Ֆեյսբուքյան «ստատուսներ»

 
ԿՈԼՅԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
 
Համացանցի «ֆլեշկան» չէր միանում, զանգեցի տվյալ ընկերության օպերատորին: -Համարը ուզեց, տվեցի, ասաց, որ իրենց մոտ ամեն բան կարգին է և ավելացրեց. «Ստուգե՛ք ձեր պորտը»: «Պո՞րտս», հարցրեցի զարմացած… «Պորտը, համակարգչի պորտը, կրկնեց, ինքն էլ երևի զարմացած իմ անգիտության վրա:
Պարզվեց, որ «փորթը» նկատի ունի…
Իսկ գուցե անգլիացիները port բառը վերցրել են հայերեն պորտ բառից (կամ ընդհակառակը), չէ՞ որ պորտն էլ կցումի կամ միացումի յուրօրինակ խորհրդանիշ է*:
 
 
«Պան Արմենիա, մեր տունը ԱՄՆ-ում…»:
Այսպես են գովազդում հայկական նոր հեռուստաալիքը, որ աշխատում է ԱՄՆ-ում:
Հայաստան-ԱՄՆ, բայց արի ու տես, որ ռուսերենը այստեղ էլ խցկվել է, մի՞թե հայոց Այբուբենում Փ չկա, որ ասում եք՝ Պան, ասեք Փան էլի, Pan-ը ԱՄՆ-ում Փան է հնչվում: Ինչո՞ւ եք hall-ը գրում հոլ, mall-ը՝ մոլ, toto-ն՝ տոտո… laptop-ը՝ լոպտոպ, Հովհաննեսը՝ Օգանես: Ինչքա՞ն պիտի կառչած մնանք ռուսերենին:
 
Համահայկական 6-րդ խաղեր.-
Հաղորդավար Կարեն Գիլոյանը պաթոսով ողջունում է Լոնդոնի մարզիկներին, իսկ այդ պահին, հեռուստատեսի էկրանի վրա տողանցում են Լոռիի մարզիկները, ողջունում է Բիթլիսի մարզիկների մուտքը, էկրանին երևում են ամերիկահայերը և այսպես շարունակ… Մի՞թե դժվար էր համատեղել խոսքը պատկերի հետ: Փաստորեն, անտեսելով հեռուստատեսային բազմահազար լսարանը համայն աշխարհում՝ Գիլոյանն իր ելույթը հատկացրել էր միայն մարզադաշտում ներկա հանդիսատեսներին, դրանց թվում՝ երկրի նախագահին ու բարձրաստիճան հյուրերին: Մի՞թե հնարավոր չէր ունենալ նաև երկրորդ հեռուստահաղորդավար, ով ընդունված կարգով կմեկնաբաներ միայն այն, ինչ հայտնվում էր հեռուստաէկրանի վրա:
 
 
 Առաջարկում եմ, որ Հայաստան-Սփյուռք բարձր մակարդակի վեհաժողովում Սփյուռքի կողմը արծարծի՝ հայկական հեռուստատեսություններից ռուսերեն հաղորդումները և կինոները վերացնելու հարցը: Նախ, որ սփյուռքահայերից շատերը ռուսերեն չգիտեն: Երկրորդ՝ դա պատիվ չի բերում «հայկական» հորջորջվող հեռուստաընկերություններին՝ իրենց հաղորդումների պատկառելի մասը հատկացնել օտարալեզու հաղորդումներին: Երրորդ, և որ կարևորն է, նման հաղորդումները անուղղակիո-րեն ջլատում են նոր սերնդի սերը մայրենի լեզվի հանդեպ, որի արդյունքում տուժում է նաև ազգայինը:
 
 
Գրքերի տասնյակի ֆլեշմոբի ցայտուն կողմերից մեկն այն էր, որ բացահայտեց հայաստանցիների, այսպես ասած, բուռն սերը հանդեպ արտասահմանյան գրականությունը, ինչի արդյունքում հետին պլան մղվեց հայ գիրն ու գրականությունը: Շատ քչերը թվարկեցին մեր հանճարների անունները: Ֆլեշմոբին հաջորդած գրառումներից ու “comment”-ներից պարզվեց նաև, որ  արտասահմանյան գրողների երկերի թվարկումը տվյալ անհատի արդիականության ու զարգացման նշանն է, հայ գրողներինը՝ հետամ-նացության:
 
 
Սփյուռքահայ գրողները, հատկապես դասա-կանները, մեծամասնաբար անծանոթ են հա-յաստանցի  ընթերցողին, ըստ իս, երկու գլխավոր պատճառով. նախ՝ Երկաթե Վարագույրի առկայությունն անցյալում, երկրորդ՝ բացի իրենցից «դրսեցուն» դժվար ընդունելու հայերի բնութագիծը: «Հայաստանցի ընթերցող» ասելով՝ խոսքս չի վերաբերում միայն շարքային ընթերցողին: Իսկ «Բացի իրենցից» ասելով՝ նկատի ունեմ հայաս-տանցի որոշ հեղինակներին, գրականագետներին, խմբագիրներին, գրաքննադատներին: Ոմանք պնդում են, որ բացի վերոնշված պատճառներից, կա նաև արևմտահայերենի ոչ մատչելի լինելն ու այս օրերին քիչ ընթերցելու հանգամանքը: Փաստորեն անտեսվում կամ արհամարհվում է սփյուռքահայ արևելահայ հատվածի գոյությունը:
 
 
Ջրցան մեքենա… Էլի հայերն ընկան իրար ջանի, էն էլ էս օրերին…
— feeling հուսալքված ու տխուր.
Ախր, հայերը մինչև ե՞րբ են իրար միս ուտելու ու դրանով թշնամու ջրաղացին ջուր ածելու: Երանի մի պտղունց քաղաքական գիտակցություն ունենային և կարողանային կշռադատել ու ճիշտ գնահատել ներկա պայթունավտանգ իրավիճակը:
 
 
…Ամեն օր հացի փշուրներ եմ դնում բաց պատուհանի քիվին և հեռանում սենյակի խորքը, որպեսզի դիմացի ծառին թառած ճնճղուկները անարգել մոտենան ու կտցեն կերը: Բավական է՝ մի քանի քայլ մոտենամ պատուհանին, ճմճղուկները գլխապատառ թևիկներին տալով, փախչում են:
-Ի՜նչ ապուշն են, խորհում եմ դառնացած, տեսնում են, որ ե՛ս եմ իրենց հաց մատակարարողը և էլի վախենում են ինձանից… Իսկ գուցե՞ բնազդը հուշում է նրանց, որ հացը խայծ է՝զգուշանում են: .
-Չէ՛, ճնճղուկները ո՛չ ապուշ են ու ոչ էլ ագահ, ուտում են չափավոր… Մարդիկ ավելի ապուշ են, ագահությունը կուրացնում է նրանց  բանականությունը: Նրանք ունակ չեն տեսնելու իրենց քթից այնկողմ, ուստի ավելի հեշտությամբ են կուլ տալիս առաջին իսկ պատահած խայծը, ոմանք ընկնում են ծուղակը, դժբախտանում, ոմանք էլ, ընհակառակը, ավելի շահում:  Զուր չէ, որ կուլիսների հետևում դարանակալած սև ուժերին միշտ էլ հաջողվում է այլևայլ ինտրիգներով հրապուրել մարդկանց, մղել նրանց խռովության, ապստամբության, և հենց նրանց ձեռքով վանել ճշմարիտ սերը, գահընկեց անել առաջնորդների, ավերել ընտանիքներ, նույնիսկ պետություններ…
– Երանի մարդիկ (վախենում եմ ասել՝ հայերը) ճնճղուկի խելք ունենային…
 
 
Իմ առջևից քայլում էր երիտասարդ, բավականին գեր մի կին: Դատելով ծածկած գլխից՝ մահմեդական էր, մեծ հավանականությամբ՝ թրքուհի, որովհետև Գերմանիայում  նրանք քանակով գերազանցում են մյուս մուսուլմաններին: Հագել էր սև գույնի կարճ, գոտկատեղից քիչ ցած, երկար թևերով նեղ ժակետ: Մինչև այստեղ մասամբ պահպանված էր իսլամական «հիջաբը», բայց դրանից հետո, ավելի վար, լրիվ այլ պատկեր էր: Հագել էր կիպ, տրիկոտաժե կամ նման տիպի մարմնագույն զուգագուլպա, ընդ որում ցայտունորեն գծագրվել էր հաստ ու տգեղ ոտքերն ու զիստերն իրենց ավելորդ ծալքերով:
Մտածում եմ, տո՛, հերօրհնած, էդ ծածկած գլուխդ ուր, ի ցույց դրած ոտքերիդ «բարեմասնությունները» ուր: Ո՞ւմ ես խաբում, ինքդ քեզ, թե՞ հանրությանը:
 
 
Այստեղ ուտեստների մեծ մասը նյութափոխված են: Օրինակ մատնաչափ ելակը նյութափոխման պրոցեսի հետևանքով՝ տանձի չափեր է ընդունել: Ես խուսափում եմ ուտել նյութափոխված ուտելիքներն ու նախընտրում եմ օրգանիկները: Երեկ գիշեր մի միջատ խայթեց թևս, առավոտյան տեղը քոր էր գալիս: Շատ զարմացա, որովհետև այստեղ միայն ճանճ կա:
-Մի՞թե ամերիկյան ճանճերը խայթում են,- հարցրի: Կինս ասաց, որ առհասարակ ճանճերը գիշերները քնում են: Իսկ աղջիկս ավելացրեց.
-Պա՛պ, անպայման նյութափոխված ճանճ է եղել:
 
 
Բանկի աշխատակցուհու ցուցամատի և ճկույթի եղունգները կանաչ էին ներկված՝  ներդաշնակ իր հագի կանաչ բլուզին, իսկ մյուս մատները՝ բաց դեղին՝ ուսերին թափված երկար շեկ մազերի գույնին: 
        Լոս Անջելես հասնելուս երկրորդ օրն էր. բանկային մի գործարքի համար դստերս ընկերակցությամբ գտնվում էի բոլոր առումներով ինձ միանգամայն անծանոթ բանկի խցիկներից մեկի առջև ու հետևում էի գործարքի իրականացման պրոցեսին:
        Ուրախ էի, որ վերջապես հանդիպել եմ շեկ մազերով ու կապույտ աչքերով մի բնիկ ամերիկուհու, որովհետև Լոս Անջելեսի օդանավակայանից մինչև տուն, ամենուրեք և տնից մինչև բանկ տեսել էի միայն հնդիկներ, չինացիներ, մեքսիկացիներ, հայեր…, ինչի արդյունքում հաճախ կորցնում էի ԱՄՆ -ում գտնվելուս իրականության զգացումը:
        Բանկի աշխատակցուհին խոսում էր անգլերեն. երկուստեք հարցեր, պատասխաններ, միայն անգլերեն, իսկ մենք, խցիկից այս կողմ, հայերեն:
        -Նայիր եղունգիներին, մեկը կանաչ է, մյուսը…
        Խոսքս կիսատ մնաց, որովհետև աղջիկս ուժեղ բոթեց ինձ ու ցավեցնելու չափ տրորեց ոտքս:
        -Պա՛պ,- նետեց ատամների արանքից հազիվ լսելի ձայնով,- հայ է, բա անունը չե՞ս կարդում, պատիվս գնաց…
        Վիզս երկարացրի ու կարդացի «ամերի-կուհու» անուն ազգանունը փակցված խցիկի պատուհանի ձախ կողմում (ես կանգնած էի ավելի աջ ու չէի նկատել): Իրոք, հայ է, ազգանվան “yan” վերջավորությամբ. չգիտեմ հիասթափվե՞մ, թե՞ ուրախանամ…
        -Բա, ինչի՞ հայերեն չի խոսում,-հարցնում եմ շշուկով,- չէ՞ որ նա գիտի, որ մենք հայեր ենք:
        Աղջիկս չի պատասխանում ու ձեռքով ինձ լռելու կոչ է անում:
        Իսկ կողքի խցիկի առջև կանգնած տղամարդը աղավաղված ժարգոնային հայերենով ինչ-որ բան է բացատրում դիմացը նստած սև մազերով դարձյալ հայ աղջկան: Դժվար չէ գուշակել, որ տղամարդը իրանահայ է՝ թաղերից:
        Նորից  հարցեր, նորից պատասխաններ և ամբողջ ժամանակ՝ անգլերեն:
        Ինչևէ, չեմ համբերում ու հեռանալիս ասում եմ հայերեն.
        -Շնորհակալություն:
        -What?, հարցնում է:
        -Ձեզ շնորհակալություն եմ հայտնում, ասում եմ անսքող զայրույթով . սա թերևս ամենակոպիտ հնչված «շնորհակալությունն» էր իմ բերանից:
        -Խնդրեմ, խնդրեմ, ասում է իրեն ամերիկուհի սարքած աղջիկը մաքուր հայերենով ու ժպտում պրոֆեսոնիալ ժպիտով…
 
———————————————————————-
* Այլևայլ պատճառներով չեմ նշել գրառումների թվականը
 
 
«Յոյս» թիւ 200
19 Սեպտեմբեր 2015

    Tags:

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *