Մարկոս Գրիգորյանը եւ գորգարվեստը

 
 
 
15 Սեպտեմբեր 2015 Հեղինակ՝ Աստղիկ Ամիրբեկյան
0 մեկնաբանում 240 դիտում
Բաժիններ: ԿԵՐՊԱՐՎԵՍՏ
 
Հայկական և իրանական արվեստում իր ուրույն տեղն ունի Մարկոս Գրիգորյանը ում անունը հա-մաշխարհային արվեստում կապվում է հիմնականում հողանկարչության հետ: Բացի նկարչական գործու-նեությունից, նա անդրադարձել է նաև հայկական գորգերին, սկսել բացահայտել այն 1958 թվականից` իր արվեստանոցի հաստոցի միջոցով, որը նվեր էր ստացել թեհրանցի վարպետներից: Մարկոսը ստեղծել է բազմաթիվ գորգանկարներ, որոնք շատ արխայիկ են, ազատ տեղադրված տարածության մեջ` տարբեր արևելյան գորգերի հարդարման սկզբունքից. էսքիզներում գեղանկարչական ռիթմ կա, նրանցում գրաֆիկական գիծն ու գունային համադրությունները ամբողջական գեղարվեստական կերպար են ստեղծում: Զարդանկարները կազմված են հիմնականում երկրաչափական ոճավորում ստացած այծապատկերներից, թռչնային պատկերներից կամ ոճավորված խորհրդանշաններ պարունակող սիմվոլներից:
Նրա գորգերը կրում են հայկական քաղաքների և պատմական անձանց անուններ` «Էրեբունի», «Արամազդ», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Գառնի», որոնք  ներկայացված են սիմվոլիկ պատկերների միջոցով՝ եղջերավոր կենդանիներ են՝ պատկերված զանազան ձևերով: Կան որոշ գորգեր, որոնք ունեն հեքիաթային և առասպելական էակների անուններ. «Ոսկե հավքը», «Խենթ աքաղաղը» և այլն: Գորգերում պահպանված է որոշակի սխեմատիկ սկզբունք՝ պատկերների դասավորություն:
Մարկոս Գրիգորյանի ամենահայտնի գորգերից մեկը «Էրեբունի» գորգն է, որի մուգ գորգադաշտի վրա հորիզոնական ուղղությամբ տեղադրված  է ութ շարք`  միմյանցից տարբերվող այծերի գծապատկերներ: Այծապատկերները վերցված են շրջանակների մեջ և առանձնացված են կենաց ծառի ոճավորված զարդամոտիվով: Այս տեսարանը հիշեցնում է մ.թ.ա. IX-VI դարերի հայտնաբերված թագավորական սաղավարտների, գոտիների, ինչպես նաև Սյունիքի և Գեղամա լեռների ժայռապատկերների խոյերին:Եթե նկատենք, որ ժայռանկարչությունը եղել է աշխարհաճանաչողության ձև, ապա պետք է նշել, որ գորգանկարիչը տվյալ գորգի պատկերներում գաղափարական կապ է ստեղծել  հնագույն պաշտամունքի հետ:
Նմանատիպ գաղափարներ է կրում մեկ այլ գորգ, խոսքը «Արա Գեղեցիկ և Շամիրամ» գորգի մասին է, որը գործվել է 1987 թվականին, իսկ էսքիզն արվել է 1957-ին: Այստեղ գորգադաշտի վրա` կենտրոնից աջ և ձախ, տեղադրված է սպիտակ եզրագծերով երկու խոյապատկերներ, որոնք խորհրդանշում են Հայաստանի և Ասորեստանի թագավորներին: Երկու պատկերներն էլ վերցված են սպիտակ շրջանակի մեջ: Պատկերների մեջտեղում բուսական ոճավորմամբ արևի սիմվոլ է, որից ներքև`արձանագրություն է, նշված է ստեղծման թիվը, որը բնորոշ է հայկական գորգագործությանը և արվեստի այլ ուղղություններին, ինչպես օրինակ քանդակագործությունն է և ճարտարապետությունը:
 
«Արամազդ» գորգը, որը Մարկոսը գծագրել է 1965 թվականին, գործվել է և ունի դարչնագույն գորգադաշտ, որի վրա, օվալաձև մեդալիոնի մեջ, քարայծերի կամ խոյերի երեք պարզունակ գծապատկերներ են տեղադրված:  Մեդալիոնն ունի երկրաչափական զարդաձևերով  շերտեր, որոնք խորհրդանշում են երկնային մարմիններն ու բնության տարերքներ`արտահայտում են հարատևության գաղափարը: Այս գորգի բոլոր զարդանախշերը լրացնում են մեկը մյուսին և հայոց դիցարանի գլխավոր աստված Արամազդի խորհրդանշաններն են:
Բացի վերը նկարագրված գորգերից իրենց  անվանումներով  և պատկերագրությամբ յուրահա-տուկ են նաև «Գառնի», «Արգիշտի», «Սարդուրի», «Գազել» գորգերը: Այս գորգերից յուրաքանչյուրում տեղադրված են խոյի պատկերներ` տարբեր լուծումներով:
Խորհրդաբանական նշանակություն ունեն նաև Մարկո Գրիգորյանի կողմից գծագրված թռչնապատ¬կերով գորգերը: Ուշագրավ են «Խենթ աքաղաղ» և «Ոսկե հավք» գորգերը, որոնց էսքիզները արվել են 1960 թվականին: Նշված երկու գորգերում էլ թռչնի պատկեր է, առաջինում այն ներկայացված է դեպի հետ նայող թռչի տեսքով, որը վերցրված է շրջանակի մեջ, որը հարդարված է երկրաչափական զարդաձևերով:
 «Ոսկե հավք» գորգում վահանաձև նախշ է` թռչնապատկերով: Թռչնի թևերը տարածված են դեպի վեր: Կենտրոնական պատկերը տեղադրված է գորգադաշտի ամբողջ մակերեսով տարածված ծառի ճյուղերի վրա:
Մարկոս Գրիգորյանի գորգերում թռչնային պատկերները  խոյերապատկերների նման ունեն խորհրդաբանական իմաստ: Սրանք նույնպես հանդիպում են և’ ժայռապատկերներում, և’ ավելի ուշ, ինչպես հայկական, այնպես էլ պարսկական արվեստի բազմաթիվ ճյուղերում, այդ թվում` գորգագործության մեջ: Մեզ հայտի են թռչնային անվանումներ կրող գորգեր՝ «Արծվագորգ», «Թռչնագորգ», «Աստղա-հավք» և այլն, ինչը խոսում է մեր մշակույթում թռչնի կարևոր դերի ու նշանակության մասին:
Հայտնի է, որ թռչնի պատկերը կապվել են երկնային երևույթների, գարնան, արևի, բարու հետ: Հայկական զարդարվեստի լավ գիտակ Ասատուր Մնացականյանը թռչնի պատկերը դիտարկում է որպես բարու խորհրդանիշ, որին պատկերում էին ծիսական նշանակություն ունեցող զանազան իրերի վրա:
Կարևոր է նաև կենաց ծառի առկայությունը այս բոլոր գորգերում: Ինչպես վերը նշված պատկերները, կենաց ծառն էլ ունի պատկերագրական շատ հին պատմություն: Պտղաբերության, կյանքի շարունակման գաղափարը կրող այս մոտիվը ծաղկային մոտիվի ամենազարգացած ձևն է:
Ծառի պատկերները հանդիպում են զանազան ձևերով: Հին աշխարհում մայր աստվածուհու և բուսաշխարհի պաշտամունքը մշտապես համակցվել է, որի վկայությունն են փորագիր բուսանախշերով կուռք-արձանիկները, եգիպտական Իսիդա, հունա-հռոմեական Արտեմիս-Աֆրոդիտե աստվածուհիները, հայոց (առաջավորասիական) Անահիտը, որին ոստեր էին նվիրաբերում:
Այս ավանդույթների արտացոլումը տեսնում ենք Մ. Գրիգորյանի ստեղծած էսքիզներում և գորգերում: Նրա էսքիզներով ստեղծված գորգերը ձոն են հայկական հնագույն արվեստին:
 
«Յոյս» թիւ 202
21 Հոկտեմբեր 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *