Ալպիական մանուշակ

 
ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ
Արփենիկ Չարենցի հիշատակին
 
 
Տեղի սղության պատճառով ակսել բակունց-ի այս հրաշալի պատմվածքը մենք երկու մասի ենք բաժանել:
երկրորդ եւ վերջին մասը դուք կարող եք կարդալ«Յոյս»-ի հաջորդ համարում:
 
 
 
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ,միայն սևին են անում բարձր բուրգեր: Հեռվից ավերակները չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին:
Իսկ երբ քամին ցրում է ամպերը, ձորերում հալվում են ամպերի ծվենները, պարսպի վրա երևում են մացառներ, աշտարակի խոնարհված գլուխը և կիսով չափ հողի մեջ խրված պարիսպները: Ոչ մի երկաթյա դուռ և ոչ մի պահակ աշտարակի գլխին:
Լռություն կա Կաքավաբերդի ավերակներում: Միայն ձորի մեջ աղմկում է Բասուտա գետը, քերում է ափերը և հղկում հունի կապույտ որձաքարը: Իր նեղ հունի մեջ գալարվում է Բասուտա գետը, ասես նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազար գամփռներ և կրծում քարե շղթաները:
Պարիսպների գլխին բույն են դրել ցինը և անգղը: Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն է լսվում, նրանք կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու պտույտներ անում բերդի կատարին: Ապա բարձրանում է քարե արծիվը, կտուցը կեռ թուր, մագիլները սրածայր նիզակներ, փետուրները որպես պողպատե զրահ:
Կաքավաբերդի բարձրունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գոյն: Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ: Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին: Ծաղկափոշու մեջ   թաթախված  գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը ծիրանագույն բուրաստան:
Ներքևը, ձորում, Բասուտա գետի մյուս ափին, քարաժայռերի վրա թառել են մի քանի տներ: Առավոտյան ծուխ է ելնում երդիկներից, ծուխը ձգվում է կապույտ երիզի նման և հալվում ամպերի մեջ: Շոգ կեսօրին գյուղում կանչում է աքլորը, աքլորի կանչի հետ պառավ մի շինական հորանջում է տան ստվերում, ձեռնափայտով ավազի վրա նշաններ գծում, նշանների հետ փորփորում գլխով անցածը:
Ե’վ գյուղում, և’ բերդի գլխին ժամանակը սահում է դանդաղ, տարիները նույն ծառի միանման տերևներն են: Դրա համար էլ խառնվում է ծերունու հիշողությունը: Գետն աղմկում է առաջվա հանգով, նույն քարերն են և նույն քարե արծիվը:
Քանի սերունդ է ապրել Բասուտա գետի մոտ, կարկատած թաղիքները փռել ցեխերի վրա, եղեգնով պատել վրանները, և ամեն գարնան, երբ կաքավաբերդի լանջին բացվել է ալպիական մանուշակը,այծ ու ոչխարը քշել են բերդի լանջերը,  պարկը պանրով լցրել ու ձմեռը կրծել կորեկ հաց և այծի պանիր:
 
***
 
Արև մի կեսօր Կաքավաբերդի քարափով   բարձրանում էին երեք ձիավոր: Ոչ միայն զգեստից, այլև ձի նստելուց երևում էր, որ առաջին  երկու ձիավորը քաղաքի մարդիկ են և չեն տեսել ո’չ Կաքավաբերդը, ո’չ նրա քարափը:
Երրորդ ձիավորը նրանց ուղեկցում էր, և մինչդեռ առաջիները պինդ բռնել էին ձիերի բաշից, համարյա թե կռացել հավասարակշիռ մնալու, վերջին ձիավորը քթի տակ մռմռում էր մի երգ, մելամաղձոտ  ու հուսահատ, ինչպէս ամայի ձորը, տխուր քարափը և հեռավոր գյուղը:
Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես մեկ ետ էր քաշվում, երևում էին պարիսպները, մեկ ծածկում էր կատարը: Առաջին ձիավորը աչքը պարիսպներից չէր հեռացնում: Նրա գլխում բերդի պատմությունն էր, մագաղաթյա մատյաններում գրած խոսքերը  իշխանական օրերի մասին, երբ զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքի առաջ և ավերից դարձող նրա համհարզները ճոճում էին նիզակները: Ակնոցի արանքից նրա ուսյալ աչքերը տեսնում էին զրահավորներին մագաղաթյա մատենագրին՝ եղեգնյա գրչով  նրանց գովքը հորինելիս և նա լսում էր հնօրյա ձիերի դոփյունը: ինչ դժվար էր նրա համար քարափը, որով քարայծի նման մագլցում էին երբեմնի տերերը:
Երբ հասան վրաններին, առաջին ձիավորը շարունակեց ճանապարհը: Նա փնտրում էր հին ճանապարհը և չէր տեսնում վրանների առաջ մոխրի մեջ խաղացող կիսամերկ երեխաներին,այծերին, որոնք զարմանքից վեր ու վար էին անում գլուխները:
Ֆետրե գլխարկով երկրորդ ձիավորը Կաքավաբերդի գլխին հնություններ չէր որոնում: Նրա ամբողջ հարստությունը ծոցի հաստ տետրն էր և սրածայր մատիտը: Հերիք էր աչքն ընկներ մի դեմքի, տեսներ գեղեցիկ մի անկյուն, մամռապատ մի քար որպեսզի թղթի վրա մատիտով նկարեր այն, ինչ տեսել էին նրա աչքերը:
Առաջին ձիավորը հնագետ էր, երկրորդը՝ նկարիչ:
Երբ նրանք հասան վրաններին, շները հարձակվեցին ձիավորների վրա: Շների ձայնին մի քանի հոգի դուրս եկան վրաններից, նայեցին նրանց կողմը: Մոխրի մեջ խաղացող երեխաները տեսան, թե ինչպես շները հաչելով վազեցին ձիերի վրա: Երրորդ ձիավորն իզուր էր մտրակով փորձում շներին հեռացնել: Շները հաչելով մինչև բերդի պարիսպները ուղեկից եղան ձիավորներին, հետո իրար հետ խաղալով վերադարձան:
Կաքավաբերդի քարերն ասես կենդանացել ու խոսում էին հնագետի հետ: Նա մոտենում էր այս ու այն քարին, կռանում նայում, չափում, ինչ – որ գրում, ոտքով փորում հողի փլվածքը, բաց անում հողի տակ թաղված տաշած քարի ծայրը: Նա բարձրացավ պարսպի վրա, գլուխը դուրս հանեց բուրգի դիտարանից և բաձր կանչեց, երբ բուրգի անկյունում քարի վրա տեսավ փորագիր խոսքեր:
Երրորդ ձիավորը, որ ձիերի սանձերն արձակել ու պարսպի մոտ նստած ծխում էր, հնագետի կանչից վեր թռավ: Նրան թվաց,  թե օձը խայթեց ակնոցավոր մարդուն:
Ֆետրե գլխարկով մարդը նկատեց պարիսպների փլվածքը, սրածայր բուրգը և պատերի հետքերը: Բերդի մուտքը նկարելիս մատիտը մի պահ ձեռքին մնաց, որովհետև նրա ոտնաձայնից մի անգղ կռնչյունով թռավ բնից, պտույտներ արեց բերդի գլխին: Նրա ձայնին մյուսներն էլ հավաքվեցին:
Ձիերը անգղների կռնչոցից վախեցած խլշեցին ականջները, իրար մոտեցան: Եվ երբ հնագետը բուրգի ծայրից կանչեց, թե ինքը գտել է Բակուր իշխանի դամբանը, նկարիչը չհասկացավ նրա խոսքը: Աչքն անգղների պտույտի հետ էին, նրանց թևերի հզոր շարժումի կեռ ու արնագույն կտուցների հետ: Ինչ ահեղ թափ կար նրանց պտույտւմ: Մի պահ մատիտը ձեռքին մնաց և չնկատեց, թե ինչպես գլխարկը սահեց և ընկավ քարի վրա:
Վրաններից մի մարդ, մանգաղը գոտու մեջ խրած, գլուխը փաթաթած կեղտոտ թաշկինակով մահակին հենվելով բարձրացավ բերդի քարափով և մոտեցավ ձիերի մոտ նստած պահակին: Մարդը տեսավ ակնոցավորին մի քար տեղահան անելիս: Եվ երբ պահակին հարցրեց, թե ովքեր են եկվորները, ինչ են փնտրում բերդի ավերակներում, պահակը նախ հանկարծակիի եկավ և պատասխանեց, որ գրքերում գրած է, թե Կաքավաբերդի գլխին կարասի մեջ թաղված են ոսկե գանձեր:
Հնձվորը միտք արեց, ուսը քորեց և դարձավ դեպի ձորը հնձելու կորեկի արտը: Ու գնում էր ինքն իրեն խոսելով: Ինչ կլիներ, եթե ինքը գտներ գանձը: Քանի անգամ է նա նստել հենց այն քարի վրա, որ տեղահան արեց ակնոցավորը: Եթե իմանար, ապա գանձերը կլինեին նրա արխալուխի գրպանում: Քանի՜ կով կառներ…
Միտք էր անում հնձվորը, երբ նկատեց, որ կորեկի արտի կողքին է: Նա չուխան շպրտեց, չուխայի հետ էլ ավելորդ մտքերը, մանգաղով զարկեց մի կապ կորեկ ու կտրեց:
Բերդի քարերի մոտ բուսել էր ալպիական մանուշակ ծաղիկը ծիրանի գույն: Հնագետը չէր տեսնում ո’չ մանուշակ, ո’չ խոտ: Նրա կոշիկները կրնկակոխ էին անում խոտ ու ծաղիկ:
Աշխարհը նրա համար ընդարձակ թանգարան էր, ուր չկար ոչինչ կենդանի և ոչ մի բզեզ: Նա պոկոտում էր քարերին փաթաթված բաղեղը փայտի ծայրով, արմատախիլ անում քարի ճեղքում բուսած մանուշակը, ձեռքով քարը շոյում և սրբում գրերի հողը: Ֆետրե գլխարկով մարդը, երբ նկարեց այն ամենը, ինչ հարկավոր էր հնագետին, տետրի նոր էջի վրա նկարեց և պարսպի մի մասը ատամնաձև քարերի արանքում քարե արծվի բույնը, պարսպի ոտների տակ ալպիական մանուշակներ:
 
***
 
Կեսօրից անց նրանք բերդից իջան: Հնագետը մի անգամ էլ պտույտ արեց բերդի չորս կողմը տետրում մի բան նշանակեց և ապա արագ քայլերով հասավ ձիերին:
Այս անգամ ամենից առաջ գնում էր երրորդ ձիավորը: Եթե հնագետի գլխում Բակուր իշխանն էր և մատենագիր մագաղաթը, նկարիչը հիշում էր մանուշակները և լսում Բասուտա գետի խուլ աղմուկը, երրորդ ձիավորի աչքի առաջ թարմ լավաշներ էին պանիր ու մածուն :
Նա հենց առաջին վրանի մոտ ձիերն արձակեց, սանձով կապեց ձիերի ոտքը ու ներս մտավ վրանի նեղլիկ դռնից: Քաղցած ձիերն ագահությամբ մռութները  կախեցին թարմ կանաչի վրա:
Վրանի մուտքի առաջ օջախի կողքին մի փոքրիկ տղա մոխրի մեջ սունկ էր խորովում: Անծանոթ մարդկանց ներս գալը նրան զարմացրեց, չիմացավ սունկը թողնի կրակի վրա վազի մոր հետևից,  թե սունկն էլ հետը տանի: Երբ վրանի մոտ նա լսեց մոր բոբիկ ոտքերի ձայնը, զգեստի խշշոցը, տղան սիրտ առավ, խորոված մի սունկ հանեց մոխրից և դրեց օջախի քարին:
Մայրը ներս մտավ գլխի շորը մի քիչ իջեցրեց վար մոտեցավ և վրանի անկյունում դարսած ծալքից երկու բարձ մեկնեց հյուրերին:
Երրորդ ձիավորը հնագետի պայուսակից կոնսերև հանեց :
-Մենք սոված ենք քույրիկ: Թե մածուն ունես, տուր ,համ էլ թեյ գցիր: Շաքար ունենք…ասավ նա:
Կինը մոտեցավ օջախին, տղայի սունկերը դեն դրեց, կռացավ ու փչեց մխացող աթարներին: Նրա գլխի շորը ետ ընկավ, Ֆետրե գլխարկով մարդը տեսավ կնոջ սպիտակ ճակատը, սև մազերը և նույնքան սև աչքերը:
Նրա հայացքը սևեռած մնաց մխացող օջախին, մոխրի մոտ չոքած կնոջը: Որտեղ էր տեսել նա նման մի դեմք, բարձր սպիտակ ճակատ և մուգ մանիշակագույն աչքեր: Երբ կինը վեր կացավ եռոտանի կասկարան բերեց օջախի վրա դնելու, հանեց ծխից սևացած թեյամանը, նկարիչը շատ մոտ տեսավ նրա աչքերը և մոխրի փոշին ունքերի վրա, մազերի վրա:
Ինչքա՜ն շատ ժամանակ էր անցել այն օրից: Եվ մի՞թե հնարավոր է այդքան նման երկու դեմք նույնիսկ նույն շրթունքները: Կաքավաբերդի կնոջ դեմքն արևը մի քիչ այրել էր: Բայց աչքերի ձևը նոյնն էր, ինչ-որ մյուս կնոջ, որ դարձյալ բարակ մեջքով էր և բաձրահասակ:
Կինը թեյի պատրաստություն էր տեսնում անխոս և արագ շարժումներով: Ամեն անգամ երբ նա կռանում էր, բարձրանում, կամ բոբիկ ոտքերով քայլում խսիրի վրա զրնգում էին նրա թևերի արծաթագույն սուրմաները, փոքրիկ զանգակների ձայն հանում: Խշշում էր նրա զգեստը, որի փեշերը իջնում էին մինչև մերկ ներբանները:
 
«Յոյս» թիւ 203
4 Նոյեմբեր 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *