Բարձր լարում Երևանում

 
 
Յունիսի 17-ին ՀՀ կառավարութեան հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովը որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրականութեան գները: Յուիսի 19-ից սկսեցին այդ որոշման դէմ բողոքները: Յունիսի 23-ի առաւօտեան ժամը 5:30-ին ոստիկանութիւնը խաղաղ ցուցարարների դէմ կիրառեց ջրցան մեքենաներ եւ այլ խիստ միջոցառումներ, որոնց հետեւանքով վիրաւորւեցին եւ ձերբակալւեցին հարիւրաւոր քաղաքացիներ: Դըրանով աւելի հրարհրւեց բողոքող բազմութեան կրքերը և բողոքները շարունակւում են մինչև օրս (յուլիսի 2-ը):
հարցը նրանում է, որ Հայաստանում ինչի դէմ բողոքում ես, ռուսական է, ու բողոքը, բնականաբար, դառնում է հակառուսական, ՙարևմուտքի կողմից գրգռւած՚ գունաւոր յեղափոխութիւն: Այդպէս էր գազի թանկացման դէմ բողոքները, գիւմրեցի ընտանիքի սպանութեան դէպքը ռուս զինւորի միջոցով, Եվրասիական մաքսային միութեան միանալու որոշումը, եւ հիմա էլ էլեկտրականութեան սակագների դէմ բողոքը:
Ակնյայտ է, որ բողոքը աւելի ընդհանուր բնոյթ ունի, քան միայն էլեկտրականութեան թանկացման դէմ բողոք: Էլեկրտականութեան սակագների բարձրացումը ինքը խնդիր լինելով հանդերձ, պարզ է, որ փողոցներում հաւաքւած ցուցարարներին, մեծամասնաբար երիտասարդներ, մղում է աիելի խորը դժգոհութիւն երկրի կառավարման ձևերի և իշխանութիւնների ինքնագլուխ վերաբերմունքի և նրանց միակողմանիօրէն ռուսական ուղղւածութեան վերաբերեալ:
Ստերև ներկայացնում ենք քաղւածքներ ՙԱրմենիանաու՚ կայքից, որոնց հիման վրայ ընթերցողը կարող է ընդհանուր պատկեր կազմել, թէ ինչ է անցնում Երևանի փողոցներում և ինչ է դրանց քաղաքական նշանակութիւնը:
 
01.07.15
քաղաքացիական շարժումը առաջնորդների պակաս ունի
Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան ունի տեքստերի և առաջնորդների պակաս, այդ պատճառով էլ շարժումը կարող է գնալ լճացման՝ կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ շարժումն ավելի շատ հենված է էմոցիոնալ ֆոնի վրա, խոսքերն ու կարծիքները տարբեր են, իսկ վերջին օրերի պառակտման հիմնական պատճառը միասնության բացակայությունն էր:
«Միայն երիտասարդների խանդավառությունը և վառ զայրույթը բավարար չէին, մարդիկ գնացին այնտեղ, նոր սկսեցին հասկանալ` ինչո՛ւ են այնտեղ: Ես այնտեղ տեսնում եմ գաղափարների, տեքստերի, տեխնիկայի, տեխնոլոգիաների և առաջնորդների պակաս: Չի լինում հասարակական շարժում, որը առանց առաջնորդ ունենալու կարողանա ազդել քաղաքական որոշումների վրա»,- չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Մինչդեռ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կարծիքով` հենց շարժման շնորհիվ է սայլը տեղից շարժվել: Երեքշաբթի ասուլիսի ժամանակ անդամներից մեկը նշել է, որ էլեկտրաէներգիայի թանկացման մասով նույնիսկ պատգամավորների խոսքը լսելի չի եղել:
Շաբաթ օրը տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ խորհրդակցությանը Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ սպառողները չեն վճարելու էլեկտրաէներգիայի բարձրացված սակագինը` մինչև «Հայաստանի էլեկտրական ցանցերում» միջազգային աուդիտի արդյունքները հայտարարելը: Նախագահը նաև նշել էր, որ նախաձեռնության անդամներից մի քանի ներկայացուցիչներ կարող են ընդգրկվել այդ գործընթացում:
Հունիսի 19-ից ինքնաբուխ խաղաղ բողոքի ցույցեր նախաձեռնած «Ո´չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը մեծ մասամբ ընդունելի էր համարել ճգնաժամը մեղմելու նախագահ Սերժ Սարգսյանի փոխզիջումային ծրագիրը և կոչ էր արել համախոհներին ազատել հունիսի 23-ից փակված Բաղրամյանի պողոտան:
Մինչդեռ Բաղրամյան պողոտայում շարունակվում է բողոքի ակցիան, կեսօրվա տապին մարդկանց հոսքը նվազում է, իսկ երեկոյան կրկին բազմամարդ դառնում, երգ ու պարով շարունակվում: Ձևավորվել են նաև նոր համակարգող խմբեր, որոնք ուղղորդում են մարդկանց:
Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ «Երևան ջուրը» հրաժարվել է ջրի սակագինը բարձրացնելու որոշումից և դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
 
 
03.07.15
Մայդանի ուրվականը. Ռուսաստանը զգուշացնում է Հայաստանում «գունավոր հեղափոխությունից»
Ռուսաստանը հինգշաբթի զգուշացրել է զերծ մնալ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքի ակցիաները քաղաքական նպատակներով օգտագործելուց և «գունավոր հեղափոխության» փորձ հրահրելուց: Այս զգուշացումը, ըստ միջազգային մամուլի, նախևառաջ ուղղված է Արևմուտքին:
Ավելի քան 10 օր մեծաթիվ մարդիկ, հիմնականում երիտասարդներ բողոքում են մայրաքաղաք Երևանում, պահանջելով, որ կառավարությունը չեղյալ հայտարարի էլեկտրաէներգիան թանկացնելու որոշումը:
«Դուք գիտեք, թե ինչպես են սկսվել գունավոր հեղափոխությունները, Ուկրաինայի մայդանը…»- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը BRICS-ի` Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության երիտասարդական հավաքում` Reuters-ի փոխանցմամբ:
«Հայաստանի այս իրադարձություններում էլ կա այդ ամենը՝ հակակառավարական տրամադըրությունները սրելու համար օգտագործելու գայթակղություն, չնայած արմատը զուտ տնտեսական է, բայց, հավանաբար, ոմանք օգտակար են համարում այդ ամենը զարգացնել քաղաքական ճանապարհով»,- հավելել է նա:
Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը, մասնավորապես, մեծ ուշադրություն է հատկացնում երիտասարդության դերին ազգային օրակարգի ձևավորման խնդրում, այդ թվում՝ այսպես կոչված «խաղաղ բողոքներում»:
Ռուսաստանը զգուշանում է իր սահմանների հարևանությամբ այսպես կոչված «գունավոր հեղափոխություններից», որոնք հանգեցրել են իշխանափոխության, ինչպիսիք են Մոսկվայի ընկալմամբ` 2003-ին Վրաստանում Վարդերի հեղափոխությունը, 2003-2004-ին Ուկրաինայում Նարնջագույն հեղափոխությունը և 2014-ի Կիևի Մայդանում բողոքի ակցիաները, որոնցում, նրա խոսքով` Արևմուտքն աջակցում էր ցուցարարներին:
Հայաստանի քաղաքական ղեկավարությունը և հենց բողոքող երիտասարդները բազմիցս հերքել են, որ Երևանում ներկայիս ցույցերը քաղաքական նպատակ են հետապնդում:
 
 
02.07.15
նոր առաջնորդները փորձում են կենսունակ պահել Երևանի բողոքը
Երևանի կենտրոնական մայրուղիներից մեկը արգելափակած` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անընդմեջ բողոքի ակցիայի օրըստօրե նվազող մասնակիցները փորձում են «արթուն պահել» ընդվզման ոգին:
Բաղրամյան պողոտայում էլեկտրականացված Երևանի բողոքի ակցիաները համակարգող նոր առաջնորդների հայտնվելուց հետո նրանք խոստացել են շարունակել իրենց պայքարը, որպեսզի իշխանությունը չեղյալ հայտարարի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագները ավելի քան 16%-ով թանկացնելու խնդրահարույց որոշումը:
«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի գլխավորությամբ մի խումբ ցուցարարներ հեռացան բողոքի կենտրոնատեղիից այն բանից հետո, երբ անցյալ շաբաթավերջին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լարվածությունը մեղմող «փոխզիջումային» լուծում առաջարկեց, ըստ որի, կառավարությունը, մինչև ռուսական ընկերությանը պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերում» անկախ միջազգային աուդիտի արդյունքների հրապարակումը, վճարելու է սպառողների փոխարեն:
Բայց ցուցարարների գերակշիռ մասը շարունակեց մնալ Բաղրամյան պողոտայում` խաղաղ նստացույցի միջոցով վճռականորեն հասնելու իրենց վերջնական նպատակին:
Մինչ շարունակվում են բողոքի անընդմեջ ակցիաները, չորեքշաբթի երեկոյան Բաղրամյան պողոտա է այցելել ոստիկանության անչափահասների հարցերով զբաղվող պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյա Նելլի Դուրյանը և կոչ արել ծնողներին արգելել իրենց անչափահաս երեխաներին գալ բողոքի վայր, հատկապես միայնակ:
Մի շարք ակտիվիստներ դիմադարձել են ոստիկանության գնդապետին` ասելով, որ իրենց բողոքը խաղաղ է, և այստեղ երեխաներին որևէ վտանգ չի սպառնում:
Դուրյանը նաև նշել է ընթացիկ եղանակային տաք պայմանները` որպես հանրահավաքներից երեխաներին հեռու պահելու պատճառներից մեկը:
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների` հուլիսի 1-ից Հայաստանում ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ և առաջիկա երեք օրերին ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի 39 աստիճանի:
 
 
03.07.15 | 14:09
նախկին համակարգողները հայտարարել են մարզեր այցելությունների մասին
Մինչ Բաղրամյան պողոտայում շարունակվում են ամենօրյա ակցիաները, նախկին համակարգողների մի մասը որոշել է Ազատության հրապարակից մեծ երթով շարժվել Բաղրամյան և միանալ ցուցարարներին՝ այս անգամ սոսկ որպես քաղաքացի, այլ ոչ համակարգող:
Խմբի մյուս մասն էլ հայտարարել է, որ մեկնելու են մարզեր հանրային քննարկումներ կազմակերպելու և հետագա քայլերը որոշելու: Ըստ հայտարարության՝ առաջին մարզը, որտեղ կայցելի խումբը, Գյումրին է:
«Հարգելի գյումրեցիներ, «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հուլիսի 4-ին` ժամը 18:00-ին, Գյումրու Թատերական հրապարակում հրավիրում է հանրային քննարկում բնակիչների հետ: Քննարկման նպատակը մեր հետագա քայլերի, գործողությունների և միասնական օրակարգի մշակումն է: Ցանկալի է նաև ոլորտին առնչվող մասնագետների՝ տնտեսագետների, իրավաբանների, էներգետիկների և այլն, մասնակցությունը»,- գրված է հայտարարությունում:
Չնայած շարժման նախկին համակարգող խմբի նոր գործողություններին՝ Բաղրամյան պողոտայում շարունակվում են բողոքի ցույցերը: Երկու երիտասարդ հունիսի 30-ից հացադուլ է հայտարարել, սակայն երեկ նրանց ինքնազգացողությունը վատացել է, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց, իսկ երեկոյան նորից միացել են ցուցարարներին:
Բաղրամյան պողոտայում «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» նոր համակարգող խմբի լրատվության և տեղեկատվության անդամ Դավիթ Սանասարյանը երեկ հայտարարություն է տարածել, նշելով, որ ժողովրդի պահանջները չեն բավարարվել, հետևաբար՝ պայքարը շարունակվում է։
«Սերժ Սարգսյանը տնտեսական հանձնաժողովի նիստին հայտարարել է, որ հարկավոր է աուդիտ անցկացնել՝ կանխավ համոզմունք արտահայտելով, որ սակագնի բարձրացումն արդարացված է։ Այս պնդումն ի սկզբանե, մեղմ ասած, անվստահություն է առաջացնում»,- նշված է հայտարարությունում:
Բաղրամյան պողոտայում արդեն 11 օր է շարունակվում է խաղաղ նստացույցը, կեսօրվա տապին մարդկանց հոսքը նվազում է, իսկ երեկոյան նրանց թիվն ավելանում է և երգ ու պարով շարունակվում: Մարդկանց սատարելու համար Բաղրամյան պողոտայում ելույթ են ունեցել մի քանի հայտնի երաժշտական խմբեր և երգիչներ, իսկ շաբաթ երեկոյան՝ ըստ տարածված լուրերի, համերգով հանդես կգա հայտնի երգիչ և երգահան Ռուբեն Հախվերդյանը:
 
 
04.07.15
Ցուցարարները նոր վերջնաժամկետ են տալիս իշխանություններին
Երևանի կենտրոնում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ իշխանությունների հետ ավելի քան երկու շաբաթ դիմակայությունից հետո ցուցարարները հայտարարել են «վճռական քայլեր» սկսելու մասին:
Շաբաթ երեկոյան դիմելով աջակիցներին և ակտիվիստներին` կենտրոնական Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի նախաձեռնության հանրային կապերի պատասխանատու Դավիթ Սանասարյանը դարձյալ կրկնել է նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված պահանջները` չեղյալ հայտարարել ավելի քան 16% -ով էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, պատժել հունիսի 23-ին ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին և հրաման տվողներին, վերանայել էլեկտրաէներգիայի գործող սակագները նվազեցման միտումով:
Սանասարյանը հայտարարել է, որ մինչ օրս ցուցարարներին հաջողվել է պահել թիվ մեկ քաղաքական պողոտան, որտեղ գտնվում են Սահմանադրական դատարանի, ՀՀ Ազգային ժողովի շենքերը և նախագահի նստավայրը:
Դիմելով Բաղրամյան պողոտայում հավաքված հարյուրավոր ակտիվիստների և աջակիցների` բողոքի կազմակերպիչը նշել է, որ իրենց պահանջները կատարելու համար իրենք ժամանակ են տալիս իշխանություններին մինչև երկուշաբթի ժամը 21.00-ը, այլապես սկսելու են «մեկ քայլ առաջ» ակցիան:
«Մենք չենք բացելու Բաղրամյան պողոտան: Սկսած երկուշաբթի 21:00-ից, եթե մեր պահանջները չկատարվեն, ամեն երեկո անելու ենք «մեկ քայլ առաջ» մեր ակցիան»,- հայտարարել է Սանասարյանը, որը մասնակիցներն ընդունել են ծափահարություններով:
Ավելի վաղ Հայաստանի ոստիկանությունը զգուշացրել է ցուցարարներին տեղի չտալ «սադրանքներին»` բարիկադներն առաջ տանելու, վրաններ բերելու և ուրիշ փողոցներ փակելու կոչերին:
 
 
«Յոյս» թիւ 196
11 Յուլիս 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *