Վարուժան Ոսկանեանի «Շշուկների մատեան»-ից մինչեւ Էլիֆ Շաֆաք ու Չիմամանդա Նգոզի Ադիչի

 
ՇԱՆԹ ԲԱՂՐԱՄԵԱՆ
 
 
Մեր օրերում գրականութիւնն իր գեղարւեստական ու գեղագիտական արժէքներից զատ, կարող է դառնալ մարդկային պատմութեան ու մշակոյթի պատմիչը, ազգերը միմեանց ծանօթացնող շաղկապն ու նեղմտութեան, դիկտատուրայի ու բռնապետութեան դէմ պայքարողը:
Վերին տողերի փաստը՝ Վարուժան Ոսկանեանի գիրքն է: Էլիֆ Շաֆաքի ու  Չիմամանդա Նգոզի Ադիչի տողերն ու մտածումները:
Վարուժան Ոսկանեանը այն սակաւաթիւ սփիւռքահայերից է, որի անունը միաձուլւած է իր գաղթօջախի քաղաքական կեանքի հետ: Վարուժանը Ռումինիայում սենատոր է, բարձրաստիճան քաղաքական գործիչ՝ 2006-2007 թւականների երկրի տնտեսութեան նախարար,2007-2008 թւա-կաններին երկրի ֆինանսների նախարար: Ոսկանեանի ազդեցութիւնն ու համբաւը Ռումինիայում աննախընթաց է: Իսկ ո՞վ է նա:
Վարուժան Ոսկանեանը ծնւել է 1958 թւականին  Ռումինիայի «Քրայովա» / Craiova/ քաղաքում մի հայ գաղթական ընտանիքում: Նա իր պատանեկան տարիներն անցկացրել է Ֆուքշանի / Focsani/ քաղաքում, ապա մեկնել է Բուխարեստ: Բուխարեստում սովորել է մաթեմատիկայի ու ապա տնտեսագիտութեան ֆակուլտետում: Ստացել է տնտեսագիտութեան դոկտորական աստիճան եւ ուսումը աւարտելուց յետոյ անմիջապէս մուտք է գործել քաղաքական ու հասարակական դաշտ: 1989 թւականին մասնակցել է Չաուշեսկոյի / Nicolae Ceausescu /բռնապետական տիրութեան դէմ պայքարին եւ ապա 1990 թւականից մաս է կազմել Ռումինիայի «Ազգային միասնութեան ժամանակաւոր խորհրդին»: Այդ անդամակցութիւնը սկիզբն է դառնում Վարուժանի ներգրաւմանը Ռումինիայի տնտեսական ու քաղաքական կեանքին:
Այնուամենայնիւ Ոսկանեանի կեանքը նաեւ սերտօրէն շաղկապւած է հայկական կեանքի, անցեալի ու ճակատագրի հետ: 1990 թւականից նա հիմնադրում է Ռումինիայի հայկական միութիւնը ու ցայժմ նախագահում է այն:
Ոսկանեանը քաղաքականութիւնից զատ ակնառու դէմք է իր գրչի շնորհիւ: Նա բանաստեղծ է ու արձակագիր: Մինչ այժմ հրատարակել է բանաստեղծութիւնների 3 ժողովածու ՝  «Կապոյտ Շամանը» /Samanulalbastru/ (1994), «Թագուհու սպիտակ աչքերը» /OChiul cel alb al reginei/ (2001) , «Հազար թեւերով Յիսուսը» /Isus cu o mie de brage/ (2005), իսկ 1994  թւականին պատմւածքների ժողովածուն՝ «Ղեկավարի արձանը» /Statuia comandorului/: Ոսկանեանը շահել է ռումինական գրականութեան զանազան մրցանակներ ու այժմ Ռումինիայի գրողների միութեան փոխնախագահն է:
Վարուժան Ոսկանեանը 2009 թւականին գրում է «Շշուկների մատեան» /Cartea Soaptelor/ վէպը: Այն դառնում է իր գրական երկերի գլուխգործոցը, շահում է Ռումինիայի Ակադեմիայի գրական մրցանակը եւ արժանանում  Ռումինիայի տարւայ լաւագոյն գրական ստեղծագործողի տիտղոսին:
«Շշուկների մատեան»-ը պատմում է հայ ժողովրդի պատմութիւնը 20-րդ դարում: Այն պատմութիւնն է հայկական մի քանի սերնդի, որ իրենց ճակատագիրն ու կեանքը միախառնւել է ցեղասպանութեան հետ: «Շըշուկների մատեան»-ը  հայ մարդու գեղագիտական պատմութիւնն է,  20-րդ դարի տանջանքներով ու սարսափներով լի կեանքի նկարագրութիւնը:
Գիրքը մինչ այսօր թարգմանւել է շուրջ 20 լեզունների,  ինչպէս՝ հայերէն, գերմաներէն, իսպաներէն, շւեդերէն, արաբերէն և այլն,… ու ստացել է լայն ճանաչում եւ բազմաթիւ դրական  յօդւածներ է գրւել գրքի մասին:
Հետաքրքրականն այն է, որ այս տարի 2015 թւականին «Շըշուկների մատեան» գիրքն ընտրւեց  որպէս իւրայատուկ գրական ստեղծագործութիւն, որից որոշ հատւածներ պիտի ընթերցւէր շուրջ 20 երկներում ի յիշատակ 1915 թւականի Մեծ եղեռնի:
Իսկ այս համընդհանուր գրական հանդիսութեանը նաեւ մաս կազմեց Թեհրանը: «Շշուկների մատեան»-ը թարգմանւել է պարսկերէնի, թարգմանիչ Գարուն Սարգսեանի միջոցով:
Դա մի շարժառիթ էր, որ ապրիլի 21-ին Թեհրանի Հայոց Թեմի Հայոց ցեղասպանության 100- ամեակի յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ «Բոխարա»  անւանի գրական ամսագրի խմբագրի համագործակցութեամբ տեղի ունեցաւ հայ գրողների երեկոյ,  որը հիմնականում նւիրւած էր Վարուժան Ոսկանեանի գրքի պարսկերէն թարգմանութեանը /Փեչփե-չէնամէ/: Ծրագրում հանդէս եկան «Բոխարա» թերթի գլխաւոր խմբագիր Ալի Դեհբաշին, Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպան պրն. Արտաշէս Թումանեանը, թատերագէտ Վարուժ Սուրէնեանը, գրքի թարգմանիչ ՝ Գարուն Սարգսեանը: Իսկ ծրագրի աւարտին «Շշուկների մատեան»-ի  պարսկերէն գրքի թարգմանութիւնից հատւածներ ընթերցւեց Թալին Բանդարիի միջոցով: Երեկոն բովանդակալից էր եւ հիանալի  ու դրական ազդեցութիւն թողեց  իրանցի մասնակցողների վրայ:
Խուսափելով ծրագրի մանրամասն նկարագրութիւնից, հետաքըրքիր կարող է լինել անդրադառնալու մի շարք ակնարկների, որը զետեղւած էր գրքի թարգմանիչ  Գարուն Սարգսեանի ելոյթում:
Ոսկանեանի «Շշուկների մատեան» գիրքը դրանով հանդերձ, որ պատմում է հայ ժողովրդի պատմութեան ու կրած տառապանքի մասին, միեւնոյն ժամանակ համամարդկային է: Գրքում ակնարկներ է լինում Քենեդիի սպանութեանը, ֆուտբոլի արքայ Պելլէին, Բարբի խրծիկի արտադրմանը, Էլւիս Պրիսլիին ու անգամ Մանչեստեր Իւնայթեդի ուղղաթիռի արկածին: Մի խօսքով «Շշուկների մատեան» գիրքը իրեն չի սահմանափակում միայն հայկական ակնոցով նայել աշխարհին: Միեւնոյն  պահին վէպը պատմում է Դեր Զորի տանջանքների մասին:
Մի այլ տեղում գրքի թարգմանիչը շեշտում է, որ վէպը դրանով հանդերձ, որ պատմում է մարդ արարածի ձեռքով կատարւած ամենադաժան արարքների մասին, սակայն այն ատելութիւն չի սերմանում: Ասւած է, որ Կոլումբիայի նախագահը ընթերցելով «Շշուկների մատեան» գրքի Իսպաներէն թարգմանութիւնը, նամակով դիմել է Ոսկանեանին: Նա գիրքը ընթերցելուց յետոյ ասել է՝  « Ես նոր ելքեր եմ փնտրելու Կոլումբիայի կառավարութեան ու յեղափոխականների միջեւ հաշտութիւն կնքելու համար»:
Դա բաւականին հետաքրքիր  փաստ է: Փաստ, որ ապացուցում է գիր ու գրականութեան հզօրութիւնը  բարի աշխարհ ստեղծելու հարցում: Անկասկած Ոսկանեանի «Շշուկների մատեան» գիրքը  պատմելով  վախից շշուկով խօսող սերունդների մասին,   կարող է  աւելի ազդեցիկ դառնալ ժողովուրդների  ու նրանց անցեալը միմեանց ծանօթացնելու գործում: Քաղաքական հաւաքներից ու փաստաթղթերից աւելի ներգործող կարող է լինել  լաւ գիրքն ու գրականութիւնը:
Ոսկանեանի «Շշուկների մատեան» գրքի  երեկոյին մասնակցելու  պահին  մտաբերեցի  ժամանակակից երկու գրողների՝  Էլիֆ Շաֆաքին / Elif Şafak/  ու Չիմամանդա Նգոզի Ադիչին / Chimamanda Ngozi Adichie/: 
Երկու կին գրողներ, մէկը թուրք, միւսը նիգերիացի,  որոնք հաւատացած են «Գրականութիւնը գեղագիտական բացատրութիւնից զատ կարող է դառնալ համամարդկային շփման ու կապի հաստատման միջոց»: Նրանք առաջարկում են գրականութեան միջոցով պայքարել նեղմտութեան ու ստերիոտիպերի դէմ: Նրանց մտորումները  մօտ թւաց Ոսկանեանի աշխատանքին:
Էլիֆ Շաֆաքը  իր 2006 թւականի «Ստանբուլի Բիճը» / The Bastard_of_Istanbul/ գրքի համար դատապարտւել է Թուրքական ատեանների միջոցով, այն բանի համար, որ նա խօսել է Հայոց ցեղասպանութեան մասին: Դա մի այլ փաստ է, թէ Թուրքիայի ժխտողական պետութիւնը  որքան է սարսափում մտքից ու գրքից: Էլիֆը հաւատացած է, որ անկումները, չարիքներն ու աղէտներն սկսում են այն ժամանակւանից,երբ մարդը շրջափակւում է միայն ինքն իր գաղափարներով: Շաֆաքը հաւատում է, որ մարդու գաղափարները պատնէշ են ստեղծում հէնց իր համար: Մտքի պարիսպների մէջ գտնւողները միայն լինում են  մարդու համախոհներն ու ընկերները, իսկ իր շրջանակներից դուրս մարդիկ դասւում են  ուրիշների, թշնամիների շարքում: Եւ ակնյայտ է, որ 20-րդ դարի չարիքների հիմնական պատճառներից մէկը հէնց Շաֆաքի նշածն է: Օսմանեան թուրքը, Հիտլերեան նացցիները, ստալինականները, մուսուլինականներն   ու  շատ  ուրիշ   բռնա-պետներ սկսել են հէնց այն կէտից, որ  իրենց գաղափարը, ցեղն ու մտայնութիւնը համարել են միակ ճշմարիտը: Այս առաջին քայլն է, որ ընդլայնւելով ու ժամանակի դէպքերի համագործակցութեամբ դառնում է ցեղասպանութիւնների ու մարդասպանութիւնների մի անվերադարձ ծրագիր:
Իսկ  Էլիֆ Շաֆաքի առաջարկը գրականութիւնն է,  գրականութիւն, որը պիտի շրջանցի ստերիոտիպերին ու նոր աշխարհ ու հայեացք բացի մարդու առջեւ: Նա հաւատացած է, որ ինքը  որպէս թուրք գրող միայն սահմանափակւած չէ գրելու իսլամի, հիջաբի ու Ստանբուլի մասին, նա կարող է գրել ցանկացած մարդու, ցանկացած թեմայի մասին, անգամ հայի ցեղասպանութեան մասին,  շրջանցելով  բոլոր մտային պաշարւածութիւնները:
 
Նմանատիպ գաղափարի տէր է նիգերիացի գրող Չիմամանդա Նգոզի Ադիչին: Նա մի դասախօսութեան ընթացքում (TED Talk:  The danger of a single story  )  ահազանգում է մի տեսակ պատմութիւն պատմելու վտանգի մասին: Եթէ սեւականը ցանկացած պատմութեան մէջ պատկերւի որպէս աղքատ ու անտուն, եթէ ցանկացած պատմութեան մէջ մուսուլմանը պատկերւի որպէս ահաբեկիչ,  դա մեծ վտանգ է առաջացնելու ժողովուրդների համար: Այն վտանգը, որ լսելով մի ազգի մասին միայն պատկերւում են մի ինչ-որ ստերիոտիպ ձեւով, դա վտանգաւոր է: Նա իր վէպերում, ինչպիսին է «Դեղին արեւի կէսը» (2006) եւ իր այլ աշխատութիւններում պատկերում է սեւամորթների կեանքը, որ հեռու է իմացած բոլոր նախատիպերից:
 
Մի  խօսքով գրականութեան նիւթ կարող է դառնալ մարդու ցաւերը, ազատամտութիւնը, անկաշկանդ  մտքերն ու գաղափարները:
 
Այսպիսի գրականութիւն ներկայացնում են բազմաթիւ գրողներ ու մտաւորականեր, որոնց  եռեակը հանդիսանում է Վարուժանը, Իլիֆն ու Չիմամանդան:
 
 
«Յոյս» թիւ 192
9 Մայիս 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *