Ռուսամետությո՞ւն, թե՞ արեւմտամետություն

 
 
Հետևալը Լևոն Տեր-Պետրոսեանի ելույթի տեքստն է ՀՀՇ-ի 17-րդ համագումարում, 2012 թւականի Դեկտեմբերի 22-ին: Արդեն անցել է քանի տարի,սակայն նյութը կենդանի է և խիստ կարևոր Հայաստանի հանրապետութեան ներքին և արտաքին քաղաքականության վերաբերող վիճաբանություններում: Ի վերջո ռուսամետ թե՞ արևմտամետ: Ահա Տեր-Պետրոսյանի պատասխանը:
 
… Այսօր որոշ անպատասխանատու մարդիկ փորձում են մի նոր բաժանում մտցնել մեր ազգի մեջ, և որը ավելի վտանգավոր է, քան մինչև հիմա տեղի ունեցած հակասությունները: Դա այն է, որ ուզում են մեր ազգը բաժանել արևմտամետների և ռուսամետների` շփոթելով բոլոր կատեգորիաները, այս հասկացությունների քաղաքական, արժեքային և գաղափարախոսական բաղադըրիչները: Երբ որևէ քաղաքական ուժ իր քաղաքական ծրագրերը կապում է արևմտյան ուժերի հետ, նրան համարում են հակառուսական: Երբ որևէ քաղաքական ուժ իր քաղաքական ծրագըրերը և Հայաստանի ապագան կապում է ասենք՝ Ռուսաստանի հետ, նրան համարում են ռուսամետ եւ հակաարեւմտյան: Ավելին՝ արևմտյան արժեքները մերժող: Ոչ ոք չի ուզում պարզություն մտցնել այս խնդրի մեջ: Ես եմ, որ ստիպված ուզում եմ այդ խնդիրը իրականացնել: Ուրեմն, երեք մակարդակի պետք է բաժանել. մի բան են արժեքները, մի այլ բան՝ գաղափարախոսությունը, և բացարձակապես այլ բան` քաղաքական կողմնորոշումը: Քաղաքական կողմնորոշումները, քաղաքական դաշինքները կարող են երբեք կապ չունենալ ոչ արժեքների, ոչ՝ գաղափարախոսության հետ: Քաղաքականությունն ունի բոլորովին ուրիշ տրամաբանություն: Երբ պետք էր` իրար կոկորդ խեղդող, իրար տասնամյակներ հոշոտող ուժերը կարող էին միավորվել մի երրորդ՝ ավելի վտանգավոր ուժի դեմ` ինչպես տեղի ունեցավ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Չերչիլն ու Ստալինը՝ ոխերիմ թշնամիները դարձան ամենալավ բարեկամները: Պատերազմը վերջացավ, այդ վտանգը վերացավ, եւ նրանք նորից դարձան երդվյալ հակառակորդներ: Ուրեմն, այստեղ ոչ մի կապ չունի ոչ գաղափարախոսությունը, ոչ արժեքները. քաղաքական դաշինքները և համագործակցութունը թելադրված են բացարձակ պրագմատիզմով: Եւ սա նոր բան չէ, միջնադարում էլ այդպես էր: Ասում ենք՝ խաչակրաց արշավանքներ, ջիհադ, իսլամական համերաշխություն, եւ այլն: Սըրանք քաղաքականության մեջ սուտ բաներ են եղել անգամ միջնադարում: Քրիստոնյաները եւ մուսուլմանները շատ հաճախ համագործակցել են իրար հետ՝ մի որեւէ այլ համագործակցության դեմ պայքարելու: Կիլիկյան Հայաստանը երբեմն դաշնակցում էր Հալեպի էմիրության հետ՝ պայքարելու ֆրանկների դեմ, խաչակիրների դեմ, երբեմն ֆրանկներն ու մահմեդականները դաշնակցում էին իրար հետ՝ պայքարելու Կիլիկիայի դեմ: Ոչ մի գաղափարախոսական ընդհանրություն, ոչ մի կրոնական համերաշխություն գոյություն չուներ: Սա պետք է հասկանալ մեկընդմիշտ և չխառնել գաղափարախոսության եւ արժեքների հետ:
 
Գաղափարների մասին
Եթե մեկը լիբերալ է, նրան համարում են արևմտամետ: Իսկ ինչո՞ւ, սոցիալիստը արևմտամետ չէ՞, արդյո՞ք սոցիալիզմը արևմտյան արժեք չէ՞, բա ի՞նչ է, բա որտեղի՞ց է առաջացել սոցիալիզմը: Լիբերալիզմն էլ է արևմտյան գաղափարախոսություն, կոմունիզմն էլ, սոցիալիզմն էլ: Չինաստանը դարեր շարունակ մեկուսացված քաղաքականություն էր վարել, 20-րդ դարում որդեգրեց արևմըտյան ամենաարմատական գաղափարախոսություններից մեկը՝ կոմունիզմը եւ այսօր էր մնում է նրա ամենահավատարիմ հավատավորը: Բայց չպետք է կարծել, որ այն, ինչը որ արեւմտյան է, լավն է: Չկա նման բան: Այո, ևրոպացիներն են ստեղծել լիբերալիզմը, դեմոկրատիան, պառլամենտարիզմը, սոցիալիզմը, բայց չպետք է մոռանալ,որ այնտեղ են ստեղծվել նաև խաչակրաց արշավանքները, ֆաշիզմը, ռասիզմը, ինկվիզիցիան: Ուրեմն, չի կարելի այստեղ միանշանակ գնահատել քաղաքական կողմնորոշումները կամ արժեքային համակարգը:
 
Արժեքների մասին
Այդ տեսակետից Հայաստանը, հայ ժողովրդին այսօր բաժանել երկու մասի՝ նշանակում է դավաճանել մեր Սահմանադրությանը կամ զբաղվել խառնակչությամբ: Դա նշանակում է չիմանալ մեր Սահմանադրությունը: Բացեք Սահմանադրությունը` ամբողջությամբ հիմնված է արևմտյան կամ գուցե կարելի է ասել արդեն` համամարդկային արժեքների վրա: Եվ այդ Սահմանադրությանը կողմ է քվեարկել մեր ժողովուրդը: Թվարկեմ այդ արժեքների գոնե մի մասը՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, իրավունքի գերակայություն, խղճի, խոսքի, մամուլի ազատություն, սեփականության ձևերի բազմազանություն, յուրաքանչյուրին հավասար հնարավորությունների ընձեռում: Մեր ամբողջ ազգը կողմ է քվեարկել այս արժեքներին: Հիմա ինչպե՞ս կարող են ինչ-որ մարդիկ, ամբիցիաներով տառապող մարդիկ, փորձել մեր ժողովրդի մի մասին համարել ոչ արևմտամետ, իսկ իրենց արևմըտյան վեհ գաղափարների կրողներ: Սա շատ վտանգավոր, վնասակար, արկածախնդրական գործունեություն է: 
Ես գիտեմ այդ մարդկանց մոտիվացիան, նրանք իբր թե արժեքներից են խոսում, իբր թե քաղաքական կողմնորոշումներից են խոսում, բայց ավելի շատ նկատի ունեն այլ բան` դրանք ավելի շատ գործակալական կողմնորոշումներ են, քան արժեքային կամ քաղաքական: Նույնը վերաբերում է նաև, այսպես կոչված, ռուսամետություն քարոզողներին, նրանց մոտ էլ արժեքներն ու գաղափարախոսությունը, կամ քաղաքականությունը չէ, որ առաջնորդում են, այլ, ինչպես ասացի, գործակալական մոտիվացիան:
 
Քաղաքական կողմնորոշման մասին
Նույնիսկ լուրջ քաղաքական գործիչներ Հայաստանում ասում են, թե Հայաստանը պետք է կողմնորոշվի, պետք է հստակեցնի իր վերաբերմունքը` կամ դեպի Արևմուտք, կամ դեպի Ռուսաստան: Ո՞վ ասաց:Դուք գիտեք, որ ՀՀՇ-ի  գաղափարախոսությունը հիմնված է հենց սրա մերժման վրա` չընդունել ոչ մի քաղաքական կողմնորոշում՝ որպես ազգի հավերժական դավանանք: Կողմնորոշումները կարող են լինել ժամանակավոր դաշինքներ` բխած կոնկրետ պետական շահերից: Բայց երբեք ոչ հավերժական: Մենք մերժում ենք ցանկացած տիպի քաղաքական կողմնորոշում, հավատարմության երդում որևէ գերտերության կամ որևւէ գաղափարախոսության: Մենք ոչ արևմտամետ պիտի լինենք, ոչ՝ ռուսամետ, միակողոմանի կողմնորոշումը որևէ ազգի դեռևս բարիք չի բերել, որովհետև դա ստեղծում է որոշ բարեկամներ, բայց ստեղծում է նաև բազմաթիվ թշնամիներ: Դուք տեսնում եք այսօր Իսրայելը, որը բացարձակապես կողմնորոշված է դեպի ԱՄՆ-ն եւ Արևմուտք: Եվ ի՞նչ. 50 տարի է՝ արդեն այդ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում, շրջապատված է թշնամիներով: Եվ որքան խորացնում է իր հարաբերությունները Արևմուտքի հետ, այնքան խորացնում է թշնամությունը իր հարևանների հետ: Հիմա ի՞նչ եք ուզում` Հայաստանն էլ այդ վիճակում հայտնվի՞: Կործանարար է ինչպես միակողմանի արևմտամետ, այնպես նաև՝ ռուսամետ կողմնորոշումը, բայց ավելի կործանարար կլինի հակաամերիկականությունը կամ հակառուսականությունը:
Ուրեմն, Հայաստանը պետք է ոչ թե ամերիկամետ կամ ռուսամետ լինի, այլ` չպետք է լինի հակաամերիկական կամ հակառուսական: Ահա այս պետք է լինի այս երկրի քաղաքականությունը:
Մեկ այլ թյուրիմացության մասին, որն այսօր ուզում են փաթաթել մեր ժողովրդի վզին, թե Հայաստանն ի վիճակի չէ ինքնուրույն լուծել իր ներքին խնդիրները, անգամ նախագահ ընտրել իր սեփական ուժերով, կամքով, և որ իբր թե Հայաստանի նախագահը պետք է նշանակվի կամ ԱՄՆ-ից, կամ ՌԴ-ից: Այսինքն, ով չունենա Ամերիկայի, կամ Ռուսաստանի աջակցությունը, որևէ շանս չունի Հայաստանի նախագահ դառնալու: Սա էլ ահավոր մի շփոթություն է, ավելի մեծ նիհիլիզմ ու հուսահատություն բերող բան դժվար է պատկերացնել:
Կամ մեր ժողովրդին որքան պետք է արհամարհես, որ այդպիսի կարծիք հայտնես: Բացի դա, սա նաև հիմնովին սխալ է: Ոչ ԱՄՆ-ն, ոչ ՌԴ-ն երբեք չեն կարող Հայաստանում ստեղծել ինչ-որ ուժ, ինչ-որ լիդեր և նրան նախագահ դարձնել: Որևէ տեղ այդպիսի բան որևէ մեկին չի հաջողվել, շատերն ասում են,թե Սահակաշվիլիին նախագահ դարձրեցին ամերիկացիները, Յուշչենկոյին՝ ամերիկացիները, կամ Յանուկովիչին` ռուսները: Սրանք անլուրջ, քաղաքականությունից բան չհասկացող մարդկանց դատողություններ են: Այդ մարդիկ իրենք իրենց ստեղծեցին: Սահակաշվիլին կարողացավ Վրաստանում համախմբել բոլոր ընդդիմադիր ուժերին, դառնալ լիդեր, և դրանից հետո դառնալ քաղաքական գործոն, որից հետո, իհարկե, արտաքին ուժերի աջակցությունը կարող էր որոշ դեր խաղալ: Զրոյից որևէ բան արտաքին ուժերը չեն կարող ստեղծել:
Այստեղ էլ կան մարդիկ, որոնց թվում է, թե եթե ինչ-որ լեզու գտնեն ինչ-որ արտաքին ուժերի հետ, այստեղ լիդեր կդառնան: Ոչ, ախպեր ջան, նախ դու այստեղ լիդեր դարձիր, որից հետո քեզ հետ այնտեղ հաշվի կնստեն:
 
Աղբյուր` ilur.am
 
 
«Յոյս» թիւ 195
27 Յունիս 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *