Ճիշտ սովորենք եւ ճիշտ խոսենք անզգա եւ անզգամ

 
Աշխարհի բոլոր լեզուներում էլ բառեր կան, որոնք արտաքինով շատ իրար նման են, բայց իմաստով շատ են իրարից տարբերվում: Ու եթե մեկ անգամ գոնե բառարանների մեջ չփնտրենք նրանց ու չսովորենք, մի ամբողջ կյանք, սխալ կարտասանենք և սխալ կգրենք: 
Այս տեսակի իրար նմանվող, բայց իմաստով ամբողջովին իրարից տարբերվող, բառերից են անզգա և անզգամ բառերը: Հետաքրքիր է արագ արտասանելու պարագայում գուցե վերջին «Մ»-ն այնքան թեթև հնչեցնենք, որ ոչ ոք չլսի այն և ԱՆԶԳԱՄ-ը ԱՆԶԳԱ լսվի: Կամ հակառակը, մի «Մ» էլ ավելացնեք ԱՆԶԳԱ-ի վերջում և այն, այնքան էլ կոպիտ արտասանենք, որ ԱՆԶԳԱ-ն էլ ԱՆԶԳԱՄ դառնա: Չէ որ արդեն իսկ իրանահայության խոսակցական հայերենի մեջ Մ-ի գործածության պակաս բոլորովին էլ չի զգացվում, ինչպես՝ ԿերաՄ, հասաՄ, ԱսաՄ, ԳրաՄ, ՏվաՄ   և այլն… որոնք բոլորն էլ սխալ են իհարկե և պետք է լինեն՝ 
Կերա, հասա, ասացի, գրեցի, տվեցի և այլն…
Տեսնենք, թե ինչ են նշանակում  ԱՆԶԳԱՄ և ԱՆԶԳԱ բառերը և ինչպես ենք մենք նրանց գործածում:
Դիմենք «Ժամանակակից Հայոց լեզվի բացատրական  բառարանին»:
Անզգա-  Զգայությունից զուրկ, չզգացող:  Ուշագնաց: Մեռած, անշնչացած:
Անզգամ – Անամոթ, անպարկեշտ: Նենգ, չար, չարամիտ:
Տեսա՞ք, թե որքան տարբեր իմաստներ ունեն, այսքան իրար նմանվող անզգա և անզգամ բառերը: Ընդամենը մի «Մ»-ի տարբերություն, չէ՞: Դե լավ սովորենք, որ Աստված մի արասցէ, հանկարծ նրանց փոխս չգցենք:
Ավելացնենք, որ ժողովրդի բերանում, բարբառների մեջ, ԱՆԶԳԱՄ-ը  դարձել է ԱՆՍԿԱՄ և հենց այդպես էլ արտասանվում է: Ասվում է օրինակ՝ «Վայ Աստված հեռու տանի, թե որքան ԱՆՍԿԱՄ է Զաքարենց Թաթևոսի հարսը»:
Մի շատ սիրուն ու հաճախ գործածվող առած էլ ունենք, որ ասում է  «Քրիստոսն ամզգամից երես թեքեց»: 
Հուսանք, որ կյանքում նման անզգամների երբե՛ք չեք հանդիպի, և   «Զաքարենց Թաթևոսի հարսը» աշխարհի ամենավերջին  ԱՆԶԳԱՄ հարսը կլինի:

 
Խաչիկ Խաչեր
 
«Յոյս» թիւ 204
18 Նոյեմբեր 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *