«Քուշեշ» միջնակարգ դպրոցի շէնքը վարձու տրւեց

 
 
«Քուշեշ» միջնակարգ տղայոց դպրոցը կարելի է համարել «Հայկազեան» դպրոցի շարունակութիւնը: Յովիկ Մինասեանը «Ալիք» օրաթերթի օգոստոսի 2-ի համարում  «Ակնարկ Քուշեշ-Դաւթեան դպրոցի վերաբերեալ»  խորագրով յօդւածում անդրադարձել  է Քուշեշի նախապատմութեանը, սկսած 1870 թւականին Թեհրանի Շապուր քաղաքամասի Ս. Գէորգ եկեղեցու մի սենեակում երեք արեւմտահայ մտաւորականների միջոցով հիմնադրւած Հայկազեան դպրոցի առաջին դասարանից, մինչեւ Նադերիի Ղաւամսալթանէ (30 թիր) փողոցում Ս. Մարիամ Աստւածածին եկեղեցու շրջափակում կառուցւած  «Քուշեշ»-ի երեքյարկանի հոյակապ շէնքի բացումը 1957 թւականին: (Վերոյիշեալ յօդւածի պարսկերէն թարգմանութիւնը կարող էք կարդալ մեր այս համարի պարսկերէն բաժնում):
Իրանահայութեան մասսայական արտագաղթի հետեւանքով,2008 թւականին «Քուշեշ» դպրոցը եւս  մի շարք այլ դպրոցների նման փակւեց: Միառժամանակ խօսք կար շէնքը վերածել Հայաստանի դեսպանատան, սակայն դեսպանատունը մի քանի տարի տեւող քննարկումներից յետոյ յայտարարեց, որ չի ցանկանում հաստատւել այդ շէնքում: Այս տարւանից «Քուշեշ»-ի շէնքը վարձու է տրւել «Սարայէ Դանեշ» կրթական հաստատութեան եւ աշխատելու է որպէս պարսկական դպրոց, ինչը ամէն դէպքում գերադասելի է ամայացած դասարաններին եւ շէնքի կիսաւեր վիճակին:
Քուշեշ միջնակարգ դպրոցում սովորել են թեհրանահայութեան մի քանի սերունդ: Քուշեշի շրջանաւարտները ամենուր են: Նրանք Մարիամեան օրիորդաց միջնակարգ դպրոցի ընթացաւարտների հետ միասին 2011 թւականին Գլենդէյլում հրատարակել են գիրք իրենց դպրոցների պատմութեան մասին, որի մի հատւածը կարող էք կարդալ յաջորդ էջերում:
«Քուշեշ»-ի աշակերտութեան թիւը արտացոլում է իրանահայ համայնքի աշխուժութեան մակարդակը: 1966-67 թւականին դպրոցն ունեցել է 1100 աշակերտ, լեփ-լեցուն դասարաններով: Իւրաքանչիւր դասա-րանում սովորում էին 40-ից աւելի աշակերտներ: Դպրոցն ունէր 5 հատ եօթերորդ դասարան:
«Քուշեշ»-ը շահի շրջանի վերջին երեք տարիներում աշխատում էր երկսեռ: Այդ շրջանում ա-շակերտութեան թիւը հասաւ 1400-ի:
Յեղափոխութիւնից յետոյ այն յատկացւեց աղջիկ աշակերտութեան: 1995-96-ից այն դարձաւ տղայոց արհեստագիտական դպրոց (հոնարեսթան) եւ այսպէս էլ աշխատեց մինչեւ փակւելը, վերջերս 10-15 հոգիանոց դասարաններով:
«Քուշեշ»-ի շէնքը պարսկական դպրոցի յատկացնելը անխուսափելի հետեւանքն է իրանա-հայութեան արտագաղթի: Թէեւ տխուր, բայց մի առումով էլ ուրախալի է, որ այս տարւանից շէնքում կրկին տիրելու է ուսումնական մթնոլորտ եւ աշակերտական եռուզեռ:
 
ՔՈՒՇԵՇԻ ԲԱՑՈՒՄԸ
 
ՀԱՏՒԱԾ «ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԹԵՀՐԱՆԻ ՔՈՒՇԵՇ-ԴԱՒԹԵԱՆ ԵՒ ՔՈՒՇԵՇ-ՄԱՐԻԱՄԵԱՆ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ» ԳՐՔԻՑ 
 
Դպրոցաշէն յանձնախմբի եռանդուն ջանքերի շնորհիւ եւ անշուշտ նաեւ թեհրանահայութեան անսակարկ նւիրաբերումով երկար ժամանակ չի պահանջւում գոյացնել անհրաժեշտ մէկ միլիոն թումանը, որի օգնութեամբ հնարաւոր է դառնում 1956 թւից սկսել շինարարական աշխատանքները  եւ առաջ տանել, ինչպէս  նախապէս նշւեց Ս.
Աստւածածին եկեղեցու բակում:1956 թւի յունւարի 29-ին ժամանակի կրթութեան նախարար Դոկտ.Մեհրանը այցելում է դպրոց դիտելու համար կառուցւող շէնքը, որով իրապէս մնում է հիացած:Դպրոցում տարւող շինարարական աշխատանքի որակի եւ ծաւալի մասին արտացոլւում է նաեւ պարսկական թերթերում:
Ի վերջոյ շէնքը  պատրաստ է լինում 1957-58 ուսումանկան տարւայ համար:
Այդ առիթով տրւած յայտարարութեան մէջ նշւած է. «Կիրակի, 22 սեպտեբերին պատարագից յետոյ կը կատարւի շէնքի օրհնութիւնը, որի առիթով զոհեր կը մատուցւեն եւ ապա ներկայ ու մասնակից հասարակութիւնը կարող են դիտել նորակառոյց շէնքը»:
Թերթի նոյն համարով Դպրոցաշէն յանձնախումբը ամբողջական մի զեկոյցով հասարակութեանն է ներկայացնում մինչ այդ կատարած իր աշխատանքը. սոյն զեկոյցի բնագիրը գրեթէ ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ նկատի ունենալով, որ իր ժամանակին եւ դեռեւս թարմ տպաւորութեան տակ գրւած այս զեկոյցը շատ աւելի պերճախօս կը լինի, քան մեր շարադրանքը «. . . Անհրաժեշտ էր դրամ և գետին. սկզբում յանձնախումբը դժւարութիւն չունեցաւ դրամական տեսակէտից. առաջին իսկ նիստում շուրջ 2 միլիոն ռիալի մի գումար գոյացաւ յանձնախմբի անդամների նւիրատւութեամբ. անհրաժեշտ էր շէնքը կառուցել մի յարմար ու համեմատաբար ընդարձակ հողի վրայ: Ի վերջոյ յանձնախումբը որոշեց շէնքը կառուցել դպրոցի բակում: Շէնքը դպրոցի բակում կառուցելը ոչ միայն փակում էր հողամաս գնելու խնդիրը, այլեւ այդպիսով պահպանում էր մեր նախորդների թողած ժառանգութիւնը եւ մի բան էլ աւելացնում նրա վրայ, որով մեր բարոյական պարտականութիւնը կատարած էինք լինում մեր նախորդների հանդէպ: Յետոյ մրցութեան դրեցինք շէնքի յատակագիծը: Յատակագիծը պատկանում է Փարիզ ուսանած ճարտարապետ Բաբկէն Տ.Սարսգեանին: Փարիզում կազմելով յատակագիծը ուղարկեց յանձնախմբին, իսկ շէնքի կառուցման սկսելու օրերին ճարտարապետը Թեհրան եկաւ: Նա մերժեց որևէ գումար ստանալ իր կատարած աշխա-տանքի համար: Ճրտ. ԳրինՖիլդը եւ Յովհաննիսեանն էլ կատարել են հաշւարկումները: Շէնքն ունի ընդամէնը 27 սենեակ, իւրաքանչիւր յարկում 9 սենեակ: 4390 հոգի մասնակցել են նւիրատւութեանը նւազագոյնը 50, առաւելագոյնը 750.000 ռիալով (Պրն.Ռ.Իսայեւ):
Ի Վերջոյ հասնում է բաղձալի եւ վաղուց սպասւած օրը:  Դաւթեան դպրոցի միջնակարգ շէնքի հանդիսաւոր բացումը տեղի է ունենում թեհրանահայ  հոծ բազմութեան ներկայութեամբ: Արարողութիւնը այնպիսի մանրամասնութեամբ է նկարագրւած բարեխիղճ թղթակցի կողմից, որ այսօրւայ ընթերցողը ոչ մի դժւարութիւն չի ունենայ այդ հանդիսաւոր օրւայ դէպքերն ու անցուդարձերը ամբողջական եւ անթերի կերպով պատկերացնելու համար: Առաւօտեան ժամի 10-ին տեղի է ունեցել  Ս. պատարագ Ս.Աստւածածին եկեղեցում  Տէր Յովհաննէս աւագ քհնյ. Հաճեանի միջոցով, որից յետոյ ժամի 11:30-ին ներկայ բազմու-թիւնը քահանայից դասի առաջնորդութեամբ մուտք է գործել դպրոցի շէնքը. նորակառոյց շէնքի առաջին յարկի կամարների տակ, ուր որ է հայ համայնքը հիմնում է դպրոց
եւ եկեղեցի իբրեւ հայապահպանման կարևոր ազդակներ:
Բարձրադիր բեմի վրայ նախօրօք սեղանին դրւած է եղել արծաթեայ մի կոնք լիքը ջրով : Այդ օրւայ կարգապահութեանը հսկել են Արարատ կազմակերպութեան արիարենուշները:
Բացման հանդէսի յաջորդ օրն իսկ նորակառոյց դպրոցի դասարանները և յարակից մասե-րը կահաւորւում են անհրաժեշտ գոյքերով եւ սեպտեմբերի 24-ից աշակերտութիւնը յաճախում է դպրոց:    
Հետագային թերթը գրում է, որ թէպէտ արդէն քառասուն օր անցել է դպրոցի բացման ա-րարողութեան թւականից, բայց դեռեւս ամէն օր ժողովուրդը դասի ժամերից յետոյ գալիս է տեսնելու և հիանալու իր դպրոցով: Այցելուների մէջ լինում են  նաեւ մեծ թւով պարսիկ հայրենակիցներ: Ժամանակին ընթերցողների լայն շրջանակ վայելող  ՙԹեհրան Մոսաւար՚
շաբաթաթերթը յօդւած է նւիրել ՙՄէկ ժամ Քուշեշ միջնակարգ դպրոցում՚ վերնագրով, որտեղ նկարագրում է, թէ ինչպէս ժողովրդական նւիրատւութիւններով հայերը տէր են դարձել այս-պիսի փառահեղ մի դպրոցական կառոյցի: Յիշեալ յօդւածի թարգմանութիւնը ամբողջութեամբ դրւած է Ալիքում:
 
 
«Յոյս» թիւ 199
5 Սեպտեմբեր 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *