Բաւական է զզւեցնէք

 
Ազատ Մաթեան
 
 
Տարիներ շարունակ խորհրդային, թե հետխորհրդային շրջանում այն տեսակետին եմ եղել, որ Սփյուռքը չպիտի միջամտի Հայաստանի ներքին և հատկապես քաղաքական գործերին, որովհետև նախ չունի դրա, ոչ իրավական և ոչ էլ բարոյական իրավունքը, և երկրորդ, որ նա իր միջամտությամբ կարող է, կամա, թե ակամա գործիք դառնալ օտար ուժերի ձեռքին, կատարելով արջի ծառայություն: Ժամանակին դեմ եմ արտահայտվել նաև երկքաղաքացիությանը, գտնելով, որ բացի վերը բերվածից, երկքաղաքացիությունը կարող է թուլացնել արտագաղթի բարոյական արգելքը: Ինչու՞ մնամ Հայաստանում, եթե արտասահմանում ապրողն էլ կարող է համարվել Հայաստանի քաղաքացի: Այն ժամանակ դեռևս ոգևորված էի այն հույսով, որ նոր պայմաններում հնարավոր կլինի զանգվածային ներգաղթը և մեծ թվով հայեր շուտով «կդիմեն դեպի իրենց սիրուն հայրենիք», իրականացնելով Րաֆֆու երազը:
Հիմա էլ տեսականորեն ինձ չի թվում, թե իմ այդ մոտեցումը սխալ է: Նվազագույնը հաստատ է մի բան, մարդը իր ասածի և արածի համար պատասխանատու է այն պետությանը, որի քաղաքացին է: Ինչի՞ նման է այն հայը, որն իր ապրած երկրում որդեգրում է քաղաքական իմաստով բացարձակ չեզոք, իսկ ավելի հաճախ իշխանամետ դիրք, իսկ իրեն թույլ է տալիս խոսքով ու գործով հետևողականորեն հանդես գալ Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքի քննադատի, թե պաշտպանի դերում:
Այս բոլորը տեսականորեն, իսկ գործնականում այսօր դրանք ինձ թվում են չափազանց նաիվ: Այսօրվա «գլոբալ» աշխարհում, միամտություն է կարծել, որ ցանկացած երկրի ներքին գործերին միջամտելը, դրսի, թե ներսի գործակալների միջոցով, հնարավոր է կանխել, մանավանդ եթե այդ երկիրը դեռ էն գլխից պատմության քառուղիներում հայտնված Հայաստանն է: Եվ մենք՝ հայերս ամենքից լավ պիտի իմանանք, որ աշխարհի պատմությունը, ո՛չ թե առանձին ազգերի ու ցեղերի պատմությունն է, այլ կայսրությունների, այլապես ի՞նչ գործ ունի ՆԱՏՈ-ն անկախ ու ինխնիշխան արաբական երկրներում,և …
Վերադառնալով մեր բուն նյութին, իրողություն է, որ իրենք՝ Հայաստանի անկախ պետության այսօրվա ներկայացուցիչներն են, որ առիթը բաց չեն թողնում աշխարհին հիշեցնելու, որ իրենք, ո՛չ թե ներսի, իրենց ասելով 3 միլիոնի ներկայացուցիչն են, այլև Սփյուռքի 7 միլիոնի: Սրանով հայրենի իշխանությունները, պիտի ենթադրել, ընդունում են նաև այդ 7 միլիոնի իրենց գործերին միջամտելու իրավունքը: Սակայն քավ լիցի, փաստը Թուրքիայի հետ համաձայնագրի ստորագրումն էր, որին դեմ էին Սփյուռքի կազմակերպությունների մի կարևոր մասը: Բայց այստեղ էլ Հայաստանի իշխանությունները կարող են այդ կազմակերպություններին հանգիստ ասել, տեսե՛ք, իսկ ո՞վ ասաց, թե դուք ներկայացնում եք մեր ասած այն 7 միլիոնը: Եվ դա այն դեպքում, որ Սփյուռք ասելով Հայաստանի իշխանությունները հասկանում ու դիմում են հենց այդ կազմակերպություն-ներին:
Կատարյալ անհեթեթություն է (աբսուրդ) և «անկախությունից» 20 տարի անց էլ այս խնդիրը նվազագույն իրավական տեսքի չի բերվել, հույս էլ չկա, թե ինչ որ բան մոտ ժամանակներում տեղի է ունենալու: Սփյուռքի նախարարի «Սփյուռքի վերին պալատ» հիմնելու ցնցող հայտարարությունը, ինչպես  ժամանակին նախատեսել էինք, եթե անգամ լուրջ լինի, դեռ շատ սպասել կտա և շատ ջուր կվերցնի: Իրականությունն այն է, որ10 միլիոնի անունից խոսող իշխանությունը ներքին ընդդիմությանն էլ զոռով է հանդուրժում, էլ ուր մնաց դրսեցուն հանդուրժի: Ի դեպ, այս տեսակետից ավելի անկեղծ էին սովետները ու նաև Լևոն Տեր Պետրոսյանը «նարինջ ուտողներ»ի հայտնի հայտարարությամբ:
Իշխանություններից բացիՀայասանի շարքային քաղաքացու վերաբերմունքնէլ այս տեսակետից բացասական է: «Սփյուռքում նստած վայելում եք, ու հայրենասիրություն եք խաղում»: Ասվածը տրամաբանական է, իհարկե՛, բայց դրանով այն չի դադարում մեր բազում ազգային հիվանդություններից մեկը լինել:
Հայաստանցի չենք, բայց մեզ հայ ենք համարում, չէ՞: Բայց նրանք դա էլ են դժվարանում ընդունել: Նրանց համար Ազնավուրը, իհարկե, հազար տոկոսանոց հայ է, դե, մի հարյուր տոկոսով էլ ֆրանսիացի: Նույնն է նաև Քրքը, թեև սրանց էլ զզվցնելու առիթը, որքան գիտեմ, չեն փախցրել, իսկ քառասունվեցին աշխատուժից զրկված Հայաստանը պահելու ու շենացնելու համար ներգաղթած, հազար ու մի զրկանք, չարչարանք ու նվաստացում ճաշակած, կրկնակի ու եռակի տնաքանդ եղած  հայը դեռևս ընդամենը «աղբար» է: Սա հիվանդություն չէ՞, բա ի՞նչ է:
Անհանդուրժողությունը պատմականորեն ստեղծված և խորացած հիվանդություն է և ինչպես բոլոր խրոնիկ հիվանդությունների, սրա բուժումն էլ լինելու է երկարատև, այն էլ յուրահատուկ պայմաններում. առայժմս խնդիրն այն է, թե մենք ինչքանով ենք աշխատում այդ պայմանների ստեղծման ուղղությամբ, իսկ մենք միասնականություն, մեկ ազգ, մեկ մշակույթ և այլն գոչելով, շարունակում ենք զզվցնել միմյանց:
Այս երկար առաջաբանը արտահայտելու համար այն խորունկ ցավն ու վիրավորան-քը, որ ինձ, որպես հայ և որպես մարդ, հանգիստ չի տալիս «Հարսնաքարի» գազանության մասին լսելուց ի վեր: Նման բաներ շատ ենք լսում ու մանավանդ տեսնում սերիալներում, որոնք, ըստ դրանց արտադրողների, ներկայացնում են օրվա հասարակության իրական պատկերը, բայց սա արդեն իսկապես իրականություն  է, որը գերազացում է նույն այդ սերիալների սադիստ սցենարիստների ֆանտազիայի սահմանները:
Պետրոսի հաղորդման մեջ Մարինեն առանց բառերը ծամելու ասաց, թե բանակը դժոխք է: Վարդապետը թե. բանակը դժոխք չէ, այլ մի քանի հոգիներ են վարկաբեկում բանակի սրբությունը, բայց չէ՞ որ հենց այդ մի քանի դժոխայիների բռան մեջ է սեղմված ամբողջ երկիրն ու ժողովուրդն այսօր:
Ռուբեն Հայրապետյանը վար դրեց իր պատգամավորական մանդատը, ըստ երևույթին Սերժ Սարգսյանի հրահանգով, բայց ինքը՝ Ս Սարգսյանը, եթե Հոկտեմբերի 7-ից հետո հրաժարվեր ազգային անվտանգության նախարարի պաշտոնից և, ոչ թե մագլցեր իշխանության սանդուխքն ի վեր մինչև գագաթը, հավանաբար տեղի չունենար նաև «Հարսնաքար»ի բարբարոսությունը:Նույնը կարելի է ասել «Առագաստ»ում ծեծամահ արված Պ. Պողոսյանի, Մարտի մեկի արյունահեղության, բանակում կրկնվող սպանությունների և բազում այլ նման երևույթների մասին:
Այո, խոսքը երևույթի մասին է: Զորբայական հոգեբանության մասին, հարցերը վզի ու բազուկների հաստությամբ և խղճի բացակայությամբ  լուծելու մտայնության մասին է, որ ընտանիքից իջնում է բակ, բակից՝ փողոց, փողոցից՝ թաղ , չթողնելով, որ թաղը դառնա քաղաք, քաղաքներն ու գյուղերը դառնան երկիր ու պետություն:
Այսպես, բազմիցս որոշել եմ «ինձ չվերաբերող» գործերի մեջ քիթս չխոթել, հավատացած լինելով, որ բոլոր դեպքերում հայրենաբնակ ժողովուրդն է, որ իր խելացի ու ազնիվ զավակների միջոցով պիտի հարթի իր ճանապարհը դեպի ավելի մարդկային ու արժանավայել կյանք, ու եթե հերթական անգամ խախտում եմ որոշումս, ուզում եմ հենց նրանց առնվազն ասել, որ անտարբեր չեմ նրանց տառապանքի ու պայքարի նկատմամբ:
Ազատ Մաթյան
17 Հուլիս 2012
«Յոյս» թիւ 127
25 Յուլիս 2012
 

    Tags: , ,