Ի՞նչպէս Ծառուկեանին տեղը նստեցրեցին

 
 
Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի միջոցառումների նախապատրաստման թոհուբոհի օրերին, Հայաստանի քաղաքական դաշտը ականատես եղաւ զարմանալի մի իրադարձութեան, որը քիչ ուշադրութեան արժանացաւ: Փետրւարի 12-ին նախագահ Սերժ Սարգսեանը յայտարարեց, որ Գագիկ Ծառուկեանը երկրի համար դարձել է չարիք: Յաջորդ օրը, Ծառուկեանը արտահերթ ընտրութիւնների եւ իշխանափոխութեան կոչ արեց:
Սակայն մի քանի շաբաթ անց, Ծառուկեանը ոչ միայն հրաժարւեց իր հիմնած ՙԲարգաւաճ Հայաստան՚ կուսակցութիւնից, այլ ընդհանրապէս քաղաքականութիւնից: Յետոյ էլ յայտարարեց, թէ չհրաժարւելու դէպքում, արիւնահեղութիւն կը լինէր: Ռուս գործարարների եւ Դաշնակցութեան միջնորդութեամբ Սերժ Սարգըսեանն եւ Գագիկ Ծառուկեանը հաշտւեցին:
Իսկ ինչու՞ պիտի ՙարիւնահեղութիւն՚ լինէր: Սա է հարցը: ՙԻրաւունք՚ թերթի մի յօդւածում կարդում ենք.
ՙ…Գագիկ Ծառուկեանը կամա, թե ակամա գիտակցելով, թե ոչ, փետրվարի 5-ին հայտնվեց անմիջապես այն կարմիր գծի մոտ, որից հետո Հայաստանում պետք է սկսվեր մայդանը, ընդ որում, մայդանի արդյունքում ոչ միայն պետք է փոխվեր Հայաստանի կուրսը դեպի ԱՄՆ-Եւրոպա-Թուրքիա, այլեւ ձախողվեին եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված բոլոր այն միջոցառումները, որոնք ունեն հսկայական աշխարհաքաղաքական նշանակություն: Եվ միայն  Սերժ Սարգըսյանի կտրուկ գործողությունները կասեցրին դժոխային այդ ծրագիրը, ինչը փրկություն հանդիսացավ նաեւ հենց մայդանային ճահճում խորտակվող Գագիկ Ծառուկյանի համար՚:
(Ուրբաթ, 06 Մարտ 2015,  Արդյոք ուզում էր Գագիկ Ծառուկյանը «մայդան», Հ. Տէր-Վահանեան)
Նոյն յօդւածում Լեւոն Տէր Պետրոսեանը, Վարդան Օսկանեանը, եւ Րաֆֆի Յովհաննիսեանը բոլորը յայտարարում են որպէս ամերիկայի ծրագրած նարնջագոյն յեղափոխութիւնների գործադիրներ: Մի խօսքով, ըստ յօդւածագրի, վերջին տարիներին բոլոր ընդդիմադիր շարժումները արեւմուտքի դաւադըրութիւնն են եղել փոխելու համար ՙՀայաստանի կուրսը դէպի ԱՄՆ-Եւրոպա-Թուրքիա՚:
Իսկ որո՞նք էին ՙՍերժ Սարգըսեանի կտրուկ գործողութիւնները՚, որոնք կասեցրին ՙդժոխային այդ ծրագիրը՚:
Անկախ Ծառուկեանի քաղաքական եւ տնտեսական գործունէութեան լաւ ու վատից, հարցի շուրջ գործածւող բառապաշարը խորհելու առիթ է տալիս` ՙդժոխային ծրագիր՚, ՙկտրուկ գործողութիւններ՚, ՙարիւնահեղութիւն՚, … Ի՞նչ է անցնում վարագոյրների յետեւ, վերին խաւերի միջեւ, ինչպի՞սի սպառնալիքներով են երկրի ամենահզոր մարդկանցից մէկին նստեցնում իր տեղը, եւ այն էլ այսպէս արագ ու կտրուկ:
Ստորեւ մի երկու մէջբերում այդ օրերի դէպքերի մասին:
 
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հաշտությունը կայացավ
Armlur.am-ն ավելի վաղ գրել էր, որ երեկ Հայաստան է ժամանել «Տաշիր» ընկերության սեփականատեր, մոսկվաբնակ Սամվել Կարապետյանը, որպեսզի հաշտեցնի Սերժ Սարգսյանին և Գագիկ Ծառուկյանին: Երեկ գիշեր միմյանց են հանդիպել Ծառուկյանն ու Կարապետյանը, որոնց է միացել նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը. վերջինիս անունը դեռ ճշտվում է: Զրուցել են իրավիճակից դուրս գալու ելքերի մասին: Կարապետյանն ասել է, թե ինչ և ինչպես անել, որպեսզի և՛ գառները ողջ մնան, և՛գայլերը կուշտ լինեն: Մեզ հայտնի էր դարձել նաև, որ Սամվել Կարապետյանը հանդիպել է նաև Սերժ Սարգսյանին, երկար զրուցել նրա հետ, բացատրել, որ շատ հարցերում ոչ թե Ծառուկյանն է մեղավոր, այլ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը գծագրել է ողջ սցենարը: Եվ ահա, քիչ առաջ Armlur.am-ին լուրեր հասան, որ, այսպես կոչված, բանակցությունները հանգեցրել են նրան, որ տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Ըստ մեր տեղեկությունների՝ զույգն առանձնազրույցի արդյունքում եկել է ընդհանուր հայտարարի: Մեզ հասած տեղեկություններով՝ Սարգսյան-Ծառուկյան հաշտեցման քաղաքական միջնորդի դերը ստանձնել է Հայ հեղափոխական դաշնակցությունը: Որպեսզի և՛ ՀՀԿ-ն, և՛ ԲՀԿ-ն իրենց թիմերով նահանջի ճանապարհին խայտառակ չլինեն, ՀՀԴ-ն որոշել է բարձրացնել խաղաղության դրոշը: «Այդ մարդիկ պետք է հաշտվեն, չհաշտվելը նշանակում է պատերազմ: Երկու մարդու հետևում կանգնած ուժերն իրար ինչ ասես ասեցին` էլ գող փիսո, էլ քաչալ շուն: Այսօր արդեն Դաշնակցությունն աշխատում է հաշտեցնել երկուսին: Մենք մեր կոնտակտներն օգտագործում ենք, հիմա ես չեմ ուզում շատ բաներ հրապարակել, որովհետև, Աստված տա, հաջողվի»,-A1plus.am-ի հետ զրույցում ասել է Արմեն Ռուստամյանը: Այսպիսով՝ ՀՀԴ-ն միանգամից երկու հարց է լուծում՝ և՛ մտնում է իշխող կոալիցիայի մեջ, կամ այլ ֆորմատով սերտ համագործակցում է իշխանության հետ, և՛ հանդես է գալիս հերոսի կերպարով, որը կանխեց արնահեղությունը: Հիշո՞ւմ եք ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն էլ ԱԱԽՔ պաշտոնը ստանձնեց և դարձավ Սերժ Սարգսյանի թիմակիցը՝ արնահեղությունը կանխելու համար:
 
Ծառուկյանի կուսակցությունն առանց Ծառուկյանի.
Հինգշաբթի կեսօրին տեղի ունեցած իր մեծությամբ երկրորդ խորհրդարանական կուսակցության արտահերթ համագումարում Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հեռանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահի պաշտոնից:
Նաիրա Զոհրաբյանը` մինչ այդ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղարը, Ծառուկյանի առաջարկով ընտըրվեց կուսակցության նոր առաջնորդ:
Համագումարի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն մընում է ընդդիմությունում` հավելելով, որ կուսակցությանը ժամանակ է պետք իր նոր մարտավարությունը մշակելու համար:
ԲՀԿ ղեկավարության փոփոխությունը տեղի է ունենում այն բանից երեք շաբաթ անց, երբ կուսակցության հիմնադիր և անվիճելի առաջնորդ Ծառուկյանը հետ կանգնեց նախագահի հետ առճակատումից:
Նա Սարգսյանի զայրույթը հարուցել էր այն բանից հետո, երբ ըստ էության «վերջնագիր» էր ներկայացրել ներկայիս վարչակարգին` հրաժարվել սահմանադըրական բարեփոխումների ծրագրից կամ դիմակայել նրա իշխանափոխությունը պահանջող բողոքի ակցիաներին:
Փետրվարի 12-ին ՀՀ նախագահը և իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) առաջնորդը Ծառուկյանին «չարիք» էր համարել և կոչ արել դուրս մղել քաղաքական գործընթացներից:
Տեղի տալով մի քանի օրվա ընթացքում իշխանությունների հարուցած ճնշմանը` Ծառուկյանը որոշեց չմասնակցել Սարգսյանի հրաժարականը պահանջող համատեղ հանրահավաքին:
Այսօր լրատվամիջոցներում տարածված հայտարարությունում Ծառուկյանը նաև հայտարարեց, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից` ասելով, որ հրաժարվում է հետագա պայքարից, քանի որ սա իր հնարավորությունների «սահմանն» է, և ինքը չի ցանկանում Հայաստանում արյունահեղություն:
Ավելի վաղ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նույնպես ԲՀԿ-ից դուրս գալու դիմում էր ներկայացրել, որին անդամակցել էր 2012-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Զոհրաբյանը վերահաստատել է, որ Օսկանյանը վայր չի դնի իր պատգամավորական մանդատը:
 
 
«Յոյս» թիւ 192
9 Մայիս 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *