Սիմոնի կամուրջը (3)

 
ԻՒՐԻԿ ՔԱՐԻՄ ՄԱՍԻՀԻ
Թարգմ.` ՇԱՔԷ Ա. ՊԵՏՐՈՍԵԱՆ
 
 
Ամեն օր, երբ Քամռանը աւարտում էր  մթերքի մատակարարման իր աշխատանքը քաղաքում, եւ Ռաֆիկը փակում էր լուսանկարների շրջանակման իր արւեստանոցը, երկու տղամարդիկ ուղիղ գնում էին նոյն նստարանի մօտ եւ սպասում Հենգամէի անցնելուն: Դա մի հիւանդութիւն էր, որն էլ ստիպեց Քամռանի մօր ձայնը դուրս գայ:
Այն հնչեց ինչպէս զարթուցիչ: Նրանց տենչը դարձել էր հարեւանների անեկտոդների առանցքը: Այնույետ դէպքերը արագ զարգացան. Քամռանի քեռակինը նորապսակներին առաջարկեց Հենգամէի տնից  բաւականին հեռու , զեղչ գնով մի բնակարան: Քամռանը ընդունելուց բացի, այլ ելք չունէր: Մէկ տարուց աւելի պակաս աղջիկ ունեցաւ, եւ Ռաֆիկին ասաց, որ ընտանիքը պահելու համար ստիպւած է երկու հերթափոխ աշխատել: Ռաֆիկը եւս փորձեց իրեն խեղդել աշխատանքում, իր արւեստանոցում: Անցել էր ձգւած երեկոները, երբ նրանք նստում էին, սպանելով ժամանակը, մինչեւ Հենգամէի անցնելը- Հենգամէի, ով յաճախ ժպտում էր, բայց երբէք, երբէք չարտասանեց ոչ մի բառ:
Դա մի ուրիշ կեանք էր, ուրիշ մի ժամանակ:
Յետոյ, դա պատահեց: Մի օր Ռաֆիկը քայլում էր նոյն հին փողոցներով, տարւած իր գործերով, երբ դէմ դուրս եկաւ Հենգամէին: Նրանք կանգնած էին մի քանի սանտիմետր հեռաւորութեամբ. Դէմ առ դէմ:  Սա նման չէր անցեալի այն բոլոր պահերին, երբ ինքը եւ Քամռանը երկար կանգնում էին մի կողմ ու նայում էին նրան շորորալով անցնելիս: Ռաֆիկը զգում էր, ոնց որ մատները խրած լինէր հոսանքի վարդակի մեջ. նա չէր կարողանում շարժւել:
Հենգամէն կոտրեց սառոյցը: «Ռաֆիկ, մի բան ասա. Հա՞մր ես»:
 «Ըմմ, այո, ես եմ» 
Նա ժպտաց. «Ինչո՞ւ ես միշտ փախչում ինձնից»:
Դժւարանում էր խօսել.- Չեմ փախչում:
 «Գիտե’ս թէ ինչի մասին եմ խօսում, այս բոլոր տարիներին…»:
Ռաֆիկի բերանը չորացել էր. Կանգնած էր բերանը բաց:
 « Լաւ, Վաղը երեկոյեան եկ ինձ մօտ. Ճիշտ իննին. Գիտեմ, որ գիտես` ինձ ուր գտնել». Ժպտաց:
Նա  կանգնած էր փողոցի մէջտեղում, չհաւատալով իր իսկ ականջներին, իսկ նա գնաց:
Հենգամէն հրաւիրել էր իրեն ի՞ր տուն. Ինչպէ՞ս այս լուրը հաղորդի Քամռանին: Պիտի՞ ասի նրան: Քամռանը հիմա ամուսնացած է, սա նրան կը շփոթեցնի: Բայց, յետոյ… սա նո՞յնը չէ, ինչ հացդ չկիսես լաւագոյն ընկերոջդ հետ: Չնայած,  Հենգամէն երկու  հոգու մէջ բաժանելիք իր չէր, թէ՞… էր…: Սարսափահար, շփոթահար ու խանդավառ վիճակում, Ռաֆիկը պարտաւոր էր յիշեցնել ինքն իրեն, որ Քամռանը ամուսնացած է. «Եւ` ես չեմ»:
Այն պահից, ինչ հանդիպեց Հենգամէին, մինչեւ յաջորդ երեկոյեան ինը, կարծես մի կեանք տեւեց: Ռաֆիկը չգիտէր ինչ անել. ժամը եօթին նա լողացել էր, սափրւել, հագել մաքուր հագուստները, եւ օդեկոլոնի ահագին չափաբաժին ցանել: Նա պատրաստ էր. եւ ունէր երկու անհնարին աւելորդ-ազատ ժամ:
Գարնան վերջն էր, եւ ուշ եր մթնում: Տնից դուրս գալիս, Ռաֆիկի մայրը ոտքից գլուխ չափեց: Նա գիտէր, որ տղան գնում է հանդիպելու մի կնոջ: Եթէ նա իմանար նրա մասին` դժոխք կստեղծէր: Պիտի հանդարտ ձեւանայ, չէր ցանկանում երկար քայլել եւ քրտնել, գուցէ վատ հոտ տար եւ Հենգամէն երես թեքէր: Ոչ,կը գնայ եւ կը նստի Բահարեսթան այգու նստարանին եւ մինչեւ ինին տաս րոպէ մնացած եւ կը փորձի  մի քիչ խելքի գալ:
Քայլերը նրան տարան այնտեղ, որի կողքից երկար ժամանակ չէր անցել`հին, համար  12+1 տունը. այն վայրը, ուր տարիներ առաջ կին էր սպանւել, բայց արդեօք սպանւել է՞ր. Ժամանակին թերթերը շատ նիւթեր տպագրեցին, բայց ոչ ոք մեղաւոր չյայտա-րարւեց: Գուցէ նա սահել ու ընկել էր: Ռաֆիկը շատ բան չէր յիշում, եթէ նոյնիսկ նրանք յայտնաբերել էին կասկածեալին: 
Նա իրեն գտաւ նոյն տեղում կանգնած, սեւեռւած նոյն լուսամուտին, որից այն ժամանակ գողունի նայել էր: Շատ չանցած մի կին մօտեցաւ պատուհանին եւ նայեց հարցական հայեացքով. Նա ոչինչ չասաց. Պարզապէս կանգնեց նայելով նրան, տանը նայե-լիս: Նա նկատեց, որ ամբողջ յատակը ծածկել են գորգերով, միայն միակ աստիճանի եզրն էր գորգի տակից երեւում: Ի վերջոյ կինը ձեռքը հպեց ապակուն կարծես նրան հեռացնելու նպատակով: Դա Ռաֆիկին դուրս հանեց յափշտակութիւնից:
Նա քրթմնջաց «Ներողութիւն» եւ շրջւելով հեռացաւ:
Ժամը ութն էր:
Կարծում էր, թէ ընդամէնը մի քանի վայրկեան էր կանգնել, թէպէտ մի ամբողջ ժամ էր անցել:
Նա նստեց պուրակում, չմտածելով Հենգամէի, բայց այդ տան եւ կնոջ մասին, ով սեւեռւել էր նրան: Ամբողջովին շփոթահար էր:
-Աղա, վիճակ գնէք, չէ՞ք առնի»
Այն փոքրիկ կեղտոտ տղաներից էր, որոնց տեսնում ես խաչմերուկներում իրանա-կան բանաստեղծութիւնների վիճակ ծախելիս: Առանց մտածելու, Ռաֆիկը գրպանից դրամ հանեց եւ մեկնեց փոքրիկին: Յետոյ, նա իր համար անբացատրելի  բան կատարեց` քանի տղան իրեն էր մեկնում վիճակի թուղթը, Ռաֆիկը հաշւեց ծրարները եւ վերցրեց տասներեքերորդը նրա ձեռքից:
 «Չէ՞ք կարդում, պարոն, աղա. Լաւ է, երբ  անմիջապէս ես կարդում»:
 «Ոչ, տղայ. յետոյ կը կարդամ. խոստանում եմ»:
Գիտէր, որ յետոյ էլ չի կարդալու: Չէր ցանկանում: Չէր ցանկանում Հենգամէին,  համար  12+1 տան կնոջը եւ թղթի այս վիճակը իրար կապել: Յանկարծ ուզեց, որ գնած չլինէր այն:
Ճիշտ ութ եւ յիսուն րոպէ. Նա վերջապէս վեր կացաւ: Հասնելու համար Հենգամէի տուն նա ստիպւած էր կրկին անցնել Սիմոնի կամրջով: Նա դանդաղեց եւ նայեց  ոտքերի տակ գարնանային վարարած հոսանքին: Յիշեց մեռած եղբօրը: Եթէ միայն Ռազ-միկը տարիներ առաջ այդպէս անմտաբար վարւած չլինէր: Ռաֆիկը կանգնեց այնտեղ սեւեռւած,  մինչեւ գլուխը պտտւեց եւ ոտքերում թուլութիւն  զգաց: Մի ձեռք նրան բազրիքից հեռացրեց:
 « Ինչ ես անում, քիչ էր մնում ընկնես ձողերից»:
Մի կին էր խօսում: Նրան այնպէս էր նայում, կարծես խենթ լինէր: Նա անգամներ ներողութիւն խնդրեց եւ շնորհակալութիւն յայտնեց: Կինը կասկածանքով կրկին նրան նայեց եւ հեռացաւ:
Եթէ այս ամբողջը խա՞ղ լինի:   Ինչո՞ւ պիտի ողջ Նարմաքի եւ Զարքեշի ամենագեղեցիկ կինը ցանկանայ իրեն տեսնել: Եւ հէնց ի՞ր տանը: Ռաֆիկն սկսեց կասկածել: Ափսոսեց, որ վիճակ-գուշակութիւնը յանձնել էր ջրի հոսանքին: Կարող է՞ր արդեօք գուշակութիւնը ասել իրեն, թէ Հենգամէի հրաւէրը իրական էր: Կասկածում էր:
Հենգամէենց փողեցի լոյսերի մեծ մասը անջատւած էր: Նա կանգնեց մուտքի դռան առջեւ եւ նկատեց, որ այն արդէն կիսաբաց է: Նա անցաւ միջանցքը եւ արդէն թակում էր, երբ նա բացեց դուռը:
Ցածրաձայն ասաց. «Որքան ճշտապահ ես» եւ ներս թողեց նրան:
Լուսաւորութիւնն աղօտ էր եւ Ռաֆիկը լաւ չէր տեսնում, թէ ուր է ոտքը դնում: Պատին նա լուսանկարներ նկատեց . Հաւանաբար Հենգամէի աշխատանքներից էին: Նրա բարձրակրունկների ձայնը հետեւում էր իրեն: Այդ ձայնը գրգռում էր նրան: Նա հասաւ Ռաֆիկին եւ նրանք դէմ առ դէմ կանգնեցին: Այժմ ամէն ինչ յստականում էր: Այդ  ան-թեւ, սեւ հագսուստը նրա հագի’ն. Կարմիր շրթնե’րկը եւ կարմրագոյն եղունգնե’րը: Նուրբ մանեա’կը վզին եւ փոքրիկ կարմիր ականջօղերը նրա սպիտա’կ, թա’րմ մաշկին: Նա ժպտաց եւ Ռաֆիկը զգաց, որ ոտքերը փախչում են տակից:  Նա խելքամաղ էր լինում եւ ուզում էր յաւերժ պահել այդ զգացողութիւնը:Նա մեղմօրէն բռնեց տղայի ձեռքը եւ հրեց նրան դէպի հիւրասենեակի բազմոցը:
 «Աստիճանից զգուշացիր. Ես կամաւ լոյսը քիչ եմ անում, այսպէս աւելի եմ սիրում»:
 «Ես էլ»:
Նա հրաշալի բուրում էր. ամբողջովին կլանել էր ուզում այդ բուրմունքը :
 «Ուրեմն այն օրը, եթէ ես  չհանդիպէի քեզ,  դու երբէք ոչ մի քայլ չէ՞իր անելու»:
 «Ես ինձ կսպանէի քո ուշադրութեանը արժանանալու համար»:
 « Այդ դէպքում ինչո՞ւ չէիր մօտենում»:
Դա այնքան էլ արդարացում չէր, բայց Ռաֆիկը ցոյց տւեց իր աջ աչքը: « Ես փոքրիկ խնդիր ունեմ այստեղ»: Աչքի վրայ փոքր բիծ կար ու նա ամբողջ կեանքում  այն գիտակցել էր: Ճիշտ Քամռանի նման, ով հիմա էլ մտահոգւում էր երեխայ ժամանակից վերին շուրթին մնացած սպիի մասին: Եւ աւելացրեց.- « Ես չէի կարծում, որ դու հետաքրքրւես ինձ պէս մէկով»:
Հենգամէն հառաչեց. «Երբ մէկը իւրայատուկ մի բան ունի, պիտի հպարտ լինի դրանով»:
«Հպա՞րտ»:
 «Այո, քս փոքրիկ խնդիրը կանանց ստիպում է քեզ աւելի շատ տենչալ»:
Նա վեր կացաւ եւ գրկեց Ռաֆիկի ուսերը: «Ի՞նչ կասես սուրճի մասին. Ես գիտեմ դուք հայերդ սիրում էք մի գաւաթ սուրճ, չէ՞»:
 «Ես երեկոյեան սուրճ չեմ խմում, բայց այս գիշեր_ սա յատուկ գիշեր է»:
 «Յատո՞ւկ. Ուզում ես ասել, որ միայն ա՞յս  գիշեր ես ուզում տեսնել ինձ”:
Նա չսպասեց նրա պատասխանին եւ գնաց դէպի խոհանոց: Ռաֆիկը հայեացքով հետեւեց նրան:
 «Անո՞ւն»;
 «Ռաֆիկ Մահմուդի»:
 «Ի՞նչ տեսակ անուն է Ռաֆիկ»:
 «Հայկական»:
 « Եւ ինչպէ՞ս է, որ դու իսլամական ազգանուն ունես»:
 «Իմ նախնիները Ատրպատականի Սալմաստ գաւառից են, այնտեղ շատ հայեր  իմ ազգանունից  ունեն»:
 « Լսիր, պարոն հայկական, մենք ուզում ենք քեզ օգնել, բայց թւում է թէ ցանկանում էք մեզ հետ խաղ անել»:
 « Ես ոչ ոքու հետ խաղ չեմ անում, պարոն օֆիցեր»:
 «Դուք ընդունո՞ւմ էք, որ սպանել էք Հենգամէ Ֆարահբախշին»:
Ռաֆիկը դատարկ հայեացքով նայում էր քննիչին: Եթէ նա մի բան էր զգում նոյնիսկ, այն թմրութիւն էր:
 « Նա դեռ հագուստներով էր. Կարծում եմ շատ հեռուն չէիք գնացել»:
 « Մենք ուզում էինք սուրճ խմել»:
«Ե՞ւ»:
« Ես արդէն ասել եմ ձեզ»:
« Նորից պատմիր ինձ»:
Ռաֆիկը խոր շնչեց: « Հենգամէն գնաց խոհանոց սուրճ պատրաստելու. Նա յետ եկաւ ասելով, որ մարմանդ կրակին է դրել այն: Յետոյ… յետոյ հնչեց դռան զանգը: Նա վախեցած էր. Ասաց , որ յոյս ունի վերի յարկի վարձւորները չեն: Նա ստուգեց բանալու անցքից, յետոյ յետ վազեց եւ ինձ ստիպեց թաքնւել բազմոցի յետեւում. Ես հարցրեցի թէ ով էր. Ինքնակոչ հիւր. ասաց: Ասաց, որ փակեմ աչքերս եւ ականջներս եւ ոչ մի շարժում չանեմ: Կարող էք պատկերացնել, թէ ինչպէս էի զգում ինձ, սարսափելի էր: Քիչ անց լսեցի վիճաբանութեան ձայներ, բայց չեմ կարող ասել, թէ ինչ էին խօսում: Զգում էի, որ ինչ-որ բան պիտի անեմ, ստորացած էի, յիմար: Միայն կարողացայ մի քիչ վեր քաշել ինձ. Կարող էի միայն տեսնել խոհանոցի լոյսը եւ շարժւող երկու շւաք: Սկզբում Հենգամէն դուրս եկաւ, սկուտեղը ձեռքին, ուզում էի հաւատալ, որ սուրճն է բերում: Տղամարդը նոյնպէս ձեռքին ինչ-որ բան ունէր, փոքրիկ արձանիկի նման մի բան. վստահ չեմ: Յետոյ նա… նա ուղղակի հարւածեց նրա գլխին. Ես այդ տեսայ իմ սեփական աչքերով: Նա գլխով վայր ընկաւ, ուժգին: Սկուտեղը ընկաւ ձեռքից եւ գետնին խփւելիս սարսափելի աղմուկ հանեց: Սարսափելի, իսկապէս բարձր: Ես լսեցի երկրորդ յարկի դռան բացւելու ձայնը եւ նրա անունը կանչելով` հարեւանների ոտ-նաձայները աստիճաններին: Ես կուչ եկայ բազմոցի ետեւում, ես ոչ մի գաղափար չունեմ, թէ այդ մարդը ինչպէս դուրս եկաւ շէնքից: Երդւում եմ: Ես չշարժւեցի այնտեղից, մինչեւ ոստիկանութիւնը դուռը կոտրեց  եւ ներխուժեց տուն»: 
«Լաւ, լաւ. Պարոն Ռաֆիկ, հայ Ռաֆիկ, Ասացի, որ ցանկանում եմ օգնել ձեզ. Բայց, այս հեքիաթը, որով կերակրում էք ինձ գուցէ շատ էք կինօ նայել»:
«Ես պատմեցի, այն ինչ գիտեմ»:
«Շէնքի բոլոր լուսամուտները երկաթեայ ճաղեր ունեն, Եւ ինչպէս դու ես պատմում այդ հեքիաթը, այնտեղ վերի յարկի մարդիկ ծեծում էին դուռը: Դու քեզ հարց չես տւել, թէ այդ ուրւականը, որի մասին խօսում ես, ինչպէս յաջողեցրեց փախչել տնից: Եթէ դու  լինէիր իմ տեղը, քեզ կը հաւատայի՞ր»:
«Ոչ»:
«Լաւ, հիմա ինչ- որ բանի հասանք»:
« Ես միայն գիտեմ, որ անմեղ եմ»:
«Գուցէ խմել ու չես հասկացել, թէ ինչ ես անում»:
« Ես խմող չեմ»:
« Իսկապէ՞ս. հայ, որը չի խմո՞ւմ. սա առաջին անգամն է»:
« Մենք պիտի սուրճ խմէինք եւ զրուցէինք: Ես սիրահարւած էի նրան եւ դուք ուզում էք ինձանից մարդասպան սարքել»:
« Ինձ մի ասէք, թէ այնտեղ ուրիշ մարդ կար: Ինձ ստեր մի պատմէք. Հասկացա’ք, հայ. Դու անարգում ես իմ մտաւոր ունակութիւնը. հա’յ»:
       
Քրէական հետաքննչական բաժանմունքում մարդաշատ էր: Քամռանը Ռաֆիկի հօրը համոզեց ետ կանգնել քանի դեռ ինքը խօսում է Ռաֆիկի գործի գլխաւոր քննիչի հետ:
« Քննիչ, ես վստահ եմ, որ Ռաֆիկ Մահմուդիի հարցում սխալմունք է եղել»:
« Ուրեմն, դուք ոճրագործութիւնների մասնագէտ էք»:          
« Ուզում էի ասել, հնարաւոր չի, որ լաւագոյն ընկերս այդպիսի բան արած լինի»:
Քննիչը թեթևակի ժպտաց: « Ի հա՜րկէ, մենք բոլորս գիտենք ձեր ընկերոջ անմեղութեան մասին»:
Այս ամբողջը սկսւեց վերջին մի քանի օրերում, երբ Ռաֆիկի հայրը հեռախօսեց եւ հարցրեց թէ արդեօ՞ք Ռաֆիկը նրա հետ է, քանի որ նախորդ գիշեր տուն չի եկել: Նրանք սպասում էին ու սպասում: Եւ քանի որ Ռաֆիկից ոչ մի լուր չեղաւ, նրանք միասին գնացին ոստիկանական տեղամաս: Դարձեալ ոչինչ: Նրանց տեղամասից վերադարձին էր, երբ հեռախօսազանգ եղաւ: Ռաֆիկը գտնւում էր քրէաքննչական նախնա-կան կալանքի բաժանմունքում: Սակայն, նրան այդ պահին տեսակցելու թոյլտւութեան ոչ մի հնար չկար: Նոյնիսկ պառլամենտի հայոց ներկայացուցիչի հետ հանդիպումը չօգնեց: Հիմա, ՔԿԲ-ի միջանցքներում, Քամռանը այնքան վհատ տեսք ունէր, որ Ռաֆիկի հայրը հասկացաւ իր տղայի համար շատ փոքր շանս է մնացել:
« Վատ է, չէ՞,- հարցրեց ծերունին: « Քննիչը քեզ ի՞նչ ասաց»:
Քամռանի ձայնը դողաց ու նա չկարողացաւ նայել ծերունու աչքերին: « Գառնիկ հօպար, մենք կը պայքարենք. Մենք  ամէն ինչ կանենք, ինչ որ պէտք է Ռաֆիկի համար»:
« Մինչեւ դատի սկսելը, երաշխաւորութեան համար, ես տան վկայագիրը կը դնեմ»:
« Գառնիկ հօպար, խնդիրը շատ աւելի լուրջ է, Նրանք չեն ազատի նրան երաշխաւորագնով: Դու գիտես այդ»:
Ծերունին մղկտում էր.- « Մայրը սրան չի դիմանայ»:
Այդպէս էլ եղաւ,  ինչպէս նախատեսել էին՝ մայրը մահացաւ Ռաֆիկի դատավճռի հրապարակումից քիչ անց: Նրանք ամէն ինչ արել էին Ռաֆիկի կեանքը փրկելու համար: Քննիչը նոյնիսկ խօսել էր դատին հետեւելու համար Եւրոպայից վերադարձած սպանւածի եղբօր հետ: Որպէս ամենամօտ հարազատ Հենգամէի եղբայրը դատարանում պնդում էր ղեսասի՝  հատուցման իրագործման համար, ակն ընդ ական: Եւ երբ քննիչը հարցրեց, թէ ինչպէս է, որ մէկը ապրելով մի աշխարհում, ուր չեն ընդունում մա-հապատիժը, գալով այստեղ, պնդում ու պահանջում է մահապատիժ: Եղբայրը պատասխանել էր, թէ  սպանութեան տեսարանի լուսանկարները իրեն ոչ մի այլ ելք  չեն  թողնում, այդ եւ այն փաստը, որ Ռաֆիկը նոյնիսկ չի ընդունում մեղադրանքը:
Ուստի եւ Ռաֆիկի պատժի կատարումը նշանակւեց մէկ տարի յետոյ:
Մէկ տարի, որի  ընթացքում Քամռանը ամէն ինչ արեց Ռաֆիկին բանտից ազատելու համար: Հիմա, ընդամէնը երկու օր էր մնացել մահապատժի ժամկէտին: Քամռանը անզգայ դէմքով նստած էր բազմոցին նայելով թէյի բաժակից ելնող գոլորշուն: Սկսեց լռելեան հեծկլտալ: Կինը նկատեց եւ մօտենալով նստեց նրա կողքին:
« Բան չմնաց, որ նրա համար կատարած չլինես»:  
«Նրանք վաղը չէ միւս օրը կսպանեն նրան»: Երեխայի պէս հեկեկում էր:« Ես խօսել եմ բոլոր նրանց հետ, ում ճանաչում էի. ես բաւականաչափ փող ունէի նրա կեանքը ետ գնելու համար, բայց Հենգամէի եղբայրը որոշումը չփոխեց. նա ասաց՝ արեան գինը չէ, որ ուզում է, նա արդարութիւն է ցանկանում: Ես կարծում էի, քանի որ բոլորս մեծացել ենք նոյն թաղամասում, նա մի քիչ կարեկցանք կը ցուցաբերի, հին օրերի սիրոյն: Ես չգիտեմ սպանութեան տեսարանի լուսանկարները ո՞ր մի սրիկան է նրան ցոյց տւել: Եթէ միայն…Ես չգիտեմ: Ես կործանեցի լաւագոյն ընկերոջս»:
Քամռանը կծկւել էր ննջարանի մի անկիւնում եւ մինչեւ լուսաբաց մեղմօրէն լաց եղաւ: Առաւօտեան, նա ժպտաց մտահոգ կնոջը, համբուրեց դստերը,  եւ մի արտայայտութեամբ, որ մատնում էր մի նորայայտ  առաքելութեան մասին, դուրս եկաւ տանից:
Բաւականին ժամանակ խլեց մինչեւ դատախազի աշխատասենեակում  ճիշտ մարդուն գտաւ  խօսելու:
« Իմ անունը Քամռան Աբրիշամի է, եւ եկել եմ խոստովանելու Հէնգամէ Ֆարահբախշի սպանութիւնը»:
Մահապտիժի վճիռները  ի կատար ածող փաստաբանի օգնականը նայեց Քամռանին, շշմած: Վերջապէս ասաց. «Էդպէս, էդպէս. Պարոն Աբրիշամի: Ուրեմն, դուք ասում էք, որ Ռաֆիկ Մահմուդին անմե՞ղ է »:
«Այո, այդպէս է»:
«Ասացէք ինձ, որքան ժամանակ է, որ իրար ճանաչում էք»:
«Շատ երկար ժամանակ»:
«Շատ լաւ: Ուրեմն դուք իրօք եղբայրների պէս պիտի լինէք, որ ցանկանում էք այսպիսի զոհողութիւն անել նրա համար»:
«Սա զոհողութիւն չի. Ես իրականութիւնն եմ ասում. Ես ցանկանում եմ յայտարարութիւն անել եւ հէնց հիմա ստորագրել»:
«Լսէք, պարոն. Կարծում եմ, որ ընտանիքի տէր էք, ճիշտ է՞, բայց այդ տղան ամուրի է: Եւ ի վերայ ամենայնի՝ հայ: Ինչո՞ւ ես ուզում կործանել քեզ նրա պէս մի արարածի համար»:
«Որովհետեւ նա չի մարդասպանը: Ես եմ: Սա իմ վերջին հնարաւորութիւնն է սխալը ուղղելու: Վաղը նրանք պարանը ձգելու են անմեղ մարդու վիզը»:
 «Որքան հասկացայ ձեր ընկերը Զարքեշից է: Ես որոշ բաներ լսել եմ այդ թաղի մասին: Ասում են, որ այդ թաղի տղաները հաւատարիմ են իրենց ընկերներին»:
Քամռանը նայում էր յատակին: Բայց ես այնտեղից չեմ, ես հարեւան՝ Նարմաք թաղից եմ»:
 «Միեւնոյնն է»:
 «Ոչ մի կերպ»:
Թւում էր թէ, այժմ, փաստաբանը կորցնում էր համբերութիւնը: « Շատ լաւ, եկ էսպէս անենք, փոխանակ մէկս միւսի ժամը խլենք պատիւ եւ զոհողութիւն դատարկ բառերով, ինչպէս է հասնենք այն ինչին, որը իսկապէս կարեւոր է: Ես քեզ պարզ մի հարց կը տամ: Եթէ ճիշտ պատասխանես, կը շարունակենք: Եթէ ոչ, ուզում եմ տուն գնաս եւ թոյլ տաս մենք մեր գործին անցնենք»:
 « Ես պատրաստ եմ»:
 « Փաստերն այսպէս են՝ մէկ՝ տուժողի տան բոլոր լուսամուտները երկաթեայ ճաղեր ունեն. Երկու՝ սպանութիւնից համարեա անմիջապէս յետոյ, հարեւանները նրա դռան ետեւն էին. Երեք՝ բացի ընկերոջդ, ոստիկանութիւնը բնակարանում ոչ ոքու չգտաւ»:
 « Ես այս բոլորը գիտեմ, այո»:
 « Այդ դէպքում, կարող ես ինձ ասել, թէ ինչպէս ես դու կարողացել դուրս գալ այդտեղից առանց նկատւելու»:
Քամռանը աչքերը յառել էր երիտասարդ փաստաբանին, ով փոխադարձաբար նրան էր նայում՝ քեզ բռնացրի հայեացքով: Մի քանի վայրկեան անցաւ մինչեւ Քամռանը կը պատասխանէր: « Պահեստի սենեակում, որը կից է յետնաբակին, մի պահարան կայ ծածկւած պատից պատ գորգով, բայց եթէ գորգը ետ քաշես, գաղտնի    մի դռնակ կը տեսնես, որը բացւում է ջեռուցման կաթսայատուն»:
Կէս ժամ չանցած պատասխան ստացւեց, որ Քամռան Աբրիշամիի հաղորդածը ճիշտ է: Առաջին բանը, որ կատարեց փաստաբանը, Ռաֆիկ Մահ-մուդիի դատավճռի կատարման հրամանի կասեցումն էր, երկրորդը, նոր մի գործի թղթապանակի բացումն էր Քամռանի համար:
 «Ինչո՞ւ սպանեցիր Հենգամէ Ֆարահբախշին»:
 «Ես ուզում էի նրան տեսնել, բայց նա ասաց, որ այլեւս չի ցանկանում: Ես չէի կարող պնդել: Այդ գիշեր ես գնացի նրա տուն, չէր ցանկանում դուռը բացել, բայց ես գիտէի՝ կը բացի, եթէ աղմկեմ. Նա միշտ վախենում էր, որ հարեւանները գլուխ  խոթեն իր գոր-ծերի մէջ»:
 «Ե՞ւ»:
 «Եւ… Ես ամէն ինչ տեսայ. Ես տեսայ խոհանոցում սուրճը եփւելիս, երկու գաւաթնե-րը: Նա պիտի որ հիւր ունենար կամ սպասում էր մէկին: Նա ինձ ձեռ էր առնում, ա-սում էր, որ ես իրեն ձանձրացնում եմ, չնայած երկար ժամանակ էր, որ չէինք հանդի-պում: Ես մի վերջին համբոյր խնդրեցի, մի վերջին համբոյր եւ ես իր կեանքից դուրս կը գամ ընդմիշտ: Նա ակնարկեց իմ շուրթի հին սպին, թէ ինչպէս այն իրեն սրտխառ-նուք է պատճառում: Սա մի կնոջ բերանից, որ միշտ ասել էր թէ որքան է սիրում այդ կտրւածքը: Ես կորցրի ինձ: Հենգամէն հաքել էր այդ սեւ շորը, գեղեցիկ էր քան երբեւէ, բայց հիմա ես եւ շուրթս նրան զզւեցնում էինք: Նա ինձ ասաց հեռանամ, եւ սկսեց սկուտեղով քայլել դէպի հիւրասենեակ. Ես դեռ չգիտէի, որ մէկը այնտեղ է, եւ վերջին մարդը, որ կարող էի մտածել գտնել այնտեղ՝ Ռաֆիկն էր: Ես այլեւս սթափ չէի մտա-ծում. Վերցրի սամուրաի փոքրիկ արձանիկը, որ ինքս էի նւիրել, եւ հարւածեցի հնա-րաւորինս ուժեղ: Եւ ա’յդ սկուտեղը, այն ընկաւ եւ ի՜նչ ձայն հանեց. Միայն այդ ժամա-նակ ես անդրադարձայ թէ ինչ եմ արել: Ես լսեցի հարեւանների ոտնաձայնը աստի-ճաններից իջնելիս, մարդիկ կանչում էին նրան, ծեծում դուռը.  Ես վախեցած էի: Առա-ջին անգամ երբ ես իր տանն էի, նա ինձ ցոյց էր տւել փախուստի դուռը դէպի կաթսա-յատուն, նա նոյնիսկ շոյել էր սպիս երբ ասում էր.- Միայն այն դէպքում, երբ ինձ երբե-ւէ պէտք լինի, որ այստեղից արագ հեռանաս:Ես վերցրի արձանիկե եւ փախայ այդ-տեղից: Չգիտեմ թէ արձանիկը հիմա ուր է, ես այն նետեցի Սիմոնի կամրջից հէնց նոյն գիշեր»:
Քամռանի խոստովանութիւնը աւարտւել էր: յաջորդ ժամին մեծ շարժում ու անցու-դարձ կար, մինչեւ որ քննիչը եկաւ ու դիմեց նրան: « Լաւ, պարոն Աբռիշամի, սա ամէն ինչ փոխում է, այդպէս չէ՞: Մենք ազատ ենք արձակում ընկրոջդ, այսպէս ասած եղ-բօրդ, ում դու մէկ ամբողջ տարի փակի տակ պահեցիր եւ համարեա ուղարկում էիր դէպի մահ»:
Ամբողջովին քայքաքւած, Քամռանը հարցրեց  թէ արդեօ՞ք կարող է միայն մի  րոպէով Ռաֆիկին տեսնել:    
 « Հնարաւոր չի, դա օրէքի դէմ է»:
 «Բայց ես արդէն խոստովանութիւնս կատարել եմ» խնդրեց նա. « Ես նրան կը տեսնեմ ձեր ներկայութեամբ, եթէ ցանկանում էք. Խնդրում եմ… ընդունէք համարեա մեռած մարդու խնդրանքը: Ես չեմ ուզում այս աշխարհը թողնել առանց իմ բերանից լսած լի-նելու : Մենք եղբայրներ ենք եւ երկուսս էլ նոյն կնոջն ենք սիրահարւած եղել»:
Ռաֆիկին ներս բերեցին: Հէնց աչքն ընկաւ Քամռանին, մօտեցաւ եւ գրկեց նրան: Յե-տոյ, շատ արագ, էնպէս որ սենեակում ոչ ոք չլսի, ընկերոջ ականջին շշնջաց.« Ես գի-տէի այսօր այն օրն է, որ կը գաս ինձ գտնելու»:  
Վերջ
 
«Յոյս» թիւ 200
19 Սեպտեմբեր 2015
 

    Tags:

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *