տան նախկին ծառան՝ Հակոբ աղբարը, մեկնում է իր ծննդավայր՝ Քղի և, վերադառնալով անճանաչելիորեն փոխված՝ ցնցոտիների մեջ, Զապելին է պատմում իր համագյուղացիների ծայրահեղ չքավորության, տգիտության ու անօգնականության մասին. «…Աչքիս առաջեն չի հեռանար թափորը թշվառ տղոց՝ բոկոտն, անլվա, գիսախռիվ, գունատ, հիվանդ, անխնամ,- գրում է Զապելը իր նամակներից մեկում այդ պատմության տպավորության տակ:  Քանի-քանի անգամներ երգած եմ իմ հոգիիս բոլոր թափովը Եփրատի ծաղկավետ ափերը, Շավարշանի բուրումնագեղ շուշանները իմ սկսնակի ձախավեր տաղերուս մեջ, և սակայն երբեք չեմ խորհած հոն ապրող տարաբախտ ժողովուրդին վրա: Մեզի սովորեցուցած են շատ մը քաջերու անունները, անոնց պատկերները եթերաճեմ ճաճանչի մը մեջ ամպածրար՝ հայրենիքի սուրբ իդեալն է մեզի համար անմատույց, պաշտելի…: Իսկ Հակոբ աղբարնե՞րը, որոնք հողին վրա կապրին և ոտանավոր ուղերձներե ավելի լուրջ և հիմնավոր դաստիարակության մը պետք ունին իբրև մարդ ապրելու համար: Մենք ոչինչ գիտենք անոնց մասին»: Հենց այս դեպքից հետո է, որ Զապել Խանջյանը հրավիրում է իր դասընկերուհիներին և նրանց հայտնում «Ազգանվեր հայուհյաց ընկերություն» ստեղծելու իր մտադրության մասին, որը բոլոր հայաբնակ գավառներում իգական դպրոցներ հիմնելու նպատակ ուներ:
 
«…Աշխատիմք, որպեսզի պարտավոր չմնամք ազգին և մարդկության, աշխատիմք, որպեսզի մեր գավառացի քույրերը լույս առնուն, աշխատիմք, որպեսզի իգական սեռը մարդկության մեջ տեղ մի բռնե… Շատեր կըսեն և պիտի ըսեն, թե չեք կրնար հաջողիլ, սակայն ո՞ր մեծ գործ առաջին փորձով հաջողած է. եթե մեք չհաջողիմք, գեթ հիմը դրած կըլլամք և ուրիշ մը կկատարելագործե զայն…», – այսպիսի կոչով հանդես եկավ  16-ամյա Զապել Խանջյանն «Ազգանվեր հայուհյաց ընկերության» երկրորդ նիստում:
 
Սիպիլը հասարակական ասպարեզ ոտք դրեց 17 տարեկան հասակում և մինչև կյանքի վերջը ակտիվորեն զբաղվեց դրանով՝ այն զուգակցելով ընտանեկան հոգսերի ու գրողի բեղուն ստեղծագործական աշխատանքի հետ: Ուշագրավ մանրամասներ այն մասին, թե ինչպես էր դա նրան հաջողվում, մենք հայտնաբերեցինք այդ շրջանի մամուլում: «Հայրենիք» թերթի թղթակիցը, պատմելով այն մասին, թե ինչպես է Սիպիլն անձամբ գնացել տասնյակ հաստատություններ և գրասենյակներ՝ Ազգանվեր հայուհյաց ընկերության կազմակերպվելիք բարեգործական պարահանդեսի տոմսակները վաճառելու համար, գրում է. «Վերջին պահուն գնաց աչքե անցնել Նոր թատրոնին արդուզարդը, հաջողություն մաղթեց իր ընկերուհիներուն և թատրոնեն դուրս ելավ: Գիշերը, երբ ամեն ոք կպարեր, կխոսվռտեր, կզվարճանար, Սիպիլ իր փոքրիկ աղջկանը ձյունաթույր անկողնին զայն քնացնելու կաշխատեր»:
 
Մանկիկին Քունը
 
Նիրհե՝, մանկիկս իմ սիրուն,
Անուշ քունով նիրհե՝ դուն,
օրրանիդ քով եկան հյուր
Արևն, արծիվն ու զեփյուռ,
Թողած ծովերն, ամպ ու սար,
Համբույր բերել քեզ համար:
 
Բացավ արծիվն իր թևեր
Գլուխդ վերև ոսկեհեր,
Շրթունքներուդ վըրա նուռ
Սրսկեց արփին վարդ ու հուր,
Եվ փայփայեց քամին զով
Այտերդ իր նուրբ բեհեզով:
 
Նիրհե՝, մանկիկս իմ սիրուն,
Անույշ քունով նիրհե՝ դուն,
Բույնը դարձավ գոռ արծվին,
Մարը մտավ լույս արփին.
Թըռավ գընաց իր մոր քով
Զեփյուռն անհո՝ւն նազանքով:
 
Սյուգին դարձին անձկալիր՝
Մայրիկն հարցուց. «Ո՞ւր էիր,
Դևերու հե՞տ կռվեցար,
Հուզեցիր ծո՞վ ու մացառ»:
Իսկ համբույրով մը ջերմին
Պատասխանեց խոլ քամին.
«Ես ծառ ու ծով չեմ հուզեր,
Դև հալածել չեմ ուզեր.
Մանկիկին քո ամեն օր
Ըսի երգեր ու օրոր.
-նիրհե’, մանկիկս իմ սիրուն,
Անույշ քունով նիրհե’ դուն»:
1897
 
 
 
ԻԲՐԵՒ ՎԵՐՋԱԲԱՆ
 
Տիկինս՝ Ժանետը, աղջիկս՝ Գեղանին և ես խնդրել ենք Իգնայից, որ մեզ տանի Էսայան (արևելահայերեն՝ Եսայան) վարժարանը տեսնելու: Այն ամբողջ էությամբ Հայոց պատմություն է: Մեր արևմտահայ մեծամեծներից, գրող, բանաստեղծ, փաստաբան, բժիշկ…էլ ով ասես, որ այդ Տաճարը չի ավարտել, այնտեղ դաստիարակություն չի ստացել…
Եվ ի պարծանս պոլսահայության այսօր էլ կանգուն է և ինչպես մեզ ասացին, իր հարկի տակ հայոց Այբ ու Բեն են սովորում շուրջ 500 պոլսահայ աշակերտ:
Ճանապարհին մի պտույտի վրա Իգնան կանգ է առնում: Մեր ձախ կողմում մի կարճ, սալահատակված, կեռ արահետ կա, իսկ նրա վերջում հունական մի եկեղեցի է: Չնայած որ, մետաղյա ձողերով դարպասները բաց են, բայց մենք ներս չենք մտնում: Մեր հեռու  մոտկից նայում ենք նրան, նայվածքով չափչփում և ունկնդրում մեր բանաստեղծ և բժիշկ առաջնորդ՝ Իգնայի հրաշալի մանրամասնություններով լեցուն պատմածները…
Եկեղեցուց մի խումբ երեխաներ են դուրս գալիս, որոնք կատակելով ու ծիծաղելով, վազեվազ իջնում են այդ վայրէջքային արահետով, դուրս են գալիս դարպասից և անցնում են մեր կողքով…
-Երևի հունարեն են խոսում: -Ասում եմ ես կիսակատակ:
-Չգիտեմ: Չլսեցի: -Պատասխանում է Իգնան ու դառնում դեպի մեզ.
-Հիմա նայեք այս դիմացի շենքին:
Մենք շրջվում ենք ամբողջովին ու նայում դիմացի չորս հարկանի շենքին:
Իգնան զգացված է խիստ: Նա փոխադրվել է 1934 թվականի սև սուգի օրն ու ծանր-ծանր շնչելով պատմում է.
-Այս շենքում էր բնակվում բանաստեղծուհի, ազգային անխոնջ գործիչ, Հայաստանի մեծ բարեկամ՝ Զապել Ասատուր՝ Սիպիլը:
Նա հիվանդ էր և ծերացած:
Նրա աղջկան՝ Էմմային լուր են տալիս, որ իր մայրը մահվան շեմին հասած հիվանդ է: Աղջիկը ամեն ինչ թողած շտապում է մոր մոտ: Բայց երբ հասնում է այստեղ և վեր է բարձրանում… մայրն արդեն հավերժորեն փակել էր աչքերը:
Մորը մահացած տեսնելով աղջիկը կորցնում է հոգեկան հավասարակշռությունն ու  պատուհանի դուռը բացելով իրեն վայր է նետում…
Շիշլիի հայոց գերեզմանատանը քով քովի շարված երեք գերեզմանաքարեր կան: Սիպիլն է իր հավերժական բնակարանում: նրա աջ կողմում ամուսինն է՝ Հրանդ Ասատուրը (1862 – 1928), գրող, հրապարակախոս…  Մեջտեղում՝ նրանց աղջիկն է, որի շիրմաքարի վրա գրված է՝ «Տարաբախտ Էմմա»:
Զգացված և տխուր շարունակում ենք ճամփան և քիչ հետո կանգնած ենք Եսայան վարժարանի չորս հարկանի շենքի առջև:
Բանաստեղծ և ավագ մասնագետ բժիշկ՝ Իգնա Սարիասլանին լավ են ճանաչում Եսայան Վարժարանում: Ներս ենք մտնում: Մեր մեղքն է: Մենք առանց իմաց տալու ենք եկել: Դպրոցն արդեն արձակվել է… մի քանի աշակերտներ դեռ բակում ճչալով ու բղավելով խաղում են: 
«Իստամբուլի երթևեկությունն ահավոր է այս ժամերին», -ասում է Իգնան:
Մենք արդեն տեսել ու ծանոթացել ենք Կոստանդնուպոլսի «թրաֆիք»-ի հետ: Հենց առաջին գիշերը մինչև օդակայարանից պանդոկ հասանք, մի հինգ ժամ տևեց և Մնձուրու հրաշալիորեն նկարագրած գյուղի աքլորներն արդեն կանչել էին սկսել…
Նեղ, ոլոր-մոլոր, սալահատակած, դարերի հնություն ունեցող փողոցներ և սիրտդ որքան ուզենա, տարբեր չափերի, գույների, տարիների ու ձևերի մեքենաներ…
Բակում խաղացող երեխաներն էլ, որ հայերեն են խոսում իրար հետ, երևի սպասում են  Կոստանդնուպոլսի «թրաֆիք»-ը հաղթահարած իրենց ծնողներին, որ գան ու իրենց տանեն տուն:
Իգնան մեզ առաջնորդում է մուտքի մոտ մի սրահ, ապա մի փոքրիկ սենյակ, որտեղ տարիներ աշխատել է Հայ գրականության մեծ գյուղերգիչ Հակոբ Մնձուրին:
Մթնոլորտը մի տեսակ սրբության բույր է տալիս…
Հիշում եմ, 1986-ին Լոնդոնում իմ գիր ու գրականություն սիրող ծանոթներից մեկը   մի գիրք նվիրեց ինձ, որը հենց «նոր» էր հրատարակվել Հայպետհրատի կողմից և որտեղ ամփոփված էին Մնձուրու(1886 – 1978) «Կապույտ  լույս», «Արմտան», «Կռունկ ուստի կուգաս» և «Մամուլի էջերից» ժողովածուների պատմվածքները: Վերջաբանը գրել էր՝ Հրանտ Մաթևոսյանը: Երբ ես Lufthansa –ով Լոնդոնից Հռոմ թռչել էի ուզում, բավական շուտ էի գնացել օդակայարան, նստել էի օդակայարանի թեյատան մի անկյունում, բացել էի այդ գիրքը և… ըմբոշխնում էի այն… քիչ հետո էլ, թռիչքի ժամանակ, տեխնիկայի ամենավերջին ճիչն արձակող այդ օդանավի մեջ, ամենազարգացած երկրների երկնքում փոխադրվել էի Արևմտյան Հայաստանի «Մնձուր» լեռան լանջերն ու հինավուրց գյուղերից մեկում, լուծը քաշող եզանն առաջնորդող «Հո, հո, հորով՜ել …» կանչող գյուղացուն ունկնդրելով, ամենաերջանիկ թմբիրն էի վայելում…
Ամեն ինչ լրջանում է և կյանքն իր չոր երեսին է դառնում, երբ մենք դուրս ենք գալիս Եսայան վարժարանից և ուղևորվում դեպի Շիշլիի Հայոց գերեզմանատուն…
 
                                    Խաչիկ Խաչեր
                        նոյեմբեր 2015
«Յոյս» թիւ 206
16 Դեկտեմբեր 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *