Որքան հիշում եմ՝ Բանդար Մաշուր

  
ԱԶԱՏ ՄԱԹՅԱՆ
 
 
Բանդար Մաշուրը, այժմ Մահշահր, Պարսից ծոցի բանուկ նավահանգիսներից մեկն է, ու թե ինչքա՞ն նավթ էր արտահանվում այնտեղից, ու ի՞նչ էր փոխարենը ներկրվում Իրան, ինձ՝ չնչին մահկանացուիս, ոչ հիմա է հայտնի, և ոչ էլ մանավանդ այն օրերին, երբ նավթային ընկերության մեջ աշխատանքի անցնելու հույսով հայրս հասել ու մեզ իր հետ քարշ էր տվել այս դժոխային սահմանը. ձեռքս չի գնում ասել քաղաքը կամ որևէ նման բառ, որը կհիշեցներ մարդկային քաղաքակրթության հետ կապ ունեցող ինչ-որ բնակատեղի, այն էլ քսաներորդ դարակեսին:
Հաճախ մտածել եմ, որ դժվար է նկարագրել և իմ պատկերացրած հավանական ընթերցողների համար շոշափելի դարձնել այն միջավայրը, որում հայտնվեց մեր ընտանիքը  Բանդար Մաշուրում: Բայց ինչու՞ ոչ, որոշ պատկերացում ունենալու համար դուք կարող եք մտածել հենց այսօր իսկ աշխարհի տարբեր տեղերում. Միջին Արևելքում, Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում… գոյություն ունեցող, բազմահազար մարդկանց ճամբարների, ինչպես նաև աշխարհի շատ ու շատ մեծ քաղաքներին կից զանազան թափոններից կերտված «բիդոնվիլների» մասին, որոնցում ապրում են պատերազմից, ցեղասպանությունից կամ բնական աղետներից հալածված, կամ աշխատանքի հույսով իրենց երկիրը լքած ապաստանյալներ: Իսկ մենք վերջին հաշվով և մեկն էինք և մյուսը: Պարսկերենում նման բնակավայրերի համար գուցե ձեզ ծանոթ լինեն «քափառաբադ», «հալաբիաբադ» և «չադերաբադ» անունները: Սրանք հիմնականում միմյանցից տարբերվում են իրենց ճարտարապետական շինանյութով: Քափառը կառուցվում է ծառի ճյուղերից, արմավենու տերևներից և խսիրից: «Հալաբին» դա թիթեղն է, այստեղ օգտագործվում են զանազան թիթեղյա ամաններ, բոշկաներ, հնարավորության դեպքում լքված ավտոտնակներ և մետաղյա այլ իրեր ու առարկաներ: Կարելի է ասել, որ «քյափառաբադ»-ը ավելի մոտ է կանգնած գյուղական մշակույթին, իսկ «հալաբիաբադ»-ը արդյունքն է քաղաքային մեքենայացված կյանքի: Ինչ վերաբերում է «չադերաբադ»-ին, ապա դա արդեն շքեղություն էր մյուսների նկատմամբ: « Չադեր»-ը դա վրանն էր, իսկ սրա հիմնական տարբերությունը  մյուս երկուսի հետ այն էր, որ նրանք բնակիչների ինքնագործունեության արդյունքն էին,նրանց ձեռքով կըց-մըցված այլանդակություններ,  իսկ սա իսկական գործարանային արտադրություն էր, այն էլ ո՛չ թե տեղական, այլ իսկ և իսկ անգլիական արտադրություն: 
Պատերազմները իրենց հիմնական նպատակով՝  թալա՜ն, թալա՜ն, թալա՜ն ու հետևանքներով՝ կոտորած, ավերածություն, գաղթ, բռնագաղթ, սով, թանկություն, պարապություն, համաճարակ և, ի հարկե, մարդկային քաղաքակրթուղթյան զարգացում,  ո՛չ մեկ օրում սկսվում են, ո՛չ էլ մեկ օրում ավարտվում, իսկ դրանք ավարտվու՞մ են երբևէ:
  Բանդար Մաշուրում մեք տեղավորվել  էինք վրանի տակ, բաց տարածության մեջ, որի սկիզբն ու վերջը ես այնպես էլ չտեսա, երեքական ձողերի վրա կանգնեցված էին հարյուրավոր, գուցե և հազարավոր վրաններ, մոտավորապես վեց քառակուսի մետր տարածքով, որոնց տակ «ապրում» էին երկրի չգիտես ո՞ր անկյուններից եկած մարդիկ՝ արաբներ, բալուչներ, լոռեր և մենք ու մեր վրանից բավականին հեռու մի երկրորդ հայ ընտանիք՝Վարդանեսը, իր մոր՝ Սաթիկի հետ:
Վարդանեսը, ի միջի այլոց, շուտով դարձավ իմ անգլերենի առաջին ուսուցիչը:
This is an ant. Այս է մեկ մրջուն: Ամենայն վստահությամբ կարդում ու թարգմանում էի ես Essential one-ը: « Չես սովորել, անգիր արած, թութակի պես կրկնում ես»,- ասում էր Վարդանեսը, որին վրանային պայմաններում չհասցրեցի պարոն ասել, ոչ բառիս բուն, ոչ էլ ուսուցիչ իմաստով:
 
Վրանները, եթե չեմ սխալվում, մարդասիրաբար տրամադրել էր նավթային ընկերությունը: Վրանների չափով բետոնապատել էին նաև հատակը, մի անկյունում դարսում էինք մեր անկողինը, մի նավթի ճրագ կազմում էր մեր խոհանոցը: Ջուրը դույլերով վերցնում էինք ընդհանուր ծորակից, որը ծորում էր անընդհատ, որովհետև ջուր տանելու եկածների շարքը չէր վերջանում: Ծորակների շուրջը մեծ բազմություն էր գոյանում հատկապես լուսաբացին և մայրամուտին, երբ գորշ բազմությունը պատրաստվում էր գնալ աշխատանքի կամ վերադառնում էր աշխատանքից, նրանցից շատերը ուղղակի լվացվում էին հենց ծորակի տակ, մահմեդականները մեզ բան չէին ասում, բայց զգալիորեն խորշում էին մեր ամաններից կամ ձեռքերից ցայտող ջրի կաթիլներից, դա այնքան էլ վատ չէր,որովհետև, երբ մայրս կամ ես մոտենում էինք ծորակին, նրանք հեռու էին քաշվում և մենք էլ, որ պակաս չէինք խորշում նրանց շփումից, կարողանում էինք հանգիստ մեր դույլերը լցնել ու հեռանալ:  Ծորակի ջուրն ինքնին շատ հեռու էր մաքուր լինելուց, այն լցնում էինք քառոտանու վրա դրված խեցեղեն կարասների՝ «հոբբանեների» մեջ, թողնելով, որ պարզի ու մի քիչ էլ հովանա: Ամռանը  օդի ջերմաստիճանը այստեղ հասնում էր մինչև հիսուն և ավելի սանտի -գըրադի: Շոգից պաշտպանվելու միակ ելքը արևից այրելու չափ տաքացած վրանի տակ ապաստանելն էր: Պատահում էր նաև, որ գնում էի հորս գործատեղից սառույց բերելու, դա ոտքով ահագին ճանապարհ էր, և գունու մեջ փաթաթած սառույցի կտորը կես էր դառնում մինչև «տուն» հասնելը:
Եղանակը լինում էր կամ «շարժի» կամ «շմալ». Շարժի եղանակին տաք խոնավությունն էր խեղդում, շմալ եղանակին տաք փոշին: Ամռանը քնում էինք ուղիղ վրանի առջև հարմարեցրած թախտերի վրա, բաց երկնքի տակ, իսկ մոծակներից պաշտպանվելու համար կապում էինք «մաչարի»: Մաչարին կարվում էր շղարշանման ճերմակ կտորից, եթե շարժի էր, մաչարին կաթում էր, եթե շմալ էր, մաչարին առագաստի նման փչվում էր քամուց, և թվում էր, թե թախտերը ահա վեր կբարձրանան ու կլողան դեպի ալեկոծվող ծովը:
Արտաքնոցները, բնականաբար, ընդհանուր էին: Դրանք իրենցից ներկայացնում էին իրար կողքի արված փոսեր, որոնց մեջ տեղադրված էին թիթեղյա ամաններ, երեսը ամբողջովին բաց: Չըգիտեմ քանի օրը մեկ էին ամանները դատարկում, բայց հետագային դրանք ինձ շատ օգնեցին առողջապահության դասին զանազան աղիքային մակաբույծների թեման գերազանց յուրացնելու մեջ:
Մենք՝ «չադերաբադի» երեխաներս ունեինք մեր սիրած խաղը, որ անուն չուներ, մենք ասում էինք «սռռալուց», պարսիկները՝ «սոռսոռե»: Մագլցում էինք վրանի կատարը և այտեղից սահում էինք ցած, վրանը դիմանում էր մեր ծանրությանը: Երբեմն տանում էինք մեր կատվի ձագին, շատ զվարճալի էր տեսնել, թե ինչպես է նա գլուխկոնձի տալով վար սահում վրանի կատարից, շատ զվարճանում էինք նաև, երբ կատուն ճանկում էր վրանի ներսում վազող մկներից մեկին և սկըսում էր խաղալ նրա հետ, կատուն թաթով հարվածում էր մկնիկի գլխին, մկնիկը սուտսատկի էր տալիս, կատուն հետևի ոտքերի վրա նստում էր ու անշարժ, արտաքուստ նաև անտարբեր սպասում էր այնքան, որ մկնիկին թվում էր, վտանգը արդեն անցել է, նա հանկարծ թռչում էր տեղից և փորձում էր ծլկել, բայց կատուն նորից էր հարվածում, գուցե և մկնիկը իսկապես ուշագնաց էր լինում: Կատվի և մկան այս խաղը տևում էր այնքան, մինչև մկնիկը որոշում էր վերջնականապես անշարժանալ:
Անկախ ամեն ինչից, հայրս ինձ տարավ և արձանագրեց տեղի դպրոցներից մեկում, գուցե և շրջանի միակ դպրոցում: Դպրոց կոչվածի այդ տեսակը պատկերացնելու համար ևս ընթերցողը թող ինձ՝ նկարագրողիս օգնի իր երևակայությամբ: Ուրեմն պատկերացրեք  գետնի վրա թունելի նման գործված ալիքավոր թիթեղից կիսակլորներ, երկու դասարանի երկարությամբ, որոնք կազմում էին սենյակի պատերն ու առաստաղը, թիթեղը ներսից ծածկվում էր «ֆիբր» կոչվող հաստ խավաքարտով, արևից շիկացող թիթեղի ջերմությունը փոքր ինչ մեղմելու համար: Ճարտարապետական այս հրաշակերտ նախագծով էին կառուցվում նաև նավթային ընկերության ժամանակավոր  օֆիսներ, հանրային սպասարկման կենտրոններ և այլն:
Ճամբարային կյանքը շատ արագ տվեց իր առողջապահական պտուղները: ես ու եղբայրս վարակվեցինք մաշկային հիվանդությամբ, մեր գլխի մազերը սկսեցին թափվել, գոյացնելով կլոր բացվածքներ: Դպրոցից ինձ հեռացրին: Հայրս մեզ բուժելու համար տարավ Ահվազ, հարկ եղավ մեր գլուխները ածիլել և քսել բժշկի գրած երկու հեղուկ դեղերը: Դրանցից մեկը կապույտ էր, մյուսը կարմիր, որից մեր գլուխը դառնում էր մանուշակագույն: մի որոշ ժամանակ անց, երբ թափված մազերի տեղում սկսեց նոր մազ բուսնել, ինձ կրկին ընդունեցին դպրոց, բայց գլուխս չորս ծայրը կապ գցած սպիտակ թաշկինակով գլխարկ էի ծածկում:
 Դպրոց ես գնում էի վրանաընակ մյուս երեխաների հետ ոտքով, մի օր էլ դպրոցի ճամփին ինձ ասաց «քաֆար» , քաֆարն ի՞նչ է, հարցրի, -դուք արմանի եք, աստված չունեք, ասավ, ի՞նչ ես ասում, աստված ինքը արմանի է, պատասխանեցի ես, հպարտորեն ցուցադրելով իմ աստվածաբանական ամբողջ գիտությունը: Դասարանում կար մի երկրորդ հայ աշակերտ, Ռազմիկ անունով, Ռազմիկի հայրը՝ Վահանը տեղի առավել բարեկեցիկ թաղամասում, ուր նավթային ընկերության մեծ ու փոքր պաշտոնյաներն էին ապրում, խանութ՝ այսօրվա իմաստով սուպեր էր բացել, հորս ասելով Վահանը այն գյուղացի տղաներից էր, որ «Կալկաթա մե էրկու քյալամ (բառ) անգլերեն էր սովորել»: Ուսուցիչներն իրենք մեզ նստեցրին իրար կողքի, չգիտեմ մեզ իրար մոտեցնելու, թե մյուսներից բաժանելու, գուցե և այս և այն միտումով, բայց մեր դասընկերությունը երկար չտևեց, Ռազմիկին ես կհանդիպեմ շատ տարիներ հետո Սպահանում:
Մենությունը մուսուլման բազմության մեջ զգալի էր դառնում մանավանդ այն օրերին, երբ շիաները սգում էին իրենց իմամներից Հոսեյնի և յուրայինների սպանությունը Քարբալայում: Առաջին անգամը և այդքան մոտիկից ես տեսնում էի այդ ողբերգական ծիսակատարությունը իր մանրամասնություններով: Սուգը տեվում էր երկու, թե երեք օր, վրանաբնակները երեկոյան դեմ հավաքվում էին ուղիղ մեր վրանի առջևի բաց տարածքում, որին պայմանականորեն միայն կարելի է հրապարակ անվանել, մոլլան սկսում էր երգախառն պատմել Քարբալայում կատարված արյունահեղության մասին, այնքան ողբաձայն, որ ես էլ արտասվելու ցանկություն էի ունենում, առանց որ նրա պատմածներից շատ բան հասկանայի, հավաքված բազմությունը ողբասացությանը հետևում էր երբեմն մորմոքալով, երբեմն, ամենաողբերգական պահերին, բարձրաձայն հեկեկալով ու կուրծքն ու գլուխը ծեծելով, երբեմն հարյուրավոր տղամարդիկ միասնական ողբով այնպես էին ծեծում կրծքերը, որ հողը թնդում էր նրանց ոտքերի տակ, երբեմն էլ մոլլան էր իր հեկեկոցով հորդորում բազմությանը, որից հետո սուգն ու շիվանը հասնում էր աստղերին: Մութը դանդաղ իջնում էր սգակիր բազմության վրա, տեղ-տեղ երևում էր միայն «զանբուռի» ճրագների կաթնագույն լույսը, որի մեջ մարդիկ թվում էին ավելի խորհրդավոր, անիրական ու ահալի:  Հանկարծ հնչում էր նաղարայի ու թմբուկի ընդհատ թնդյունը և թափորը կուրծքը ծեծելով շարժվում էր առաջ, ոմանք նստում էին գետնին, մատներով խառնում էին հողը, ասես, կորցրած մի բան էին փնտրում և չը-գտնելով բուռ արած հողը մաղում էին իրենց գլխին: «Գնում են Հասան-Հոսենի օսկոռները գտնեն», բացատրում էր մայրս և ինձ թվում էր, որ ոսկոռները հենց այստեղ, մոտակայքի ավազուտում պիտի լինեն: Լուսադեմին, երբ մենք դեռ քնած էինք վրանի առջևի թախտերին, թափորը տուն էր վերադառնում,  ես աղմուկից արթնանալով բարձրացնում էի «մաչարու» փեշը և տեսնում էի մեր հարևան Արդեշիրին շղթայի տրցակը ձեռքին, մազերին չորացած ցեխ, իսկ երբ նա սև ու քրտնքից աղ կապած շապիկը հանում էր, որ աֆտաբեով վրան-գլուխը լվանա, տեսնում էի նրա սեվացած մեջքը: Չորացած ցեխը նրա մազերին մնում էր մինչև սգի ավարտը: Ցեխոտ մազերի,շղթայափնջի և սեվացած մեջքի մասին սպառիչ, բայց, բոլոր դեպքերում անհասկանալի բացատրություններ ինձ տալիս էր մայրս,- ոսկորները գտե՞լ են, հացնում եմ,- հա,- կարճ է կտրում մայրս, զգալով երևի իմ ներքին հուզմունքը: Հիմա էլ սգո այդ երգերը տխրությամբ են լցնում իմ հոգին և ինքնախոշտանգման այդ ծեսը, իր հզոր ռիթմով և հավաքական էներգիայով ցնցող ազդեցություն է թողնում ինձ վրա:
Բանդար Մաշուր կոչվածը մեր կենտրոնացման ճամբարով, իհարկե, չէր ավարտվում, այն պիտի որ ունենար հին ու հնագույն թաղամասեր, որը ինձ տեսնել չվիճակվեց, կային նաև նույն նավթային ընկերության կողմից աշխատավորների համար կառուցված աղյուսաշեն բնակելի թաղամասեր, որտեղ մի որոշ ժամանակ անց փոխադրվեցիք նաև մենք:Այստեղ, ի հարկե ավելի լավ էր կյանքը, չորս պատի մեջ ավելի ապահով էր, կար բակ ու փողոց, փողոցում խաղում էինք «լոռի խիզնի» հետ, լոռ կանայք մորս «նանե Ազադ» էին ասում, որ նշանակում էր Ազատի մայր, նրանց մոտ կնոջ անունը տաբու էր, որովհետև այդպես էին դիմում նաև միմյանց: Կարևորն այն է, որ պարսիկ հասարակության այս խավը հայ տղամարդկանց ու կանանց չէին ասում «մուսիո» կամ «մադամ», սրանք մեզ ավելի շուտ էին ընդունում, որպես իրենցից մեկը, քան այլ աշխարհների մասին, այսպես, թե այնպես տեղեկացված քաղաքի մարդիկ, որոնք հայերին շփոթում էին եվրոպացիների հետ:
 
 
Բանդար Մաշուր կոչվածը մեր կենտրոնացման ճամբարով, ի հարկե, չէր ավարտվում, այն պիտի որ ունենար հին ու հնագույն թաղամասեր, որը ինձ տեսնել չվիճակվեց, կային նաև նույն նավթային ընկերության կողմից աշխատավորների համար կառուցված աղյուսաշեն բնակելի թաղամասեր, որտեղ մի որոշ ժամանակ անց փոխադրվեցինք նաև մենք: Այստեղ, ի հարկե ավելի լավ էր կյանքը, չորս պատի մեջ ավելի ապահով էր, կար բակ ու փողոց, փողոցում խաղում էինք «լոռի խիզնի» հետ, լոռ կանայք մորս «նանե Ազադ» էին ասում, որ նշանակում էր Ազատի մայր, նրանց մոտ կնոջ անունը տաբու էր, որովհետեվ այդպես էին դիմում նաև միմյանց: Կարևորն այն է, որ պարսիկ հասարակության այս խավը հայ տղամարդկանց ու կանանց չէին ասում «մուսիո» կամ «մադամ», սրանք մեզ ավելի շուտ էին ընդունում, որպես իրենցից մեկը, քան այլ աշխարհների մասին, այսպես, թե այնպես տեղեկացված քաղաքի մարդիկ, որոնք հայերին շփոթում էին եվրոպացիների հետ:
Այդ օրերից հիշողությանս մեջ մնացել է հատկապես «փարդեխանի» պատկերը: Փողոցում հայտնվում էր տոպրակն ուսին, ձեռնափայտը ձեռքին, գունագեղ կապայով, կանաչ բազմածալ գոտիով, մազ-մորուքով  դերվիշը, տոպրակից հանում էր մի մեծ պաստառ, ամբողջովին ծածկված զանազան մարդկանց պատկերներով, պաստառը կախում էր պատին և ձեռնափայտը մեկնելով  պատկերներին, սկսում էր երգախառն ասմունքով պատմել  Քարբալայի և իմամ Հոսեյնի  ողբերգությունից դրվագներ: Պաստառին նկարված էին լինում նաև ձիեր, սրեր ու վահաններ, հրեշներ ու վիշապներ: Վերջիններս խորհրդանշում էին չար կերպարներին՝ մարգարեի և նրա գերդաստանի թշնամիներին, իսկ սրբերն ու մարգարեները պատկերված էին լինում անդեմ, ավելի ճիշտ նրանց դեմքերի տեղը թողնվում էր սպիտակ: Պաստառի շուրջը շուտով գոյանում էր բազմություն, հավաքվում էին մանավանդ փողոցի երեխաները: Թե ի՞նչ էր կատարվում նրանց ներսում այդ ներկայացման ժամանակ, ես չէի կարող իմանալ, իսկ ինձ վրա այդ ամենը թողնում էր մի մոգական ազդեցություն, այնպիսին, ինչպիսին ունենում էի դեռևս Թեհրանում «Շահրե ֆարանգ» նայելիս: «Շահրե ֆարանգը» ևս այն օրերին մանուկների ու մեծերի հեքիաթային աշխարհներ տեսնելու սիրված միջոցներից մեկն էր. Դա, կարելի է ասել, սինեմայի նախատիպն էր: Նրանք, ովքեր չեն տեսել «Շահրե ֆարանգը» կարող են պատկերացնել մի թիթեղյա , ուղղանկյուն տուփ կամ խցիկ, որն արտաքինից ձևավորված էր լինում հին դղյակների ոճով և ներկված վառ գույներով: Տուփը կամ դղյակը դրված էր լինում չորս ոտքի վրա, գետնից մոտ հիսուն սանտիմետր բարձրությամբ, իսկ տուփի մեջտեղում խողովակաձև անցքն էր, որի մեջ, ինչպես հայտնաբերեցի շատ ավելի ուշ,  հարմարեցված էր խոշորացույց. բավական էր մարդուն վճարել մի քանի շահի և պպզած նայել ծակից ներս: Մարդը սկսում էր երգախառն պատմել ներսում փոփոխվող նկարների մասին, որոնք շատ տարբեր էին լինում մեր տեսած առօրյա պատկերներից, իրականում դրանք զանազան ևրոպական թերթերից ու ամսագրերից պատահականորեն ընտըրված կամ գտնված գունավոր նկարներ էին, որոնք նույնպես պատահականորեն   իրար      սո-սընձված ու  փաթաթված էին լինում մի ձողիկի, և հենց այդտեղից էր ծագում «Շահրե Ֆարանգ» անունը: Մարդը մյուս ձողիկը դարձնելով փոխում էր նկարները, դրանք անցնում էին խոշորացույցի առջևից և դիտողին փոխադրում ֆրանկների աշխարհը, «Շահրե ֆարանգ» նշանակում էր ֆրանկների քաղաք, ու եթե նկատի առնենք այն փաստը, որ դիտողների մեծամասնությունը այդ օրերին կարող էր ոչ մի լուսանըկար անգամ տեսած չլինել իր կյանքում, ապա կարելի է պատկերացնել, թե նկարագրված սարքը ի՜նչ հրաշալիք կարող էր թվալ նրանց աչքին: Դա այն կախարդական լուսամուտն էր, որով Իրանի ժողովուրդը և հատկապես նոր սերունդը մի գաղտուկ հայացք էր նետում «լուսավոր աշխարհից» ներս: Կարևոր է նաև իմանալ, որ «Շահրե Ֆարանգը» համարվում է Իրանի թագավոր Մոզաֆարեդ-դին Շահի ներմուծումներից մեկը, Եվրոպա կատարած ճամբորդությունից հետո:
Բանդար Մաշուրում մի խումբ երեխաների հայերենի դասեր էր տալիս Պարոն Անդրանիկը: Դասարանը նրանց բնակարանում էր կազմվում, հինգ-վեց հոգով նստում էինք ճաշասեղանի շուրջ ու հերթով կարդում էինք օրվա դասը:
Ծերը հազալով, տնքալով, թույլ ոտքերին ուժ տալով,
Մեջքի ցախը վար առավ, նստեց այսպես սուգ արավ.
-Ես ծերացած, տնով քաղցած, ա՜խ, ա՜խ, ա՜խ, ա՜խ,
Ու՞ր ես, սև մահ:
Մին էլ, ահա, մահը թե.-Հա՞, ծերուկ, ի՞նչ կա:
-Աստված վկա, ոչինչ չկա,
Մեկը չկա, որ այս ցախը շալակս տա,
Բան մի կարծիր,փայտն ինձ բարձիր, դու ետ դարձիր:
 
Բանաստեղծությունը, որը  մեջ եմ բերում հիշողությամբ դառն հումորին պիտի հասու լինեի երևի մի քսան տարի հետո: Բանաստեղծության մեկնաբանությունը թողնելով քեզ, սիրելի ընթերցող:
Այստեղ էլ մի, կարծում եմ, տաս-քսան տարի պետք եղավ, որ ես իմ բութ ուղեղով անդրադառնամ, թե ո՞վ էր «սև մահը» և թե ինչու՞ հենց նրան պիտի դիմեր փայտահատը և դեռ հազար ու մի մանր ու խոշոր նրբություններ, որ այն օրերին բավականին կոպտորեն ճանկռտում էին միտքս ու հոգիս:
 
Ուսումնական այդ տարվա ընթացքում (1949-1950) մեր ընտանիքը փոխեց երեք բնակավայր՝ Բանդար Մաշուրից անցնելով Օմիդիա, ապա Միանքուհ, վայրեր, որոնց անունը այն օրերի Իրանի քարտեզներում դժվար թե հնարավոր լիներ գտնել, ոչինչ որ աշխարհին էներգիա տվող հզորագույն կայաններ էին, հետևաբար տարրականի երրորդ դասարանը, որ ես սկսել էի Բանդար Մաշուրում, շարունակեցի Աղաջարիում, որովհետև Միանքուհում դպրոց չկար, հայրս ինձ տարավ Աղաջարի  հանձնեց  Շահսանամ հորքուրանց խնամքին, բազմազավակ մի ընտանիք, որոնց հետ նա ինքն անգամ հավանաբար երկար տարիներ ոչ մի կապ չէր ունեցել: Այստեղ ես անց կացրի երրորդ դասարանի երկրորդ եռամսյակը, երբ հայրս եկավ ինձ «տուն» տարավ, նվազագույնը մի երեք ամիս կլիներ, որ ոչ լողացել էի, ոչ սպիտակեղենս էի փոխել, խնամակալներս, ի հարկե դրանում ոչ մի մեղք չունեին, պարզապես տանը լողանալու հնարավորություն չկար, իսկ բաղանիք գնալը կապված էր զանազան դժվարությունների հետ: Տարվա վերջին եռամսյակը սովորեցի և տարին ավարտեցի Օմիդիայում և կուզեք, համարեք գլուխգովանք, դարձա դասարանի առաջինը:
Աղաջարիում հայոց դպրոց ու եկեղեցի դեռ չկար, քահանան հավանաբար գալիս էր Ահվազից, բայց հայոց լեզվի առաքյալներից մեկը իր սուրբ տաճարն էր հիմնել նաև այստեղ: Ոչինչ, որ այդ տաճարն էլ մի անշուք վրան էր ընդամենը: Աշակերտները նստում էին վրանի շուրջբոլորը, ուղղակի հատակին, խսիր կամ կարպետ կար, թե չկար, չեմ հիշում, և երիտասարդ, խոշոր կանաչ աչքերով ուսուցչի համար կարդում էինք դասը: Այս ուսումնառությունից միայն այն է մնացել հիշողությանս մեջ, որ մի օր, երբ մենք բոլորս, որ երևի մի տաս հոգի կլինեինք, խոսքը մեկ արած, կմկմալով կարդացինք դասագրքի չորս-հինգ էջանոց արձակ տեքստի առաջին տողը միայն, որը Րաֆֆու վեպերից մի հատված, կամ նման մի բան պիտի լիներ, ուսուցիչը մեզ դատապարտեց տեքստը ամբողջությամբ արտագրելու տաժանակիր աշխատանքին, միայն մեկ, թե չորս անգամը չեմ հիշում: Ասեմ նաև, որ մեր ուսուցիչը վատ մարդ չէր, նրան սիրում էին հատկապես համայնքի պատանիներն ու երիտասարդները, և չեմ կարծում, որ այդ սիրո պատճառն այն էր, որ ուսուցիչը նրանց ոչ թե հայերեն էր դաս տալիս, այլ, պատկերացնու՞մ եք,   որովհետև ֆուտբոլ էր խաղում: Ուսուցիչը, ուրբաթ օրերին հավաքում էր իր թիմը և նրան առաջնորդում էր մի շրջակա բլուրներից այն կողմ իր հիմնած խաղադաշտը: Հաճելի էր, երբ թիմի անդամներից Շահսանամ հորքուրի տղա Աշոտը ինձ էլ էր տանում իր հետ: Այդ պահերին ես ներում էի մի ամբողջ տետրակ սևացրած իմ արտագրությունը և հիանում էի իմ ֆուտբոլիստ ուսուցիչով, երիտասարդների մոտ նրա վայելած սիրով ու հեղինակությամբ:
Տարիներ, ավելի ճիշտ, տասնամյակներ հետո, երբ դեմ առ դեմ խոսում էի երգիծաբան, բանաստեղծ Ներսես Բալայանի հետ, հանկարծ նրա կանաչ, խոշոր աչքերի ու մանավանդ նրա մանկական ժպիտի մեջ վերագըտա իմ առաջին ուսուցիչներից մեկին:
 
«Յոյս» թիւ 192
9 Մայիս 2015
 

    Tags: , , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *