Ալպիական մանուշակ (2)

 
 
Շարունակություն Ա մասի և վերջ:
 
Այն կինն էլ ուներ խշխշան շորեր, հագնում էր գորշ գույնի վերարկու, սև թավիշե գլխարկ, որի եր-կար քորոցը նարնջագույն գլուխ ուներ: Հեռու  էր , շատ հեռու: Գուցե Բասուտա գետը ուրիշ գետի հետ խառնվելով հասնում էր այն ծովին, որի ափին ավազի վրա մի օր նստել էին կինը և նկարիչը: Պահակը բաց արեց կոնսերվի երկրորդ տուփը: Հնագետը սփրոցից ու պղնձե ամաններից գլուխը  չէր բարձրացնում: Տղան սունկը կերավ և աչքերը սևեռեց կոնսերվի փայլուն տուփին սպասելով, որ դատարկեն: Մարդը տեսավ նրա հայացքը և կոնսերվի տուփը մեկնեց տղային:
Տղան տուփը թափահարեց վրանի առաջ պառկած շունը կուլ տվավ մսի կտորները և լիզեց քիմքերը: Ապա դատարկ տուփը ձեռքին նա վազեց երեխաների մոտ նրանց ցույց տալու սպիտակ թիթեղայ տուփը, որ չտեսած նորություն էր այդ քարափների վրա:
Կինը նստել էր օջախի առաջ, հաճախ բարձրացնում էր թեյամանի կափարիչը և նայում տաքացնող ջրին: Նա խառնում էր կրակը աթարներն իրար մոտ քաշում և երբ ծուխն ամպի պես բարձրանում,  էր ու դուրս գալիս վրանի եղեգնյա պատերի արանքով կինը աչքերը մուխից պահելու համար ձեռքը բռնում էր ճակատին :
Ֆետրե գլխարկով մարդուն օջախի մոտ նստած կինը, որի երկար զգեստի տակ պարզ երևում էին նրա ծնկերը, թվում էր քրմուհի՝ եռոտանու առաջ  ծխի շարժումները գուշակող:
Այն կինը երբեք բոբիկ ոտքերով չի քայլել, չի նստել մխացող աթարի առաջ: Առավոտյան ծովը բրոնզե հալոցքի պես տարուբեր էր լինում և լիզում ափերի կրաքարերը: Ծովափին սև թավիշե գլխարկով կինը հովանոցի ծայրով ավազի վրա նշաններ էր անում և ավերում: իսկ ինքը ջարդում էր ձեռքի չոր ճյուղը մանրիկ փշուրներ անում և երբ ալիքները կաթիլներ էին ցողում նրանց ոտքերին ու հետ վազում ալիքներն իրենց հետ տանում էին չոր ճյուղերի փշուրները: Այն կինը ծովափին խոստումի բառեր ասաց,  աշխարհը  թվաց  լայնաձակ մի ծով և սիրտը ձուլվեց ծովի հետ:
Հետո ուրիշ օրեր եկան: Այնքան պատահական եղավ ճամփաբաժանը և այնպես պարզ: Մտքի մեջ մնացին մի զույգ մանիշակագույն աչքեր, գորշ գույնի վերարկու և հովաբոցի ծայրը, որով կինը ավազի վրա խոստումներ էր գրում և ավերում:
Թեյամանի մեջ  ջուրը եռաց, կափարիչը ձայն հանեց: Կինը կողովից հանեց պնակները և ծաղկավոր բաժակները շարեց սփռոցի վրա: Երբ նա կռացավ սփռոցի վրա, թիկունքից  ծամը  թեքվեց կախվեց ուսն ի վար: Ծովափի կինը կարճ խուզած մազեր ուներ և սպիտակ պարանոց, որի բարակ մորթու տակ երևում էին կապույտ երակները: Տղան դատարկ տուփը ձեռքին ներս վազեց: Վրանի դռնից մի խումբ մանուկներ զարմանքով նայում էին խսրի վրա նստած հյուրերին: Որքան մեծ եղավ տղայի ուրախությունը, երբ նա ստացավ երկրորդ տուփը: Այս անգամ նա դուրս չվազեց, այլ նստեց խսրի վրա. մայրը նրա համար ևս թեյ  լցրեց, իսկ Ֆետրե գլխարկով մարդը շաքարի մի մեծ կտոր գցեց տղայի բաժակը:
 
Տղան զարմացավ և երբ շաքարից պղպջակներ բարձրացան թեյի երեսը նա մատը կոխեց բաժակի մեջ, շաքարը բերանը տանելու թեկուզ տաք թեյը վառեց մատը, բայց ծպտուն չհանեց: Այնքան համեղ էր կիսահալ շաքարը: Հնագետը քթի տակ ծիծաղեց ինչ-որ բան հիշեց մարդու  նախնական օրերից: Կինը նորից ջուր լցրեց թեյամանի մեջ և ուրախ ժպտաց երեխայի չարաճճի արարքի վրա:
Ֆետրե գլխարկով մարդը տեսավ այդ ժպիտը, ինչքա՜ն ծանոթ էր…
Երևի նոյն դեմքն ունեցող մարդիկ նույն կերպ են ժպտում: Կնոջ վերին շրթունքը աննկատ դողդղաց ժպիտից, շրթունքները կարմրեցին, որպես արնագույն մեխակի թերթեր ժպիտից աչքերը  փայլեցին :
Հանկարծ նա ծոցից հանեց տետրը, թերթեց քարերի և քանդակների նկարներ, թերթեց և քարե արծվի բույնը պարսպի գլխին ու սպիտակ թղթի վրա մատիտի արագ շարժումով  նկարեց կնոջը՝ օջախի մոտ նստած աչքերը օջախի քարին: Ծանոթ էին դիմագծերը, միտքն այնքան էր աշխատել նրա վրա տարիներ առաջ: Փակ աչքերով էլ նա տեսնում էր կնոջ պրոֆիլը :
Միայն տղան տեսավ մոր նկարն սպիտակ թղթի վրա: Նրան այնպես թվաց, թե  ֆետրե գլխարկով մարդու սպիտակ թղթերը արտացոլում են ամեն ինչ, ինչպես աղբույրի վճիտ ջուրը:
Քիչ հետո ձիերը վրանի առաջ էին: Երրորդ ձիավորը ձիերի գլխին հագցնում էր սանձերը, պնդացնում թամբի կաշվե կապերը: Եվ երբ պայուսակը կապեց թամբին, մոտեցավ մնաս բարով ասելու օջախի մոտ նստած կնոջը: Կինը տեղից վեր կացավ, գլխի շորն արագ իջեցրեց ճակատին և մատների ծայրով բռնեց երրորդ ձիավորի մեկնած ձեռքը: Մյուսներն էլ հետեևեցին նրա օրինակին: Այս  անգամ կինը ձեռքը կրծքին սեղմեց և խոնարհեց գլուխը: Ֆետրե գլխարկով մարդը տղային տվեց արծաթ դրամ ու շոյեց նրա մազերը  :
Ձիերն իջնում էին Կաքավաբերդի քարափով դեպի Բասուտա ձորը: Ձիերի սանձից բռնած իջնում էին երեք հոգի, որոնցից ամեն մեկը մտքերի մեջ հյուսում էր իր նախշը: Ճանապարհի երկու եզրին բուսել էին ալպիական մանուշակներ: Ֆետեր գլխարկաով մարդը կռացավ պոկեց մեկը և դրեց տետրի այն թերթի արանքը, որի վրա նկարված էր եռոտանին և այն բարակիրան կինը:
Ձիերի սմբակի տակից քարեր էին թռչում, քարերն աղմուկով գլորվում էին ձորը: Ծով կար նրա մտքում և այդ ծովը ափ էր շպրտում մերթ երկարազգեստ մի կնոջ թիկունքին երկար ծամեր, մերթ քարե քանդակներ, կիսավեր պարիսպներ նրանց հիմքի մոտ ալպիական ծիրանագույն մանուշակներ…
 
Իրականացավ :
Նույն ճանապարհով, վրանների կողմն էր բարձրանում մի մարդ, գոտկում՝ պողպատե փայլուն մանգաղը: Բեզարած էր մարդը, ամբողջ օրը հնձել էր կարճ ցողունով կորեկ և մեջքը ցավում էր: Դրա համար էլ նա դանդաղ էր բարձրանում մահակը դեմ տալիս քարին, երբեմն կանգնում շունչ առնելու, երբ կանգ էր առնում նրա կորացած ծնկները դողում էին:
Հնձվորը ցերեկվա մարդն էր, որին երրորդ ձիավորը պատմել էր բերդի գանձերի մասին: Իր արտից նա տեսավ ձիավորներին և նրան թվաց, թե ձիու թամբին կապած պայուսակներում հենց այն գանձերն են, որ հարյուր տարիներ մնացել են քարի տակ, որի վրա ինքը շարունակ նստել է, երբ բերդի ավերակներում պահում էր այծ ու ոչխար: Այդ միտքն էր նրան զայրացրել, թե հոգնությունը. մարդը մռայլ էր որպես իրիկնապահին անտառում որսի դուրս եկող սոված արջը:
Նա հասավ առաջին վրանին, ոտքով զարկեց շանը, որ պոչը շարժելով առաջ էր վազել տիրոջը դիմավորելու, ապա գոտուց մանգաղը հանեց, շպրտեց մի անկյուն, փայտը դրեց օջախի մոտ և լուռ նստեց խսիրի վրա: Օջախը մխում էր: Թեյամանում եռում էր տաք թեյը: Ծալքատեղում բարձի վրա երկու կտոր շաքար կար: Հնձվորը դեռ  տրեխները  չէր հանել և գուլպաներից թափ չէր տվել կորեկի փնջերը,երբ սուրմաների զրնգոցով երկար զգեստի ծալքերն իրար քսելով ներս մտավ նրա կինը, կնոջ փեշից կախված տղան կոնսերվի երկու դատարկ տուփ ձեռքին:
Տղան դեպի հայրը վազեց, տուփերը ցույց տալու: Հայրը հասկացավ, որ ձիավորները նստել են իր խսիրի վրա: Տղան ցոյց տվեց և արծաթ դրամը, որ տվել էր նրան մի բարի քեռի:
Հայրը ոտքով դեն հրեց որդուն էլ, դատարկ տուփերն էլ: Գլորվեցին տուփերը տղան էլ գլորվեց: Ապա տղան ցատկեց և վազեց տուփերի  հետեվից: Երկու տուփը ձեռքին նա փաթաթվեց  մոր փեշերին և սկսեց լալ: Հայրը ձայնը մեղմացրեց,տղային կանչեց, խնդրեց նրա արծաթ դրամը: Տղան արցունքների միջից ժպտալով մոտեցավ հորը դրամը բռի մեջ: Ապա նա պատմեց, թե հյուրի ծոցում կար մի փայլուն իր, մեջը սպիտակ թերթեր: Արծաթ տվող մարդը մոր պատկերը հանեց թերթի և դրեց ծոցը:
Խանդը կայծակի պես փայլատկեց մռայլ հնձվորի սրտում: Աչքերը լայնացան, նա գունատվեց: Մայրը նայեց տղային,  հրդեհվեց դեմքը, հայրը տեսավ կնոջ դեմքի կարմիրը: Այդ ամենը կատարվեց մի վայրկյանում: Հաջորդ վայրկյանին մարդը գազազած արջի նման ոստույն արեց, նրա մազոտ ձեռքերը սեղմեցին ծանր մահակը և մահակն անասելի թափով իջավ կնոջ թիկունքին:
Սուրմաները զրնգացին, ցնցվեցին կնոջ երկար ծամերը: Եռոտանու վրա դրած թեյամանը թեքվեց: Մահակի ջարդցված ծայրը թռավ ծալքի վրա: Կինը աղաղակ  չհանեց, այլ ցավից գալարվեց: Նա ձեռքը  թիկունքին տարավ ապա դուրս եկավ վրանի դռանը անձայն հեկեկալու:
Տղան դատարկ տուփերը ձեռքին հետեևեց նրան և պահվեց մոր փեշի տակ: Մարդը մի քիչ էլ դժգոհեց, ապա կերավ կորեկ հացը և փափախը գլխի տակ մեկնվեց խսիրի վրա:
Հետո Կաքավաբերդի գլխին լռություն իջավ: Օջախներում հանգավ կրակը, եղավ խավար գիշեր: Գազանների ահից շները կուչ եկան վրանների առաջ: Ոչխարը պառկեց կանաչի վրա: Խսիրի վրա մեկնվեց և կինը, թաղիքի տակ ծածկելով տղային:
Կաքավաբերդի գլխից ամպը հսկա խխունջի պես սողաց դեպի վրանները, խոնավություն կաթեց քարերի վրա մամուռների վրա և մակաղած ոչխարների բրդի վրա նստեց գիշերային խոնավությունը: Ցող կաթեց ալպիական մանուշակի ծաղկաթերթերի վրա:
Բուրմունքից արբեցած մի բզեզ քնել էր առեջքների մեջ և նրան այնպես էր թվում, թե աշխարհը հոտավետ բուրաստան է, ալպիական մանուշակ…
1925 – 1927
 
«Յոյս» թիւ 204
18 Նոյեմբեր 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *