Մենք, Չինարեն լեզուն ու Չինացիները

 
Միշտ էլ անասելի պարծանքով ենք հիշատակում, որ Մեսրոպ Մաշտոցի թարգմանած սուրբ գիրքը կոչվել է «Թագուհի թարգմանչաց»: Այն անգերազանցելի աշխատանք է, և այս շուրջ1600  տարիներում, ոչ ոք չի հանդգնել այն կրկին փորձելու: Պարզապես կարիքը չի զգացվել: Չէ որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գործը հավերժական մի աշխատանք է:
Պատմության վկայությամբ հայերը հաստատվել ու ապրել են նաև Չինաստանում: Առաջին վկայությունները երկրորդ դարից են խոսում, վերջինները՝ մի քանի տարի առաջվանից:
Իսկ կա որևէ երկիր աշխարհում, որտեղ հասած չլինի հայը:
Ասում են, երբ վաթսունական թվականների կեսերին Անաստաս Միկոյանը որպես, Խորհրդային Միության գերագույն խորհրդի նախագահության նախագահ, Չինաստան է ճամբորդում, այնտեղ նրան դիմավորողների մեջ լինում են նաև հայեր: Եվ աշխարհ տեսած Միկոյանը չկարողանալով թաքցնել իր զարմանքը հարցնում է.
– Այստեղ էլ հայեր կա՞ն:
Եւ խնդիրն այն է, որ հայերը ոչ միայն բնակություն են հաստատել Չինաստանում, այլ կատարել են նաև մշակութային սխրանքներ: «Աստվածաշունչը» առաջին անգամ անգլերենից չինարեն է թարգմանել մեր հայրենակից՝ կանտոնաբնակ, չինարենի ուսուցիչ՝ Հովհաննես Ղազա-րյանը: Եւ ինչ, պարզվում է, որ սա ևս թե առաջին թարգմանությունն է և թե լավագույնը:
Ասում են, որ ամերիկացի գիտնական տիկին Մարգրետ Մեյդը, որի աղջիկն ի դեպ ամուսնացած է հայի հետ, երբ վիճաբանության առարկա էր հանդիսացել միջազգային մի լեզու ընտրելու խնդիրը, պարզապես հայտարարել էր, որ «Հայոց Լեզուն ամենահարմարն է միջազգային լեզու դառնալու համար»: Հայերը չունեն այն բոլոր ձգտումները, ուղղակի և անուղղակի նպատակները, որ ունեն, ասենք անգլերն լեզվով խոսող երկրները, կամ ռուսներն ու ֆրանսացիները, որոնք ամեն ինչ անում են իրենց լեզուն միջազգային դարձնելու և իրենց մշակույթը աշխարհին պարտադրելու համար: Հետո էլ հայերենը Էսպերանտոյի համեմատ շատ առավելություններ ունի: Ամենամեծ առավելությունն այն է, որ հայերենը հազարամյակների ընթացքում տվել է իր փորձը և հաստատվել է որպես մի ինքնուրույն և կատարյալ լեզու: Մինչդեռ Էսպերանտոն դեռ նախնական փորձարկումների մեջ է և ով գիտի թե կկարողանա՞ իրեն արդարացնել, թե ոչ:
Տիկին Մարգրետ Մեյդը, Թեհրանի «Հայոց ակումբում», «Նոր էջ» գրական խմբի անդամների հետ ունեցած հանդիպման ընթացքում էլ կրկնում է իր առաջարկը, և հաջորդ օրը մեկնում Չինաստան, այնտեղ գիտական սեմինարի մասնակցելու նպատակով:
Վերադարձին, կրկին նա «Հայոց ակումբում» հանդիպում է «Նոր էջականների» հետ և ասում.
-Չինաստանում էլ ես առաջարկեցի, որ հայոց լեզուն դառնա միջազգային լեզու: Չինացինները շատ ուրախացան, որ վերջապես գտնվել է մի լեզու, որ իրենց հեռու կպահի ամերիկացիների և ռուսների անմիջական ազդեցությունից և պաշտոնապես հայտարարեցին. «Մենք ընդունում ենք ձեր առաջարկը: Հայերենը լավագույն լեզուն է միջազգային դառնալու համար: Խնդրում ենք միայն, որքան կարելի է շուտ, մի իննը միլիոն ուսուցիչ ուղարկեք գան Չինաստան, մեզ հայերեն սովորեցնելու »:
 
Խաչիկ Խաչեր
Հունվար, 1999թ.
 
«Յոյս» թիւ 204
18 Նոյեմբեր 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *