Այց Մարմարայի խմբագրատուն

 
 
Իգնան ասել էր արդեն, որ «Մարմա-րայի» խմբագրատունը շատ մոտիկ է մեր պանդոկին: Եվ իսկապես, հազիվ էինք ընկել Իսթիղլալի վրա, որ նա թեքվեց դեպի աջ, մտավ փողոցի մեջ և մի քանի քայլ գնաց ու դարձյալ թեքվեց, բայց այս անգամ դեպի ձախ, որտեղ մի սալահատակած, զառիվեր փողոց էր: Երկու, թե երեք քայլ բարձրացանք և ահա նա կանգնեց ու ասաց.
-Սա էլ խմբագրապետ՝ պարոն Ռոբերտ Հատտեճ-յանը «Մարմարայի» խմբագրատունը: Սովորեցի՞ր: Դե հիմա ինքդ կգաս:
Տեղ հասնելու հենց առավոտը  հյուրանոցից ես զանգել էի «Մարմարայի»-ն: Նրանք ասացին, որ խմբագրապետ՝ պարոն Ռոբերտ Հատտեճյանը մի քանի օր է, որ խմբագրատուն չի գալիս, բայց վաղը կգա:
Հիմա եկել է այդ «Վաղը» և ես կրկին զանգում եմ, վստահանում ու գնում եմ:
Ներս եմ մտնում խմբագրատուն: Աշխարհի բոլոր խմբագրատների նման բոլոր անկյուններն էլ լեցուն են զանազան ու տարատեսակ թերթերով ու գրքերով, իրար վրա կամ կողք կողքի շարված:
Եվ ողջագուրվում ենք:
Ռոբերտ Հատտեճյանի հետ վաղուցվա ծանոթներ և բարեկամներ ենք: Մենք մի քանի անգամ հանդիպել ենք Հայաստանում զանազան համագումարների ժամանակ: Խմբագրատանը ոսկյա առիթ ունեմ նաև ողջունելու «Մարմարայի» փոխ-խմբագրապետ Մաքրուհի Պ. Հակոբյանին, որին էլ մի քանի անգամ հանդիպել եմ Երևանում:
Տարիներն   իրենց    ավերիչ    պարտականությունն են կատարել: Ծերացել ենք բոլորս էլ: Փոխվել, սակայն ոչ անճանաչելի «Ըլալու չափ»: Ասում է Հայ գիր ու գրականության ամենապայծառ մշակներից մեկը՝  «Մարմարայի» խմբագրապետ՝ Ռոբերտ Հատ-տեճյանը:
Այս մի քանի «Բաժանման» տարիներում իմ հրատարակած 15 անուն գրքերս՝ գրածներս ու թարգմանություններս հանձնում եմ Ռոբերտ Հատտեճյանին: Եվ նրա աչքերի մեջ ես ուրախություն եմ տեսնում: Ինքն էլ իր հերթին իր չորս գրքերն է նվիրում ինձ հարստացնելով իմ անձնական գրադարանը իր գրքերով: Փոխ-խմբագրապետ Մաքրուհի Հակոբյանն  էլ  իր հրատարակած չորս գրքերից մեկն է նվիրում ինձ: Մի կարևոր և մնայուն աշխատություն «Հարցազրույցի տեսքով, մի տեղե-կագիր պոլսահայ բանաստեղծների և գրողների մասին»:
Լավ է, որ դեռ այնքան գրող ունենք, որ կարողանանք գրքեր փոխանակել: Չէ՞…
Մաքրուհու այս կարևոր աշխատությունն ինձ հիշեցնում է, թե ինչո՞ւ մենք իրանահայերս նման մի գիրք չունենք…
 
Եվ այս հարցը չի ուշանում հաջորդ օրվա հանդիպման ժամանակ պոլսահայ մի շարք մտավորականների կողմից:
Գրող ու բանաստեղծ չունե՞նք, թե՞ մարդ չկա, որ նման մի ձեռնարկ ի կատար ածի:
 
Հաջորդ օրը՝ շաբաթ, հոկտեմբերի 16–ին պարոն Հատտեճյանը կազմակերպեց մի հրաշալի հանդիպում պոլսահայ մտավորականների հետ, որը երբեք ու երբեք չպիտի մոռանամ:
Հանդիպումն այնքան հարազատ էր, այնքան մտերիմ ու սրտամոտ, որ թվում էր, թե մենք ոչ թե առաջին անգամն էինք հանդիպում, այլ երկար ու բարակ դարերի ոլորապտույտ ալեկոծումների սրտից է, որ  մենք իրար գիտենք ու ճանաչում ենք…
Շնորհակալություն պարոն Հատտեճյան, և ի սըր-տե շնորհավոր «Մարմարայի» 76 ամյակը, որի կարկանդակը կտրեցինք և բոլոր ներկաներին,ամե-նից առաջ ցանկանում եմ առողջություն, ապա բարձրաբերձ յաջողություններ իրենց ազգանվեր և մարդասիրական աշխատանքների մեջ:
Բյուր շնորհակալություններ նաև հրաշալի գրող, բանաստեղծ, դր. Իգնա Սարըասլանին, որ եղբոր պես առաջնորդեց ինձ ու ընտանիքիս Պոլսի հայկական և այլ տեսարժան վայրեր:
 
Թանկագին բարեկամներ
Ողջ Լինեք, կանգուն մնաք
Խաչիկ Խաչեր
Թեհրան՝ Նոյեմբերի  7 / 2015
«Յոյս» թիւ 205
Դեկտեմբեր 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *