Սրբազան հօր խօսքը նիստի աւարտին

 
 
Ես ուրախ եմ նման արտայայտութիւններ լսելով: Օրէնսդիր և գործադիր մարմնի լաւ յարաբերութիւնը միշտ գործը անչափ հեշտացնում է: Ես միշտ ասել եմ, որ մենք մէկ ընտանիք ենք. պատգամաւորական, կրօնական, թեմական, հաշւեքննիչ մարմին, նաև յարակից մարմիններ, բոլորը մէկ ամբողջութիւն են, և ինչպէս պարոն Կարապետեանը [Թեմական խորհրդի ատենապետը] գեղեցիկ կերպով ասաց, մեր նպատակը ծառայութիւնն է: Եւ դա մեր տիրոջ Յիսուս Քրիստոսի պատգամն է, որ ասաց` ես եկայ որպէսզի ծառայեմ:
Երկրորդ. կուզեմ նաեւ ասել, որ ազգային մարմիններու կազմութիւնը բաւական ժամանակ խլող աշխատանք է, որովհետև մենք նաև մարդ գտնելու դժւարութիւն ունինք: Դժբախտաբար ամէն մարդ չէ, որ պատրաստ է գալու և աշխատելու: Ես կուզեմ իմ խոր գնահատանքը յայտնել անցեալ շրջանում մեր բոլոր մարմիններու մէջ գործած ժողովականներուն: Նրանք բոլորն էլ իրենց լաւագոյնն ըրին որպէսզի մեր ազգային մեքենան լաւագոյն կերպով յառաջ ընթանայ:
Մենք լաւ օրերուն մէջ չենք, բարեկամներ: Բոլորս դա շատ լաւ գիտենք: Նախ տնտեսական պատճառներով և ապա արտագաղթի տագնապը կայ,  որ մեր ժողովականները արդարացի մտահոգութեամբ արտայայտւեցին այդ մասին: Բայց ինձ ասէք, թէ ո՞ր կառավարութիւն կարողացած է այս արտագաղթի առաջն առնել: Այսօր ևրոպական պետութիւնները այս տագնապը ունին` երիտասարդութեան շարժը մէկ տեղից միւս տեղ : Բայց որքան որ արտագաղթ ունենք, բաւականին չափով վերադարձող էլ կայ: Եւ դա ուրախալի երևոյթ է: Սա բաներ են, որ մեր ձեռքից դուրս են. չենք կարող որևէ մէկ ձևով օգնել: Ես բարեկամ ունեմ, որ ընկերութիւն ունի. կըսէ մեր ժողովուրդը կերթան. ըսի` բարեկամ ինչու՞ կերթան, լա՞ւ չես վճարում: Ըսաւ ամենալաւ ամսականն եմ տալիս: Ըսի, ուրեմն խենթութիւն է իրենց երթալը: Եթէ լաւ ամսական են առնում, ինչու կերթան անորոշութեան մէջ: Դժբախտաբար կերթան: Ես քարոզներուս մէջ, միշտ այս մասին խօսած եմ: Ի՞նչու կերթաք Ամերիկա, այս դժոխք երկիրը, որտեղ ամէն տեղ մարդասպանութիւն կայ: Հետևէցէք լուրերուն: Տակաւին երեկ, եկեղեցուն մէջ, Թեքզասին մէջ, Նիւ Եօրքին մէջ, Ֆիլադելֆիոյ մէջ  ամէն օր սպանութիւններ կան: Եւ սրա վերջը ինչ է … ու մեր ժողովուրդը անորոշութեան կերթայ:
Արևմտեան Հայաստանին մէջ շրջան մը կար, ուր հովիւ մը իր այծերը կարածէր: Բարձր ժայռին վրայ յանկարծ մէկ այծ կիյնայ: Միւս այծերն էլ կը հետևին նրան: Մեր ժողովուրդն էլ այսպէս եղած է: Մէկը միւսին հետևելով կը գնայ: Երբ որ կը հարցնենք ինչու կերթաս, կըսէ` ինչ ընեմ, այսինչս գնացած է, այնինչս գնացած է: Մենք որպէս Պատգամաւորական ժողով, որպէս թեմական, որպէս կրօնական, ի՞նչ կրնանք ընել, բացի այն, որ մեր ժողովրդին զգուշացնենք: Ըսենք, որ բարեկամներ, ու՞ր էք գնում: Այստեղ գոնէ հիւսիսէն փչող հովը Հայաստանից է: Կը շնչես, Հայաստանի բոյրը կառնես: Այսպէս մեր գաղութը ինքը իր տագնապներն ունի:
Սիսի Կաթողիկոսութեան դատի մասին խօսւեց: Սա համազգային ակտ է, որ դու իրաւականօրէն ցեղասպանէն քո իրաւունքը պահանջում ես: Եւ մենք այսօր որպէս գաղութ չենք ասի, որ [դատի բացման ծախսերի մեր բաժինը] չենք տայ, բայց դժւարանում ենք: Մեր միւս թեմերը տւած են, Սպահամը և Ատրպատականը ղրկած են: Մենք չենք կրցած ղրկել: Ոչ թէ չենք ուզեր, մեր պայմանները դժւար են: Կը բաժնեմ ձեր բոլորի տեսակէտները, բայց ձեռք ձեռքի տւած կը կարծեմ,  որ կը կարողանանք, մեր դժւարութիւնների հարիւրէն եօթանասունը- ութսունը լուծել: շատ ապրիք: Աստւած օրհնի ձեզ բոլորին:
 
 
«Յոյս» թիւ 196
11 Յուլիս 2015
 

    Tags: , , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *