Արա Գյուլեր՝ լուսանկարչութեան հրաշագործ վարպետը

 
 
Իգնայի հետ ես ծանոթացել եմ տարիներ առաջ Երևանում, Չարենցի հարյուրամյակի տոնակատարություններին:
Հեռավորությունն ու տարածությունը չեն ազդել մեր գրչեղբայրության վրա և հիմա, որ ես տիկնոջս և աղջկաս՝ դոկտ. Գեղանի Գալստանյանի հետ Ստամբուլում եմ, հին բարեկամների նման, խորապես կարոտած հանդիպում ենք իրար և վերածնված բարեկամության հովանու ներքո քայլում ենք Հայոց պատմության ամենանշանավոր հետքերով՝ Ստամբուլի փողոցներով: 
Իգնան մեզ Իսթիղլալ պողոտայով դեպի Tunel է առաջնորդում: Ամեն մի քայլափոխին նա մի նորություն ունի ցույց տալու, հետաքրքիր մի դեպք ու երևույթ ունի մեզ պատմելու:
Փողոցի ծայրամասում կանգնում է մի չորս, թե հինգ հարկանի շենքի առջև և պատմում.
-Եղիշե Չարենցը մի անգամ եղել է Պոլսում և ապրել է մի տեղ, որին նա «պանդոկ» է կոչում: Ես երկար պրպտեցի, որ այդ պանդոկն ուր է եղել: Վերջապես գտա, որ այս շենքը մեր առջև կանգնած, կառուցվել է Չարենցի օթևանած պանդոկի տեղում:
Հասնում ենք փողոցի վերջին: Ո’չ, ո’չ,  Tunel-ին: Հետ ենք դառնում: Նա մեզ հյուրասիրում է Մարմարա ծովին նայող մի ռեստորանում և կամաց-կամաց շարժվում ենք դեպի Թաղսիմ հրապարակը, որտեղից էլ տաքսին պետք է մեզ տանի Շիշլիի հայոց գերեզմանատուն: Լիսեին չհասած Իգնան միանգամայն հիշում է, որ մենք առավոտյան խոսել ենք աշխարհի հռչակավոր լուսանկարիչներից մեկի մասին: Ես հարցրել եմ, որ արդյո՞ք Արա Գյուլերը Պոլսում է ապրում:
-Այո, շատ մոտիկ, Մի քիչ դենը: Կգնանք անոր տեսությանը:
Իսթիղլալի վրա մի մեծ գրախանութի առաջ ես մի վայրկյան կանգ եմ առնում, հենց այսպես մի հայացք եմ նետում ապակու հետևը շարված գրքերի վրա և այնտեղ հանկարծ տեսնում եմ Արա Գյուլերի գրքերը՝ կողք  կողքի շարված:
Գրախանութի ներսում էլ բազմապիսի գրքերի կողքին բազմել են Արայի տասից անցնող գրքերը:
Խանութից դուրս ենք գալիս և մենք հազիվ ենք հասնում Իգնայի հետևից: Նա դուրս է գալիս Իսթիղլալից, մտնում է խանութին շատ մոտիկ մի փողոց և հենց փողոցի ծայրին թեքվում է դեպի աջ, ուր մի բավական «լայն» ենթափողոց կա, որի մեկ կողմում իրար հետևից սեղաններ ու աթոռներ են շարված, որոնք բոլորն էլ զբաղեցված են երիտասարդ աղջիկների և տղաների կողմից: Ոմանք սրճում են, ոմանք ինչ-որ բան են ուտում, բայց բոլորն էլ անխտիր զրուցում են կողքին կամ դիմացը նստածների հետ: Խորանում ենք փողոցի մեջ, որի խորքում մի սրճարան կա: Մտնում ենք ներս: Աախենի ուսանողական Apfelbaum գարեջրատունն եմ հիշում: Կիսալույսի մեջ Իգնան գտնում է մի սպասարկողի և հարցնում, թէ՝  Արան այստե՞ղ է:
-Ո’չ: Այսօր չի եկել: -պատասխանում է սպասարկող աղջիկը:
Պատերը  շուրջ բոլոր զարդարված են Արայի աշխարհի չորս կողմերում և համարյա բոլոր մեծամեծ  հայտնի դեմքերի ու նաև բնության հրաշալիքների, տեսարժան վայրերի, կոթողների, հուշարձանների և օբյեկտների նկարած լուսանկարներով:
Իգնան ասում է, որ այս չորս թե հինգ (լավ չեմ հիշում) հարկաբաժիններն էլ Արայի նկարների  անձնական ցուցասրահներն են՝ թանգարանը:
-Կտեսնի՞ս: Բախտդ չի բաներ: Ասօր նա չէ եկած հոս: -ասում է Իգնան ու դուրս գալիս Արայի թանգարանից: Մենք հետևում ենք նրան:
 
***
 
Հաջորդ օրը իրիկնապահին հրաժեշտ ենք տալիս «Մարմարա» օրաթերթի բազմամյա խմբագիր՝ պարոն Ռոբերտ Հատճյանին պոլսահայ մի խումբ մտավորականների հետ իր կազմակերպած հանդիպման համար շնորհակալություն հայտնելուց հետո:  Իգնայի հետ քայլելով անցնում ենք մի երկուհարյուր մետր, թեքվում  ձախ, ապա աջ եւ ահաԱրայի թանգարանի փողոցը:
Աթոռ – սեղանների և ավելի ճիշտը նստած խմելով, ուտելով և զրուցելով զբաղված մարդկանց կողքով քայլում ենք մինչև փողոցի վերջն ու մտնում ենք Արայի թանգարանի գետնահարկի սրճարանը:
Սպասարկողներից մեկը, որ թերեւս Իգնային ճանաչում էր որպես Արայի բժիշկն ու ընկերը, մոտենում է և ասում, որ հիմա նա կգա: Սպասավորը մեզ առաջնորդում է դեպի սրահի մեջտեղի սեղաններից մեկը, և մենք երկուսով տեղ ենք գրավում մի 5 – 6 հոգանոց սեղանի շուրջը: Չնայած, որ ժամանակը շատ դանդաղ է շարժվում, բայց մոտ մեկ ժամ Արային սպասելուց հետո, Իգնան զանգում է նրա ձեռքի հեռախոսին:
Արան, որ ինչպես ասում են առհասարակ շատ դժվար է պատասխանում հեռախոսներին, անմիջապես միացնում է: Մի քանի բառ փոխանակելուց հետո, Իգնան անջատում է իր հեռախոսը և ասում.
-Արան դիալիզի տակ էր: Ավարտեց: Հիմա կգա:
Արան 87 տարեկան է արդեն: Երիկամների թուլության խիստ խնդիր ունի: Շաբաթական երեք անգամ դիալիզ պետք է անի:
Մենք թեյ ենք խմում, ապա պատերին կախված նկարներին ենք նայում, որոնք զանազան տեղերում են լուսանկարվել, ու երկուսով հիանում Արայի արվեստով:
Եվ հանկարծ Իգնան, որ հաճախ է մեր նստած տեղի կողքի պատուհանից դուրս նայում, համարյա թե բացականչում է.
-Եկավ:
Ես դուրս եմ նայում: Մի երիտասարդ տղամարդ թևը գցած կորացած մեջքով մի ծերուկի թևին նրան առաջնորդում է դեպի սրճարան: Ծերունին հազիվ է երիտասարդի օգնությամբ քայլում: Նրա մազերը բավական երկար են: Գզզված, չսափրված և ցիր ու ցան թափված ճակատին: Իսկ սպիտակ բեխերն ու մորուքն էլ մազերի նման չխնամված է և ամբողջովին ծածկել է նրա շուրթերը, համարյա թե ծածկել է նրա նիհարած դեմքը:
Վերջապես նրանք հասնում են կաֆեյի դռանն ու ներս մտնում: Արան նկատել է Իգնային և որովհետև մենք մի հինգ – վեց հոգանոց սեղանի շուրջ ենք նստել, ուղղակի  գալիս են մեզ մոտ:
Իգնան ծանոթացնում է մեզ: Ասում է, որ ես Թեհրանից եմ և նրա անվան հետ ծանոթացել եմ ուսանողությանս ժամանակ Գերմանիայում, այն էլ Spiegel-ի և   Stern-ի էջերից: Ճիշտ այնպես,  ինչպես ես պատմել եմ իրեն: Նա բավական ամուր է սեղմում դեպի իրեն մեկնած ձեռքս և նստում սեղանի մյուս կողմը, մեր դիմացը: Եվ ահա սկսում ենք զրուցել: Նա բավական աշխույժ է թվում և հակառակ իմ ստացած առաջին տպավորությանը, այնքան էլ «ընկած» չէ և բավական եռանդուն է. հարցուփորձ է անում և որովհետև Իգնան երիկամների մասնագետ բժիշկ է, մի քանի խորհուրդներ է տալիս նրան և սկսում է զրուցել մեզ հետ:
Նա մանրամասն հետաքրքրվում է, որ ես ինչ եմ ուսանել, ո՞ր քաղաքում և հիմա ի՞նչով եմ զբաղվում…
Իգնան ասում է,  որ ես գրող եմ և մի երկշաբաթաթերթի խմբագիր, . ուզում եմ իր մասին գրել իմ այդ հայկական թերթում:
Նրա բեխերը բացվում են, հետ են գնում և երևում են ժպտացող, հաստ շրթունքները:
-Ադ թերթեդ օրինակ  մը կը ղրկիս ինձի, թանգարանիս համար:
Հիմա էլ ես եմ ուրախացած ժպտում:
-Սիրելի վարպետ, խոստանում եմ: – Հետո միասին սուրճ ենք  խմում, Իգնայի ձեռքի հեռախոսով նկարվում և բաժանվում ենք ու դուրս գալիս կաֆեյից:
Արա Գյուլերը Իգնային և ինձ է նվիրում իր ամենավերջին ալբոմը «Մեկ աչք, մեկ ֆոտոնկարչական ապարատ և Իրականություն» և մակագրում է իմ և Իգնայի համար:
Ալբոմում Արա Գյուլերի անցած ճամփան է առաջին փորձերից մինչև աշխարհի Փառքի և ծանոթության բարձրաբերձ գագաթները:
Իսկ փողոցի գլխին մի սև ջիպ կա կանգնած, ճիշտ այնտեղ , որտեղ կայանելն արգելո’ղ ազդանշան կա: Իգնան ասում է.
-Համարին նայե: Մեքենայի համարին կսեմ:
Նայում եմ: Մեքենայի համարն է « 34 ARA 24 »:
 
 
«Յոյս» թիւ 204
18 Նոյեմբեր 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *