Նավթավաճառի ձին

 
ԱՐՇԱԿ ԳՅՈՒՄՐՅԱՆ
 
 
Արշակ Գյումրյան-ի ընտանիքը շատ ու շատ հայաստանցիների նման Մեծ Եղեռնի գաղթականներից են, հաստատված այսօրվա Հայաստանում և դժբախտաբար մի քանի տարի առաջ արտագաղթած Քանադա: Արշակն էլ գնացել է իր ընտանիքի հետ:
Մենք դիմեցինք մի քանի ծանոթների Հայաստանում և խնդրեցինք կենսագրական տեղեկություններ փոխանցել մեզ:
Չստացվե’ց: Ասում են Հայստանում:
Նա չի անդամակցել Գրողների միությանը և «ոչ մի բան » չկա նրա մասին:
Եթե չեմ սխալվում մի երկու տարի առաջ նա իր մահկանացուն կնքեց Քանադայում և ըստ նրա կտակի, աճյունը տեղափոխելով Հայաստան հանձնցին ՀԱՅՐԵՆԻ հողին:
 
 
Ծնվել էր մոխրագոյն: Ճակատին` թռչող ճայի պես սպիտակ նշան: Տարիների հետ հասունացել, հանդարտվել էր:
Մազերը ձյան պես սպիտակ էին: Երկայնաբաշ էր, սև, խոշոր աչքերով :
Վաղ էր արթնանում: Դոփում էր ախոռի սալե հատակը, խրխնջում էր: Տերը չէր գալիս: Նա ցասումով վրնջում էր:Նրա կանչը դմբդմբոցով զարնվում էր ժայռերին, Կոնդի բարձունքից գլորվում Զանգվի կիրճը և ալիք-ալիք տարածվում լուսաբացի վրա:
Ախոռ էր մտնում ծեր նավթավաճառը: Ձին կարոտով ձգվում էր դեպի տերը և նրա կոշտ, նավթահոտ  ձեռքից ստանում էր մի կտոր շաքար:
-Բարի լույս,- ասում էր ծերունին ու շփում նրա մեջքը:
Ձիու աչքերը ջրակալվում էին:
Եվ այսպես ամեն օր, ամեն առավոտ ձին մի կաթիլ կարոտախառն արցունք էր լալիս տիրոջ անցյալից :
Իսկ ծերունին, մազակալած, ալեհեր երեսը հպում էր ձիու դեմքին, ու միտք էին անում այդպես շունչ շնչի խառնած:
Նրանց թվում էր իրենք աշխարհի գլխին կախված երկու նժարներն էին կշեռքի, թվում էր, մարդիկ ամեն օր, ամեն ժամ պետք է հետևեին իրենց, և երբ խախտվեր այդ հավասարակշռությունը, աշխարհի բոլոր զանգերը պիտի ղողանջեին խախտվածը շտկելու:
Ծերունին արձակում էր կապը, առաջ ընկնում, ելնում փողոց, ուղղվում դեպի աղբյուրը:
Ձին աղբյուրի գռան մեջ հանդիպում էր իր պատկերին:
Նրանք  խմում–կշտանում էին, իրարից բաժան-վում: նրա ռունգերից թափվող կաթիլները փշրում էին դեռ ջրի մեջ դողացող ստվերը:
Վերադառնում էին:
Ծերունին  մետաղե խոզանակով շփում էր նրա պսպղուն մարմինը, զրուցելով հետը լծում, մտնում տուն, դուրս գալիս մի փաթթոց ձեռքին:
 
_Էհ, գնացինք…
Նա ձգում էր երասանը, և սայլին ամրացրած մետաղե տակառը խուլ դնգդնգում էր Կոնդից դեպի քաղաք տանող զառիվայր ճանապարհին:
Այդ օրը ձիու համար ամեն ինչ կանգ առավ: Այդ օրը կշեռքի հավասարակշռությունը խախտվել էր` պակասել էր քչերի սերը շատերի նկատմամբ …
Ծերունին  ծեր էր, ծեր հեծելազորային: Նա գի-տեր ինչ է կատարվել աշխարհում: Նա, աշխարհի մի այդպիսի ծանր պահին, արևմուտքից անցել էր արևելք, ուշք ու միտքը թողած սահմանից այն կողմ, ժամանակավոր ծվարել Կոնդի թաղամասի խրճիթներից մեկում և նավթ էր վաճառում :
Ոչ ոք նրա անունը չգիտեր, մեծից փոքր «Հայրիկ» էին կանչում:
Այդ օրը նա ձիուն չլծեց:
Այդ օրը ձիու աչքերը տխուր էին, նա ինչ-որ բան էր կռահում, ինչ-որ ծանր բան սանձի պես կրծում էր սիրտը: Ծերունու դանդաղ շարժուձևի մեջ տագնապ կար: Թեպետ այդ օրն էլ երեխաները առաջվա պես շրջապատել էին իրեն, բայց լուռ էին, ստվեր էր իջել դեմքերին :
Ծերունին գարի ու շաքար տվեց ձիուն, դա էլ չուրախացրեց նրան: Նա ֆռնչացնելով թափահարում էր գլուխը և հետևում ցավից կուչ եկած տիրոջը, որը հանգիստ ներս ու դուրս էր անում, քթի տակ փնթփնթում ու, չգիտես ինչու, բակից քշում էր երեխաներին:
Մութը Զանգվի կիրճից բարձրացավ, ծածկեց Կոնդի թաղամասը:
Բակում մնացին ծերունին ու ձին:
…Տարիներ առաջ նա այսպես, մի ուրիշ ձիու գլուխ գրկած, վերադարձավ Հայրենի քաղաքը, իր ընտանիքը, իր երիտասարդությունը, բայց … նա մնացել էր մենակ: Ժամանակն ու մարդիկ խլել էին նրանից ամեն ինչ: Հետո եկել էր սա, իր տաք շնչով, իր խրխինջով լցնելու այդ դատարկությունը:
Հիմա տանում էին, տանում էին և սրան, տանելու էին բոլոր մարդկանց, բոլոր ձիերին, թողնելու էին միայն այն, ինչ տանելու չէր:
Առավոտյան ծերունին և ձին գնացին զինվորական կոմիսարիատ:
Երեխաները, փողոցի ծայրին կանգնած, հայացքով ուղեկցում էին ձիուն:
Ծերունին ու ձին կանգնեցին հերթի :Ծերուկը գիտեր, որ ձին առողջ է, բայց ներսը մի թաքուն հույս էր ծվարել:
Բժիշկը նայեց ծանուցագրին, ձիուն, քննեց, հետո դարձավ ծերունուն, շնորհակալությամբ սեղմեց նրա ձեռքը. փշրվեց ծեր նավթավաճառի ներսում ծվարած հույսը:
      Նա գրկեց ձիու գլուխը: Թավ, ալեհեր մորուքը քսեց ձիու պնչերին, աչքերն ու կնճիռները լցվեցին արցունքով:
Ձին լիզում էր ծերունու ձեռքերը, ֆռնչացնում ու սմբակում գետինը:
_Գնա …Դու էլ գնա…Ես ծեր եմ, պատերազմը ծերին չի սիրում…Դու դեռ ջահել ես, ուժեղ, որ բարկանաս, կարող ես վրնջալ: Իսկ ես…Ավել–պակասի համար էլ ներող կլինես…
Վագոնից օտար, անսովոր հոտ էր գալիս: Ձին չէր հասկանում ինչ է կատարվում :Շուրջը անծանոթ ձիեր էին, հատակին` մգլած ծղոտ: Հնչեց զանգը: Տխուր, ծանր կանչը լցվեց վագոնները:Գնացքը շարժվեց: Ձիուն հասավ շոգեքարշի ծխի հոտը: Նրա մեջ արթնացավ պայծառ, վաղուց թմրած մի կարոտ…
…Երիտասարդ էր: Մոխրագույն մարմինը ծածկված էր սպիտակ պուտերով: Նավթով լիքը տակառը ձգում էին լեռնային գյուղերը` ամառ, ձմեռ, աշուն… Ձին սիրում էր աշունը, այգիներ, բանջարանոցներ, վերջաքաղ խոտի բուրմունք:
…Մտնում էին գյուղը: Ծերունու դեղին, փայլուն զանգից ուրախ ու չարաճճի կանչեր էին թափվում գյուղի ծաղկած քարերին,երդիկներից ներս.գյուղը խառնում էին իրար ու գնում էին լեռներում ծվարե-լու: Ուրախ աղաղակով վազում էին երեխաները, փաթաթվում էին Հայրիկին, ձիուն: Ծերունին երեխաներին կոնֆետ էր բաժա-նում, կոնֆետի անուշ հոտը խառնվում էր երեխաներից եկող հոտին: Գալիս էին մեծերը. hին ու նոր ամաններով, աղմուկ-կատակով, շարվում էր երկար, գույնզգույն hերթ: Ծերունին ձի-ուն արձակում էր, երեխաները շրջապատում, տանում էին նրան կանաչ hյութալի թմբերն արածելու: Բուրավետ կանաչը ձիու համար ավելի hամով էր, քան գարին, քան գազարը, կաղամբը, բազուկը, որ բերում էին երեխաները: Ձին այդ ամենն ուտում էր նրանց ձեռքերից, նրանց ձեռքերի շնչի հետ: Երբ կշտանում էր, տանում էին գետը ջրելու, մամուռների ու hողի համ էր գալիս ջրից, ուզում էր անհագ խմել-խմել…
Դատարկվում էր նավթի տա-կառը: Գյուղի թոնիրները ծխում էին:Աթարի ծուխը խուտուտ էր տալիս քիթը, նա փռշտում էր, ֆռնչացնում: Վառվում էին նավթի լապտերները:
Գյուղը տաքանում, լուսավորվում էր: Ծերունին, քթի տակ դնդնալով, թեթև շարժումներով լծում էր ձիուն :
Նրանց ուղեկցում էին երեխաները: Պատահում էր  նրանց կողքից քայլում էր մի ծեր` ձեռնափայտը ձեռքին, մտածկոտ ու ծռված:
Երեխաները հրաժեշտ էին տալիս, երբ գյուղը կորչում էր բլուրների ետևը:
Մնում էին մթնած երկնքի տակ միայնակ:  Ծերունին քաղցր ձայնով խոսում էր:
_Աշխարհի վրա լույս վառելը դժվար է : Սուրբ գործ է :
Հեշտ է մարելը: Իմ կամքով չէ, բայց պատահել է, ես էլ եմ մարել, ու դրանք իմ մթնած օրերը ավելի են սևացրել…Դու չէ, դու վառել ես, էդ է երեխաների սիրելու պատճառը :
Ծերունին  շոյում էր ձիու մեջքը, ու նրա մարմնով հաճելի սարսուռ էր անցնում, ու նա պոչով խաղում էր տիրոջ ծնկների հետ:
 …Վագոնը  կանգնեց : Դղրդոցով բացվեց դուռը: Երկու մարդ դույլե-րով ու գոռգոռոցով մտան ներս: Ձին ծղոտը չէր կերել: Նա իրեն մոտեցրած դույլից հոտ քաշեց ու թափահարեց գլուխը:
Գնացքը շարժվեց:
Երկաթուղու դղրդյունի տակ մի քանի անգամ լուսացել էր ու մթնել: Մթնել ու լուսացել:
…Գնացքը կանգնած էր: Վագոնի դուռը բացվեց, խուճա-պոտ աղմուկը լցվեց ներս: Նրանց վագոններից իջեցրին: Աշխարհը նորից էր կանաչել:  
Մի շաբաթ գոմերում պահելուց հետո խումբ-խումբ  բաժանեցին : Իրեն ու մի hողագույն երիտասարդ որձի տարավ ջահել, չաղ, կլորիկ մարդը: Նրա վրայից ծխի ու ճաշի հոտ էր գալիս: Նրանք ձգում էին մթերքներով բարձաց սայլը, որից կախ ընկած ծխում էր երկանիվ խոհանոցը:
Դադարներին արածում էին: Շաբաթ օրերը չաղլիկը  վարսակ էր տալիս: Խոհանոցից բարձրացող ծուխը ձիուն հիշեցնում էր գյուղերը, ծերունուն, երեխաներին…Կյանքը ջերմացավ և նրա համար, որ կողքից անբաժան էր հողագույն որձը:
Նրանք գուրգուրանքով հպվում էին դնչերով, նրանց շունչը վազքի ժամանակ խառնվում էր իրար ու բեռը թեթևանում էր:
Նրանք  քայլում էին hարթ, անվերջ ճանապարհներով: Գնում էին ու գնում …Մի փոքրիկ կանգառ, խոտ, ջուր, և նորից անծանոթ, փոշոտ ճանապարհներ…
Ձին չհասկացավ ինչ է կատար-վում աշխարհում : Երկինքը ոռնում էր, գետինը տակն ու վրա էր լինում: Հողագույն որձը վրնջաց, ուզեց պոկել կապերը, փախչել, ինքը շփոթված էր, չգիտեր ինչ անել:Չաղլիկը փախել էր անտառ: Դեպի իրենց էր վազում մի մարդ: Նա ջանաց արձակել, ազատել կապանքներից, բայց երկինքը նորից ոռնաց, մարդը ցատկեց սայլին ու գոռուն–գոչյունով սլա-ցան անտառ: Երբ շուրջը խա-ղաղվեց, նա արյան ու հրդեհի հոտ առավ, դոփեց գետինը, ուզեց հեռանալ այստեղից, բայց որձի բաշը շփվեց դեմքին, հիշեց, որ լծված է, շնչեց վիրավոր ծառերի հոտը, հանդարտվեց:
Հայտնվեց չաղլիկը: Նրանց արձակեց, տարավ անտառի խորքը: Խոնավության ու փտած փայտի հոտ էր գալիս: Գիշերը խաղաղ անցավ: Առավոտյան նորից երկինքը ոռնաց, անտառը հրդեհվեց: Ճիչ ու կանչեր: Ձին վախից վրնջաց ու արտասվեց: Գլուխը թաքցրեց հողագույն որձի փորի տակ:
Նորից պայթյուններ… ու մի պահ շուրջը ամեն ինչ լցվեց ցավի խրխինջով. որձը տապալվեց…
Վիզը ձգվել էր առաջ, ուզում էր վեր կենալ, ճիգ էր անում հասկանալ կատարվածը, արյունը փրփուր դարձած հորդում էր պնչերից:
Ձին արտասվում էր ու լիզում որձի սառած աչքերը,գուրգուրանքով ֆռնչացնում: Ապա սարսափած, հուսահատ նայեց շուրջը, դոփեց գետինը, սպիտակ գլուխը պարզած դեպի բարձրացնող արևը, ինչքան ուժ ուներ ողբագին վրնջաց, բայց նրան ոչ ոք չլսեց, նրա կանչը մարդկանց  չհասավ: Նա խենթացածի պես կտրեց կապերը, սուրաց այս ու այն  կողմ: Տակն ու վրա եղած անտառում ամեն տեղ դիակներ, դիակներ… Նա փախչում էր արյան հոտից, արյան մեջ շաղախված որձից, որի հետ քարշ էին տալիս մի ծխացող, խաղաղ խոհանոց, մի խաղաղ գյուղ :
Օրերով թափառում էր անտառում, ձանձրացավ, նորից կարոտեց մարդկանց, սկսեց փնտրել նրանց, գտավ հին ու նոր արահետներ, թարմ ոտնահետքեր չգտավ: Սրտնեղեց,  խրխնջաց, սրեց ականջները. պատասխան չկար, ավելի ուժգին կանչեց ու դոփեց գետինը, ինչպես առավոտները Զանգվի քարափի իր ախոռում: Ոչ ոք: Ու hանկարծ երկինքը ոռնաց, դղրդաց աշխարհը, նրան թվաց նորից լսեց մարդկանց ձայներ ու հողագույն որձի վրնջյունը …և սուրաց դեպի այդ ձայները, պայթյուններից տնքացող երկիրը:
…Հանկարծ թփերը շարժվեցին, խլշկոտաց ոստնեց մի կողմ ու ականջները ցցեց: Թփերի միջից դուրս եկավ մի զինվոր ու զգույշ  ղունղունալով մոտեցավ:
_Բա՛ռ, բա՛ռ, բա՛ռ…
Ձին ուրախացավ :
Զինվորը դանդաղ մոտենում էր: Նրա ձեռքը կպավ մեջքին, շոյելով բարձրացավ պարանոցը, ականջները, ձին խաղաղվեց և ուշադիր,  տխուր նայեց մարդուն :
Զինվորը ձիու մարմնին կպած արյան հետքերը սրբեց ու տարավ ծառերի տակ նստած մարդկանց մոտ:
Ձմեռը ձիուն հանդիպեց հրետանային զորքերի մեջ: Նա ընկերների հետ Թնդանոթ էր ձգում: Թնդանոթ ձգելն ավելի դժվար էր, քան խոհանոցը, բայց թնդանոթն ընկերներով էին քաշում :
Հաճախ նրանցից մեկն ու մեկը սպանվում էր: Ձին սովորել էր արյան մեջ թավալվող ընկերներից լռությամբ բաժանվելով:
Մի քանի անգամ նա էլ էր վիրավորվել, նրա մարմինը ծածկված էր մուգ, կարմիր սպիներով, իսկ ազդրերի սպին ինչքան լիզում էր, փոսը մնում էր փոս, չէր լցվում ու միշտ ցավում էր :
Ձին հաճախ էր հիշում ծուռումուռ փողոցներով թաղամասը, ձմեռային գյուղերի ճանապարհները, սանձից բռնած, առջևից քայլող ծերունուն: Նա երբեք տակառը լիքը ժամանակ չէր նստում սայլին, որ ծանր չլիներ բեռը, ձին էլ էր սիրում, երբ տերը գնում էր առջևից. իրեն ավելի մոտ էր: Նրանից միշտ հարազատ հոտ էր գալիս նավթի հոտին խառնված:
Ձին նորից վիրավորվեց : Այս անգամ ընկավ հրդեհի մեջ:
Այրվեց պոչը ,այրվեցին ետևի ոտքերը, մի քանի օր մնաց ծածկի տակ: Ծեծված , հոգնած մարմնի ցավից քնի մեջ տնքում էր: Գիշերներն արթնանում էր, լիզում թաց վերքերը, շուռումուռ էր գալիս սառը գետնին: Կանգնելը դժվար էր, այսպես պառկած կմնար հավերժ, եթե չհանեին տեղից, հաճախ էլ` ծեծով:
…Ելավ ոտքի: Երկու շաբաթ չլծեցին: Ազատ էր, բայց աչքերից չհեռացավ տխրությունը: Պոչը չկար, ճանճերին քշել չէր կարողանում , չէր կարողանում հայտնել ուրախությունը , երբ կշտանում էր:
Հողը տաքացել էր: Նորածիլ կանաչը ծիծաղի պես բացել էր երկրի դեմքը: Վար անող չկար: Ցանող չկար: Խրամատներ էին փորում. շեկ հողի թմբերը կնճիռների պես ծուռումուռ ձգվում էին կանաչած դաշտերով:
Երբ շոգերն ընկան, թնդանոթները քաշում էին լեռնային անտառներով: Կրակում էին քիչ. տեղափոխվում էին տեղից–տեղ` գնում էին արևի ետևից…
Լեռներից իջան ներքև ,անտառից դուրս եկան հարթավայր: Հեռվում ավանն էր երևում: Ավանի ու իրենց միջև հոսում էր մի լայն, հանդարտ գետ:
Թնդանոթները շարեցին թփուտների մեջ: Ձիերին արձակեցին, տարան ետ: Զինվորներից մեկը կեր տվեց նրանց ու չքացավ:
…Սկսվեց մարտը:
Դղրդյունը  սոսկալի էր: Մթան հետ ավելի ուժեղացավ, թվում էր աշխարհի բոլոր թնդանոթները իրար ձեռք-ձեռքի տված կրակում էին:
Ձին ընտելացել էր դղրդյուններին, պառկեց, քնեց:
Մշուշի մեջ տեսավ Կոնդի Թաղամասը, գաղթա-կանների ցածրիկ  տներ, ծուռումուռ, մութ փողոցներ: Նա քաշում էր նավթի տակառը, տերը չկար, ձին միայնակ էր: Մթնել էր աշխարհը:
Մարդիկ ճրագ չէին վառել: Մարդիկ նավթ գնել չէին ուզում, նրանք քողարկվել էին մթնով, ծածկվել լուսնից, աստղերից:
Նրանց այլևս լույս հարկավոր չէր:1
Հետո հենց այսպես, միայնակ գնում էր լեռնային ճանապարհներով, գայլեր էին ոռնում հեռվում, աշխարհը ծերացել էր, սպիտակել: Ոռնում էր բուքը, ձին մրսում էր և չկար մեկը, որ մեջքը ծածկեր: Ու լսեց ծերունու հեռավոր ձայնը.
«Ձգի՛ր, քիչ մնաց…»:
Ու նորից նավթի հոտ: Պատերազմը  չէր կարողացել նրա ռունգերից սրբել նավթի հոտը: Լսեց հողագույն որձի կանչող խրխինջը, զգաց նրա հոտը, բարձրունքի վրա տեսավ գյուղը,  պեծկլտացող լույսերը…
Արթնացավ: Երազն ու իրականությունը մի հրաշքով կապվեցին իրար:
Թնդանոթները լռել էին: Գարուն էր: Հեռվում, մոխրացած ավանում դեռ մարմրում էր կրակը:
Ձին թափ տվեց իրեն, կտրեց կապը, սլացավ…Ետևից լսում էր կանչեր, հայհոյանքներ:
Նրա մեջ ղողանջում էր երկրի կարոտը, կանչը: Աշխարհի բոլոր հրամանները խլանում էին կարոտի այդ ձայնից …
Զանգվի գիշերային խշշոց, ծերունու նավթահոտ ձեռք, մի կտոր հույսի պես սպիտա՛կ-սպիտա՛կ  շաքար:
Նա սլանում էր դեպի լույսերը:
Ծառս լինող խրխինջի մեջ պայթեց կրակոց: Գիշերը փշուր-փշուր եղավ: Կրակոցը ծնվեց խավարից: Ձին տնքաց, վրնջաց, ոստնեց, ոստնեց դեպի հեռավոր լույսերը ու…
Մի բան կտրվեց, մի բան իրենից ետ ընկավ, թուլացավ մարմինը, հոգնեցին, խամրեցին մտքերը: Նա մի վերջին անգամ զգաց հողագույն որձի արյան հոտը ,և ամեն ինչ մթնեց, սուզվեց, լռեց…
Այդ գիշեր աշխարհը ծնել էր մի կրակոց ու սպանել էր մի ձի:
 
 
«Յոյս» թիւ 205
Դեկտեմբեր 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *