Ինչպես Դարձա «Բախտաբեր»-ի Մոլի

 
ԱՏՈՄ ՍԱՊՈՆՉՅԱՆ
 
 
Երկար տարիներից հետո առաջին անգամն է, որ կարճ ժամանակվա ընթացքում սկսել եմ սիրել մի հայկական հեռուստատեսության   սերիալ,  որի   անունն է «Բախտաբեր»:
Նախահեղափոխության տարիներին, 60-ական և 70-ական թվականներին, Իրանի «Ազգային հեռուստատեսության» եթերում մենք հնարավորություն ունէինք դիտելու ամերիկյան նոր սերիալներից շատերը, ինչպես հայտնի և հիշարժան «Փեյթոն փլեյս»-ը: Հետագայում, պատանեկության շրջանում, ազդվելով Իրանի, այսպես ասած, «մտավորական» շրջաններում տիրող «հակաիմպերիալիստական» հոսանքներից ու տրամադրություններից, ես էլ հակադրվեցի ամերիկյան սերիալներին` նրանք համարելով մակերեսային զբաղմունք, որ ծառայում են ժողովրդի «ապաքաղաքականացման»-ը: Այն ժամանակվա մեր փակ աշխարհի մեջ, նրանց դիտելը համարվում էր «Արևմտատարվածության» մի տեսակ դրսեվորում: Իհարկե, այս մեր դատողությունը «Դալաս» և «Դինստի» նման սերիալների մասին շատ էլ հեռու չէր իրականությունից: Եվ այդպես, մինչև վերջերս, հարկավ կրելով այս բացասական մոտեցման հետքերը, երբևիցե չեմ երևակայել, որ ավելի մեծ տարիքում կհետաքրքըրվեմ մի որևէ սերիալով: Բայց պատահեց այն, ինչ չէի պատկերացնում: Երկար ժամանակ հայաստանյան սերիալները բոյկոտ անելուց հետո, այժմ հետևողականորեն սկսել եմ դիտել «Բախտաբեր»-ը: Նրա պակասը զգում եմ, երբ չի հաջողվում ինձ նայել մեկ դրվագը: Իհարկե, նման դեպքում դիմում եմ ինտերնետին, որտեղ ավելի շուտ,  քան Արմենիայի եթերում  արդեն տեղադրված է նոր դրվագը: Մի խոսքով, օրս առանց  «Բախտաբեր»-ի չեմ կարողանում անցկացնել։
Այս երևոյթն ինձ մղում է խորանալու այն հարցում, թե մարդ ինչու է այսպես տարվում սերիալներով: Ի՞նչ «կախարդական» ուժ կա սերիալներում, ինչ հնարքներ են գործածվում դրանց մեջ, որ կարողանում են այդպես ձգողական ուժ ունենալ և դիտողների հոծ բազմություն շահել և նույնիսկ հասարակական հնչեղություն ունենալ: Հետաքրքիր է նաև տեսնել, որ Սփյուռք-Հայաստան հարաբերության խնդրում, սերիալները ի՞նչ դեր ունեն կամ կարող են ունենալ: Արդեո՞ք գործնականորեն կարող են ծառայել ստեղծելու, ամրապնդելու և ավելի մոտեցնելու կապերը Սփյուռքի ու Հայաստանի միջև: Ավելի հստակ` արդեոք սերիալները կարո՞ղ են ավելի ազդեցիկ դեր ունենալ այս խնդրում, քան ուրիշ հեռուստատեսային ծրագրեր:
Նախքան բուն նյութին անցնելը ավելացնեմ, որ Հայաստանից դուրս ապրելը, ինձ առիթ է ընձեռնում երբեմն հետևելու նաև անգլիական  ու ամերիկյան որոշ սերիալներին: Այսպիսով հնարավորություն ունեմ դրսից և հեռվից դիտել դրանք, որոնք ներկայացնում են Հայաստանի կյանքը: Սըրանք իրար հետ համեմատելով ինձ առիթ են տալիս տեսնելու անկյուններ, որոնք գուցե աննըկատ լինեն բնիկ քննադատի կողմից: Միաժամանակ, խորթ չլինելով Հայաստանյան մշակույթի, ապրելակերպի և սովորությունների հետ ու մանավանդ իմանալով հայերեն լեզուն, հնարավորություն ունեմ մոտից քննել ընտրած նյութը: Այլ կերպ ասած, ես միաժամանակ թե‘ մոտիկ եմ իմ ընտրած նյութին և թե‘ հեռու նրանից և շատ հարմար առիթ է նման քննարկումների համար:
 
Մի շարք ընդհանուր կետեր
«Բախտաբեր»-ը կարող ենք դասել ընտանեկան սերիալների շարքին, որոնց ժողովրդականությունը ֆիլմի և թատրոնի նման սկիզբ է առնում դրա խաղարկային բնույթից: Խաղարկության միջոցով մարդկային հարաբերությունների ու զանազան զգացմունքների դրսևորումը ավելի հեշտ և խորաթափանց կերպով է ընկալվում, քան բարդ ու վերացական նյութերի մասին խոսելն ու վիճելը: Հակառակ սրանց սա արդեն մի փաստված կետ է, որ հեռուստադիտողի կենտրոնացման տեւողությունը՛ վավերագրական ֆիլմերի ու լուրջ ասուլիսների վրա, վերջիններիս կրթական ու տեղեկատվական բովանդակության պատճաւով, ավելի կարճ է եւ այս ծրագիրները առհասարակ ավելի դժվար են դիտվում:Սերիալի պատմողական կառուցվածքն ու բովանդակությունը պիտի այնպես լինի, որ դիտողը նրա հետ անմիջական կապ հաստատելու համար կարիք չունենա ուժեղ լարվածութեան: Ընտանեկան սերիալները կոչվում են նաև Soap Opera: Այս անվանումը մի անուղղակի ակնարկ է այն իրողության, որ  նման սերիալներ դիտվում են առհասարակ այն ժամերին, երբ տանտիկինը տնային գործով է զբաղված ու միևնույն ժամանակ երբեմն հետևում է իր սիրած սերիալին, որը բնականաբար կարիք չունի բարձր լարվածութեան: Այս կարգին  է պատկանում նաև «Բախտաբեր»-ը, որի երկրորդ հեռարձակման ժամը առավոտյան է:
Այստեղ նաև գործում է մի ուրիշ ազդակ: Մարդս բնազդորեն հետաքրքրված է ուրիշների կյանքով: Այլ կերպ ասած, մարդս «քիթ խոթելու» ցանկություն ունի ուրիշների կեանքին  իր կյանքի հետ համեմատելու համար: Ընտանեկան սերիալներն այսպիսի հնարավորոթյուն են  տալիս հեռուստադիտողին:
 
«Բախտաբեր»-ի գրավչության պատճառները
Զբաղվենք «Բախտաբեր»-ի բովանդակությամբ և պատմողական կառուցվածքի առանձնաhատկություններով և տեսնենք դրանք ինչ հոգեբանական դրություններ են ստեղծում դիտողի մեջ: Սրա համար գերադասելի է, որ կարդացողը տեսած լինի այս սերիալը: Անհնարին է այս հոդվածի սահմաննների մեջ ամփոփել երկար ու մի քանի զուգահեռ ու իրար հյուսված հատվածներից բաղկացած պատմության խրթին գիծը, որից արդեն շուրջ հարյուր մաս ցուցադրվել են:
Ամփոփ ասած, «Բախտաբեր»-ի բովանդակությունը մոտ է ու նման  մարդկային առօրյա կյանքին: Այս սերիալի պատմության ընթացքում իշխող բարոյական արժեքներն ու ընդունված հասարական բարքերը հարցականի տակ չեն դրվում: Դիտողը կարիք չունի հարցականի տակ դնելու հասարակության մեջ արմատավորված իր համոզմունքները:
Սա, իհարկե, բացարձակ չէ և երբեմն «Բախտաբեր»-ը Հայաստանում ընդունված որոշ հասարակական վարքագծեր հարցականի տակ է դնում: Օրինակ Արմանի մայրը, հակառակ հայաստանցի տիպիկ կեսուրներին, իհարկե ելնելով իր զավակի՝ Արմանի երջանկությունը վերականգնելու խորը ցանկությունից, սկսել է կարեկցել նաև իր հարսին՝ Մարիամին, մինչդեռ սկզբում նա կոպիտ ու կծու լեզվանի կեսուր էր:
«Բախտաբեր»-ի կերպարները դիտողի համար հասանելի են: Սա տարբեր է հանդիսատեսի մտային թռիչքից դեպի ֆիլմերի հերոսների հետ նույնանալուն: Իհարկե, ավելացնեմ, որ ընդհանուր առմամբ տնային պայմաններում հեռուստատեսության դիտելու խանգարող միջոցների գոյության պատճառով, «նույնացումը»  կերպարների հետ ավելի թույլ է ստացվում, քան սինեմայի մութ սրահում և հսկա վարագույրի ներքո: Ընդհանրապես ընտանեկան սերիալների մեջ կերպարների թվի բազմության պատճառով էլ չենք կարող խոսել լեգենդային, կատարյալ ու ցանկալի հերոսներից: Ավելի ճիշտ է խոսել այն կերպարների մասին, որոնց հետ դիտողը կարող է ավելի հավասար չափով նմանակվել: «Բախտաբեր»-ի մեջ, իհարկե, Սոս Ջանիբեկյանի ներկայացրած կերպարը՝ Դավիթը մոտենում է ժապավենի հերոսներին: Բայց նրա հետ մեր դիտողների հարաբերությունն էլ  ունի հետևյալ հատկանիշները:
Հեռուստադիտողի ու «Բախտաբեր»-ի կերպարների մեջ ինչքան գնում ենք առաջ սկսում է իշխել երկխոսությունը և նույնիսկ քննադատական ու տարածությունը պահված մի մոտեցում : Հեռուստադիտողը սկսում է գուշակել կերպարների մտքերն ու ենթադըրել դրդապատճառները անցյալում կատարված և ապագա քայլերի մեջ: Այստեղ էլ «Բախտաբեր»-ի դիտողները  ազատ են ունենալ իրենց անձնական  կարծիքներն ու մեկնաբանությունները սերիալի նկատմամբ: Այս բանը նաև նպաստում է, որ դիտողը իրեն մոտիկ զգա  կերպարներին և այսպեսով միտքն ավելի զբաղեցնի այս սերիալով:
Մի ուրիշ հետաքրքիր հնարք, որ գործադրվում է «Բախտաբեր»ում այն է ,որ կերպարները չեն  ներկայացվում միակողմանի և որպես սև կամ սպիտակ ու դրական կամ բացասական անձեր: Օրինակի համար, մենք նույնիսկ կարող ենք կարեկցել Մարատ Մակարյանին կամ Էվայի հորը և ճիշտ համարել նրանց որոշ քայլերը: Մենք նույնիսկ կարող ենք պախարակել Էվային-շատ խելացի ու դրական անձ և պիտանի բժիշկ-որ լքում է իր հորը  թեպետ որ նա ամենաբացասական կերպարներից է: Կամ թե Մարատը, որ ծրագրել ու գործադրել է ոչընչացնել Դավիթին-սերիալի հերոսը-,բայց որպես հայր միշտ իր լավագույնն է անում իր զավակների, նույնիսկ Մաքսի համար, մի բան, որ համարվում է գնահատելի արարք: Միևնույն ժամանակ մենք չենք կարող լիովին հաստատել, ասենք Մարիամի նման ոչ բացասական կերպարի բոլոր քայլերը: Կամ մենք կարող ենք հասկանալ ու ընդունել Արմանի որոշ քայլերը և միաժամանակ դատապարտել իր կաշկանդիչ վերաբերմունքը, որ գործադրում է Մարիամի հանդեպ, թեպետ  նա այսպիսով արդարացնում է իր անսահման սերը նրա նկատմամբ: 
Վերջում նշեմ,որ«Բախտաբեր»-ը պարունակում է մի հետաքրքիր ճկնություն և մի նոր մոտեցում կերպարների ներկայացման գործում: Կերպարները ներկայացվում են փոփոխակի  իրենց գործողութեան  ընթացքում: Օրինակ՝ ինչպես նշեցի, Արմանի մոր վերաբերմունքի փոփոխությունը դեպի իր հարսը, կամ թե Արմանի ընթացքի մեղմությունը Մարիամի հանդեպ և թափած ջանքը նրան հասկանալու համար: Իհարկե, դրանով հանդերձ նա երբեմն նորից արտահայտում է իր «մաչչոյական» խոսքերն ու վերաբերմունքը:
 
Պատմողական կառույց
Այժմ անցնենք պատմողական կառույցին վերաբերվող ազդակներին ու հնարքներին: Առաջին բանը, որ հետաքրքիր է դարձնում «Բախտաբեր»-ը, անորոշ ու կախյալ դրություններ ստեղծելն է իւրաքանչիւր մասում: Այս հնարքը իր բարձրակետին է հասնում ամեն մի մասի ավարտին և դիտողին ավելի անորոշ դրության է մատնում: Այլ խոսքով, դիտողը չի կարողանում կռահել հետագա դեպքերն ու զարգացումները,  որը առիթ է տալիս տարբեր ենթադրությունների, որոնք նաև լարված դրության մեջ է պահում նրան շարունակ::
Մի այլ հնարամտություն, որ գործ է դրվել «Բախտաբեր»-ում,  որոշ կերպարների բացակայելն ու անհայտանալն  է հանգամանքներից, ինչպես օրինակ,  Տիկոյի, Դավիթի և Մարատի միանգամից բացակայելը:
«Բախտաբեր»-ի  ժողովրդականությունը նաև հետևանք է տարբեր ժանրերի միատեղման ու խառնուրդի: Մենք կարող ենք տեսնել հոգեբանական տրիլլեր, ընտանեկան մելոդրամա, «աքշն մուվի», ոճրագործական տրիլլեր ժանրերից մասնիկներ և նույիսկ վախենալի ու երգիծական ֆիլմերից որոշ նշաններ «Բախտաբեր»-ի մեջ: Անհրաժեշտորեն տարբեր ժանրերին պատկանող կերպարներ էլ են  երևան գալիս ու մեկտեղվում այնտեղ: Օրինակի համար Մարատը, Իվայի հայրը և Մարատի քարտուղարի  ետևում  կանգնած մարդիկ բոլորը մաֆյուսական խմբեր են: Հայ ավազակախմբերն  էլ չնայած  որ անգութ ու խիստ են, բայց ոչ Ամերիկայի իտալական ծագում ունեցող մաֆիուսային ընտանիքների նման, որոնք նույնիսկ իրենց հարազատների նկատմամբ  էլ կարող են խիստ վերաբերվել: Ոճրագործության տոկոսն էլ անհամեմատ ցածր է ամերիկյան նմանատիպ ֆիլմերի նկատմամբ:
Եվ մի խոսք էլ «Բախտաբեր»-ի բացման տիտրաժի մասին, որտեղ իրար հաջորդում են դերակատարների կարճ պատկերները: Այստեղ թվում է, թե դերակատարները  իրենց «ժեստեր»-ի միջոցով պիտի դրսևորեն խաղացած կերպարների որոշ հոգեկան հատկանիշները: Բայց,  այնինչ  գործնականում նրանց հմայքը որպես «աստղեր»  ավելի է գրավում, քան նրանց ներաշխարհը: Ավելացնեմ, որ դերակատարներից շատերը արտասովոր գեղեցկության տեր են, որ բնականաբար նպաստում է  սերիալի գրավչությանը:
Իհարկե, սա էլ կարող է մի մտածված քայլ լինի, որովհետև դերակարարների անչափ հասանելի լինելը և «աստղային» բնույթից զրկվելը ու նաև ներկայացված առօրյա կյանքի շատ սովորական լինելը սերիալը կդարձնի  անհետաքրքիր մի պատմություն դիտողի համար: Ուստի  այն պիտի  լինի անսպասելի և դրամատիկ դեպքերով:
Եվ վերջապես մի ազդակ ևս,  որ համոզված եմ կարևոր դեր է խաղում «Բախտաբեր»-ի և նման սերիալների ձգողական ուժի մեջ: Սերիալների կառույցն այնպիսի է, որ ամեն մի բաժնի ավարտը, հակառակ շուկայական ժապավենների ջախջախիչ մեծամասնության,  տեղի չի ունենում բարձր մակարդակի լարված և  հուզական վերջավորությամբ,  երբ սկզբի խախտված բալանսը վերադառնում է և վերականգնում է հավասարակշռությունը: Բացի այդ,  թվում է, թե «Բախտաբեր»-ի սերիալի ավարտում էլ, մենք ականատես չենք լինելու վերջնական ավարտին: Մեզ թվալու է, որ կյանքը իր ելևէջներով, արդարություններով ու անարդարություններով շարունակվելու է: Սա մասամբ հետևանք է այն բանի, որ մենք չենք կարող հանգիստ մտքով դատապարտել բացասական կերպարներին և նրանց դառը վախճանն ընդունել միտումնավոր և անտրամաբանական, այլ դրական կերպարների հետ վերցրած որպես կյանքի լուսաստվերներ: 
 
Ես կարծում եմ  «Բախտաբեր»-ը վայելում է ավելի բարձր որակ և իրապես գրական հայերեն լեզու: Նկատելի է, որ սերիալի լեզուն ու  հայերեն հարուստ բառապաշարը -իրանահայերի համեմատ-  որոշ չափով  ազդել է մեր խոսակցական լեզվի վրա: Սա լավագույն ձևերից մեկն է լեզուն զարգացնելու:  Հեռուստադիտողը սերիալից հաճույք  ստանալով հանդերձ,  միաժամանակ զարգանում է իր հայերենը:
Իհարկե,  ինձ թվում է  այս ազդեցությունը միայն չի սահմանափակվում լեզվի մեջ: Չնայած նրան, որ երկար տարիներ տարածություն է ընկել սփյուռքի ու Հայաստանի միջև,  սակայն այնքան ընդհանրություններ կան կենցաղում և նիստ ու կացում,  որ  «Բախտաբեր»-ի  նման սերիալները կարող են հետաքրքիր երկխոսություններ ստեղծել այստեղ: Որովհետև կարծում եմ  և հուսով, որ հայաստանցու համար էլ հետաքրքիր կլինի, թե սփյուռքահայն ինչպես  է մտածում նրանց կենցաղի մասին: Թվում է, թե նման առօրյա և մարդկային երեվույթների ու խնդիրների մասին մտքերի փոխանակումը Սփյուռքի և Հայաստանի միջև բնական սկզբնակետ է կողմերի փոխհարաբերության և մոտեցման համար, որովհետև այստեղ գոյություն ունեն  ընդհանուր և շաղկապող խնդիրներ երկու կողմերի միջև:
 
 
«Յոյս» թիւ 198
15 Օգոստոս 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *