Սիմոնի կամուրջը

 
ԻՒՐԻԿ ՔԱՐԻՄ ՄԱՍԻՀԻ
 
 
Արտասահմանում, անգլէրէն լեզւով տպագրւել է իրանցի ժամանակակից արձակագիրների կարճ պատմւածքների մի ժողովածու: Գլխաւոր  թեման սպանութիւն է, եւ Թեհրանը՝ դէպքերի վայրը:  Այդ գրքում տեղ է գտել նաեւ Իւրիկի Քարիմ Մասիհիի  «Սիմոնի Կամուրջը» պատմւածքը:
Մեր հայրենակցի պատմւածքի հայերէն թարգմանութիւնը նրա համաձայնութեամբ տպագրւում է  «Յոյս»-ի այս եւ յաջորդ  համարներում: Այդ առիթով Իւրիկի խնդրեցինք նաեւ մի հարցազրոյց, որը կը կարդաք այս համարի պարսկերէն բաժնում:
Շ.Ա.Պ.
 
Նարմաքի և Զարքեշի բնակիչները զգուշանում էին կանալից, որն անցնում էր իրենց հարեւանութեամբ: Յատկապէս այն տարւանից, երբ անձրեւները երկու մետր բարձրացրին ջրի մակարդակը: Սա հէնց այն տարին էր, երբ Ռաֆիկի եղբայրն ընկաւ կանալի մէջ և ջուրը  մարմինը քշեց տասնեակ կիլոմետրեր հեռու, Թեհրանից հարաւ:   Ռաֆիկի աւագ եղբայրը գեղեցկադէմ երիտասարդ էր: Գեղեցիկ եւ խելացի, ինչը աւելի զարմանալի էր, թէ նա ինչո՞ւ պիտի այդպէս աճապարանքով գնար դէպի նենգ կանալը: Նա նկատել էր ընկերուհուն, որ գալիս էր Սիմոնի կամրջի հակառակ ծայրից, եւ ցանկացել էր աչքի ընկնել՝ կախւելով  դրսի բազրիքից: Անխօս, նա երբէք չհասաւ նրան:
Դրանից յետոյ Ռաֆիկի հայրը խուսափում էր աչքը նետել կանալին եւ անիծւած կամրջին: Նա յորդորել էր կրտսեր որդուն նոյն կերպ վարւել: Բայց Ռաֆիկը չէր ուզում լսել այդ մասին: Դա անհեթեթութիւն էր: Սիմոնի կամուրջը ամենաարագ, ամենակարճ ճանապարհն էր հասնելու Նարմաք թաղամաս, ուր ապրում էր զարմիկ Էդւինը և նրանց լաւագոյն ընկերը՝ Քամռանը:
Մի ուրիշ բան էլ կար կանալի վերաբերեալ, մի տեսակ սահման, մի ծայրում Նարմաքի բնակիչները, հայ-քրիստոնեաներ՝ ինչպէս Ռաֆիկի զարմիկ Էդվինը: Նարմաքը նաեւ աւելի գեղատեսիլ թաղամաս էր քան Զարքեշը, բայց Զարքեշը կարող էր պարծենալ իր «խօսքի տէր» լինելու համար, Զարքեշի տղան երբէք չէր դաւաճանի ընկերոջը: Չնայած, երեք ընկերների համար, այս ամէնը դատարկ խօսքեր էին: Նրանք անբաժան էին: Եւ հիմա, երբ ամառը աւարտւում էր եւ այլեւս շատ բան չէր մնում անելու, քան սպասել մի այլ ուսումնական տարւայ, նրանք աւելի քան անբաժան էին:
Ուշ ամառային օրերից մի առաւօտ Ռաֆիկը պատրաստւեց դուրս գալ ընկերներին հանդիպելու: Նախորդ օրը, Էդւինի հայրը պատմել ու պատմել էր այն բոլոր առաջընթացի մասին, որ կատարւել էր  62-րդ բաժնում, եւ թէ այն չես կարող համեմատել Նարմաքի որեւէ այլ բաժինների հետ: Ուստի երեք տղաները վերջապէս որոշում են տեսնել, թէ ինչի մասին է այդ ողջ աղմուկը:
Սակայն այդ առաւօտ անձրև էր տեղում: Մի վայրկեան Ռաֆիկը տատանւեց:Յետոյ միայն անձրեւանոցի գլխարկը պինդ ձգեց եւ շտապեց դէպի Սիմոնի կամուրջ: Շատ չէր առաջացել, երբ կանալի ձախ ափին ոստիկանական աւտոների թարթող լոյսերը գրաւեցին նրա ուշադրութիւնը:
«Օֆիցեր Ահմադի, արագ եկէք,  էստեղ խառնաշփոթ է, Ձեր կարիքն ունեմ»: 
Ոստիկանները ներսում անյայտացան: Ռաֆիկը արագ  մօտեցաւ լուսամուտին: Սկզբում, նա միայն կարողացաւ տեսնել մարդկանց, որոնք կանգնած խօսում էին. յետոյ, երբ մի երկու հոգի կողմ քաշւեցին, յատակին տեսաւ մի բան, ինչը չկարողացաւ առաջին պահին  ընկալել: Տրորեց դէմքը, սրբելու անձրեւի թացը աչքերից:
Ներսի այդ «բանը» մի մարմին էր:
Կնոջ մարմին՝ ընկած մի կիսաստիճանի, կամ աւելի նման սենեակը երկուսի բաժանող հարթակի վրայ:  Նրա արձակ սեւ մազերը ծածկել էին աստիճանի մեծ մասը, բայց կարող էիր տեսնել արեան հետքը գլխի մօտ: Բերանաբաց՝ Ռաֆիկը մի քայլ յետ ընկրկեց, մարմնում սարսուռ զգաց: Հէնց այդ պահին տեսաւ ոստիկանին, ով կանչում էր օֆիցեր Ահմադիին, փոթորկելով լուսամուտի ետեւից:
«Ստեղ ինչ  ես անում, տղայ.  Դու է՞ս տնից ես. եթէ չէ՝ հեռացիր: Հայդէ, չքւիր հէնց հիմա»:
Ռաֆիկը վազեց, բայց ոչ դէպի Էդւինը և Քամռանը, այլ ամբողջ ճանապարհը վազեց տուն: 
Յաջորդ օրը նորից փորձեց, նրա  մտքում միայն մէկ բան էր՝ 12+1:
Նա չէր յիշում, թէ երեկ ե՞րբ նկատեց մեռած կնոջ տան համարը: Թւում էր մէկը կատակ էր անում  այս թաղի հետ: Տասներեք: Ինչո՞ւ այդ չարագուշակ համարը: Այնքան չարագուշակ, որի փոխարէն քաղաքապետարանը թոյլ էր տալիս դռանդ վրայ փակցնել 12+1: Հետաքրքրութիւնը մղեց նրան վերադառնալ այնտեղ:
Այսօր դուռը փակ էր, բայց երբ նա պատուհանից լրտեսեց, յստակօրէն տեսաւ արեան հետքը: Ոչ ոք նեղութիւն չէր կրել մաքրել այն:
 «Չնաֆւթոտես քեզ, տղայ»
Ռաֆիկը աչք նետեց շուրջը եւ տեսաւ հնամաշ սայլակով դռնէդուռ նաւթ վաճառողին: Հանդիպակաց մայթից մարդիկ հետաքրքրութեամբ նրանց էին նայում: 
Ռաֆիկը կրկին սկսեց վազել:
Ի հարկէ,  ոչ Էդւինը եւ ոչ Քամռանը չհաւատացին նրան, երբ նրանց պատմեց դէպքի մասին: Նրանք ենթադրեցին, որ երեկ ծուլացել է եւ չի ցանկացել անձրեւից թրջւել: Սակայն Ռաֆիկը պնդում էր իրենը:
 «Ուրեմն, գնանք տեսնենք»:
 «Ես չեմ ուզում նորից էդ «բանը» տեսնել»:
 «Չորացած արնափոսը քեզ չի վնասի»:
 «Բայց, եթէ դու տեսել ես մեռածի մարմինը…»
Նրանք, վերջապէս համաձայնութեան եկան իրագործելու իրենց նախնական մտադրութիւնը՝ այցելել 62-րդ բաժինը:
Շարունակելի
 
Թարգմանութիւնը՝ Շաքէ Ա. Պետրոսեանի
 
 
«Յոյս» թիւ 198
15 Օգոստոս 2015
 

    Tags:

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *