«Յոյս»-ի համար 200-ը եւ խմբագրի հրաժեշտի խոսքը

 
ՌՈԲԵՐԹ ՍԱՖԱՐԵԱՆ
 
 
ՙՅոյս՚-ի 200-րդ համարի հրատարակութիւնը զուգադիպել է նւաստիս թերթի խմբագրութիւնից հրաժարականին: Պատահական է այդ զուգադիպութիւնը թէ՞ դասաւորւած, թող մնայ, բայց պարտք եմ համարում ընթերցողին նոյնիսկ համառօտ կերպով բացատրել հրաժարականիս պատճառները:
Պատճառը կարճ ասած մի բան է. յոգնել եմ: Դա մի առումով անձնական պատճառ է. տարիքը բարձրացել է, գործը կրկնողական է դարձել, զանազան մարդկանց հետ գլուխ գլխի դնելու, վիճաբանելու, համոզելու եւ սակարկելու տարողութիւնն ու կարողութիւնը պակասել է, կրկնւելու հետեւանքով աշխատանքը ռութին է դարձել եւ կորցրել է իր թարմութիւնն ու հետաքրքրութիւնը. դա այդպէս է, ճիշտ է, բայց այս բոլորը իրենք նաեւ մեր համայնքին տիրող ընդհանուր պայմաններից են բխում:
Մշակութային եւ հասարակական միջավայրը, որում աշխատում ենք, բնաւ նպաստաւոր չէ թերթ հրատարակելու եւ մամուլի գործով զբաղւելու համար: Թոյլ տւէք խօսեմ օրինակներով. ամենավերջին օրինակներով:
ՙՅոյս՚-ի համար 196-ում, Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի մասին հաղորդագրութեան մէջ, գրում եմ, որ թեմի պատգամաւորները առանց բիւջէի տեքստը կարդալու, վաւերացրել են այն: Նոյն հաղորդագրութեան մէջ նաեւ մէջբերել եմ ՊԺ-ի ատենապետ Գէորգ Վարդանի խօսքերը, որ պատճառաբանելով այն հանգամանքը, թէ քանի տարի առաջ պատգամաւորներին տրամադրւած բիւջէի թւերը բացայայտւել են որոշ կայքերում, պաշտպանում է բիւջէի տեքստը պատգամաւորներին չտրամադրելու որոշումը: Ըստ իս, ծանր քննադատութիւններ են: ԹԷ’ պարոն Վարդանի եւ թէ’ աւելի շատ պատգամաւորների նկատմամբ: 50-ից աւելի պատգամաւորներ մեղադրւում են, որ առանց կարդալու բիւջէ են վաւերացնում եւ ինչը ճիշտ է բիւջէի համար, երեւի ճիշտ է նաեւ վաւերացւած այլ փաստաթղթերի համար: Արձագանքը՞: Երեւակայէք` ոչինչ: Գերեզմանային լռութիւն: Նոյնիսկ մի պատգամաւոր չի բողոքում գրւածին, չի հերքում, չի բացատրում, թէ ինչ է պատահել: Չի բողոքում կամ պատասխանում նաեւ ՊԺ-ի դիւանը: Փոխարէնը թերթի այդ համարի հրատարակութիւնից մի քանի օր անց, ՙԱրարատ՚ միութիւնից, որը նախագահում է հէնց ինքը պարոն Գէորգ Վարդանը, ստանում ենք մի կապոց, որը պարունակում է այդ միութիւնում վաճառւող ՙՅոյս՚-երը: Հեռախօսով մեր հարցին պատասխանում են թէ ՙչի ծախւում՚: Արդեօք նման միջավայրում կարելի է յոյս ունենալ, որ հնարաւոր է ստեղծել երկխօսութիւն եւ լուրջ քննարկում համայնքի հարցերի շուրջ, ինչը մամուլի առաքելութիւնն է:
Մի ուրիշ օրինակ. մեր համար 197-ում հրատարակում ենք Վարդան Բաբախանեանի տեսակէտը Րաֆֆի համալիրում տիրող դրութեան մասին: Պարոն Բաբախանեանը մի խօսքով ասում է, որ ՙԱրաքս՚ շաբաթաթերթի շուրջ հաւաքւած մարդիկ գրաւել են այդ միութեան վարչութիւնը եւ փորձում են այն վերածել քաղաքական հաւաքատեղիի եւ այդպիսով ոչնչացնում են միութեան հիմնադիրների տարիների աշխատանքի արդիւնքը: Գրութեան նախաբանում մեր պատրաստակամութիւնն էինք յայտնել հրատարակել քննադատութեան ենթակայ անձնաւորութիւնների եւ հաստատութիւնների պատասխանները: Սակայն ոչ մի պատասխան: Այս ու այն կողմից լսում ենք բանաւոր տրտունջներ ու գանգատներ, թէ ՙՅոյս՚-ը ինչու է տպել Վարդան Բաբախանեանի տեսակէտը: Բայց ոչ մի գրաւոր արձագանք, ոչ մի լուրջ բացատրութիւն: Դրութիւնը կրկին նոյնն է, ինչ ՊԺ-ի մասին` լռութիւն: Լռութեան դաւադրութիւն: Թող ինչ ուզում է գրի ՙՅոյս՚-ը, ո՞վ է կարդում, ու՞մ է հետաքրքրում:
Եւ աստիճանաբար զգում ես այնքան էլ չեն սխալւում: Եւ դա, իհարկէ, ոչ միայն ՙՅոյս՚-ին է վերաբերում: Նոյնը կարել է ասել ՙԱլիք՚-ի մասին, ՙԱրաքս՚-ի մասին, իրանահայ մամուլի մասին ընդհանրապէս: Ինչ ուզում են թող գրեն, ո՞վ է կարդում, ո՞վ է կարեւորութիւն տալիս: Նախ` իրանահայերի մեծամասնութեան, յատկապէս երիտասարդութեան համար դժւար է հայերէնով կարդալը, երկրորդ`  նրանք չեն հետաքրքրւած համայնքի հարցերով, շատերը բոլորովին չգիտեն ինչ է ՊԺ-ը, կամ ինչ կարեւորութիւն ունի Րաֆֆի համալիրի ապագան: Իրանահայ համայնքը այսօր իր ապագան տեսնում է ո’չ թէ Իրանում, այլ Միացեալ Նահանգներում: Արտագաղթը կանոնաւոր եւ արագ տեմպով շարունակւում է: Եւ դու, որպէս իրանահայ թերթի խմբագիր փորձում ես հետաքրքրութիւն առաջացնել, երկխօսութիւն, քննարկում եւ աշխուժութիւն ստեղծել: Այսպիսի պայմաններում, դա եթէ անհնարին չլինի, իրօք յոգնեցուցիչ է: Ահա թէ ինչու, երբ ասում եմ յոգնել եմ, դա միայն անձնական խնդիր չէ:
Բարեբախտաբար, թերթիս արտօնատէր պարոն Լեւոն Ահարոնեանը իմ չափ յոռետես չէ եւ որոշել է շարունակել ՙՅոյս՚-ի հրատարակութիւնը շարունակել այլ խմբագրի միջոցով: Թող այդպէս լինի եւ ՙՅոյս՚-ը դեռ տարիներ շարունկւի ու ականատեսը լինենք 300 եւ 400 համարների հրատարակութեան: Առայժմ, իմ կողմից, հրաժեշտ:
 
«Յոյս» թիւ 200
19 Սեպտեմբեր 2015
 

    Tags:

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *