Պատկերը անմխիթար է

 
Մտորումներ ու խոհեր Սպահանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի Միամյա գործունեության մասին (1 Մայիս 2014-28 Ապրիլ 2015)
 
Նիկիտ Միրզայանց
 
Պատգ.ժողովում երկար ու բարակ զեկուցելուց հետո, հաշվեքննիչ մարմնի նախագահը, որ մի քանի օր առաջ մեկնեց «դրախտավայր» Ամերիկա, եզրակացրեց, որ «հաշիվների պատկերը անմխիթար է» (ուզեցի՜նք արգելել իր գնալը, բայց ընկ՜եր է, ինչ անենք…):
Ուզում եմ մանրամասն զեկուցել, բայց «Հայ դատի» Ն. Ջուղայի պատասխանատուն նախապես ինձ բողոքել էր, որ ինչու ես մեր «դիալոգները» ժողովում դրսևորում, չե՞ որ նպատակահարմար է «համայնքը» չշփոթվի «ոչ իրական» լուրեր տարածելով: Ես առարկելով ասացի՝ պատրաստ եմ բոլոր «սուտ» բացահայտումներս հրապարակավ   հայտնել    ժողո-
վըրդին և այսպես մինչ օրս չիրականացավ հանդիպումը համայնքի հետ…
Այս նախաբանով ընթերցողը կկռահի ինչ է կատարվում Ն. Ջուղայում, հենց այդ պատճառով որոշեցի այս անգամ զեկույցս սեղմ և պատկերավոր լինի, որպեսզի ընթերցողը յուրովի դատի մեր համայնքի խնդիրները:
-Պատգ. ժողովի երկու պատգամավորներ մեկնել են Ամերիկա, այդ թվում Շահինշահրի պատգամավորներից մեկը. նա անգամներ կամացուկ ինձ մոտ բողոքում էր վիճակից, լինելով մշակութային հանձնաժողովում  առիթ չեր ունեցել արտահայտելու իր տեսակետները, որովհետև մինչ այդ օրը որևե իրական ժողով չեր գումարվել….!!
-Ժողովում հարց եմ բարձրացնում, թե ինչու՞ Հայոց Եղեռնի 100- ամյակին  «Հռչակագրի» մասին ոչ մի տեսակետ չուզեցիք պատգամավորներից, և ձեզ թույլ տվեցիք մեր անունից որպես Պատգ. ժողովի նախագահ և Թեմական խորհուրդի փոխնախագահ ձեր հավանությունը տալ «հռչակագրի» բովանդակությանը Հայաստանում: «Հայ դատի» Ն. Ջուղայի պատասխանատուն, որ ամիսներ առաջ Հայաստանի վարչապետի ձեռամբ պարգեվատրվել էր մեդալով, հպարտությամբ պատասխանեց առանցի թույլ տվություն վերցնելու դիվանից,-«այդ հռչակագիրը ստորագրել են երեք ավանդական կուսակցությունները և Կիլիկիո ու Էջմիածնի Կաթողիկոսները……»: Նայելով ժողովականներին զգացի, որ նրանցից շատերը նույնիսկ չգիտեն այդ հռչակագրի մասին….!!!
-Թեմակ. խորհրդի զեկուցագրում նկատում եմ 30 միլիոն թուման նպաստ՝ Սևան միությանը տրված: Հարցնում եմ՝ ինչպե՞ս հասկանանք այն հակասությունը ձեր գործելաոճի , որ մի կողմից Սևանին դատի եք տալիս, իսկ մյուս կողմից նպաստ եք հատկացնում: Նկատենք, որ դատական վճիռը եղել է ի շահ Սևան միության: ԹԽ-ի նախագահը եզրակացրեց, որ պետությունը շրջանցել է օրենքը և հարգարժան պատգամավոր պրն.Ռոբերթ Բեգլարյանի հետ միասին հետապնդում են խնդիրը…….
-Մինչև այսօր ազգապատկան կալվածների նորակառուցման պարտքերը չի վճարվել քաղաքապետարանին, որը մի մեծ գումար է և տոկոսային առումով, օրավուր ավելանում է: ԹԽ-ը դեռևս խորհում է զեղջ ստանալու մասին և երևի մի օր էլ պետք է կալված վաճառի պարտքը փակելու համար……!!
-Շահինշահրը հայաթափվում է, ազգային դպրոցը փակվելու վտանգի առաջ է կանգնած, բայց հսկայական գումար են տրամադըրում «Արարատ» միություն կառուցելու համար. ասած հայաստանցին՝ ա՜յ քեզ բան, երևի սրանք են « իսկական հայերը»……!
-Ուրախությամբ տեղեկացանք, որ տարիներ հետո Փերիայի և Չարմահալ միություններին  հարմարավետ վայր հատկացնելու դիմումը իրականացվել է և Կատարինյան դպրոցի երբեմնի շենքը, տրամադրվել է սույն միություններին, բայց արի ու տես, թե  Թեմական խորհրդի պատասխանատուի ներկայությամբ և հրահանգով, դպրոցի հարյուրամյա գրադարանը ենթարկվել է ցենզուրայի և տեղափոխության ընթացքում  պարսկերեն շատ գրքեր, այդ թվում հայ ժողովրդի մեծանուն կինոռեժիսոր Փառաջանովի մասին մի քանի գրքեր  պատռվել և հրո ճարակ է դարձել, մեղմ ասած, նման մի արարք միանշանակ տգիտության դրսևորում է, այն էլ Ազգային իշխանության կողմից:
Տեղեկագրի էջ 22-ում     կարդում ենք. «Համաձայն Փերիո շրջանի պատգամավորից ստացած տեղեկության, երկար ժամանակ է, ինչ վարձկալները կալվածի վարձը չեն վճարում, իսկ դրանցից մեկը իրեն վարձու տրված կալվածի սեփականատերը լինելու հավակնությունն ունենալով, այն վաճառել է մի պարսիկի»: Սա Թեմական խորհրդի անփութության և ծրագիր չունենալու հետևանք է, մինչ օրս գյուղերի եկեղեցապատկան կալվածների հիմնական տարածքը, պետականորեն գը-րանցված չէ Թեմականի անունով և նույնիսկ որոշ կալվածներ «ապահովագրության» նկատառումներով գրանցված է «հավատարիմ» անձանց անւամբ, ուրեմն զարմանալի չէ նման  երևույթների ականատես լինելը: Այստեղ հարմար եմ նկատում անդրադառնալ 1952 թ. մի կարևոր արխիվային փաստաթղթի:           
Արտակարգ նիստ 117   14/11/52
Նյութ ունենալով «Իրանահայ երեք թեմերի համագումարի դիվանի գրությունը ազգապատկան կալվածների մասին»
Հիշյալ դիվանը լրիվ տեղեկություններ է ուզում հարցարանով իրանահայ քաղաքների ազգապատկան կալվածքների վիճակի մասին և պահանջում կալվածագրերի ու այլ վավերաթղթերի պատճենը հանձնել իրեն, որպեսզի ուսումնասիրել և մի ելք գտնել ազգապատկան կալվածները անել և անորոշ վիճակից փրկելու համար:
-Ժողովում կյանքի կոչվեց մի հանձնախումբ (երևի հետևելով Թեհրանի թեմին…) ՊԺ-ի կանոնագրությունում որոշ փոփոխություններ մտցնելու նպատակով,ասենք թե օրինակ՝ պատգամաւորների թիվը վերջին վիճակագրությունների հիման վրա պակսեցնելու, սույն ժողովում Իրանի հարավային պատգամավորի դերի, ենթամարմինների ընտրելու ձևի և այլնի  համար. նման մանրուքներով չի թեթևանա այն ծանր բեռը, որ դրված է ազգային իշխանության ուսերին, բայց այն տեսլականը, որ հիմնովին պետք է փոխվի ազգային իշխանության կառուցվածքը, արտագաղտի պատճառով դառնում է իրականություն: Նկատենք, որ հարավային թեմի հիմնական հայաբնակ շրջանները Սպահան և Շահինշահր քաղաքներն են մի քանի հազար հայությամբ և դրանց կողքին գոյություն ունեն հսկայածավալ եկամտաբեր կալվածներ, որ կարելի է այնպես ծրագրել, որ ոչ միայն հարավային թեմը, այլ բոլոր թեմերը իրենց ապահով զգան. օրինակ հիմնել «հայկական փակ կամ բաց բաժնետիրական ընկերություն» իր կանոնագրությամբ, ժողովրդին բաժնետոմս տրամադրելով, որով արդեն բոլորը մասնակից կլինեն օրվա լավ ու վատ պայմաններին և ժողովրդի ուղղակի քվեով ընտըրված համայնքային վարչությունը վարձատրվելով ձեռնամուխ կլինի երկրի հիմնարկությունների պայմաններին, համաձայն ժողովրդանվեր գործունեության և պատասխանատըվության. ի հարկե, կարելի է մի քանի տարբերակներ առաջարկել, բայց գործի լրջությունը պահանջում է բանիմաց մասնագետների միջոցով համագումարի բերել կարևոր և լուրջ հեռանկարային նման մի ծրագիր. չմոռանանք,  որ «որտեղ հաց,այնտեղ կաց» առածն է որոշում մեր համայնքի ապագան:
-Անգամներ առաջարկ է եղել, որ Ս.Ամենափրկիչ վանքի փոշու տակ մնացած հին արխիվները թվայնացնել և տեղադրել համակարգչի մեջ, որպեսզի թե‘ ապահով լինի և թե‘ դյուրամատչելի տարբեր մասնագետների ուսումնասիրությունների համար, բայց ցավով պետք է հիշատակել, որ անցյալում դիմելով «ազգայիններից» մեկին սույն առաջարկով, ինձ ասաց, «դեռ ժամանակը չէ, կարելի է խնդիրներ առաջանա և դժվարություններ ստեղծվի համայնքի համար..!!.»Ախպե՜ր ջան, Ամե՜րիկան, որ Ամերիկա է, իր գաղտնի արխիվները գոնե 30     տարին մեկ հրապարակում է աշխարհով մեկ: Այս առիթով, ցավով պետք է հիշեմ այն գրքերից մեկի մասին, որ անցյալում անհետացել է Ս.Ա.վանքի մատենադարանից. դա մեծ հնդիկ բանաստեղծ, նոբելյան մրցանակի դափնեկիր, հասարարական գործիչ, Տագորի նվիրած անգլերեն գիրքն է իր մակագրությամբ, որ 1932 թվի   ապրիլ 24 -ին   ներկա լինելով Ն. Ջուղայի Ս.Ա.վանքի մայր տաճարում, իր քարոզով մեծարել է Հայ ժողովրդին, (կարդալ Ալիք, համար   6, 1932  թ.):
-Ամիսներ առաջ ներկա էի իրանահայ մեծ կինոքննադատ,կինոռեժիսոր Զավեն Ղուկասյանի հուղարկավորության ու թաղման արարողությանը, որտեղ ներկա էին մեծ թվով պարսիկներ և քիչ թվով հայեր: Լինելով հանգուցյալի մոտ ընկերներից, գիտեի նրա ազգօգուտ վերաբերմունքը մեր համայնքի նկատմամբ, բայց միևնույն ժամանակ նկատելի էր մեր շատ «ազգայինների» բացակայությունը: Մի պահ հիշեցի իրանահայ մեծանուն երգիչ Վիգենին, համբավավոր իրանահայ դերասանուհի Լորետային և …, որոնք իրենց կենդանության օրոք ոչ միայն հայության կողմից չգնահատվեցին, այլ հետմահու ևս մոռացության մատնվեցին: Նման լճացման քաղաքականություն ոչ թե նպաստում է հայապահպանմանը, այլ հիմքից կործանում է այն, քարոզում է հետամնացություն, և օտարների մոտ նվաստացնում  մեր Իրանահայության հարյուրամյակների ընթացքում ձեռք բերած վարկն ու համբավը:
Ուզում եմ շարունակել այս հարցերի գնահատման շարանը, բայց նկատելով, որ արդեն նոր Թեմական խորհուրդ է ընտրվել, ինքս ինձ համոզում եմ լավատեսությամբ, հույս կապելով նորերին, որ միգուցե և իսկապես կարողանա ինչ-որ գործ անել մեր համայնքի համար, գոնե համոզվեն իրենց անցյալում թույլ տված սխալ քաղաքականությունը չշարունակելու խոստումը:
Վերջապես լինելով ՊԺ-ի կալվածատնտեսական հանձնախմբի անդամ, ունենք հետևյալ առաջարկները.
-Չափագրել ազգապատկան բոլոր կալվածները,ստուգել կալվածագրերն ու կտակները և ներառել համակարգչային ծրագրում, ստուգել քաղաքապետարանի կողմից սահմանված կալվածի գործառույթները
-Ձեռնարկել եկամտաբեր շինություններ, օր.խանութների կառուցում, առևտրաշուկայական համալիր, հյուրանոց և այլն
-Բնակարանաշինություն.ա) չունևորների .բ)միջին դասի համար, որ իրապես զուրկ են բնակարան ունենալուց
-Կալված վաճառելու դեպքում պետք է պաշտոնապես պարսկական որևե թերթում աճուրդ հայտարարել, որպեսզի հեռու մնալ հավանական օրինազանցություններից
-Հայոց ազգային գերեզմանատունը այնպիսի բարեզարդել, որ գրավիչ լինի զբոսաշրջության համար, թե որպես եկամտի աղբյուր և թե Ն. Ջուղայի 400 – ամյա անխոնջ մշակութային և հասարակական գործիչների հավիտենական հանգստավայր, որը կներկայացնի Ջուղայի փառահեղ անցյալը
-Հեռանկարային բարոյական ու տնտեսական ծրագրերով կամըրջել մեր համայնքը Հայաստանի հետ, նկատի առնելով հայապահպանման միակ և կարևոր լծակը:
 
 
«Յոյս» թիւ 195
27 Յունիս 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *