Հաշմանդամութեան տէր մարդիկ` հասարակութեան ակտիւ անդամներ

 
 
Վստահութեամբ կարելի է ասել, որ ժամանակակից մարդկային հասարակութեան կարևորագոյն առանձնայատկութիւններից մէկը, որով այն զանազանւում է անցեալի մարդկային հասարակութիւններից, մարդու վերաբերմունքի փոփոխութիւնն է հաշմանդամների եւ զամազան մտային եւ ֆիզիկական անկարողութիւններից եւ խանգարումներից տառապող մարդկանց նկատմամբ: Քայլելու, շարժւելու, լսելու, տեսնելու, սովորելու, փոխյարաբերութիւն հաստատելու և այլ ոլորտներում անկարողութիւններ ունեցող մարդիկ, անցեալում դատապարտւած էին վարել անարդիւնաւէտ, ձանձրալի եւ մեկուսացած կեանք եւ յաճախ արհամարւել դրա համար: Այսօր, մարդկութիւնը հասել է այն գիտակցութեան, որ ընդունելով այդ մարդկանց բնածին կամ հէնց հասարակութեան պատճառած անզօրութիւնները, հնարաւոր է օգնական սարքերի, միջավայրի յարմարեցման, աշխատանքի առիթներ ստեղծելու, այս բոլորի համար յատուկ բիւջէներ յատկացնելու միջոցով, նրանց համար ստեղծել աշխոյժ եւ արդիւնաւէտ հասարակական կեանքի առիթներ: Նրանք տան անկիւնում մենութեան մէջ ապրելու փոխարէն, կարող են դառնալ արւեստագէտներ, մարզիկներ, գիտնականներ, նախագահներ, արդիւնաբերական հաստատութիւնների տնօրէններ, կամ հէնց սովորական պաշտօնեաներ ու բանւորներ: Այս փոփոխութիւնը տեղի է ունեցել մասամբ հէնց իրենց, անկարողութիւններ ունեցող մարդկանց ջանքերի շնորհիւ եւ նրանց կողմից ձեւաւորւած շարժումների ու կազմակերպութիւնների առաջադրած պահանջներով:
Մեր ժամանակները զանազան փոքրամասնութիւններին հասկանալու եւ նրանց իրաւունքները սահմանելու եւ պաշտպանելու ժամանակներ են: Հաշմանդամութիւն ունեցող մարդիկ ևս այդ փոքրամասնութիւններից մէկն են: Սակայն ՙփոքրամասնութիւն՚ բառը չպիտի թիւրիմացութիւն ստեղծի. նրանք փոքրամասնութիւն լինելով հանդերձ միլիոններ են: Ներքևում տեղադըրւած պատկերը ցոյց է տալիս, թէ որքան տարածւած են տարբեր տեսակի անկարողութիւնները:
Հաշմանդամութիւն ունեցող անձանց իրաւունքների մասին Միաւորւած ազգերի կազմակերպութիւնը (ՄԱԿ) հրատարակել է յատուկ ՙԿոնւենցիա՚, որի մի փոքր հատւածը կարող էք կարդալ դիմացի էջում:
 
«Յոյս» թիւ 194
13 Յունիս 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *