Սուրբ թարգմանչաց տոն

 
 
Ամբողջական անվանումն է՝ Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց,
Հայ ժողովրդի ազգային-եկեղեցական ամենանշանավոր տոներից է, նշվում է Սուրբ Խաչի տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։ Խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։
Հայ առաքելական սուրբ եկեղեցին «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է վեց թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակը։
Այս օրը Հայաստանում նշանավորվում է նաև Ուխտագնացությամբ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: Արևածագից մինչև արևամուտ դպրոցների աշակերտությունը, ուսուցիչների ուղեկցությամբ խումբ –  խումբ այցելում են Օշական, այն գյուղը, որտեղ թաղված է Սուրբ Մեսրոպ Մաշտոցը և ծաղիկներ դնում Հայոց լեզվի առաջին ուսուցչի դամբարանին:
Մեծանուն գրող, բանաստեղծ Գևորգ Էմինը իր հուշերում պատմում է, որ մի անգամ խորհրդային միության հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված մի նիստում, թարգմանիչ – գրողներից մեկը առաջարկում է «Լավ կլինի, որ մենք խորհրդային միության ժողովուրդների ներկայացուցիչներս մի հատուկ օր նշանակենք, որպես «Թարգմանիչների Օր»:
Գևորգ Էմինը ամենայն պարծանքով հայտարարում է, որ հայ ժողովուրդն այդ օրը նշանակել է հինգերորդ դարի սկիզբներից և մեր ժողովուրդն այն տոնում է, որպես իր ամենամեծ տոներից մեկը:
 Աստվածաշնչի թարգմանությունը
Հայերեն առաջին թարգմանական գրականությունը եղել է Աստվածաշունչը։
Ֆրանսիացի գիտնական Լա Կրոզը (1661–1719 թթ.) այն անվանել է «Թագուհի թարգմանչաց»։
Թագմանությունն որպես առաջին գիրն ու գրականությունը հայոց լեզվով այնքան հաջող է, այնքան սահուն, որն իրավացիորեն նաև «Թարգմանությունների Թարգմանություն» է կոչվել:
Թարգմանիչներն Աստվածաշունչը թարգմանում էին լրացումներով, ինչպես նաև տարբեր թարգմանված եզրերի ներմուծմամբ։
Թարգմանության մի մասը կատարվել է ասորերենից, իսկ մյուս մասը՝ հունարենից։ Աստվածաշնչի գլխավոր թարգմանիչներն էին Սահակ Պարթևը, Հովսեփ Պաղնացին, Կորյուն Սքանչելին, Ղևոնդ Անանդեցին և Հովհաննես Եկեղեցացին։
Թարգմանչաց շարժում
Թարգմանչաց շարժումը ծավալվել է հայ գրերի գյուտից անմիջապես հետո՝ 405 թ-ին։ Այն նպատակ ուներ թոթափել երկիրը հունական ազդեցությունից, հիմնել հայկական դպրոցներ, թարգմանել հիմնական հոգևոր և աշխարհիկ գրականությունը, հայկականացնել եկեղեցական ծեսերն ու հիմնել ինքնուրույն հայալեզու դպրություն։ Ծայր առած շարժումը հետապնդում էր նաև որոշ պետական շահեր. հայոց գրերի ստեղծմամբ Արշակունիների թուլացած գահի պաշտոնական գրագրությունը հունարենից և ասորերենից պետք է անցներ հայերենի, իսկ հայալեզու դպրոցն ու գրականությունը հայալեզու եկեղեցու միջոցով պետք է նեցուկ դառնային հայոց պետականության ու ժողովրդի ինքնության պահպանմանը։ Հարկ է նշել, որ բոլոր գործողությունները ղեկավարվում էին եկեղեցական և հոգևոր այրերի կողմից՝ արքա Վռամշապուհի անմիջական օժանդակությամբ։ Ընդհանուր առմամբ, 5-րդ. դարի առաջին կեսին կատարված թարգմանությունները կարելի է դասակարգել հետևյալ բաժինների՝
1. Ծիսական երկեր (Խորհրդատետր-Պատա-րագամատույց, Ժամագիրք և այլն)
2. Հայրախոսական գրականություն,
3. Վկայաբանություն և Վարքագրություն
4. Կանոնական (եկեղեցական ժողովների և սուրբ հայրերի կողմից գրված կանոններ ու սահ-մանումներ)
5. Պատմական երկեր Հայ գրերի գյուտից մինչև 440-ական թթ ասորերենից և հունարենից թարգմանվել են մեծ քանակությամբ գործեր։ Դրանցից հատկանշական են հետևյալները՝ Աստվածաշնչի թարգմանությունը (405–408-ին և 430-ական թթ), Խորհրդատետր-Պատարագամատույցներ, Դիոնիսոս Թրակացու «Արուեստ քերականութեան», Փիլոն Եբրայեցու ճառերը, Պորփյուրի «Ներածություն»-ը, , Աթանաս Ալեքսանդրացու 15 ճառերը, Ժամագիրք, Հովհան Ոսկեբերանի ճառերը, քարոզներն ու մեկնությունները, Կյուրեղ Ալեքսանդրացու մեկնությունները՝ նվիրված Ծննդոց գրքին և Պողոս առաքյալի թղթերին, «Ճառ Ս. Երրորդության մասին», նամակներ Նեստորին և 12 նզովքները, Եվթաղի «Նախաբաններ և մեկնություններ»-ը՝ նվիրված Գործք առաքելոցին և Պողոս առաքյալի թղթերին, Հիերոնիմոսի մեկնությունը, Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմություն»-ը (416–420-ին), Եպիփան Կիպրացու «Մարգարեների վախճանի մասին»,Սեբերիանոս (Սեվերիանոս) Գաբաղացու ճառերը, Եվագր Պոնտացու ճառե-րըն ու մեկնությունները, Եվսեբիոս Եմեսացու ճառերը, Կյուրեղ Երուսաղեմացու «Կոչումն ընծա-յութեան»-ը, Բարսեղ Կեսարացու «Վեցօրյա  արարչության մասին» աշխատությունը, նաև ճառերը, մեկնություններն ու խրատները, Պլատոնի աշխատությունները, Արիստիդես Աթենացու «Քրիստոնեական հավատի ջատագովությունը» (420–430-ին), Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոնը» (430-ական թթ), Պրոկղ եպիսկոպոսի թղթերը՝ ուղղված Սահակ Ա Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին (430-ական թթ), Ակակիոս Մելիտենացու երկու թղթերը (430-ական թթ), Եփրեմ Ասորու ճառերը, աղոթքները և Սուրբ Գրքի մասերին նվիրված մեկնությունները, Ս. Թադեոսի և Ս. Սանդուխտի վկայաբանությունը (430-ին,), Մեթոդիոս Ոլիմպիացու «Անձնիշխանության մասին» երկը, Եպիփան Կիպրացու «Ընդդեմ աղանդոց» երկը, Հիպպոլիտոս Բոստրացու ճառերն ու մեկնությունները, «Բոլոր աղանդների հերքումը» (430–440-ական թթ, Գրիգոր Սքանչելագործի «Քրիստոսի ծննդյան մասին», Զենոբ Ամիդացու ճառը, Այիթալա Եդեսացու ճառը, Գրիգոր Նազիանզացու ճառերը, Անտիոքի, Գանգրայի, Լաոդիկեի, Նեոկեսարիայի ժողովների և Նիկիայի Ա տիեզերական ժողովի կանոնները (430–440-ական թթ)։ 490-ական թթ թարգմանվել է նաև Արիստոտելի «Ստորոգութեանց» և «Յաղագս մեկնութեան» երկերը։
Հինգերորդ դարի առաջին կեսին են թարգմանվել մի շարք անվավեր ճանաչված բնագրեր, այդ թվում նաև «Պիղատոսի նամակը Տիբերիոս կայսեր», «Եդեսիա քաղաքի թագավոր Աբգարի նամակը», «Հակոբի ուղերձը Կոնդրատիոսին», «Քրիստոս Պոնտիոս Պիղատոսի առջև», «Առաքյալների վարդապետությունը»։
Թարգմանվել են նաև բազմաթիվ վկայաբանություններ և վարքագրություններ՝ և հունարենից, և ասորերենից։
Ողջ թարգմանական գրականությունը հիմքեր է ստեղծել հայ ինքնուրույն՝ մեկնողական, աստվածաբան-դավանական, իմաստասիրական, պատմական և այլաբնույթ գրականության ստեղծման համար՝ Գրիգոր Ա Լուսավորչի (կամ նրան վերագրվող) «Հաճախապատում ճառերը», Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը», Կորյունի «Վարք Մաշտոցի»-ն, Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը», Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» և այլ երկեր։
Թարգմանչաց շարժման ավանդույթները շարունակվել են նաև հետագա դարերում (Գրիգոր Մագիստրոս Պահլավունի և այլք), սակայն նոր թափ են ստացել հատկապես XIV դ. լատին միարարների (ունիթորություն) և նրանց հայ հետևորդների շնորհիվ։
Քռնայի և Ծործորի դպրոցներում լատիներենից թարգմանվել են Թովմա Աքվինացու, Բոնավենտուրայի, Ժիլբեր Պոռետացու, Ալբերտ Մեծի, Բարդուղիմեոս Բոլոնիացու, Պետրոս Արագոնացու և այլ հեղինակների երկերը։
Թեև միարարների նպատակն էր հիմնավորել կաթոլիկության առավելությունը, սակայն նրանց գործունեությունը մեծապես նպաստել է եվրոպական քրիստոնեական մտքի նվաճումների յուրացմանը, որը հմտորեն իրագործել են Հայ եկեղեցու վարդապետներն ու գաղափարախոսները։ XVII դ., հոգևոր մշակույթի աշխուժացմանը զուգընթաց, վերականգնվել են Թարգմանչաց շարժման ավանդույթները։ Թարգմանչաց շարժումն իր սկզբնավորումից ի վեր խթանել է լուսավորականության, կրթության, գիտության, լեզվաշինության և նոր գաղափարների զարգացումը։
19-20-րդ դարերը նշանավորվել են համաշխարհային գրականության մի շարք հեղինակների թարգմանությամբ։ Հայ գրողներ Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը, Հովհաննես Մասեհյանը, Խաչիկ Դաշտենցը և ուրիշներ զգալի ավանդ են ունեցել համաշխարհային գրականությունը հայերենով ներկայացնելու գործում։ Շելլիի ստեղծագործությունները թարգմանվել են Հ. Թումանյանի և Ա. Չոպանյանի կողմից։ Վալտեր Սկոտի գործերից առաջինը հայերեն է թարգմանել Մ. Մամուրյանը, Հայնեի ստեղծագործությունները՝ Հ. Թումանյանը, Վ. Տերյանը, Հ. Հովհաննիսյանը, Ե. Չարենցը և ուրիշներ։
«Հույս»ն առաջարկում է Իրանահայության համար էլ նշանակել «Թարգմանիչների օր» և մեծարել իրանահայ այն գրողներին և բանաստեղծներին, որոնք կատարում են նաև թարգմանություններ:
Վերը նշված անվանի թարգմանիչների մեջ արդեն կարդացիք Հովհաննես Մասեհյանի անունը: Մենք ունենք նաև շատ ուրիշներ, որոնք դժբախտաբար շատ քիչ են հիշվում ու հիշատակվում մեր կողմից:
Մենք այս համարի պարսկերեն բաժնում անդրադառնալու ենք վաստակավոր ուսուցիչ՝ հայերենից պարսկերենի թարգմանիչ Ալեք Խա-չատրյանին, որը բավական շատ թարգմանություններ է կատարել հայ գրականությունից: 
Ալեքն իր կյանքի վերջին տարիներին եղել է Իրանի Իսլամական Հանրապետության Հայկական Ռադիոժամի պատասխանատուն:
Թարգմանիչներ՝
Ս. Մեսրոպ Մաշտոց (362-440)
Ս. Եղիշե Պատմիչ (~ 410 – ~470)
Ս. Դաւիթ Անյաղթ Փիլիսոփայ(~475-~550)
Ս. Մովսէս Քերթող Սիւնեցի (է. դար)
Ս. Գրիգոր Նարեկացի (951-1003)
Ս. Ներսէս Շնորհալի (1102 – 1173) (Ներսէս Դ. Կլայեցի)
 
ՍՈՒՐԲ ԹԱՐԳՄԱՆԻՉ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԸ
«Սուրբ Թարգմանիչ Վարդապետներու տօնը հայ ժողովուրդի ամենանուիրական և սիրուած ազգային-եկեղեցական տօներէն է: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ թարգմանիչ վարդապետներու անուան ներքեւ կը տօնէ Մեսրոպ Մաշտոցի, Եղիշէ Պատմիչի, Մովսէս Խորենացիի, Դաւիթ Անյաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացիի եւ Ներսէս Կլայեցիի (Շնորհալի) պայծառ յիշատակը:
Ս. Թարգմանիչներն իրենց անսահման ջերմու-թեամբ և հաւատքի լոյսով ցրեցին տիրող խաւարն ու ջերմացուցին հայ մարդու հոգին: Անոնց շնորհիւ Աստուածաշունչ մատեանը հայերէն թարգմանուեցաւ, եւ հայը առաջին անգամ ըլլալով հնարաւորութիւն ստացաւ իր մայրենի լեզուով կարդալու Աստուծոյ կենդանի խօսքը: Սրբազան թարգմանիչներն իրենց լայն գործունէութեամբ նպաստեցին Հայոց աշխարհի հոգևոր-մշակութային զարթօնքին: Ս. Գրքի թարգմանութեան յաջորդեցին Եկեղեցւոյ Ս. Հայրերու բազմաբնոյթ երկերու հայերէն թարգմանութիւնները, որոնցմէ շատեր այսօր, իրենց բնօրինակներու կորստեան պատճառով, բնագրի արժէք ստացեր են»:
ՄԱՇՏՈՑԻ ԱՐՁԱԳԱՆԳ
ՓՈՒԹԱՆԱԿԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ
«Կորիւն Սքանչելի, Եզնիկ Կողբացի եւ Մովսէս
Խորենացի անունները: Անոնք՝ Մեսրոպ մաշտոցի աշակերտներն են որոնք կը դասուին մեր առաջին թարգմանիչներու կարգին:
Հայաստանեայց եկեղեցին մեր թարգմանիչները սրբացնելով անոնց յատկացուցած է իւրայատուկ յիշատակութիւն, որ կը տօնենք Հոկտեմբեր ամսուան ընթացքին:
Առաջին գիրքը, որ հայերէնի կը թարգմանուի 408-415 թուականներուն միջեւ, Սուրբ Գիրքի Հին ուխտն էր կատարուած Եօթանասնիցէն:
Նոյնքան հետաքրքրական է նաեւ գիտնալ, թէ Նոր Ուխտի
հայերէն լեզուով թարգմանութիւնը եղած է ասորերէն հին
թարգմանութեան մը հետեւողութեամբ: Այս թարգմանութիւնն է, որ կոչուած է «փութանակի թարգմանութիւն», որ կը նշանակէ հապճեպով, աճապարանքով կատարուած թարգմանութիւն»:
ՀԱՅ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԿԵԴՐՈՆՆԵՐԸ
«Հայ գրչութեան առաջին կեդրոնը Վաղար-շապատն է:
Այստեղ Ե. դարէն սկսեալ գրուած, ընդօրինակուած
եւ Հայաստանի տարբեր կողմերը ղրկուած են
հայերէն ձեռագիրներ: Ասոնք իրենց կարգին կրկին
ընդօրինակուելով բազմացուած են գրչութեան նոր կեդրոններու մէջ:
Միջնադարեան Հայաստանի մէջ եղած են
աւելի քան 1,500 գրչութեան կեդրոններ, որոնք
գործած են տարբեր ժամանակներու մէջ եւ ունեցած տարբեր ընդգրկումներ: Առաւել նշանաւոր էին Վաղարշապատի, Սիւնեաց, Անձեւացեաց, Տաթեւի, Վարագի, Նարեկի, Հաղբատի, Սանահինի եւ այլ գրչութեան կեդրոնները:»
 
«Յոյս» թիւ 202
21 Հոկտեմբեր 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *