Թուրքիայի խորհրդարանական ընտրութիւնները

 
 
Յունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցան խորհըրդարանական ընտրութիւններ, որի արդիւնքում իշխող ՙԱրդարութիւն և զարգացում՚ կուսակցութիւնը ձեռք բերեց քւէների 41 տոկոսը, որ նշանակում է խորհրդարանի 550 տեղերից 258-ը: Այսպիսով իսլամիստական կուսակցութիւնը, որը ղեկավարում են Էրդողանը և Դաւութօղլուն մի առումով ընտրութիւններում յաղթանակեց, սակայն մի այլ տեսանկիւնից, նկատի առնելով նախկին խորհրդարանական ընտրութիւններում այդ կուսակցութեան բացարձակ մեծամասնութիւնը, կարելի է նաեւ խօսել նրա պարտութեան մասին: Յատկապէս, որ Էրդողանը յոյս ունէր ձեռք բերելով խորհրդարանի տեղերի 50 տոկոսից աւելին, առաջ տանել իր ցանկացած սահմանադրական փոփոխութիւնները, որոնցով երկրի քաղաքական համակարգը պիտի խորհրդարանականից փոխւէր նախագահականի: Այժմ դա հնարաւոր չէ:
Թուրքիայի յունիսի 7-ի ընտրութիւնները զանազան պատճառներով կարևոր եւ անկիւնադարձային ընտրութիւններ կարելի է համարել:
Նախ այն, որ քրդամէտ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցութիւնը կարողացաւ շահել ընդհանուր քւէների 10 տոկոսից աւելի բարձր բաժինը և խոր-հըրդարան մուտք գործել 80 պատգամաւորներով: Այս կուսակցութիւնն ունի ձախակողմեան հակումներ և հրապարակ է եկել փոքրամասնութիւնների, կանանց, բնապահպանմամ և այլ մարդկային իրաւունքներին հետևող օրակարգով: Այս կուսակցութեան շնորհիւ 2015-ի խորհրդարանական ընտրութիւնների քարոզարշաւներում ամենաշատն է խօսւել Թուքրքիայի ցեղային և կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքների մասին: Սպասւում է, որ խորհրդարանի նիստերում ևս Ժողովրդա-դեմոկրատական կուսակցութեան պատգամաւորները կարծարծեն վերոյիշեալ հարցերը:Այս կուսակցութիւնը կողմ է հայոց ցեղասպանութեան ճանաչմանը:
Խորհրդարանի պատգամաւոր են ընտրւել երեք հայեր, երեքն էլ յաղթող կուսակցութիւնների ցանկերով: Մի խօսքով, նրանք ներկայացնում են իրենց կուսակցութիւնները և խորհրդարան են մտել միլիոնաւոր քւէներով: Թուրքիայում ևս, ինչպէս արև-մըտեան ժողովրդավարական երկրներում, փոքրամասնութիւնները, այդ թւում հայերը, չունեն պատգամաւորների երաշխաւորւած բաժին և նրանց ընտրելու համար ջոկ ընտրութիւններ: Ցանկացած հայ կարող է անդամակցելով կամ համակրելով երկրի կուսակցութիւններին, նրանց ցանկերով դառնայ պատգամաւոր և բնականաբար պիտի հաւատարիմ մնայ այդ կուսակցութիւնների ծրագրերին: Սակայն հայ պատգամաւորները լաւածանօթ լինելով հայ համայնքի հարցերին, կարող ենք դրանց խորհրդարանի օրակարգի նիւթ դարձնել: Դրանից բացի, հայերի ներկայութիւնը խորհրդարանում սիմւոլիկ նշանակութիւն ունի: Վերջին անգամ սրանից կէս դար առաջ է մի հայ ներկայ եղել Թուրքիայի օրէնսդրական մարմնում:
Թուրքիայի խորհրդարանական ընտրութիւնները Միջին Արևելքի ստանդարտներով, ամենաճիշտ ընտրութիւններից մէկն էր, և նոյնիսկ կարելի է ասել ամենաճիշտը: Խախտումները քիչ են և կուսակցութիւնները ընդունել են յայտարարւած արդիւնքները: Կարևորագոյն անկարգութիւնը Թուրքիայի քուրդըստանում Ժողովրդա-դեմոկրատական կուսակցութեան շտաբում պայթիւններն էին, որոնք ունեցան նաև մարդկային զոհեր, սակայն այս կուսակցութիւնը կարողացաւ արագօրէն վիճակը նորմալացնել, որպէսզի ընտրութիւնները կատարւեն հանդարտ պայմաններում: Այս հանգամանքը յատկապէս պիտի յանձնել այն մարդկանց և հոսանքների ուշադրութեան, որ դեռևս առաջնորդւում են ՙմահ Թուրքիայի ֆաշիստ պետութեան՚ լոզունգով: Արդեօք ֆաշիստական քաղաքական համակարգում կարելի է նման ընտրութիւններ անցկացնել: Այն իրողութիւնը, որ Թուրքիայում և հէնց յաղթած կուսակցութիւնների գաղափարներում կան ֆաշիստական հակումներ, բոլորովին այլ հարց է: Նման հակումներ, քիչ թէ շատ, կան նաև բոլոր ժողովրդավարական երկրների քաղաքական կազմակերպութիւններում:
Ստորև ներկայացնում ենք Ակօս թերթի խմբագրի գնահատականը վերոյիշեալ ընտրութիւնների մասին, ինչպէս նաեւ Առաւօտ օրաթերթում այդ մասին լոյս տեսած մի յօդւած:
 
 
«Յոյս» թիւ 195
27 Յունիս 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *