Եւրոպան պաշարւած գաղթականներով

 
Ռ. Ս.
 
 
Իւրաքանչիւր ոք իրաւունք ունի լքելու ցանկացած երկիր, ներառեալ իր սեփականը, եւ վերադառնալու իր երկիրը:
 
մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագիր,  Յօդւած 13
 
 
Եւրոպան ամէն կողմից շրջապատւել է գաղթականներով: Արեւելքից, Աֆղանստանի, Սիրիայի եւ Միջին Արեւելքի այլ երկրներից, պատերազմից եւ անապահովութիւնից փախած գաղթականները փորձում են ամէն կերպով իրենց հասցնել Արեւելեան Եւրոպայի սահամնները եւ որեւէ ձեւով մուտք գործել Գերմանիա: Մակեդոնիայի սահմանները կտրելիս, նրանց դիմաց է դուրս գալիս այդ երկրի ոստիկանութիւնը եւ բախումների լուրերն ու պատկերները դառնում են լրատւամիջոցների թէժ հա-ղորդումները:
Հարաւից, աֆրիկեան երկրներից, պատերազմից եւ անապահով սոցիալական պայմաններից ու ոսվից փախչող գաղթականները անվստահելի նաւակներով, վտանգաւար ուղեւորութիւն են կա-տարում, կտրելու համար Միջերկրական ծովը եւ հասնելու  Իտալիա կամ Յունաստան, այնտեղից էլ փախստականների համար աւելի նպաստաւոր երկրներ: Նաւակների կործանման եւ հարիւրաւոր փախստականների մահւան լուրերը նոյնպէս դառ-նում են լրատւամիջոցների առաջին խորագրերը:
Իսկ Ֆրանսիայի Քալէ նաւահանգստում` Ֆրանսիա-Անգլիա սահմանում, աֆրիկացի եւ միջին արեւելքցի գաղթականները փորձում են մի կերպ տեղաւորւելով բեռնատարների ու կոնտէյ-ներների մէջ, անցնել Մանշի ջրանցքը եւ իրենց հասցնել Անգլիա, ուր պայմանները գաղթականների համար աւելի նպաստաւոր են, քան Ֆրանսիայում: Նրանք ապրում են անտառում նրանց յատկացւած ճամբարում, եւ ՙանտառ՚-ի լուրերը ողողում են ողջ աշխարհի հեռուստատեսութիւնների էկրանները:
Այս իրողութիւնները գալիս են փաստելու, որ այդքան էլ հեշտ չէ իրականացնել վերը մէջբերւած մարդկային իրաւունքներն ու սկզբունքները: Երբ աշխարհի զանազան մասերում պատերազ-մը, սովը եւ անապահով սոցիալական պայմանները մարդկային զոհեր են խլում եւ նոյն ժամանակ մի քիչ ռիսկ անելով (իհարկէ յետոյ յաճախ պարզւում է ռիսկը այնքան էլ փոքր չէ) կարելի է անցնել աշխարհի ապահով երկրամասեր, ինչու մնալ մահւան եւ անապահովութեան ճիրաններում, յատկապէս ինչու երեխաներին չփրկել եւ նրանց համար չապահովել աւելի լաւ ապագայ:
Այսքանը գաղթականների տեսանկիւնից: Ահա թէ ինչպէս մեծ թւով մարդիկ, ըստ էութեան ամբոխներ, տեղից քանդւած ուզում են տեղաւորւել նոր երկրներում, աւելի բարգաւաճ եւ տնտեսա-պէս ու սոցիալապէս զարգացած երկրներում, ասել է Եւրոպայում եւ Հիւսիսային Ամերիկայում:
Բայց այդ երկրների բնակչութեան տեսակէտից, հարցը դիտւում է այլ կերպ: Գաղթականների մուտքը եւրոպական երկրներ, պատճառ է դառնում այդ երկրներում անգործութիւը աճի: Խախտւում է այդ երկրների մշակութային արժէքների համա-կարգը: Բացի դրանից, վերջին տարիներում մուսուլման գաղթականների կապը Միջին Արեւելքի ահաբեկչական կազմակերպութիւնների հետ, ստեղծել է նաեւ անվտանգութեան հարց: Այս բոլորը պատճառ են դարձել, որ այդ երկրների բնակիչների համար անցանկալի լինին մեծ քանակութեամբ մարդկանց գաղթը դէպի իրենց հասարակութիւնները: Պետութիւնների համար էլ դժւար է պատասխանատու լինել նոր բնակչութեան սոցիալական պահանջներին, որը  խոշոր գումարներ է պահանջում: Մարդիկ դժգոհում են, որ իրենց վճարած հարկերը ծախսւում են նորեկ օտարականների համար:
Եւ այսպէս, պետութիւնները փորձում են փակել սահմանները գաղթականների յորձանքների դէմ: Յաջորդ էջերի պատկերները հէնց այդ տեսարաններն են պատկերացնում: Ճիշտ այն կէտերը, ուր ՙփոխադրման ազատութեան սկզբունքը՚ բախւում է իրականութեանը:
 
 
«Յոյս» թիւ 199
5 Սեպտեմբեր 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *