Սոնիա Պալասանեանը` երեք համաշխարհային բիենալէներում

 
Երևան, ապրիլ 7,2015- Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) հիմնադիր և ավագ գեղարվեստական ղեկավար Սոնիա Պալասանյանը այս տարի մասնակցում է երեք համաշխարհային հեղինակավոր բիենալեների, որպես հրավիրված արվեստագետ:
 
Հունվար 31-մարտ 15, 2015, Չիլլի
«Հակասություններ և Յուտոպիա» IV-րդ Bienal del Fin del Mundo, Valparaso բաժին-Chile.
 
 
Իտալիայի Lu.C.C.A. թանգարանի կողմից Սոնիա Պալասանյանը ընտրվել է մասնակցելու թանգարանի կազմակերպած «Ինքնություն և Բազմազանություն» վիդեոարվեստի նախագիծ, որը ներկայացվում է Իտալիայի կողմից, պատվո հյուր երկիր հանգամանքով:
Իտալական նախագծում ներկայացված էին 12 արվեստագետներ, որոնք բացի Սոնիա Պալասանյանից, բոլորը իտալացի արվեստագետներ էին:
Սոնիա Պալասանյանի աշխատանքը կոչվում էր «Անվերնագիր»: Այն ստեղծվել է 1999 թվին, տևում էր 04:40 րոպե շարունակաբար կրկնությամբ: Աշխատանքի մասին արվեստագետը գրում է.
«Մի քանի կանայք կատարում են բացագանչություններ, թոթովում են բառեր և անկապ թվացող նախադասություններ «ուրիշի» մասին…
Ուրիշը միշտ մի այլ տիրույթ է: Երբ խոսում ենք ուրիշի մասին, ում մասին ենք խոսում: Ընկերակցությունը, հարաբերությունը, կախվածությունը հաճախ ցաք ու ցրիվ նախադասությունների համագումար են. խոսակցություն, որը չի կարողանում կողմնորոշվել, որը ոչ մի տեղ չի տանում, քանզի արդեն երկար ժամանակ է, որ ուրիշը դադարել է լսել: Հետևաբար, այս կանայք ուրիշի մասին խոսելիս ու՞մ ի նկատի ունեն: Անտեր բացագանչություններ, որոնք միտում են ժամանել մի տեղ, ուր ուրիշը դեռ չի դադարել լսել:»
 
Մայիս 9-Նոյեմբեր 1, 2015, Վենետիկ, Իտալիա
Իրանի տաղավար, Վենետիկի 56-րդ արվեստի համաշխարհային բիենալե.
Սոնիա Պալասանյանը վենետիկյան բիենալեին ծանոթ անձ է: Նա 1995 թվին նախաձեռնել և իրականացրել է Հայաստանի պատմականորեն առաջին պաշտոնական մասնակցությունը Վենետիկի բիենալեում, որը նա շարունակել է կազմակերպել, ղեկավարել 16 տարի,  անհապաղ և հաջորդական բիենալեներում:
Այս տարի, Սոնիա Պալասանյանը, լինելով նաև իրանահայ, հրավիրվել է մասնակցելու Վենետիկի բիենալեի Իրանի տաղավարի առթիվ կազմակերպված աննախադեպ ժամանակակից իրանական արվեստի խմբական ցուցահանդեսի, որին մասնակցում են ավելի քան 30 ժամանակակից արվեստագետներ, Իրանից:
Սոնիա Պալասանյանը Իրանի տաղավարում ներկայացնում է մի վիդեո-արվեստ, որտեղ երեք հոգի հայերենով, պարսկերենով և անգլերենով արտասանում են մի կարճ հայկական բանաստեղծություն:
Արվեստագետի մտորումները այս աշխատանքի մասին.
«Բանաստեղծ Զորայր Միրզայանի կարճ բանաստեղծությունը արտասանվում է երեք լեզուներով պարսկերեն, անգլերեն և հայերեն բնօրինակով: Աշխատանքը բանաստեղծության և շարժվող պատկերների տիրույթում ձայները և բառերը խառնվում են իրար ստեղծելով բառերի և ձայների համադրություն, թերևս աղմուկ:
Ձայների (բառերի) անվերջ ձգվող «շղթա», որը թողնում է շարունակվող ողբերգության տպավորություն, որը տեղի է ունենում մի աննշանակալից ժամանակ, անծանոթ մարդկանց հետ… Գլոբալ տանջանքի և տոկունության անվերջանալի վիճակ, մահվան, կործանման և տառապանքի պայմաններում… Արդյոք սա քաղաքական հայտարարություն է: Թերևս: Գուցէ հասարակական մեկնաբանություն է, մի հոգեվիճակ…»
 
Սեպտեմբեր 5-Նոյեմբեր 1, 2015, Իստանբուլ, Թուրքիա
14-րդ Իստանբուլի Բիենալե
Սոնիա Պալասանյանը հրավիրվել է մասնակցերու Իստանբուլի 14-րդ արվեստի բիենալեին, որը հեղինակել և ղեկավարում է հանրահայտ գրող, արվեստաբան և համադրող Քարոլին Քրիստով-Բաքարջիեվը: Տիկին Քրիստով-Բաքարջիեվը 2012 թվին «Դոկոմենտա-13»-ի գեղարվեստական ղեկավարն էր: 2012 թվի հոկտեմբերին նա «Արթ Ռեվիու» (ArtReview) հեղինակավոր պարբերականի կողմից հռչակվել է ժամանակակից արվեստի տարվա 100 ամենաազդեցիկ անձնաց ցանկի առաջին տեղը զբաղեցնող անձը:
Սոնիա Պալասանյանը այս տարվա Իստանբուլի բիենալեում մասնակցում է մի մեծ ինստալացիայով, որը կոչվում է «Լռեցված քարեր»: Ինստալացիան բաղկացած է լինելու 12 Անիի հանքավայրի տուֆ քարերից կոպիտ տաշված գլուխներից: Աշխատանքը  կատարվում է Իստանբուլի բիենալեի հատուկ պատվերով: Այն քանդակվում է Երևանում և ունենալու է մոտավորապես 5 տոննա կշիռ:
Հետևում է աշխատանքի մասին արվեստագետի հայտարարությունը, և կատարված աշխատանքից երկու պատկեր.
«Տասներկու մեծածավալ տուֆից քանդակված գլուխներ Իստանբուլում լուռ հսկման են նստել գլխատված, անանուն:
Տարիներ առաջ իմ բանաստեղծություններից մեկում գրել եմ «Ողջ տիեզերքը դարձել է խառնատեսիլ մի կույտ»: Այժմ, ես ձգտում եմ այդ «կույտին» տալ որոշակի հատուցում և հավերժական հանգիստ:»
 
 
«Յոյս» թիւ 194
13 Յունիս 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *