Իրանը եւ գերտէրութիւնները պատմական համաձայնութեան հասան

 
 
Յուլիսի 14-ը միջազգային դիւանագիտութեան պատմութեան էջերում գրանցւեց որպէս չափազանց կարևոր ձեռքբերման օր: Իրանը և միջազգային վեց գերտէրութիւնները` ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան,Ֆըրանսիան և Գերմանիան համաձայնութեան հասան Իրանի միջուկային վիճահարոյց ծրագրի շուրջ։ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ գործարքը հիմնւում է ո‘չ թէ վստահութեան, այլ ստուգումների վրայ։
«Ես համոզւած եմ, որ այս գործարքը բխում է ԱՄՆ-ի և մեր դաշնակիցների ազգային անվտանգութեան շահերից, ուստի ես վետոյի կենթարկեմ գործարքի իրականացումը խոչընդոտող որևէ օրինագիծ»,- ասել է Օբաման։
Իրանի նախագահ Հասան Ռուհանին Վիէննայում ստորագրած համաձայնագրի վերաբերեալ յատուկ ուղերձով հանդէս է եկել պետական հեռուստատեսութեամբ։
«Երջանիկ եմ, որ Իրանի և վեց գերտէրութիւնների հետ 23 ամիս տևած բանակցութիւնից յետոյ մենք թևակոխում ենք նոր դարաշրջան»,- ասել է Ռուհանին։ Աւստրիայի մայրաքաղաքում 18 օր տևած բանակցային մարաթոնն աւարտւել է։ Ըստ համաձայնագրի՝ ՄԱԿ-ի տեսուչները կը ստանան Իրանի ռազմական և գիտական կենտրոններ տեսչական այցեր կատարելու իրաւունք։ Այնուամենայնիւ, իրանական կողմը չի պարտաւորւում անմիջապէս թոյլատրել այցերը և կարող է լրացուցիչ պարզաբանումներ պահանջել: Նման դէպքերում հարցը պէտք է քննարկի վեց տէրութիւնների և Իրանի փորձագէտների միացեալ յանձնաժողովը։
Գործարքի քննադատները այդ հանգամանքն են համարում համաձայնութեան թոյլ կէտը։ Բայց դա հաւասարակշռում է կարևոր միւս դրոյթը` Իրանի միջմայրցամաքային հրթիռների ստեղծման ծրագիրը զսպող պատժամիջոցները 8 տարի կը մնան ուժի մէջ, իսկ Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի սահմանած զէնքի մատակարարման արգելքն ուժի մէջ կը մնայ 5 տարի։
Իրանը մինչև վերջին պահը պահանջել է անմիջապէս վերացնել զէնքի մատակարարման արգելքը, ինչին կողմ էր Ռուսաստանը, բայց դէմ էին ԱՄՆ-ը և արևմտեան մնացած երկրները։ Վիճահարոյց մէկ այլ կէտ էլ համաձայնեցւել է. Իրանն ընդունել է, որ ստանձնած պարտաւորութիւններից որևէ մէկը չկատարելու դէպքում ՄԱԿ-ը 65 օրում կը վերականգնի չեղեալ յայտարարած պատժամիջոցները։
Միջուկային ծրագրի շուրջ Իրանի և Արևմուտքի վէճը շարունակւում է մօտ քսան տարի։ Թեհրանը պնդում է, որ ծրագիրը խաղաղ նպատակ է հետապնդում, Արևմուտքի համոզմամբ, իրանցիները փորձում են կուտակել միջուկային զէնքի համար անհրաժեշտ հարստացման աստիճանի ուրան։
 
 
«Յոյս» թիւ 197
25 Յուլիս 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *