Շուշիի ազատագրման տարեդարձի տօնակատարութիւն

 
ԼԵՒՈՆ ԱՀԱՐՈՆԵԱՆ
 
 
Չորս տարի առաջ Կանադայում բնակւող հայերի միջոցով իրանահայ Վահրամ Փիրջանեանի գլխաւորութեամբ 2011 թւականի ապրիլի 23-ին կազմւեց Հայկական առեւտրային ցանցը: Նպատակն այն էր, որ տարբեր երկըրներում ապրող հայերն իրար հետ ծանօթանան և առևտրական կապեր հաստատեն և օգտակար հանդիսանան Հայաստանին: Այդ նորաստեղծ կազմակերպութիւնն անցաւ Հայաստանի Սփիւռքահայութեան նախարարութեան հովանաւորութեան տակ և ըստ հաստատութեան կանոնագրութեան, տարին մէկ անգամ Հայաստանից դուրս հայաշատ մի երկրում պէտք է կազմակերպել տարեկան ժողով: 2013 թւականի ժողովը կազմւեց  Ֆրանսիայի հարաւային հայաշատ Մարսէյլ քաղաքում, իսկ  2014 թւականին Ռումինիայի մայրաքաղաքում:
 Ըստ Բուդափեշտում կայացած ժողովի որոշման, 2015-ին ժողովը պիտի գումարւէր Երևանում, բայց վարչութիւնը որոշել էր իր յարգանքի եւ գնահատանքի տուրքը մատուցելու համար ժողովն սկսել Շուշիից, որպէսզի ժողովականները կարողանան մասնակցել ազատագրման տօնակատարութեանը: Ես ուրբաթ օրը, մայիսի 8-ին ճաշից յետոյ ժամը 4-ին հասայ Երևան,  այնտեղից էլ մեկնեցի Շուշի: Ժամը 22-ին հասայ Շուշի, որտեղ  մեր ընկերներին գտայ հիւրանոցում: Առաւօտեան ժամը 10-ին երկու մեքենաներով գնացինք դէպի Ստեփանակերտ, որ 20 րոպէից հասանք քաղաքի գլխաւոր հրապարակը, ուր բազմաթիւ մարդիկ էին հաւաքւած, նոյնիսկ զինւորականներ ու զրահապատ մեքենաներ ու տանկեր, որ համարեա թէ բոլորի վրայ երեխաներ էին բարձրացել և խաղում էին, իսկ տանկիստ զինւորները նրանց բացատրութիւններ էին տալիս: Ժամը 11 –ն էր, որ Արցախի նախագահ Բակօ Սահակեանի գրասենեակի դուռը բացւեց: ՀՀ վարչապետ Յովիկ Աբրահամեանն ու Արցախի նախագահ Բակօ Սահակեանը, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանը, Պարթեւ սրբազանը  եւ Արցախի ու Հայաստանի մի քանի այլ նախարարներ ու ազգային ժողովի անդամներ շարժւեցին դէպի հաւաքւած ժողովուրդը եւ այդ կերպով մի գեղեցիկ քայլարշաւ սկսւեց: Առանց չափազանցութեան կարելի է ասել առնւազը մի 40 հազար ժողովուրդ մասնակից էր այդ բարի նպատակով կատարւած ակտին: Քայլարշաւը երկարում էր մօտ  երկու կիլոմետր և հասնում էր եկեղեցու և յուշարձանի մօտ: Այնուհետև տեղի ունեցաւ յարգանքի ու ծաղկեմատոյցի արարողութիւն: Հետաքըրքիր էր  երիտասարդ աղջիկների ու տղաների միջոցով  վիթխարի եռագոյնի փոխադրումը:
Այդ քայլարշաւը առիթ էր, որ ես կարողանայի տեսնել Ստեփանակերտի փողոցները: Բոլորն էլ մաքուր եւ բարեխնամ էին: Իմ զարմանքին իր արարքով պատասխանեց մի երիտասարդ կին: Նա իմ աջ կողմից էր քայլում: Յանկարծ նկատեց, որ  մի ծաղկի կոթ է ընկել յատակին՝ ոտքերի տակ: Անմիջապէս կռացաւ և վերցրեց այն ու նետեց առաջին պատահած աղբամանի մէջ: Նըշանակում է, թէ այդ յարգելի հայուհին իրեն պատասխանատու է զգում իր ապրած քաղաքի մաքրութեան համար: Մի այլ բան, որ ուշագրաւ էր, փոքր երեխաների բազմութիւնն էր: Երիտասարդ կանայք քայլում էին իրենց երեխաներին գրկած:  Մի որիշ կին երեխայի ձեռքից բռնած քայլում էր դանդաղ ու խաղաղ. զգալի էր, որ նա սպասում է  իր երկրորդ զաւակին: Ըստ երևոյթին, դա վստահաբար գիտակցւած ու  որոշւած ծրագիր է, որ մեր սիրելի արցախցիները իրագործում են:
Բացի այդ, զինւորական շքերթի ընթացքում մի խումբ  տարբեր պատանի աղջիկներ ու տղաներ փայտէ հրացաններով նմանակում էին տողացքին և դա նշանակում էր, թէ նրանց փոքր տարիքում սովորեցնում են ինքնապաշտպանութեան և զինավարժութեան. այդ կերպով զգացնել են տալիս, որ նրանք շրջապատւած են թշնամիներով:
Մեր հիւրանոցը, որը կոչւում էր «Աւան Շուշի փլազա»,  պատկանում էր մեր ամերիկահայ ժողովականներից՝ պրն.Ալէք Բաղդասարեանին, որ ծագումով իրանահայ է: Հիւրանոցում կային մօտ 20 մարդ, որոնք Շուշիի և Արցախի պատերազմի հերոսամարտիկներ էին և ընդհանրապէս նրանց կուրծքը զարդարւած էր բազմաթիւ հերոսավայել մեդալներով: Մենք արդէն իսկ մտերմացել և զրուցում էինք նրանց հետ: Նրանց մէջ կար մի երիտասարդ երգիչ, որ իր սքանչելի ձայնով ներկաներին հաճոյք էր պատճառում:
 
«Յոյս» թիւ 193
23 Մայիս 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *