ԹՀԹ Պատգամաւորական ժողովը առանց կարդալու վաւերացրեց թեմականի 2 միլիարդ թուման բացով բիւջէն

 
Ռոբերթ Սաֆարեան
 
 
Ճիշտ այսպէս: Առանց չափազանցութեան: Բիւջէի մասին հարցումների ժամանակ, ատենապետ Գէորգ Վարդանը  ի պատասխան պատգամաւոր Վալոդ Հախինեանի, ով առաջարկում էր վաւերացւելիք բիւջէի տեքստը նախօրօք ուղարկել բոլոր պատգամաւորներին, յայտարարեց, թէ քանի որ սրանից երեք տարի առաջ պատգամաւորներին տրամադրւած տեղեկութիւնները «հաւաքել են սայթերի վրայից»(գործ եմ ածում իր բառերը), պարտադրւած են եղել այլևս բիւջէի տեքստը չտրամադրել պատգամաւորներին: Բիւջէի (նախահաշւի) աղիւսակը ցուցադրւում էր մի պաստառի վրայ, որը համարեա անընթեռնելի էր: Թեմականի նիւթականի պատասխանատուն համառօտ տեղեկութիւններ տւեց (երեք րոպէի սահմաններում) նախահաշւի մասին` 2 միլիարդ և 159 միլիոն թուման բաց, որի պատճառներից նշեց ցեղասպանութեան 100-ամեակի և յառաջիկայ համահայկական խաղերին մասնակցելու ծախսերը, և յետոյ պատգամաւորները, որ նախապէս չէին կարդացել ծախսերի և եկամուտների մանրամասները, պիտի տեղի վրայ որոշում կայացնէին և քւէարկէին:
Սա այսինքն ի՞նչ:
Եթէ Պատգամաւորականի դիւանը նման եզրակացութեան է յանգում, որ համայնքի ընտրած անդամներն իրաւասու չեն կարդալ այն, ինչին պիտի ձայն տան, դա ինքնին արտառոց բան է: Բայց աւելի զարմանալին այն է, որ իրենք` պատգամաւորները  ինչպէս են նման անարգանք ընդունում: ՊԺ-ի դիւանը համայնքի ծախսերի և մուտքերի թւերը ումի՞ց է ուզում գաղտնի պահել: Եթէ դրանք յայտնւում են կայքերի վրայ, դրանով ի՞նչ ահաւոր պետական կամ անվտանգութեան գաղտնիք է դրսևորւում: Պարոն Վարդանը, որ քանի տարի երկրի խորհրդարանի անդամ է եղել, չգիտի՞, որ պետութիւնները իրենց բիւջէի տեքստը ամբողջութեամբ տեղադրում են կայքերում և ամէն մարդ կարող է այն տեսնել, եթէ ցանկանում է, քանի որ սրանք ժողովրդի սեփականութիւնն են և ոչ թէ որևէ գաղտնի կուսացութեան կամ անձնական ընկերութեան փաստաթուղթ: Արդեօք ինքն էլ մեջլիսում առանց բիւջէի թւերին ձեռնհասութիւն ունենալու էր մասնակցում երկրի բիւջէի քննարկմանը: Առ ի տեղեկութիւն պատգամաւորականի յարգելի դիւանի և մեծապատիւ անդամների, ոչ միայն բիւջէի տեքստը պիտի ուղարկւի ՊԺ-ի  բոլոր անդամներին, այլ վաւերացումից յետոյ պիտի հրապարակւի Առաջնորդարանի կայքում առ ի տեղեկութիւն համայնքի բոլոր անդամների: Դա պիտի տրամադրւի նոյն ժողովրդին, որ Թեմական խորհրդի ատենապետ պարոն Կարապետեանը յայտարարում է, թէ եկել են միայն ծառայելու համար:
Հետաքրքիր է, որ ՊԺ-ի միւս ատենապետ պարոն Նորայր Արամեանն ընդհանրապէս հարկ չէր համարում նախահաշւի քննարկումը, եւ սպասում էր միայն հարցումներ լինեն պատգամաւորների կողմից և հարցը փակւի: Ի հարկէ, ՊԺ-ի տնտեսական յանձնաժողովի անդամների բողոքից յետոյ, դիւանը ընդունեց, որ քննարկումներ էլ լինեն:
Իսկ ի՞նչ է նշանակում 2 միլիարդ թումանից աւելի բաց, կամ աւելի ճիշտ` մօտաւորապէս 3 միլիարդ թումանի պակասուրդ, քանի որ նախահաշւի 2,159,000,000 թումանի վրայ պիտի աւելացնել նաև Կիլիկիոյ Կաթողիկոսութեան վճարւելիք 200 հազար դոլարը Սիսի Կաթողիկոսութեանն առնչւող դատի ծախսերը հոգալու համար, որը չգիտես ինչու չի ներառւել նախահաշւի մէջ: 
Մէջբերում եմ հէնց իրենց, յարգելի ատենապետերի խօսքերը այդ մասին.
Նորայր Արամեան. «… սիրելիներ, բացով ներկայանալ, իմ կարծիքով իմաստ չունի, այն էլ այս հսկայական բացով: Թեմական խորհուրդը կարող է այնքան բաց ունենալ, որ cash flow ունի: Մեր սեփորդէ -ն ինչքան ես եմ իմանում, շուրջ 700 միլիոն թուման է: Ուրեմն մեր բացը կարող է առաւելագոյնը 700 միլիոն թուման լինի: Դրանից աւելը չեմ կարող պատկերացնել: Եթէ մենք 2 միլիարդից աւել բացով ենք ներկայանում և դրան աւելանում է 200 հազար դոլար Սիսի Կաթողիկոսութեան վերաբերող գումարը, ուրեմն շուրջ երեք միլիարդ թուման բացի մասին է խօսքը: Դա ո՞րտեղից պիտի գայ  … էս նախահաշիւը շատ ուտոպիական է և չենք կարող դրանով առաջանանք»:
Գէորգ Վարդան.  «Բիւջէն, երբ որ բացով ա ներկայացւում, այսինքն դրա ոչինչը յայտնի չի: Երբ Պատգամաւորական ժողովը բիւջէն բացով է վավերացնում, Թեմական խորհրդի ձեռքը բաց է թողնում թւերը շարժի գլուխների տակ»:
«Բիւջէի մեր քննարկման ձևը ոչ մի նորմի չի համապատասխանում: Պատգամաւորական ժողովները իրենց համար իւրովի ձև են գտել բիւջէները քննարկելու համար: Համեմատ օրւայ գործող ՊԺ-ի և Թեմական խորհրդի բնաւարութեան, քննարկումը մի քիչ ձգձգւում է կամ աւելի սեղմ է լինում: Դրա մէջ ուրիշ բան չկայ …»
Եւ այս անգամւանը սեղմերից էր:
Ու պատկերացրէք բիւջէն միաձայն վաւերացւեց ատենապետ Գէորգ Վարդանի հետևեալ խօսքերով.  «Առաջարկները այս ուղղութեամբ է, որ Թեմական խորհուրդը բացը իջեցնելու համար ՙզանազան՚ խորագրի տակ գրանցւած գումարները վերանայման ենթարկի և բարձրագոյն չափով իջեցնի: Նաև օժանդակութիւնների հարցում, մեր նիւթական հնարաւորութիւնները առաջնահերթութիւն դարձնի: Այս բանաձևով, ես այս նախահաշիւը համարում եմ հաստատւած Պատգամւորական ժողովի կողմից»:
 
«Յոյս» թիւ 196
11 Յուլիս 2015
 

    Tags: , , ,

    One Response to ԹՀԹ Պատգամաւորական ժողովը առանց կարդալու վաւերացրեց թեմականի 2 միլիարդ թուման բացով բիւջէն

    1. vartan babakhaian
      2015/07/18 at 1:55 PM

      Հարգելի Պ Ռոբերթ. Ձեր մեկնաբանություն հետ համաձայն եմ, մեր պատգամավորական ժողովը այս նիստում և մանավանդ բյուդջեի մասին և նրա հաստատուը նման չեր ժողվրդավարական նորմերի:

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *