Ի՞նչ է անցնում Րաֆֆի համալիրում

 
 
Իրանում ապրող հայերից նրանք, ովքեր դեռ հետաքրքրւած են և հետևում են համայնքի հասարակական անցուդարձին, յատկապէս Նարմաք, Զարքեշ և Վահիդիէ քաղաքամասերի հայ բնակչութիւնը, արդէն տեղեակ են Րաֆֆի մարզամշակութային համալիրի սեփականութեան դժւարին հարցի մասին: Նրանք գիտեն, որ այն հողամասի սեփականատէրերը, որի վրայ կառուցւած է այդ միութեան շէնքը, պահանջում են և դատ են բացել միութեան դէմ, որի  արդիւնքում իրանահայ ամենաաշխոյժ միութիւններից մէկը, կարող է զրկւել իր հաւաքատեղիից, մարզադաշտից և այլ յարմարութիւններից: Դա ինչ խօսք, մեծ հարւած կը լինի թաղի հայ բնակչութեանը և ընդհանրապէս իրանահայութեանը: Սակայն ցաւալին այն է, որ այս դժւարին հարցը դեռ չլուծւած, տեղեկանում ենք, որ միութիւնը տառապում է նաև ներքին լուրջ երկպառակտութիւնից:
Ստացել ենք հետևեալ գրութիւնը ՀՄՄ Րաֆֆի համալիրի հիմնադիր անդամներից մէկի` Վարդան Բաբախանեանի ստորագրութեամբ, ուր նա իր մտահոգութիւնն ու բողոքն է յայտնում առ այն, որ միութեան մշակութային և համաժողովրդական էութիւնը ներկայ վարչութեան կողմից չարաշահւում է քաղաքական նպատակների համար: Մենք հրատարակում ենք այդ գրութիւնը, քանի որ ժողովրդի իրաւունքն ենք համարում տեղեակ լինել իր միութիւնների մէջ անցուդարձին: Բնականաբար ընթերցողը դրանով կարող է ծանօթանալ «Րաֆֆի»-ում ընթացող խնդիրների նկատմամբ տարաձայնութիւն ունեցող կողմերից միայն մէկի տեսակէտներին:  ՙՅոյս՚-ն իր պատրաստակամութիւնն է յայտնում հրատարակել նաև Վ. Բաբախանեանի գրութեան մէջ քննադատութեան ենթակայ անձնաւորութիւնների և հաստատութիւնների պատասխան-գրութիւնները:
 
 
ԿՈՉ ՐԱՖՖԻԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՒ ԱՌ Ի ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ
 
Վարդան Բաբախանեան
 
Յարգելի ընկերներ, Հ.Մ.Մ. Րաֆֆի Համալիրի միութենականներ
Այս գրութիւնը տրւում է տեղեկացնելու, որ միութեան գործող վարչութիւնը, ինչպէս երևում է, չի կարողանում խնդիրները լուծել հայկական մի միութեան սովորական ճանապարհներով և յատկապէս կանոնագրութեան համաձայն: 
Բայց այս գրութեան հասցէատէրը թող միայն 8Րաֆֆի»-ի անդամները չլինեն, այլ ողջ իրանահայ համայնքը, քանի որ Րաֆֆի համալիրը ստեղծւել է հէնց համայնքի միջոցով և պատկանում է համայնքին, ուստի և նրա քայքայումը մեծ հարւած կը լինի ոչ միայն այդ միութեան հիմնադիրներին և հին ու նոր անդամներին, այլ նաև բոլոր իրանահայութեանը:   
Րաֆֆի միութիւնը, որ այս քանի տասնամեակների ընթացքում յայտնի է եղել իր ոչ կուսակցական լինելով ու անկախութեամբ, այսօր յայտնւել է մի քանի ոչ րաֆֆիականների, ՙԱրաքս՚ թերթի շուրջ հաւաքւած անհատների ձեռքում, որոնք յայտնի են մեր համայնքում իրենց ծայրայեղական մտքերով ու գաղափարներով:
Նրանք առանց ցաւ զգալու քանդում ու քայքայում են մեր միութեան բոլոր խմբերն ու բաժանմունքները մէկը միւսի յետևից և վտարում ու հեռու են քշում մեր տարիների սրտցաւ անդամ-ընկերներին: Իսկ ով բողոքում է և քննադատում, նախագահի պաշտօնին բազմած` պրն. Ռաֆիկ Մելիքսէթեանը պատասխանում է, թէ վարչութիւնը ինչ  ուզի կարող է անել:
Ես հարց եմ տալիս ձեզ, թէ`
Ոորտե՞ղ մնաց մեր կանոնագրությունը, մեր քննիչ մարմինը, որտե՞ղ ենք մնում մենք` միութենականներս, որ ճամբից դեռ նոր ելած ու միութենական դարձած մարդիկ համարձակւեն մեր տարիների կառուցածը, ստեղծած ընկերութիւնն ու աշխատանքները, մի վայրկեանում ջուրը գցել:
Արդեօք մենք պիտի ձեռքներս ծալած նստենք ու նայենք, թէ ինչպէս են մէկ առ մէկ քայքայում մեր մարզական ու մշակութային խմբերը, և մեր միութեան ու մեր նեղութեամբ կառուցւած սրահներն ու գրասենեակներն օգտագործում իրենց քաղաքական ու նիւթական շահերի համար: Արդեօք մենք պիտի յարմարւենք նրանց հակականոնագրական ու հակաընկերական, հակարաֆֆիական գործերի հետ: Ես որպէս այս միութեան հիմնադիր անդամներից մէկը, ով տասնեակ տարիների ընթացքում ամէն օր, ժամեր շարունակ աշխատել եմ տարբեր բաժիններում, ինձ իրաւունք եմ տալիս մեր սիրելի ընկերներին տեղեկացնել, որ այս վարչութիւնը, որը միութենականների բողոքներին տրամաբանական պատասխաններ տալու փոխարէն
– նրանց դէմ նամակ է գրում Թեմական խորհրդին ու Պատգամաւորական ժողովին ,
– զեկոյց է տալիս Վեզարաթ քեշւարին ,
-և նոյնիսկ առաջին անգամւայ համար լինելով, միութենականին միութիւնից դուրս հանելու համար, ոստիկանութեան է զանգահարում,
Արժանի չէ «Հ.Մ.Մ. ՐԱՖՖԻ» անկախ ու ժողովրդական միութեան վարչութեան կոչումը վայելելու:
Ուզում եմ աւելացնել, որ մեր յարգարժան վարչականների որոշում տւող անդամները, վերջին ամիսների ընթացքում միութիւնը դարձրել են ՙՀամադրող մարմին՚ անունով մի խմբի ժողովների կենտրոն: Այս խմբի անդամները և նրանց արարքները ամբողջութեամբ գրւում է «Րաֆֆի»-ի անունով: Օրինակի համար, նրանց որոշումով ցեղասպանութեան հարիւրամեակի ընդհանուր ու համայնքային ձեռնարկներից դուրս մնաց Րաֆֆին, իսկ մեր յարգելի վարչականները զբաղւած լինելով իրենց հակադաշնակցական խաղերով, անտէրութեան մէջ են թողել միութեան ներքին աշխատանքները: Հէնց այդ պատճառով էլ փոխարէն զբաղւեն միութեան սեփականութեան այդքան կարևոր հարցով, կամ մտածեն, թէ ինչպէս պահեն անդամներին ու եղած խմբերին, հեշտ ու հանգիստ իրենց ազատում են այդ գլխացաւանքից և միութիւնը օր օրի դատարկում են իր անդամներց:
Այսպէս է լինում, երբ մարդիկ իրենց ամենակարող են իմանում և ոչ ոքի առաջ պատասխանատու չեն համարում: Վերջում  ցանկանում եմ շեշտել, որ դա մեզանից է կախւած` րաֆֆիականներից, որ նրանց ցոյց տանք, որ իրենց տեղը «Րաֆֆի»-ի յարկի տակը չէ: Մի յարկ, որի այսօրւայ միշտ փակ դռներով սենեակները, մինչև նրանց երևալը, լցւած էին  տարիքով փոքր ու մեծ, հին ու նոր, երիտասարդ ու տարեց միութենականներով ու թաղայիններով, որոնք ընկերաբար ջերմ մթնոլորտում աշխատում էին, և եթէ ինչ- որ վէճ էլ առաջանում էր, դա լուծում էին իրենք իրենց մէջ, որպէս միութենականներ և ընկերներ, ոչ թէ Թեմական խորհրդի կամ Վեզարաթ քեշւարի ու ոստիկանութեան միջոցով: Այստեղ հաւաքւած րաֆֆիականները շատ հեռու էին այդքան ստոր ու թշնամական քայլերից: Ուրեմն եկէք միասնաբար ուղղենք մեր այս սխալը և մեր միութիւնից հեռացնենք բոլոր նրանց, ովքեր չարաշահեցին մեր վստահութիւնը և տիրացան տասնեակ տարիների ընթացքում հազարաւոր րաֆֆիականների ստեղծած ու կառուցած հոգևոր ու նիւթական հարստութիւնը:
 
 
«Յոյս» թիւ 197
25 Յուլիս 2015
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *