Հաղորդագրութիւն` թաքցնելու համար, ոչ տեղեկացնելու

 
Ստորև վերատպում ենք ԹՀԹ Պատգամաւորական ժողովի դիւանի հաղորդագրութիւնը այդ ժողովի յունիսի 23-ի նիստի մասին: հաղորդագրութիւնը հրապարակւել է առաջնորդարանի կայքում, յուլիսի 13-ին, 20 օր նիստից յետոյ:  
Այս հաղորդագրութիւնը լաւագոյն նմուշն է մեր համայնքային կեանքում տարածւած տեղեկատւութեան ոճի, ուր հաղորդագրում ես  ո‘չ թէ ընթերցողին բան ասելու ժողովում խօսւած նիւթերի մասին, այլ դրանց ծածկելու և թաքցնելու համար: Թեմական խորհուրդը ՙծրագիր է ներկայացնում՚, պատգամաւորները  ՙմանրամասն անդրադառնում են ներկայացւած նիւթերին՚, վերջում  ՙհաստատում են բանաձևերը ամբողջութեամբ՚, խօսւում է ՙմասնաւորաբար առք ու վաճառքի  բնոյթ ունեցող ծրագրերի՚  մասին … և այսպէս: Իսկ թէ ի՞նչ էին ծրագրերի բովանդակութիւնը, որոնք պատգամաւորները  ՙմանրամասնօրէն՚  քննարկեցին և որոնք էին այդ  ՙառք ու վաճառքի բնոյթ ունեցող ծրագրերը՚,  … դրանց մասին ոչ մի խօսք: Միայն ընդհանուր բառեր, որոնք հնարաւոր է կրկնել նաև վեց ամիս կամ մէկ տարի յետոյ և արդէն տասնամեակներ է, որ կրկնւում են չնչին տարբերութիւններով:
Իսկ ժողովի հիմնական օրակարգի մասին, որ Թեմական խորհրդի 1394-ի բիւջէի քննարկումն էր, ոչ մի տւեալ բիւջէի թւերի մասին և բնականաբար ոչ մի խօսք այն վերաբերեալ, որ բիւջէն հաստատող պատգամաւորները ընդհանրապէս այն չէին կարդացել, քանի որ դա նրանց չէր տրամադրւել: (այս մասին կարդայ  ՙՅոյս՚-ի նախկին համարում):
Յամենայն դէպս, թող ընթերցողը կարդայ մեր ազգային մարմիններից բարձրագոյնի՝ դիւանի հաղորդագրութիւնը և ինքը տեսնի, թէ դրանից որևէ բան կը հասկանա՞յ, թէ այդ ժողովում ընդհանրապէս ինչի՞ մասին է խօսւել:
Ռ. Ս.
 
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԿԱՆ ԺՈՂՈՎԻ
 
 
Երկուշաբաթի, 13 Յուլիս 2015
Այսու մեր համայնքի յարգելի ժողովրդին յայտնում ենք, որ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովը թւականիս յունիսի 23-ին իր 21-րդ նիստը գումարեց՝ Ազգային Առաջնորդարանի դահլիճում, նախագահութեամբ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Գէորգ Վարդանի եւ Նորայր Արամեանի: Նիստին ներկայ էին նորընտիր Թեմական եւ Կրօնական Խորհուրդների ու Հաշւէքննիչ մարմնի անդամները:
Ժողովի սկզբում Կրօնական Խորհուրդը Պատգամաւորներին ներկայացրեց առաջիկայ երկամեակի համար իր նախատեսած ծրագիրը: Ժողովականների կողմից հնչեցին հարցումներ ու տեսակէտներ որոնք ստացան իրենց համապատասխան բացատրութիւններն ու լուսաբանումները, դրանցից յետոյ հաստատւեց ներկայացւած ծրագիրը: Կրօնական խորհուրդը ծրագրից յետոյ պատգամաւորներին ներկայացրեց իր հայեցողութեամբ աշխատող մարմինների անդամներին, որոնք ամբողջութեամբ հաստատում գտան Ժողովի կողմից:
Ժողովը շարունակւեց Թեմական խորհրդի կողմից ներկայացւած «Աշխատանքային հայեցակարգ»-ով ու «Աշխատանքային երկամեայ ծրագիր»-ով: Պատգամաւորները իրենց հերթին մանրամասնութեամբ անդրադարձան ներկայացւած նիւթերին, իսկ Թեմական խորհուրդը ևս բացատրութիւններ ու լուսաբանութիւններ կատարեց իր «Հայեցակարգի» եւ «Ծրագրի» առընչութեամբ: Վերջում ներկայացւած բանաձեւերն հաստատւեցին ամբողջութեամբ իսկ դրանց մէջ կային մասնաւորաբար առք ու վաճառքային բնոյթ ունեցող ծրագրեր, որոնց գործընթացային հաստատումը իրենց գործադրական մանրամասնութիւններով կարիք ունի յաւելեալ քննարկումների եւ բնականաբար դրանք պիտի հաստատւեն պարագայաբար եւ ամբողջական ուսումնասիրութիւնների արդիւնքում:
Ծրագրային հաստատումներին յաջորդեց նախահաշւի քննարկումները: Թեմական խորհուրդը ներկայացրեց 1394 հաշւական տարւայ նախահաշիւը, քննարկումների ընթացքին ժողովականների կողմից մտահոգութիւններ հնչեցին «Նիւթական բացով» ներկայացւած տախտակի ու «Զանազան» գլխի տակ գրանցւած գումարների մասին: Քննարկումի արդիւնքում հաստատւեց ներկայացւած նախահաշիւը առ ի գործադրութիւն սակայն Թեմական խորհրդին պարտականութիւն տրւեց արծարծւած մտահոգութիւնների լոյսի տակ առաւելագոյն բծախնդրութեամբ հետեւել ծախսերի ընթացքին դրանց համար ճշտելով գործնական եւ տնտեսական պայմաններին համապատասխան հերթաւորում, եւ նրան ցուցմունք տրւեց՝ խնայողական ոճի կիրառմամբ նւազագոյնի հասցնել նախահաշւում տեղ գտած «Նիւթական բացը»: Իսկ հաստատւած նախահաշւի գործադրման ընթացքին, իրական գործառութիւնների լոյսի տակ եւ հարկաւոր լինելու դէպքում Թեմական խորհուրդը  Պատգամաւորական Ժողովին կներկայացնի լրացուցիչ նախահաշիւ առ ի քննարկում:
Իսկ ծրագրից ու նախահաշւից յետոյ Թեմական խորհուրդը Ժողովականներին ներկայացրեց գործադիր ենթամարմինների, եկեղեցական խորհուրդների անդամակազմերին՝ մէկ առ մէկ, Ժողովը դրանց քւէարկեց անջատաբար որոնք բոլորը հաստատւեցին միաձայնութեամբ: Թեմական խորհուրդը չէր յաջողել լրացնել միայն երկու կազմեր որոնց լրացուցիչ անւանացանկերը պատրաստւելուց յետոյ կքննարկւեն Պատգամաւորական Ժողովի ապագայ նիստում:
Քննարկումների ու հաստատումների երկարաշունչ օրակարգի աւարտին Ժողովի ատենապետ Գէորգ Վարդանը ողջունեց Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ հաշւէքննիչ մարմնի անդամների ընտրութիւնից յետոյ՝ առաջին ներկայութիւնը Պատգամաւորական Ժողովի նիստին եւ ասաց. «Ընտրւած գործադիր մարմիններին մեր վստահութեան քւէները տալով մեր պարտականութիւնը աւարտւած չենք համարում, այլ հաւատացած ենք որ Պատգամաւորական Ժողովի պարտականութիւնն է մինչեւ նորընտիր մարմինների աշխատանքային շրջանի աւարտը սատարել նրանց ամբողջութեամբ: Թեմական կառոյցի գործնական աշխատանքներին նւիրումը ծանր պարտաւորութեան ստանձնում է որին համար եւ պիտի շնորհաւորել Ձեզ եւ շնորհակալութիւն յայտնել: Պատգամաւորական Ժողովը համայնքիս ծառայելու գործընթացում միշտ պատրաստ է օժանդակելու Ձեզ ուր որ հարկ կնկատէք դուք»:
Թեմական խորհրդի ատենապետ պրն. Ռուբիկ Կարապետեանը եւս իր շնորհակալութեան խօսքն ուղղեց Ժողովականներին նրանց վստահութեան համար եւ բացատրեց որ գործադիր մարմինները գիտակցելով մերօրեայ մարտահրաւէրները ամեն կերպ պիտի աշխատեն լաւագոյնս իրագործել՝ հայապահպանման ու հայեցի դաստիարակութեան ճամբին տարւող աշխատանքներն ու ծրագրերը»:
Ժողովի աւարտին առաջնորդ Սրբազան Հայրը իր գնահատանքի խօսքն ուղղեց ներկաներին ողջունելով Պատգամաւորական Ժողովի ու Թեմական խորհրդի կողմից արտայայտւած մտքերը, նա յոյս յայտնեց որ փոխադարձ յարգանքի ու հանդուրժողականութեան շնորհիւ բոլորին պիտի յաջողի լաւագոյնս իրականացնել համայնքային շահերի պահպանումը եւ նրա բարգաւաճմանը նպաստող աշխատանքների հունաւորումը:
Սիրելի հայրենակիցներ,
Համաշխարհային ու տարածաշրջանային այս տարօրինակ ժամանակներում հարկաւոր է համախմբւել եւ ամեն կերպ օժանդակել Թեմական կառոյցին՝ մեր համայնքային շահերն ապահովելու եւ զարգացման ուղին հարթելու գործընթացում:
Յաջողութիւն բոլորիս:
 
Յարգանօք՝
Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի դիւան
 
 
«Յոյս» թիւ 197
25 Յուլիս 2015
 

    Tags: , , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *