երկրագնդի բնակչութիւնը ըստ կրօնների 2010-2050

 
 
Աշխարհի կրօնական պատկերը արագօրէն փոխւում է: Դրա պատճառներն են հիմնականում ծննդաբերութեան մակարդակի տարբերութիւնները, երիտասարդ բնակչութեան քանակը զանազան կրօններում, ինչպէս նաեւ կրօնափոխ մարդկանց թիւը: Յառաջիկայ չորս տասնամեակներում քրիստոնեաները կը շարունակեն մնալ ամենամեծ կրօնական խումբը, սակայն իսլամը կաճի աւելի արագ, քան միւս կրօնները: Եթէ զանազան կրօնների աճի ներկայի տենդենցները շարունակւեն, 2050 թւականին .
— Մուսուլմանների թիւը ողջ աշխարհում համարեա հաւասար կը լինի քրիստոնեաների թւին
— Աթէիստները, ագնոստիկները եւ այն մարդիկ, ովքեր չեն պատկանում որեւէ կրօնի, թէեւ դրանց քանակը կաճի Ֆրանսիայում եւ Միացեալ Նահանգներում, սակայն երկրագնդի ընդհանուր բնակչութեան աւելի փոքր տոկոսը կը կազմեն:
— Աշխարհի բուդիստ բնակչութեան թիւը համարեա նոյնը կը մնայ, ինչ 2010-ին էր: Հինդուների եւ հրեաների թիւը կը բարձրանայ:
— Եւրոպայում մուսուլմանները կը կազմեն ընդհանուր բնակչութեան 10 տոկոսը:
— Հնդկաստանում հինդուները կը մնան մեծամասնաբար հինդու, սակայն կունենան աշխարհի ամենաբարձր քանակութեամբ մուսուլման բնակչութիւնը եւ այդ առումով կը գերազանցեն Ինդոնեզիային:
— Միացեալ Նահանգներում, 2010 թւականին տոկասային հաշւով բնակչութեան աւելի քան երեք քառորդը քրիստոնեաներ էին կազմում, մինչդեռ 2050-ին դրանց թիւը  կը նւազի երկու երրորդով եւ հրեաներն այլեւս չեն լինի ամենամեծ ոչ քրիստոնեայ ժողովուրդը այս երկրում: Մուսուլմանների թիւը աւելի բարձր կը լինի, քան այն մարդկանց, ովքեր իրենց դաւանանքով հրեայ են համարւում:
— Աշխարհի ամէն 10 քրիստոնեայից 4-ը կապրի sub-Saharan Աֆրիկայում:
Ահա համաշխարհային կրօնական տենդենցներից մի քանիսը, որոնք անդրադարձւել  են Pew հետազօտական կենտրոնի դեմոգրաֆիկ նախատեսութիւններում: Դրանցում հաշւի են առնւել աշխարհի հիմնական կրօնների ներկայ թւաքանակի եւ աշխարհագրական բաշխման տւեալները, տարիքի տարբերութիւնները, ծննդաբերութեան եւ մահացութեան մակարդակը, միջազգային գաղթը եւ կրօնափոխութեան օրինակները:
2010-ին քրիստոնէութիւնը, որը մինչ այդ 2.2 բիլիոն հետեւորդներով  աշխարհի ամենամեծ կրօնն էր հանդիսանում, կազմում էր երկրագնդի 6.9 բիլիոն մարդ բնակչութեան մօտաւորապէս մէկ երրորդը (31 տոկոստը): Իսլամը երկրորդն է, 1.6 բիլիոն հետեւորդներով, որը հաւասար է աշխարհի բնակչութեան 23 տոկոսի:
Եթէ ներկայի տեմպերը եւ օրինաչափութիւնները շարունակւեն, 21-րդ դարի կէսին, Իսլամի հետեւորդների թիւը մօտաւորապէս կը հասնի քրիստոնեաների թւին: Ակնկալւում է, որ 2010-2050 թթ.  ժամանակահատւածում, երկրագնդի բնակչութեան թիւը 35 տոկոս աճ արձանագրելով  հասնի 9.3 բիլիոնի: Նախատեսւում է, նոյն շրջանում, մուսուլմանները իրենց համեմատաբար աւելի երիտասարդ բնակչութեամբ եւ աւելի բարձր ծննդաբերութեան մակարդակով, աճեն 73 տոկոսով: Նախատեսւում է նաեւ քրիստոնեաների թւի աճ, բայց աւելի դանդաղ, մօտաւորապէս 35 տոկոս, այսինքն համարեա նոյն տեմպով, ինչ աճելու է ողջ աշխարհի բնակչութիւնը:
Արդիւնքում, Pew հետազօտական կենտրոնի նախատեսութեամբ, 2050 թւականին պատմութեան ընթացքում առաջին անգամը լինելով քրիստոնեաների եւ մուսուլմանների բնակչութեան քանակը կը հաւասարւի: Մուսուլմանները կը կազմեն երկրագնդի բնակչութեան 30 տոկոսը (2.8 բիլիոն մարդ), իսկ քրիստոնեաները 31 տոկոսը (2.9 բիլիոն մարդ):
Գալիք տասնամեակներում, բացառութեամբ բուդիստների, աշխարհի բոլոր կրօնների հետեւորդների բացարձակ թիւը քիչ թէ շատ աճելու է: Բուդիստների թիւը նախատեսւում է մնայ նոյնը, ինչ որ այսօր է, ծննդաբերութեան ցածր մակարդակի եւ Չինաստանում, Թայլենդում ու Ճապոնիայում բարձր տարիքի բնակչութեան պատճառով:
Ողջ աշխարհում, hինդու բնակչութեան աճը նախատեսւում է 34 տոկոս` հասնելով 1.4 բիլիոնի, համարեա նոյն արագութեամբ, ինչ արագութեամբ երկրագնդի բնակչութեան ընդհանուր աճը: Հրեաները, ամենափոքր կրօնական խումբը, որի համար առանձին նախատեսութիւններ են արւել, աճելու է 16 տոկոսով եւ 2010 թւականի 14 միլիոնից 2050-ին հասնելու է 16.1 միլիոնի:
Զանազան ժողովրդական (ֆոլկ) կրօնների, այդ թւում աֆրիկեան աւանդական կրօնների, չինական, բնիկ ամերիկեան եւ Աւստրալիայի աբօրիգինալ կրօնների հետեւորդների թիւը նախատեսւում է աճի 11 տոկոսով եւ 405 միլիոնից հասնի 450 միլիոնի:
Եւ բոլոր միւս կրօնների համար միատեղ նախատեսւում է 6 տոկոսանի աճ` 58 միլիոնից, 61 միլոինի, չորս տասնամեակների ընթացքում:
Այսպիսով ժողովրդական կրօնները, հրէականութիւնը եւ այլ կրօնները աճելու են աւելի դանդաղ, քան ընդհանուր երկրագնդի բնակչութիւնը: Այլ խօսքով, 2050 թւականին, դրանց հետեւորդները կազմելու են երկրագնդի բնակչութեան աւելի փոքր տոկոսը:
Նոյնպէս տոկոսային հաշւով նւազելու է ոչ կրօնականների կշիռը, թէեւ աճելու է նրանց բացարձակ թիւը: Զանազան մարդահամարների հիման վրայ, 2010 թւականին որեւէ կրօնի չպատկանող մարդկանց, ագնոստիկների եւ աթէիստների թիւը ողջ աշխարհում կազմում է 1.1 բիլիոն շունչ: 2050-ին նրանք աճելու են մինչեւ 1.2 բիլիոն, սակայն որպէս երկրագնդի բնակչութեան տոկոս, նրանց կշիռը 16%-ից հասնելու է 13%-ի: Բայց ոչ կրօնական բնակչութիւնը որպէս երկրների ընդհանուր բնակչութեան տոկոս աճ է արձանագրելու Եւրոպայում եւ ԱՄՆ-ում: Վերջինում նրանք բնակչութեան 16%-ից հասնելու են 26%-ի: Սա ապացուցում է, որ կրօնների հետեւորդների աճը զանազան աշխարհագրական շրջաններում բաւականին տարբեր է լինելու:
թարգմ. Ժ. Մնացականեան
 
«Յոյս» թիւ 198
15 Օգոստոս 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *