Հանդիպում Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի հետ

 
 
2015 թ. մարտի 17-ի կէսօրից յետոյ ժամը 14.30-ին Իրան-Հայաստան առեւտրական պալատի վարչութեան անդամները այցելեցին  Իրանում ՀՀ դեսպանատուն բարի գալուստ մաղթելու նորանշանակ դեսպան յարգելի պր. Արտաշէս Թումանեանին:
Հանդիպման ընթացքում, որին ներկայ էր նաեւ դեսպանատան մշակութային հարցերում խորհըրդական պր. Սահակ Եղիազարեանը, Իրան-Հայաստան Առեւտրական պալատի նախագահ պր. Ահարոնեանը բարիգալստեան խօսքից յետոյ ներկայացրեց խորհրդի անդամներին, նշելով, որ Իրան-Հայաստան Առեւտրական պալատը իր աւելի քան 20 տարիների գոյութեան ընթացքին  շարունակ ձգտել է զարգացնել, ամրապնդել ու խորացնել Իրան-Հայաստան բարեկամական, տնտեսական ու առեւտրական  յարաբերութիւնները եւ ոչ մի ջանք չի խնայել այս ուղղութեամբ ու միշտ սերտ համագործակցութիւն է ունեցել Իրանում ՀՀ դեսպանութեան  հետ եւ այժմ էլ իր պատրաստակամութիւնն է յայտնում դեսպանատան խորհրդակցութեամբ ու աջակցութեամբ իրականացնելու բոլոր այն ծրագըրերը, որոնք գտնւելով իր պարտականութիւնների ծիրում կը նպաստեն երկու բարեկամ ու հարեւան  երկրների տարբեր ոլորտներում յարաբերութիւնների զարգացմանը, յաւելելով նաեւ, որ Իրան-Հայաստան Առեւտրական պալատը մի քանի հեռանկարային ծրագրեր էլ ունի, որ մասնաւոր եւ յատկապէս պետական հատւածի աջակցութեամբ որոշել է իրականացնել Հայաստանում, որոնք բաւականի արդիւնաւէտ կը լինեն  երկու երկրների համար:
Իրան-Հայաստան Առեւտրական պալատի փոխնախագահ պր. Շահրոխ Զահիրին եւս իր հերթին շնորհաւորելով պր. դեսպանին եւ յաջողութիւն մաղթելով իրենց ապագայ գործունէութեան մէջ, այս առիթով  «Իրանի տնտեսութեան 50 գործարարների կեանքը» խորագրով ծաւալուն գիրքը, որը նորերս է հրատարակւել Իրանի Առեւտրաարդիւնաբերական պալատի կողմից եւ ընդգրկում է  Իրանի տնտեսութեան բնագաւառում նշանակալի աւանդ ունեցող 50 գործարարների եւ բիզնեսմենների կեանքն ու գործունէութիւնը, նշեց, թէ հպարտառիթ երեւոյթ է, որ այդ 50-ից  մէկը հանդիսանում է պր. Ահարոնեանը:
Այնուհետեւ  որոշ բացատրութիւններ տրւեցին պալատի միջոցով Հայաստանում գրանցւած «Իրանցիների ազատ առեւտրական կենտրոն»-ի հիմնադրման, տարւող աշխատանքների ու նպատակների մասին:
Յարգելի դեսպանն ունկնդրելով արծարծւած խնդիրները, յատկապէս առեւտրի եւ ապրանքափոխադրամիջոցների մասին, անդրադառնալով այն հարցին, թէ հաշւի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը ԵՏՄ-ի լիիրաւ անդամը լինելով  առեւտրամաքսային օրէնքները փոփոխութեան են ենթարկւում, ուստի խորհուրդ տւեց ծրագրերի իրականացման  հարցում առաւել հետաքրքրւել եւ ուսումնասիրել վերջերս ուժի մէջ մտնող օրէնքները հետագայում խոչընդոտների չհանդիպելու համար:
Նա այնուհետեւ անդրադառնալով Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաարդիւնաբերական ու ապրանքափոխանակման անբաւարար ծաւալներին եւ դրանց բարելաւելու եւ զարգացնելու ուղղութեամբ  ունեցած իր ծրագրերին, իր կատարեալ ու անվերապահ աջակցութիւնն ու զօրակցութիւնը յայտնեց մասնաւորաբար առեւտրական խնդիրների իրականացման գործում եւ խոստացաւ շուտով գործնական հանդիպում ունենալ մօտկից հանգամանօրէն քննարկելու հետաքրքրւող հարցերը եւ լուծումներ տալ  հաւանական դժւարութիւններին:
Հանդիպումը տեւեց 1.30  ժամ:
 
 
«Յոյս» թիւ 191
18 Ապրիլ 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *