Օլիմպիական խաղերը հնադարեան շրջանից մինչեւ այս օր

 
Արման Տ. Ստեփանեան
 
 
Օլիմպիական խաղերը, այսօր համարւում են աշխարհի մարզական ամենբարձր մակարդակի մրցութիւնները, որոնք տեղի են ունենում 4 տարին մէկ: Խաղերը բաժանւում են երկու խմբերի` ամառային եւ ձմեռային մարզաճիւղերի: Ամռանը որեւէ երկիր հիւրընկալում է տարբեր երկրներից ժամանած ամառային մարզիկներին, իսկ ձմռանը՝ նոյն գործն է անում ձմեռային խաղերի հիւրընկալ երկիրը: 20 եւ 21-րդ դարերի այս խաղերի զարգացումը ինքնին առաջացրել են տարբեր փոփոխութիւններ: Գրեթէ բոլորն էլ ծանօթ են այն իրականութեան հետ, որ այս մրցաշարի սկիզբը վերադառնում է շատ հին դարերին եւ հին Յունաստանին: Սկզբում այս մրցութիւնները կայանում էին միայն ամռանը, սակայն հետագային աւելացել են ձմեռային, ինչպէս նաեւ պատանեկան օլիմպիական խաղերը: Այս խաղերը անցեալ դարի գիտութեան, տեխնոլոգիայի եւ տնտեսութեան զարգացմանը զուգընթաց աւելի պրոֆեսիոնալ բնոյթ ստանալով,  աշխարհի լաւագոյն մարզիկների ամենակարեւոր մրցասպարէզը դարձան: Այս արագ զարգացմամբ հանդերձ, անցեալ դարաշրջանում նաեւ այս խաղերը 3 անգամ չկայացան եւ անխուսափելիօրէն հետաձգւեցին: Դրա պատճառը աշխարհակուլ պատերազմներն էին՝ 1916, 1940 եւ 1944-ին թւականներին: Դրանից բացի 1980 եւ 1984-ին, ի բողոք սառը պատերազմի, մեծ թւով երկրներ օլիմպիական խաղերը բոյկոտեցին:
Հին յունական օլիմպիական մրցութիւնները վերականգնելու առաջին լուրջ քայլերը կատարեց Ֆրանսիան՝ 1796-1798 թւականներին, որը կազմակերպեց Հանրապետութեան Օլիմպիա կոչւող մրցութիւնները՝ տարբեր մարզաձեւերում՝ ընդօրինակւելով հէնց հին յունական մրցութիւնները: Այնուհետեւ նման մրցութիւններ կայացան Մեծ Բրիտանիայում, ուր 1829 թւականին Ուիլիամ Փենի Բրուքսը  կազմակերպեց Ուենլոկի օլիմպիական խաղերը: Պէտք է նշել թէ այս խաղերը շարունակւում են մինչ այսօր:
Սակայն հին պատմական Օլիմպիական խաղերը վերականգնելու ձգտումը իրականում առաջացաւ  հէնց Յունաստանում, 1821 թւականին Օսմանական կայսրութիւնից ազատագրւելուց յետոյ: Առաջին անգամ յոյն բանաստեղծ եւ թերթի խմբագիր` Պանագիոտիս Սոտսոսը 1833 թւականին առաջարկեց վերակագնել հին օլիմպիական խաղերը, որը հետագայ տարիների ընթացքում ազգային ցանկութեան վերածւեց։  Այնպէս որ յոյն մտա-ւորական Էւանգելիստ Զապասը 1856 թւականին գրեց իր յայտնի նամակը Յունաստանի թագաւոր Օտոյին՝ նրան առաջարկելով վերականգնել օլիմպիական մրցութիւնները։ Այսպիսով յոյներին յաջողւեց դարերի մոռացումից կրկին կեանքի կոչել օլիմպիական խաղերը: Աւելի ուշ հաղորդակցութեան զանգւածային միջոցները զարգանալով՝ աշխարհը սկսեց հետաքրքրւել այս խաղերով եւ հետզհետէ տարբեր երկրներ իրենց պատրաստակամութիւնը յայտնեցին մասնակցելու նրանց: Այսպիսով ժամանակի ընթացքում հին յունական օլիմպիական խաղերը, որը սկզբում տեղի էր ունենում օլիմպիական Պանթէոնում եւ առա-ւել կրօնական բնոյթ էր կրում, վերածւեց միջազգային մրցութիւնների:
Առաջին օլիմպիական խաղերը տեղի ունեցան 1896-ին Յունաստանի մայրաքաղաքում` Աթենքում: Իսկ ժամանակի ընթացքում այս խաղերին աւելացան նոր մարզաճիւղեր, որոնք յատուկ էին ձմռան եղանակին, հետեւաբար ձեւաւորւեց ձմեռային օլիմպիական խաղերը: Առաջին ձմեռային օլիմպիական մրցութիւնները տեղի ունեցան 1924 թւականին Ֆրանսիայում:  Առաջին շրջաններում թէ՛ ձմեռային եւ թէ՛ ամառային խաղերը տեղի էին ունենում միեւնոյն տարւայ մէջ` ամռանը եւ ձմռանը, նոյն երկրում: Սակայն ներկայիս միջազգային օլիմպիական կոմիտէի որոշմամբ ձմեռային եւ ամառային խաղերը կայանում են երկու տարի տարբերութեամբ եւ տարբեր երկրներում:
Եւ ահա շուտով սկսւելու է այս մրցութիւնների 30-րդ շրջանը, Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում, որն ինչպէս գիտենք, 2012 թւականի ամենակարեւոր մարզական իրադարձութիւնն է լինելու:
 
«Յոյս» թիւ 127
25 Յուլիս 2012
 

    Tags: , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *