Քա՞նի տարի ապրել

 
Վերջին հարիւրամեակում մարդու կեանքի սպասւող տեւողութիւնը արագօրէն բարձրացել է: 19-րդ դարի երկրորդ կէսին անգլիայում ծնւած մարդը կարող էր յոյս ունենալ ապրել 40 տարի, մինչդեռ մեր ժամանակի մարդու կեանքի սեւողութիւնը միջին հաշւով 85 տարի է: Այս աճը անկասկած բժշկութեան զարգացման եւ առողջապահական խնամքի բարելաւման արդիւնք է: Սակայն կեանքի տեւողութեան բարձրացմանը զուգահեռ առաջացել են նաեւ մի շարք մտային եւ ֆիզիկական անկարողութիւններ: Այժմ հարց է առաջացել, թէ՞ արդեօք խելացի գործ է ամէն գնով երկարացնել մարդու կեանքը, առանց հաշւի առնելու այն անհատական եւ հասարակական խնդիրները, որոնք առաջանում են դրա հետեւանքով: Այսպիսի տեսակէտ է յայտնում հետեւեալ յօդւածի հեղինակ` Էզքիէլ Ջէյ Էմանուէլը: Ստերեւ ներկայացւած գրութիւնը անգլերէն ՙԱթլանթիք՚ հանդէսում հրատարակւած նրա ընդարձակ յօդւածի համառօտագրութիւնն է:
Ռ. Ս.
 
Ինչու ցանկանում եմ մեռնել 75 տարեկանում
(հատւածներ)
 
Էզքիել Ջէյ Էմանուէլ
 
 
Եօթանասուն եւ հինգ:
Այո, ցանկանում եմ ապրել այսքան` 75 տարի:
Ամերիկացիները խիստ մտա-զբաղւած են մարզավարժութիւններով, մտային խնդիրներ լուծելով, զանազան հիւթերի եւ պրոտէինի յաւելումներ գործածելով, խիստ դիետաների հետեւելով, վիտամիններ եւ այլ լրացուցիչներ սպառելով, եւ այս բոլորը որպէս քաջ փորձ մահին խաբելու եւ իրենց կեանքը հնարաւորին չափ երկարաձգելու նպատակով: Եւ այս երեւոյթը այնքան համատարած է դարձել, որ այժմ կարելի է խօսել առանձնայատուկ մի մշակութային տիպի մասին, որը ես կանւանէի ամերիկեան անմահը:
Ես մերժում եմ այս ձգտումը: Հաւատացած եմ կեանքը անվերջ երկարաձգելու այսպիսի  կրքոտ ցանկութիւն սխալ եւ պոտենցիալ խափանիչ է: Հաւատացած եմ, բազմաթիւ պատճառներով, 75-ը բաւականին յարմար տարիք է, վերջացնելու համար: 
1900 թւականին, մի ամերիկացու կեանքի սպասւող տեւողութիւնը ծննդեան պահին 47 տարի էր: 1930-ին` 60 տարի, 1960-ին` 70 տարի, 1990-ին 75 տարի, իսկ այսօր մի ամերիկացի նորածին մանուկ ակնկալում է ապրել մօտաւորապէս 79 տարի:
20-րդ դարի սկզբնական շըրջանում, կեանքի սպասւող տեւողութիւնը բարձրացաւ  պատւաստմամ, անտիբիոտիկների, եւ աւելի որակաւոր առողջապահական խնամքի շնորհիւ մեծ թւով երեխաներ փրկւեցին վաղահաս մահից եւ զանազան վարակումներից: Այդ դէպքերում, հիւանդ մարդիկ, երբ բժշկւում էին, վերադառնում էին նորմալ կեանքի առողջ ու առանց անկարողութիւնների: Սակայն 1960-ականներից, կեանքի տեւողութիւնը  հիմնականում 60 տարեկանից  բարձր  մարդկանց մօտ աւելի է երկարացնել: Այժմ մենք երիտասարդ մարդկանց կեանքը փրկելու փոխարէն, երկարաձգում ենք ծերութեան շրջանը:
Որոշ տեսակէտներ յաւակնում են, որ երբ երկարում է կեանքի տեւողութիւնը, մեր կեանքի աւելի փոքր բաժինն է անցնում անկումի դրութեան մէջ: Դա հիմնականում ամերիկեան գաղափար է, որը մեզ ասում է ճիշտ այն, ինչ ցանկանում ենք հաւատանք` թէ մենք կարող ենք ապրել աւելի երկար եւ յետոյ մեռնել համարեա առանց ցաւի, տառապանքի եւ ֆիզիկականի վատթարացման:
Սակայն հարցը հետեւեալն է. արդեօք կեանքի երկարացմամբ, ապրում ենք նաեւ աւելի առողջ կեանք: Արդեօք մերօրեայ 70-ը, նոր 50-ն է:
Դժբախտաբար ոչ այնքան: Դա ճիտ է, որ մերօրեայ տարեցներն այսօր աշխոյժ են եւ աւելի շարժունակ: Բայց վերջին տասնամեակներում, ըստ երեւոյթին կեանքի տեւողութեան աճի հետ, ոչ թէ նւազել, այլ աճել են անկարողութիւնները:
Ըստ   գիտնական Քրիմինզի, վերջին 50 տարիներում, առողջապահական խնամքը դանդաղեցրել է ոչ թէ ծերանալու գործընթացը, այլ մեռնելու գործընթացը:
2000 եւ 2010 թւականների միջեւ, կաթւածահարութիւնների հետեւանքով մահը նւազել է 20 տոկոսով: Դա լաւ լուրն է: Վատ լուրն այն է, որ կաթւածից փրկւած մօտաւորապէս 7 միլիոն ամերիկացիներից շատերը տառապում են անդամալուծութիւնից, կամ կորցնում  խոօսելու կարողութիւնը:
Վիճակն աւելի մտահոգիչ է դառնում, երբ հաշւի ենք առնում նաեւ աւելի ահաւոր հնարաւորութիւնը. ապրել մոռացութեան եւ այլ մտային անկարողութիւնների պայմանում: Հէնց այսօր, մօտաւորապէս 5 միլիոն 65-ից բարձր տարիքի ամերիկացիներ տառապում են ալցէյմերից: Իսկ 85-ը բոլորած ամերիկացիների երեքից մէկը ալցէյմեր ունի:
Ճիշտ այնպէս, ինչպէս տարիքի բարձրանալով աւելի դանդաղ ենք շարժւում, նոյնպէս էլ աւելի դանդաղ ենք մտածում: Նաեւ կորցնում ենք մեր ստեղծագործական ունակութիւնները: Այսօր ֆիզիկայի Նոբէլեան մրցանակը շահած գիտնականները իրենց հիմնական գիւտը արել են միջին հաշւով 48 տարեկանում(ի հարկէ իրենց մրցանակը կարող է ստացել են աւելի բարձր տարիքում): Դասական կոմպոզիտորների մասին ուսումնասիրութիւնների համաձայն, տիպիկ կոմպոզիտորը իր կարեւոր գործերից առաջինը յօրինում է 26 տարեկան հասակում, 40 տարեկանում իր աշ-խատանքների քանակի եւ որակի առումով հասնում է իր ստեղծագործական շրջանի գագաթնակէտին, իսկ դրանից յետոյ սկսում է անկումը: Կոմպոզիտորների մեծամասնութիւնը իր վերջին նշանակալի գործը յօրինում է 52 տարեկանում: Ի հարկէ, սրանք միջիններ են եւ անհատական տւեալները կարող են տարբեր լինել: Պարզ է, որ կան այսպէս ասած ՙուշ ծաղկողներ՚:
Ծերերից շատերը, որ իրենք անկարող են նախկինի էներգիայով մասնակցել նոր նախագծերի, զբաղւում են նոր սերնդի դաստիարակութեամբ եւ նրանց խորհրդատւութեամբ:
Տարիքն առնելով, մարդկանց սպասումները իրենցից պակասում է: Մենք օր օրի ընտրում ենք աւելի սահմանափակ թւով աշխատանքներ եւ նախագծեր, որպէսզի վստահ լինենք, որ կարող ենք դրանք կատարել: Եւ սա պատահում է աստիճանաբար եւ ան-նկատելի կերպով: Նաեւ պիտի չմոռանանք, որ կեանքը չի սահմանափակւում երիտասարդ տարիքի աշխատանքի եւ ստեղծագործական կրքերով: Կայ ապագայ սերունդը` մեր զաւակները, թոռները եւ ծոռները:
Կայ նաեւ երկար կեանքի ազդեցութիւնը մեր զաւակների կեանքի վրայ: Այսօր ականատես ենք, այսպէս կոչւած, ՙսենդւիչային սերնդի՚, որը ճզմւած է երեխաների եւ ծնողների խնամակալութեան ծանր պարտականութիւնների մէջ:
Կայ նաեւ յուշերի հարցը: Մենք ցանկանում ենք իմանալ ու տեսնել, թէ մեր երեխաներն ու թոռները ոնց կը յիշեն մեզ: Գերադասում ենք նրանց յիշողութեան մէջ ապրենք մեր ծաղկման շըրջանի կերպարանքով` աշխատունակ, աշխոյժ, լի եռանդով, սրամիտ, կրքոտ, ծիծաղելի, ջերմ եւ սիրալիր, թէ՞ մէջքը կոր, դանդաղ, մոռացկոտ, խօսքը հազար անգամ կրկնող, որ անընդհատ հարց ենք տալիս ՙի՞նչ ասաց՚: մենք բոլորս էլ ցանկանում ենք յիշւենք որպէս անկախ մարդիկ, ոչ թէ ուրիշների վզին բարդւած բեռ:
Եօթանասունհինգ. ցանկանում եմ ապրել այսքան: Բայց դա չի նշանակում, որ առաջարկում եմ այս տարիքին ինքնասպան պիտի լինեմ: Արդեօք  քաջութիւնը չունեմ վարւել հաստատւած գաղափարներիս համապատասխան: Ուրեմն ինչ է նշանակում, երբ ասում եմ չեմ ցանկանում ապրել 75-ից աւելի:
Դա նշանակում է այդ տարիքից ընդունելու եմ միայն սփոփիչ դեղեր, ոչ բուժիչ, եթէ տառապում եմ ցաւից կամ որեւէ անկարողութիւնից: Դա նշանակում է ոչ մի խօսք քոլոնասքոփիի եւ քաղցկեղի թեստերի մասին – եւ սա նախքան 75 տարեկան: 65-ը վերջին քոլանասքոփի ժամանակը կը լինի: 75-ից յետոյ, եթէ քաղցկեղ ունենամ, կը մերժեմ որեւէ բուժում: Նոյնպէս կը մերժեմ որեւէ սրտի ստրեսի թեստ: Ոչ մի սրտի կափարիչի փոխում կամ շրջանցող վիրահատութիւն: Մի խօսքով, 75-ից յետոյ, ոչ  մի  կեանք  երկարա-ձգող բժշկութիւն:
 
 
«Յոյս» թիւ 192
Մայիս 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *