Սիմոնի կամուրջը (2)

 
ԻՒՐԻԿ ՔԱՐԻՄ ՄԱՍԻՀԻ
Թարգմ.` ՇԱՔԷ  Ա. ՊԵՏՐՈՍԵԱՆ
 
 
 
Եւ  ճշմարիտ, դա հէնց այն էր, ինչ ասել էր Էդւինի հայրը: Պողոտան իսկապէս լաւ էր նայւում, կարծես մէկը  բարձրորակ ներկով ծածկել էր բոլոր շէնքերի ճակատները եւ ցանել թարմ ծառեր բուլւարի երկայնքով: Այդ օրը Ռաֆիկը լսում էր ընկերներին, թէ որքան  գեղեցկացել է քաղաքամասը, բայց նա մտովին նրանց հետ չէր եւ համարեա ոչինչ չասաց, մինչեւ նրանք ստիպեցին նրան: – Այո, այստեղ շատ գեղեցիկ է, ես երկար ժամանակ է  այսքան սիրուն բան չեմ տեսել:
Դրանից յետոյ, Ռաֆիկը նպատակադրւեց հնարաւորինս շրջանցել  12+1 տունը: Միառժամանակ յետոյ, երբ անցնում էր այդ փողոցով, տեսաւ, որ այդ տանը աշխատանքներ են տարւում:  Այս անգամ ոստիկանների փոխարէն բանւորներ կային, եւ երբ գնաց եւ լուսամուտից ծիկրակեց, տեսաւ, որ նոր սալիկներ են յատակին եւ ներկւած են պատերը: Շուտով ուրիշ մարդ էր ապրելու այնտեղ, ոչ մի գաղափար չունենալով տան անցեալի մասին:
Աւելի քան մէկ տարի անցաւ: Մեծ թւով քրիստոնեաներ գաղթեցին արտասահման, յատկապէս Ամերիկա: Եւ մի օր էլ Էդւինը Ռաֆիկին եւ Քամռանին ասաց, որ իրենց փաստաթղթերը պատրաստ են ու շուտով իրենք էլ կը գնան:
Իսկ Էդւինը գնաց: Հէնց այդպէս: Եւ նրա հեռանալուց ո’չ Ռաֆիկը եւ ո’չ էլ Քամռանը սիրտ չունէին որեւէ մէկով փոխարինելու նրան: Սակայն իրենց ընկերութիւնն ամրացաւ: Եւ քանի  անցնում էին տարիները, այնպէս էլ նրանց ուշադրութիւնը սեւեռւում էր Հենգամէ անունով հարեւան աղջկան: Հետաքրքիրն այն էր, որ Հենգամէն էլ ապրում էր մի տանը, որի համարը 12+1  էր, թէեւ մի այլ բակում: Ռաֆիկը փորձում էր Հենգամէին վերաբերող այդ փոքրիկ փաստը հանել մտքից: Սակայն, ուրիշ մի բան էլ կար, Էդւինի հեռանալուց` տասնհինգ տարիների ընթացքում, ոչ ինքը եւ ոչ Քամռանը քաջութիւն չէին ունեցել երկու բառ փոխանակել աղջկայ հետ: Հենգամէի եղբայրը արտասահման մեկնեց, որին միառժամանակ անց հետեւեցին ծնողները: Մնաց Հենգամէն, որ վերջերս էր ամուսնացել: Նա իրեն վերցրեց 12+1 տան ներքեւի յարկը եւ վարձւորներ ընդունեց վերին յարկում:
Շատ չանցած, Հենգամէն ձանձրացաւ իր ծուլութեամբ յայտնի ամուսնուց եւ ստիպեց նրան հաւաքել իրերը եւ հեռանալ տնից: Նա քոլեջում վարչարարութիւն էր սովորել, բայց սիրտը լուսանկարչութեանն էր տւել.  շուտով բաւականին լրջօրէն զբաղւեց դրանով եւ սկսեց եկամուտ ապահովել: Նա գալիս եւ գնում էր, բացայայտօրէն ուշադրութիւն չդարձնելով որեւէ մէկի կամ հարեւանու-թեան անբարոյ  բամբասանքների արտադրանքին գեղեցկուհի ամուսնալուծւածի մասին:  Հիմա նա անկախ կին էր, ինչն աւելի էր խենթացնում Ռաֆիկին եւ Քամռանին, քան երբ  տակաւին դեռահաս էին բոլորը: 
Նրանք պատկերացնում էին նրա բարեձև ու  հրաշալիօրէն շքեղ մարմինը,վերյիշելով նրա սև, երկար ծածանւող մազերը, նախքան  հասուն տարիքը, պարտադիր գլխաշորը կրելուց առաջ: Երբ նրանք չէին աշխատում,  երկուսն էլ ժամերով նստում էին հին,  բազմաերթեւեկ այն հրապարակում, որտեղից նա ամէն օր անցնում էր: Նա դարձել էր նրանց մոլութիւնը, մոլութիւն, որին չէին կարող մերձենալ: Իր մշտական ուսապարկով եւ կամերայով, կախւած կողքից,  նրանց թւում էր, թէ նա արտասահմանեան կինոների հերոսներից է, որոնցով նրանք երկուսն էլ հիանում էին:
Քամռանը իր սեփական պատկերացումներն ունէր,  թէ՝ Հենգամէն ո՞ր հերոսուհուն է յիշեցնում:
– Նա ծիծաղում է ոնց Անոք Էմէն « Քաղցր Կեանք»-ում:
– Նա քայլում է ոնց Էլիզաբեթ Թէյլորը` «Կատուն տաք թիթեղատանիքին»:
– Նա շարժում է գլուխը ոնց Ռիթա Հիվըրթը «Գիլդա»-ում:
– Նրա նայւածքը նման է Բրիջիդ Բարդոյին` « Եւ Աստւած ստեղծեց կինը» կինոյում:
– Նրա ուսերը ոնց որ Մերլին Մոնրոյինը` «Some Like it Hot»-ում:
– Տղամարդկանց գայթակղելու նրա ոճը Վիւիան Լիինն է,  «Քամուց քշւածներ»-ում:
Ռաֆիկն իհարկէ Հենգամէին  հիմնովին տարբեր կերպ էր տեսնում, աւելի մեղմ լոյսի ներքոյ: Եւ նա նման բաներ էր ասում.
 Ոչ: Երբ ծիծաղում է,  աւելի նման է Գրեթա Գարբոյին`  «Նինոչկա»-ում:
Գրէյս Քելլիին`  «Մոգամբօ»-ում, երբ նստում էր:
Օդրի Հիփբըռնին` « Հռոմէական արձակուրդ»-ում, պայուսակը ձեռքն առնելիս:
Քիմ  Նովաքին, երբ ձեռնոցներն է հագնում` «Վերթիգօ» ֆիլմում:
Աննա Կարինային` ֆիլմ նայելիս, «Vivre Sa vie»-ում:
Ջուդի Գառլանդի անմեղութեանը`  «The Wizard of Oz»-ում:
Մէկ բան հաստատ էր, հարեւանութեան մէջ, շատերն էին նախանձում Հենգամէին: Նա անկախ էր, եւ դա վատ վերաբերմունք էր ձեւաւորում նրա հանդէպ: Բայց Ռաֆիկի եւ Քամռանի համար նա դարձաւ մարմնացումը այն բոլոր բաների, որ նրանք չունէին կամ այն վայրերը,  ուր նրանք չէին այցելել: Երբեմն նրան ցանկանալու տառապանքը թւում էր կոտրելու է նրանց, եւ նրանք չէին պատկերացնում, թէ նրանցից ո՞վ քայլ կը վերցնի:  Հենգամէն ամուսնուց ազատւելուց յետոյ թւում էր աւելի անմատչելի, քան նախկինում:
Քամռանը կարող էր ասել.- Այ մարդ, էս աղջիկը ամէն ինչի պատրաստ է: Եթէ ես միայն մի գիշեր քնեմ նրա հետ, երբէք չեմ ծերանայ:
Ռաֆիկը ամօթ  էր զգում, երբ լսում էր ընկերջը Հենգամէի մասին այդպէս խօսելիս.-  « Յիմարութիւն»
 « Ինչու է յիմարութիւն».
– Եթէ դու մի գիշեր քնես նրա հետ, մինչեւ վերջ պիտի ծառայես նրան:
-Չե՞ս կարծում, որ արժի:
– Չգիտեմ, նա աւելորդ հրեշտակային է:
– Ուրեմն, երբ նա քեզ կանաչ լոյս տայ, անմիջապէս ուղարկիր ինձ մօտ: Խնդրում եմ: Նրան ասա մի դժբախտ բիճ կայ Քամռան անունով, ով մեռնում է քեզ համար աւելի քան տաս տարի:
– Նա արւեստի ստեղծագործութիւն է, դու չես կարող արւեստի գործի մասին այդպէս խօսել:
– Ուրեմն ինչ է սպասւում ինձնից, որ կանգնեմ ու Մոնա Լիզային նայե՞մ: Ընդամէնը կանգնել ու նայե՞լ նրան: Դա այն ամէնն է, ինչ մենք արել ենք երեխայ ժամանակից:
Սակայն այն, ինչ իրականում կատարեց Քամռանը, ի վերջոյ, ամուսնանալն էր: Նրա ընտանիքը հեռաւոր մի զարմուհու պարտադրեց նրան: Այդուամենայնիւ, նրանցից մէկի ամուսնութիւնը չկարողացաւ բուժել տղամարդկանցից ոչ մէկի քորը:
Շարունակելի
 
«Յոյս» թիւ 199
5 Սեպտեմբեր 2015
 

    Tags:

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *